ԹԱՆԿ ՈՒ ՀԱՐԱԶԱՏ ՀՈՂ
Գնդապետ Աշոտ Սարգսյանը զինվորական ուղին սկսել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանից, ապա ուսանել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ավարտել է նաեւ ՌԴ ակադեմիան: Ծառայել է սահմանամերձ տարբեր հատվածներում, զբաղեցրել մի շարք պաշտոններ՝ դրսեւորելով զինվորականին հատուկ հմտություն եւ կարողություններ:
2019թ-ից գնդապետ Աշոտ Սարգսյանը ղեկավարում է հրետանային զորամասերից մեկը:
44-օրյա պատերազմին զորամասի ստորաբաժանումները ներգրավված էին ռազմական գործողություններում, մարտնչել են Արցախի ե՛ւ հյուսիսային, ե՛ւ հարավային հատվածներում:
Զորամասի սպաներն ու զինվորները ակնածանքով են խոսում հրամանատարի մասին՝ խիզախության և անկոտրում կամքի վառ օրինակ է, այդպիսի հրամանատարի հետ պատրաստ ենք հաղթահարելու ցանկացած խնդիր:
Հրամանատարն էլ նույն գնահատանքով խոսում է անձնակազմի մասին.
-Մարտական գործողությունների ժամանակ իմ բոլոր որոշումները կայացվել են մեր անձնակազմի թե հոգեբանական, թե ֆիզիկական, թե մասնագիտական պատրաստվածության վրա վստահ լինելով: Մեր 18-20 տարեկան ժամկետայինների ոգեշնչվածությունը, կռվելու վճռականությունը սահմաններ չուներ. պետք է տեսնեիք, թե որքան ճիշտ ու գրագետ էին հակազդում թշնամու գործողություններին, ամեն մեկը հստակ գիտեր իր խնդիրն ու գերազանց էր կատարում: Տղերքն այնպես էին կռվում, ասես՝ հազար տարի կռիվների մեջ էին թրծվել, մարտական առաջադրանքը կատարելու համար առանց վարանելու գնում էին մահին ընդառաջ… Խիզախության դրսեւորման բազում օրինակներ կարող եմ թվարկել… Մարտական գործողության ժամանակ եղավ մի պահ, երբ մարտկոցներից մեկի սպառազինությունը շարքից լրիվ դուրս էր եկել, խնդիր դրեցի, որ տվյալ մարտկոցի անձնակազմը միառժամանակ դուրս գա առավել անվտանգ գոտի՝ մինչ կհամալրվի զինտեխնիկայով: Լուսադեմին թշնամու կողմից հարված ստացանք, կորուստներ ունեինք, զեկուցում էին զոհվածների անուններն ու կարդացին նաեւ այն զինվորի անունը, որի անձնակազմին դեռ նախորդ օրը անվտանգ գոտի դուրս գալու խնդիր էի առաջադրել: Հրետանավոր Հովհաննես Սարդարյան… Երբ մեքենան անմիջական կրակի տարափի տակից նրանց տեղափոխելիս է եղել համեմատաբար ապահով վայր, ինքը ճանապարհին կանգնեցրել է մեքենան, իջել ու գիշերվա մթության մեջ ոտքով վերադարձել է մեկ այլ մարտկոց, օգնել տեղի անձնակազմին ու զոհվել…
Այսպես ինքնամոռաց նվիրումով կռվում էին ե՛ւ ժամկետայինները, ե՛ւ սպայական կազմը: Մեր զորամասի կին զինծառայողները եւս լիարժեքորեն ընդգրկված էին մարտական գործողություններում եւ գերազանց կատարեցին առաջադրված խնդիրները…
-Յուրաքանչյուր մարտական գործողություն փորձառություն է, իսկ զորատեսակի համար մի յուրօրինակ «քննություն»: Հրետանին, ուժերի այս անհավասարաչափ հարաբերակցության մեջ, հակառակորդին զգալի, մեծ կորուստներ պատճառեց,- զրույցի ավարտին նշում է հրամանատարն ու հավելում:- Զորամասի անձնակազմը մասնակցել է նաեւ հուլիսյան դիմակայությանը: Յուրաքանչյուր մարտական գործողությունից հետո մանրամասնորեն վերլուծում ենք եւ նկատված թերությունները, եւ դրական կողմերը, համապատասխան եզրահանգումներ անում: Մշտապես ուշադրության կենտրոնում է մասնագիտական, մարտավարամասնագիտական պատրաստությունը. ամեն րոպեն, ամեն վայրկյանը նպատակային եւ արդյունավետ է գործածվում՝ միտված գիտելիքները եւ մարտական կարողությունները կատարելագործելուն:
♦♦♦
Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բանակի մարտունակության ամենակարեւոր բաղկացուցիչներից է. զրուցում ենք նաեւ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Հայրապետյանի հետ.
-2020թ. հոկտեմբերի 5-ին նշանակվեցի այս զորամասում, անձնակազմի, զինվորների հետ, կարելի է ասել, ծանոթացա հենց բուն մարտի դաշտում: Զորամասն իր խնդիրը պատվով կատարեց, ցավոք, ունեցանք նաեւ կորուստներ, վիրավորներ: Ամեն ընկերոջ մահը կռվողների հոգին լցնում էր վրեժխնդրությամբ, ու ո՜նց էին կռվում՝ մեկը մյուսի կյանքը սեփականից վեր դասելով: Սպաներից մեկը ծանր վիրավորվել էր, ու այդպես արնաքամ, մինչեւ իր վերջին վիրավոր զինվորին չտարհանեց, ինքը դուրս չեկավ մարտի դաշտից, ընդ որում՝ իրեն էլ ստիպելով, պարտադրելով ենք հանել, ասում էր՝ տղերքիս ոնց թողնեմ մենակ…
Փոխգնդապետը շեշտում է նաեւ, որ պատերազմից հետո զինվորներն առավել պատվախնդրությամբ են ծառայում, ջանում չթերանալ եւ ոչ մի հարցում.
-Մեր զինվորները թրծվեցին, հասունացան կրակների բովում :
-Հերոս տղերքի պակաս չունենք,- լրացնում է դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, մայոր Արմեն Խաչատրյանը:- Սերժանտներ ունենք, որ մարտկոցի հրամանատարի վիրավորվելուց հետո իրենք են ինքնուրույն մարտ վարել, եւ այնքան հմտորեն, այնքան արհեստավարժ, որ ոչ ոք չի էլ զգացել, որ այդ հատվածում սպա չկա:
Կրտսեր սերժանտ Դավիթ Ավետիսյանը մեկն է այն զինվորներից, որ փոխարինել է վիրավոր հրամանատարին.
– Հոկտեմբերի 5-ից առաջնագծում էինք, Ջրականում: Տեղ հասնելուն պես մարտկոցի հրամանատարը՝ կապիտան Վազգեն Կիրակոսյանը, հրահանգեց՝ արագ նախապատրաստվեք, պիտի կրակենք: Կարծեցինք կատակ է անում, դեռ պահի լրջությունը չէինք գիտակցում: Երբ առաջին արկն ընկավ մեզնից քիչ հեռու, նոր խորապես հասկացանք ողջ իրողությունը, իսկ երբ զոհվեցին մեր զինակից ընկերները, բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց…. Առաջին զոհերից մեկը ընկերս էր՝ Նարեկ Մանուկյանը…
Շուրջբոլորը արյուն էր, վիրավորներ…Մեր մարտկոցի հրամանատարը եւս վիրավորվել էր, ձեռքն ու ոտքերն ամբողջովին արյունոտ, ռացիայով շտապ օգնություն էր կանչում վիրավոր տղաների համար, բայց ինքը չէր ուզում լքել կռվի դաշտը, ստիպելով-համոզելով տարան…
Դավիթը, հաշվարկի համար Ավագյան Վոլոդյան, նշանառուն՝ Արմեն Հայրումյանը, պահեստազորից Անդրանիկ Ավագյանը, այդ չորսով, իրար փոխլրացնելով, անցան խնդրի կատարմանը:
-Միանգամից չորս «Գրադ» նախապատրաստում էինք կրակի, եւ այդ ամենը կարողանում էինք հստակ եւ անսխալ կատարել մեր մարտկոցի հրամանատարի սովորեցրածի շնորհիվ: Կրակելիս գոռում էինք՝ էս մեր զոհված տղերքի համար, իրենց արյունը չեք մարսելու… ՈՒ երբ կապ էին տալիս, տեղեկացնում ՝ թիրախը խոցվեց կամ դիվերսիոն խումբ ենք ոչնչացրել, ո՜նց էինք ուրախանում …Տնեցիք մինչեւ վերջ էլ չիմացան, որ կռվի դաշտում եմ եղել, միայն հայրս էր տեղյակ…
Ծառայությունից հետո Դավիթը ուսումը շարունակելու է պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում: Ասում է, որ քաղաքացիական կյանքում եւս իր գիտելիքներով կաշխատի օգտակար լինել բանակին, իսկ թե կռիվ հրահրվի, պատրաստ է անվարան կանգնելու հայրենիքի պաշտպանների կողքին…
♦♦♦
Մարտկոցի կապի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սերգեյ Հակոբյանը առաջնագծում էր պատերազմը սկսվելու առաջին իսկ օրից: Սերգեյը խոսում է պատերազմի դաշտում կապի կարեւորությունից. կապ չկա` չկա կառավարում, չկան համաձայնեցված գործողություններ: Ինքն ամեն ինչ արել է, որ կապն անխափան ու արագ գործի.
-Հրաման էին տալիս կրակի կառավարման, հրամանները ստանում էինք եւ փոխանցում մարտկոցին, որ վերջինս խնդիրը կատարի:
Գիշեր-ցերեկ չկար, հանգիստ չկար, այնքան արագ էին գործում, որ ոչ մի րոպե չուշացնեն կրակը, ամեն վայրկյանը կարեւոր էր, վճռորոշ…
-Հոկտեմբերի 11-ին ուժեղ հրետակոծություն էր, մեր հատվածում մի մարտական մեքենա էր մնացել, այն էլ շատ վատ վիճակում: Բայց մի օրվա մեջ նորոգեցինք, հոսանքի հետ կապված ինչ խնդիր կար՝ լուծեցինք ու այդ տեխնիկայով մի քանի մարտական մեքենայի առաջադրանք կատարեցինք, -պատերազմական օրերից դրվագներ է հիշում կրտսեր սերժանտ Հակոբյանը:
-Պատերազմից հետո շատ արժեքներ վերաիմաստավորվել են,-ասում է Սերգեյը,- ավելի է ամրապնդվել սերը, նվիրումը Հայրենիքի հանդեպ. մենք ենք պահել էս երկիրը, էս հողի վրա մեր ընկերների արյունն է, ու հողը հիմա ավելի թանկ ու հարազատ է …
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #24 (1395) 23.06.2021 - 29.06.2021, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում