Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

 

ՀԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ-Հայտնի է, որ Էրդողանը 2023 թ. պատրաստվում է «Նոր Թուրքիա» հռչակել: Ինքն իրեն մուսուլմանական աշխարհի սուլթան հռչակելու հավակնություններ ունի: Քանի որ Թուրքիան Ադրբեջանի, այսպես ասած՝  «ծնողն» է,  կարևոր է հետևել, թե ի՞նչ իրավիճակ է այժմ  Թուրքիայում, և միջազգային ասպարեզում ինչպիսի՞ «դիրքավորումների» է փորձում ձգտել պաշտոնական Անկարան:

-Պետք է ասել, որ թե՛ տնտեսական անկման, թե՛ պատերազմների հետևանքով Թուրքիան այժմ բնավ լավ վիճակում չէ: Գոնե բանավեճի մակարդակում հակասություններ ունի Իսրայելի հետ՝ պնդելով, թե Երուսաղեմը թուրքական քաղաք է, որ Իսրայելը ահաբեկիչ պետություն է: Եվ այս ամենը հնչում է պաշտոնական Թուրքիայի խոսափողերով: Արդյոք սա զավեշտալի չէ՞: Եվրոպայի հետ նույնպես բավականաչափ բարդ հարաբերություններ են: Իհարկե, Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևորագույն անդամներից է, ու թեև Թուրքիայի կողմից փորձ է արվում ընդհանուր շահեր գտնել, բայց ռազմավարական առումով Թուրքիան ու Եվրոպան տարբեր ճանապարհներով են ընթանում: ԱՄՆ-ի հետ նույնպես հարաբերությունները բավականին բարդ են՝ հատկապես դեմոկրատական վարչակազմի իշխանության գալուց և Ցեղասպանությունը ճանաչելուց հետո: Չպետք է մոռանանք նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում հրեական լոբբիի մասին ու նաև այն մասին, որ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարությունը պարզ տեսնում են, որ Թուրքիան փորձում է իրեն որպես իսլամական աշխարհի առաջնորդ ներկայացնել: Եվրոպական անվտանգային մարմինները «գորշ գայլերի» ընդհատակյա գործունեության վեկտորը, նրանց գործողությունները որպես ահաբեկչական սպառնալիք են դիտարկում: Իսլամական աշխարհում Թուրքիան նույնպես լուրջ խնդիրներ ունի, օրինակ՝  Իրանի հետ: Իրանում շատ լավ են պատկերացնում, որ սա դեռ սկիզբն է, որ Ադրբեջանի օկուպացրած տարածքները հարմար ցատկադաշտ են թուրք-իսրայելական ուժերի համար: Սրանց շահերը՝ Իրանը ջլատելու և բզկտելու առումով համընկնում են: Առաջիկայում Իրանի հյուսիսային թյուրքաբնակ հատվածի օկուպացումն ու բռնակցումը Ադրբեջանին թուրք-ադրբեջանական տանդեմի հետագա  պլաններում է: Իրանում սա լավ հասկանում են:

Տեսնում ենք նաև Ռուսաստանում ահագնացող ահաբեկչական գործողությունների վտանգը: Սա թուրքական ուժերի՝ Ռուսաստանի վրա ճնշման լրացուցիչ լծակ է: Եթե Ռուսաստանի և Թուրքիայի շահերը մարտավարական առումով երբեմն համընկնում են, ապա ռազմավարական առումով նրանք ոչ միայն դաշնակիցներ չեն, այլև թշնամիներ են: Հիշենք, որ Հյուսիսային Կովկասում 1990-ականներին Չեչնիայի և Դաղստանի անջատողականների թիկունքում հենց Թուրքիան էր կանգնած: Իսկ Ռուսաստանի հիշողությունը վստահաբար կարճ չէ:

-Ռուսաստան-Արևմուտք հակամարտության այս թնջուկում մենք այսօր ինչպե՞ս պետք է կողմնորոշվենք: Արցախյան վերջին պատերազմից հետո, ուժերի այս նոր վերադասավորումների պայմաններում ի՞նչ սպառնալիքներ կան: «Թուրանական» վտանգի ծավալման ինչպիսի՞ ուղղություններ կան։

-Նախ, պետք է հասկանանք՝ արդյոք մենք այս գործընթացների օբյե՞կտ ենք, թե՞ սուբյեկտ: Եթե մենք փորձենք համադրել մեր շահերը մեծ տերությունների շահերի հետ, իրավիճակը բարելավելու զգալի շանսեր ունենք: Ես կողմնակից չեմ, այսպես կոչված՝ «խարդավանքի տեսության» գոյությանը: Վստահ եմ, որ ամեն մի պետություն իր դերակատարումն ունի, բայց այդ մեծ շահերի բախման կիզակետում մենք այսօր էլ կարող ենք ճիշտ դիրքավորվել:

…Այժմ մենք ականատեսն ենք, թե վրաց-ադրբեջանական ինչպիսի բախումներ են առկա Վրաստանում: Ադրբեջանը վստահ է, որ Երևանը, որ իրենց դասագրքերում Ադրբեջանի տարածք է, արդեն իրենց գրպանում է, և ասեմ, որ դրանցում գրված է նաև, որ Թիֆլիսը հին ադրբեջանական քաղաք է: Այնպես որ, Վրաստանը թող «պինդ բռնվի» ադրբեջանական նոր ոտնձգությունների դեմ: Այժմ սրա մասին թե՛ Ադրբեջանում և թե՛ Վրաստանում շատ են խոսում: Վրացիները ադրբեջանցիների հանդեպ բավականին զգուշավոր են գործում: Տնտեսական առումով Ռուսաստանի հետ կապերը խզելով՝ ստիպված ընկել են թուրք-ադրբեջանական լծի տակ։ Այստեղ վերջիններս քողարկված՝ «սողացող էքսպանսիայի» քաղաքականություն են վարում: Տեսնում ենք նաև թուրքական ՀԷԿ-ի կառուցման հետ կապված բողոքները, որոնք ուղեկցվում են ադրբեջանական համայնքի հետ բախումներով: Ադրբեջանցի թուրքերը Վրաստանում իրենց որպես տեր են պահում: Եվ չպետք է մոռանանք, որ ներկայիս Ադրբեջանը Վրաստանի արևելյան և հարավային մասերի հանդեպ տարածքային հավակնություններ ունի: Վրաստանում հիմա ադրբեջանցիները և մեսխեթցի թուրքերը իրենց թվաքանակով նշանակալիորեն գերազանցում են հայերին: Հայերն այնտեղից արտագաղթում են, իսկ թուրքերը գրավում են նրանց բնակարանները և շարժվում առաջ: Մեզ համար սա նույնպես վտանգավոր է: Չէ՞ որ Վրաստանի հարավը, որ մեզ հետ սահմանակից է, նույնպես բնակեցված է թուրքերով:

ՀԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ-«Թուրանի» վտանգն, այսպիսով, սպառնում է բազմաթիվ պետությունների:

-Լավրովն ի՞նչ ասաց. «Մենք չենք լսել թուրանական ծրագրերի մասին»: Նրանք ոչ միայն լսել են, այլև քաջատեղյակ են այդ ծրագրերին: Որտեղի՞ց ներմուծվեց պանթուրքիստական գաղափարախոսությունը Թուրքիա. Կազանի և Բաքվի թաթարների կողմից: Գաղափարն այն է, որ Թուրքիան պետք է «ազատագրի» Ռուսաստանում ապրող մահմեդական և թրքախոս ժողովուրդներին և վերամիավորի: Թուրքիան այսպիսով հավակնում է տիրել Հյուսիսային Կովկասին, Պովոլժեի հանրապետություններին, Միջին Ասիային՝ մինչև Չինաստանի Ույգուրական ինքնավար մարզ: Անգամ Տուվայի և Յակուտիայի տարածքների վրա աչք ունի: Վերջիններս մահմեդական չեն, բայց թրքախոս են:

-Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ «Թուրանի» ծավալումը եվրոպական երկրների վրա:

-Հսկայական: Ահաբեկչական կազմակերպությունները, որոնք եվրոպական երկրներում անզեն մարդկանց գլուխ են կտրում, պայթյուններ են իրականացնում մարդաշատ վայրերում, միջնորդավորված աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից: Թուրքիան ծրագրում է նաև իր տարածքներն ընդարձակել Բալկաններում: Ինչո՞ւ առաջիններից մեկը Թուրքիան ճանաչեց Կոսովոն, Չեռնոգորիան (Մոնտենեգրո), որն իրենք՝ թուրքերը, Կարադագ են կոչում: Նրա նպատակը դրանց նշանակալի մասը կլանելն է: Նաև քրիստոնեական Բուլղարիայի նկատմամբ հավակնություններ ունի: Այժմ Բուլղարիայի կառավարությունում թուրք պաշտոնյաներ կան, որոնք հստակ տանում են այս գիծը:

Ախորժակներ ունեն նաև Հունաստանի Թրակիայի ամբողջ տարածքի հանդեպ: Կարճ ասած՝ անսահման տարածքային հավակնություններ ունեցող այդ գաղափարախոսությունն այսօր ձգտում է իրագործման փուլին:

Տեսեք, թե ինչպիսի բախումներ են այժմ տեղի ունենում Էգեյան և Միջերկրական ծովերում: Մինչև Արցախյան վերջին պատերազմն այստեղ հունա-թուրքական պատերազմ էր հասունանում: Թուրքիան, իհարկե, չի հրաժարվել այս ծրագրերից, սակայն, ինչպես 1920 թ., թերևս մտածել է՝ նախ ջախջախել համեմատաբար թույլ Հայաստանին, հետո արդեն հայացքն ուղղել դեպի Եվրոպա:

-Ալիևի բերանով հայտարարվեց, որ Սևանն ու Երևանն էլ են ադրբեջանական:

-Դա ոչ թե պետք է զուտ որպես հայտարարություն դիտարկել, այլ որպես հետագա գործողությունների պլան: Ստուգում են մեր վճռականությունը: Հայտնի պատմական փաստ է, որ 100 տարի առաջ՝ 1918-20 թթ., նրանք հավակնում էին նույն տարածքներին: Մանկապարտեզից սկսած՝ Թուրքիայում և Ադրբեջանում հայատյացությունը պետական մակարդակով է քարոզվում։ Արցախյան պատերազմի արդյունքները ևս մի առիթ եղան հայատյացությունը նոր, ավելի խորը աստիճանի հասցնելու համար: Մեզ այժմ ֆաշիզմի մեջ են փորձում մեղադրել նրանք, որոնց ազգային գաղափարախոսությունը նացիստական է: Նրանց դասագրքերը, նրանց քարոզչամեքենան, տարբեր ինստիտուտները, հեռուստատեսությունը, զլմ-ները հասարակության ներսում գաղափարական հենք են մշակում նոր հավակնությունների իրագործման համար:

…Թուրքիան 1918 թ. ճանաչեց Հայաստանի անկախությունը: Բայց ի՞նչ սահմաններով: Եթե նրանց ճանաչած սահմաններով  դատելու լինենք, այժմ Երևանի այս տարածքը, որտեղ նստած ենք, Ադրբեջան է: Երևանի կենտրոնով էր, ըստ նրանց ճանաչած սահմանների, անցնում Հայաստանի սահմանը: Երևանից մի փոքրիկ հատված էր մնում: Թուրքիան ընդամենը 10-12 հազար քառ. կիլոմետրով է ճանաչել Հայաստանը: Դրա համար էլ հիմա իրենց նկարած քարտեզները վերցրած գալիս են…

Ես այս թեմաներով շատ եմ գրել: Տարիներ առաջ գրել եմ, որ փորձ է արվելու հայկական եկեղեցիները ներկայացնել որպես աղվանա-ուդիական: Դիմել են արդեն, որ հայ պատմամշակութային ամբողջ ժառանգությունը համարվի աղվանական ժառանգություն՝ հավակնելով տիրանալ ինչպես ներկայիս Ադրբեջանում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգությանը, այդպես էլ ամբողջ Թուրքիայի և Երուսաղեմի հայկական ժառանգությանը՝ վանքապատկան հողերին ու վանքերին: Վաղուց եմ ահազանգել, որ եթե ընդունեն այս ամենը, մշակութային այս սպանդի դրսևորումները չեզոքացնելու խնդիրը Արցախյան աղետալի այս պատերազմի հետևանքները չեզոքացնելուն համարժեք բնույթ կկրի:

-Պատերազմի ընթացքում և դրանից հետո ադրբեջանցիները Երևանում անընդհատ իրենց «հետքերն» են փնտրում:

-Միայն Երևանը չէ: Ադրբեջանական «պատմագրության» մեջ ներկայացվում է, թե՝ հայությունը Անդրկովկասում միայն Ռուսաստանի շնորհիվ է հայտնվել: Սա, այսպես կոչված՝ «ապացույցներով» հանդերձ, ամենաէժանագին, կեղտոտ քարոզչություն է։ Իհարկե, հայություն Պարսկաստանից բերվեց այդ տարիներին, բայց դրա նախապատմությունը պետք է հիշեցնել: Արևելյան Հայաստանի հայ բնակչության մի նշանակալի մասը, այդ թվում և Նախիջևանից, Շահ Աբասի օրոք թուրք-պարսկական պատերազմների տարիներին գաղթեցվեց Պարսկաստանի խորքերը: Նրանց փոխարեն, որպես հավատարիմ տարր, Պարսկաստանից բերվեցին շիա թյուրքախոս ցեղերը: Դրանից հետո է, որ թյուրքական տոպոնիմները՝ տեղանունները, մուտք գործեցին: Ասենք՝ Սևանը վերանվանեցին Գյոկչա: Թուրքիայում հակառակ գործընթացն էր: Քանի որ  Թուրքիայի բնակչության մեծամասնությունը սուննի էր, և իրենց հավատարիմները քուրդ սուննիներն էին, հայերին Արևմտյան Հայաստանից վտարում էին ու բնակեցնում քրդերով: Դրանից հետո 1915 թ. ցեղասպանությունը եղավ… Եվ հիմա Արևմտյան Հայաստանը  հիմնականում քրդաբնակ է:

1826-28 թթ., երբ Պարսկաստանը պարտվեց ռուս-պարսկական պատերազմում, հայերին վերադարձրին իրենց բնօրրանը: Ահա սա է իրական պատմությունը։

Խոսքիս ավարտին մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել. մենք չպետք է ասենք՝ թուրքերն ինչո՞ւ են այսպես կամ այնպես արել: Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք. իսկ ի՞նչ ենք արել մենք կամ ի՞նչ պետք է անենք, որ այս ամենը չկրկնվի, որ այս ամենը շարունակություն չունենա։ Եվ մշտապես պիտի դասեր քաղենք անցյալից, որ չկրկնենք անցյալի սխալները:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #24 (1395) 23.06.2021 - 29.06.2021, Ռազմաքաղաքական


24/06/2021