Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՔԸ ԵՎ ԱՖՂԱՆՍՏԱՆԸ՝ ԱՄՆ-Ի ԵՎ ՆԱՏՕ-Ի ՀԵՌԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ



Վերլուծաբանները փորձում են կանխատեսել, թե ի՞նչ հունով կզարգանան իրադարձություններն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը իր զորքերը դուրս կբերի Իրաքից, իսկ ՆԱՏՕ-ն՝ Աֆղանստանից: Առաջինը ծրագրվում է իրականացնել մինչև այս տարվա վերջը, իսկ երկրորդը՝ մինչև 2014թ. ավարտը:

Քննարկենք նախ Իրաքի հարցը: Վերլուծաբանների կարծիքով, Սադամ Հուսեյնի տապալումով Իրանը տարածաշրջանում կորցրեց իր հակակշիռը և հզորացավ: Ավելին` մեծացել է Իրանի ազդեցությունը հենց Իրաքում. վերջինս Իրանի համար կարևոր է բազմաթիվ առումներով և, մասնավորապես, որպես Սիրիային օգնություն ցուցաբերելու համար տարանցիկ երկիր:

Իրաքում ուժեղացան նաև շիաների և քրդերի դիրքերը, ինչը դանդաղ ներգործության ական է, որի պայթյունը կարող է հանգեցնել քաղաքացիական նոր պատերազմի ոչ միայն Իրաքում, այլև ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանում: Պատճառն այն է, որ թե՛ քրդերը և թե՛ շիաներն ու սուննիները հավակնում են նավթով հարուստ Քիրկուկին:

Այս իրավիճակում ԱՄՆ-ը շարունակում է զենք վաճառել Իրաքին: Մինչև 2013թ. Բաղդադը մտադիր է ԱՄՆ-ից գնել 13 մլրդ դոլարի սպառազինություն, այդ թվում՝ 140 ծանր տանկ «Աբրամս» և 18 կործանիչ «F-16»: Վերլուծաբանները տարակուսում են. Իրաքի բարոյազրկված ու քայքայման եզրին գտնվող բանակի ինչի՞ն է պետք այդ զենքը, ո՞ւմ ձեռքին կարող է այն հայտնվել և ո՞ւմ դեմ կիրառվել: Որոշ փորձագետների կարծիքով` հենց քրդերի դեմ:

Դառնանք Աֆղանստանին: Գերմանացի փորձագետների կարծիքով, 2014 թվականից հետո Աֆղանստանում իրավիճակը կարող է զարգանալ երկու սցենարով՝ հոռետեսական և չափավոր լավատեսական: Առաջինի համաձայն՝ երկրում կբռնկվի քաղաքացիական պատերազմ Հարավի և Հյուսիսի, տաջիկների, ուզբեկների և թալիբների միջև: Տեղական մամուլում նույնիսկ առաջարկվում է Աֆղանստանի տաջիկ և ուզբեկ համայնքներին զենք տալ՝ թալիբներից պաշտպանվելու համար:

Ի դեպ՝ Կենտրոնական Ասիայի պետությունները տագնապով են սպասում Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերմանը: Նրանց մտահոգում է երեք խնդիր. ա) քաղաքացիական նոր պատերազմի սպառնալիքն ու «Թալիբան» շարժման իշխանության գալու հնարավորությունը, բ) աֆղանական թմրաբիզնեսի դեմ պայքարը, գ) Աֆղանստանի նոր ռազմավարությունը ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ: Բացի դրանից, հավանական է նաև ծայրահեղական գաղափարների և հոսանքների տարածումը Աֆղանստանից կենտրոնասիական երկրներ: Դա կանխելու համար փորձագետները կենտրոնասիական երկրների ղեկավարներին խորհուրդ են տալիս խուսափել սոցիալական լարվածությունից, ինչը բնակչությանն ընկալունակ է դարձնում ծայրահեղական գաղափարների նկատմամբ:

Ինչ վերաբերում է «չափավոր լավատեսական» սցենարին, ապա ըստ դրա՝ Աֆղանստանում իշխանության կգան թալիբները, որոնք, սակայն, կհրաժարվեն ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցությունից, «լեզու կգտնեն» ինչպես երկրի ներսում եղած, այնպես էլ արտաքին շահագրգիռ ուժերի հետ:

Այնինչ հոռետեսական սցենարն ավելի հավանական է թվում: Նախ՝ պատմական նախադեպ կա. 1989թ. Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերումից հետո երկիրն ընկղմվեց քաղաքացիական արյունոտ պատերազմի հորձանուտը, որից դուրս եկավ 1996թ.՝ թալիբների հաղթանակով: Երկրորդ՝ այսօր ՆԱՏՕ-ն փորձում է ստեղծել աֆղանական բանակ և ոստիկանություն, որպեսզի իր զորքերի դուրսբերումից հետո նրանք կարգուկանոն հաստատեն երկրում: Սակայն ամեն երրորդ աֆղանցի զինծառայող, որ ռազմական գիտելիքներ ու զենք է ստանում, դասալքում է և միառժամանակ անց միանում թալիբներին: Իսկ նրանց, ովքեր մնում են, շատ հեշտ է կաշառելը: Երրորդ՝ Աֆղանստանում իրավիճակի կայունացման օգտին չի խոսում նաև այն փաստը, որ 2011 թվականի ընթացքում աննախադեպ մեծ է եղել ահաբեկիչ-մահապարտների հարձակումների քանակը: Չորրորդ՝ երկրի համարյա 8 մլն բնակիչ այսօր կախված է արտասահմանյան օգնությունից:

Հաշվի առնելով այս ամենը՝ մի շարք փորձագետներ լրջորեն վիճարկում են Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման նպատակահարմարությունը: Հիշեցնենք, որ ներկայումս Աֆղանստանում են մոտ 130 հազար զինվոր ու սպա՝ համարյա 50 երկրներից:

Խորագիր՝ #47 (912) 01.12.2011 – 7.12.2011, Ռազմաքաղաքական


07/12/2011