Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌՈՒՍԱՍՏԱՆ

 

23.06.2021, Մոսկվա, ՌԴ ՊՆ կազմակերպած կոնֆերանս միջազգային անվտանգության հարցերով։ Բելառուսի պաշտպանության նախարար ՎԻԿՏՈՐ ԽՐԵՆԻՆ.

Աշխարհում տեղի է ունենում համընդհանուր «պրոքսի» պատերազմ (վարում են ուրիշի ձեռքերով) անդրազգային և ազգային ընտրախավերի միջև։ Նպատակը նոր աշխարհակարգի ստեղծումն է, որում չեն լինի անկախ կառավարություններ և պետական սահմաններ։ Նպատակին հասնելու ռազմավարությունը կառավարելի քաոսն է՝ «գունավոր» հեղափոխությունների և հիբրիդային պատերազմների միջոցով։

 

17.06.2021, «Ռոսիա-1» հեռուստաալիք. քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ.

Բայդեն-Ջոնսոնի «Նոր ատլանտյան խարտիայում» արդեն հայտարարվել է, որ 21-րդ դարը երկու՝ բռնատիրական և ժողովրդավարական գաղափարախոսությունների հակամարտության ժամանակաշրջան է, և Ռուսաստանն արդեն բռնատիրական ճամբարում է։ Նրան չի հաջողվի խուսափել դիմակայությունից։ Ռուսաստանը ԱՄՆ-ի մարտահրավերին պետք է պատասխանի նոր «սուպեր գաղափարախոսության» ստեղծմամբ, որովհետև գերտերությունը չի կարող գոյություն ունենալ առանց գաղափարախոսության, չի կարող սահմանափակվել սոսկ ազգային շահերի ոլորտով։

 

23.06.2021, Մոսկվա, ՌԴ ՊՆ կազմակերպած կոնֆերանս միջազգային անվտանգության հարցերով։ ՌԴ ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության պետ, ծովակալ ԻԳՈՐ ԿՈՍՏՅՈՒԿՈՎ.

ԱՄՆ-ը ձգտում է հսկողության տակ վերցնել Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը (ԱԽՏ), որտեղ արտադրվում է համաշխարհային ՀՆԱ-ի 60 % -ը և կատարվում է համաշխարհային առևտրի 45 % -ը։ ԱԽՏ-ում ստեղծված է ամերիկյան ուժերի ամենախոշոր խմբավորումը՝ 400 հազար զինծառայող, գործում են ԱՄՆ ԶՈՒ ավելի քան 200 օբյեկտներ, այդ թվում՝ ավելի քան 50 ռազմակայաններ։ Ամերիկյան հետախուզական ընկերակցության «Համընդհանուր միտումներ – 2040» կանխատեսման համաձայն՝ ԱԽՏ-ն դիտվում է որպես մեծ տերությունների մրցակցության թատերաբեմ։ ԱՄՆ-ը արագորեն ստեղծում է հակաչինական դաշինք, որում ծրագրում է ներառել Ավստրալիային, Ճապոնիային և Հնդկաստանին։

 

ԱՄՆ-ԵՎՐՈՊԱ

23.06.2021, «Եվրասիա դեյլի» ռուսաստանյան լրատվական կայք. Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒԺԱՆՍԿԻ.

Խորապես սխալվում են նրանք, ովքեր Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումն ընկալում են որպես փախուստ։ Իրականում, դա լավ մտածված ռազմավարական տարաշարժ է, վիթխարի ծուղակ՝ Արևմուտքի աշխարհաքաղաքական հակառակորդների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համար։ Վիետնամական պատերազմին հաջորդած 45 տարիների ընթացքում ԱՄՆ-ը դարձել է «պրոքսի» պատերազմների վարպետ։ Այժմ այդ կեղտոտ գործում կատարելագործվում է նաև Թուրքիան։ Ակնհայտ է, որ Աֆղանստանի հարևան երկրները, Պակիստանից բացի՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը և Տաջիկստանը, իրենց սահմանին ունենալով ծայրահեղական սուննիական պետություն (որպիսին կդառնա Աֆղանստանը Արևմուտքի զորքերի դուրսբերումից հետո)՝ անմասն չեն կարող մնալ աֆղանական իրադարձություններից, և ծայրահեղական իսլամը կթափանցի այդ երկրներ։ Օրինակ՝ Չինաստանը կարող է մնալ առանց իր Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզի։ Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո Ռուսաստանը ստիպված կլինի պատերազմել ամերիկյան «պրոքսի»-ԶՈՒ դեմ ոչ միայն Սիրիայում և Ուկրաինայում, այլև տաջիկա-աֆղանական սահմանին։

Եթե որևէ մեկը պարզամտորեն կարծում էր, որ Ղարաբաղյան պատերազմը միայն հայերի խնդիրն է, ապա Աֆղանստանում «խալիֆայության» վերականգնումից հետո Ռուսաստանում շուտով կհամոզվեն, որ ռուս-թուրքական պայմանավորվածությունները չեն կարող փրկել Հյուսիսային Կովկասը պատերազմի հրդեհից։ Գաղտնիք չէ, որ Աֆղանստանում թալիբների իշխանության և քաղաքացիական պատերազմի տարիներին իրականացվել է շիաների և իրանալեզու ժողովուրդների իսկական ցեղասպանություն, ինչպես Սիրիայում և Իրաքում, որի մասին աշխարհը գերադասում է լռել։ Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը պատերազմել երկու ճակատով։ Ոչ ոք չգիտի։ Համենայն դեպս, այդ երկրները վաղուց արդեն պետք է միավորվեին Արևմուտքի դեմ՝ փրկվելու ոչնչացումից։

 

ԹՈՒՐՔԻԱ

18.06.2021, «Վզգլյադ» ռուսաստանյան օրաթերթ. ռազմական գիտությունների դոկտոր ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍԻՎԿՈՎ.

Վերջերս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Բայդենը Թուրքիայի նախագահ Էրդողանին, ըստ էության, տվեց քարտ-բլանշ՝ արևելյան ուղղությամբ, դեպի Միջին Ասիա և այն կողմ՝ դեպի Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզ, քաղաքական շարժման համար։ Դա հնարավորություն կընձեռի Վաշինգտոնին թուրքերի օգնությամբ լուրջ պրոբլեմներ ստեղծել Չինաստանի համար՝ Մետաքսի ճանապարհի հարավային ցամաքային ճյուղը կառուցելիս։

 

02.01.2021, «Ռեպորտյոր» ռուսաստանյան փորձագիտական կայք. փորձագետ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԺԵՑԿԻ.

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի բացմամբ Թուրքիան կստանա Միջերկրական և Կասպից ծովերի միջև ուղիղ ճանապարհ, որը կարող է առաջարկել Չինաստանին՝ վերջինիս համար դառնալով «պատուհան դեպի Միջերկրական»։ Այդ ճանապարհը առնվազն 5-6 օրով ավելի կարճ է, քան Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Լիտվայի և Լեհաստանի տարածքներով անցնող և Չինաստանը Գերմանիայի հետ կապող Սիան-Համբուրգ և Սիան-Նոյս երկաթուղին (բեռնափոխադրման տևողությունը՝ 18 օր)։ Այսպիսով՝ Ղարաբաղի ջախջախմամբ Թուրքիան Ռուսաստանից խլում է Ասիայից Եվրոպա տարանցիկ բեռնահոսքի մի մասը։ Վրաստանն առհասարակ դուրս է մղվում խաղից։ Չինաստանում Ադրբեջանի դեսպան Աքրամ Ակիֆօղլու Զեյնալին արդեն խոսել է Ղարաբաղի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքով տարանցիկ ուղու ստեղծման այս հեռանկարի մասին։

 

ԱԴՐԲԵՋԱՆ

18.06.2021, «Ռեքս» ռուսաստանյան տեղեկատվական գործակալություն. վերլուծաբան ՍՏԱՆԻՍԼԱՎ ՏԱՐԱՍՈՎ.

Արտաքուստ Բաքուն Զանգեզուրի միջանցքի ստեղծումը կապում է տնտեսական շահի հետ, որը կարող է ստանալ Հայաստանը՝ միանալով նախագծին։ Սակայն այդ միջանցքը դիտվում է նաև որպես չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի բաղկացուցիչ մաս, որը Չինաստանին «գլխավոր թշնամի» հայտարարած Արևմուտքն Անդրկովկասում արգելափակելու է։ Այս առթիվ կարելի է ենթադրել, որ Արևմուտքը տարածաշրջանում կսկսի ձևավորել հակակշիռների բարդ համակարգ, որի տարրերից մեկը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պրոբլեմը։ Ընդ որում, նկատվում է վերջինս առանձնացնելու միտում՝ հեռացնելով ինչպես Բաքվից, այնպես էլ Երևանից և չկապելով ինչ-որ «միջանցքների» և հաղորդակցական ուղիների հետ։ Հասունանում է ճգնաժամ։

 

ԻՐԱՆ

22.04.2021, «Ռեպորտյոր» ռուսաստանյան փորձագիտական կայք. փորձագետ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԺԵՑԿԻ.

Ռուսաստանը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի առանցքային մասնակիցն է։ Միջանցքը պետք է Հնդկաստանը Իրանի և Կասպից ծովի միջոցով կապի Բալթյան երկրներին։ Այդ երթուղին այլընտրանք է լինելու Սուեզի ջրանցքով անցնող ջրային ճանապարհին։

Թուրքիան ծրագրում է իրագործել «Միջին միջանցքի» նախագիծը, որը պետք է Չինաստանը Միջին Ասիայի երկրներով կապի Եվրոպային։ Այս հեռանկարը բացվեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ջախջախիչ հաղթանակից հետո, երբ իրատեսական դարձավ ՀՀ տարածքով Նախիջևանի և մնացած Ադրբեջանի միջև ցամաքային կապը։

Իրանը լինելով «Հյուսիս-Հարավ» նախագծի լիիրավ մասնակից՝ ձգտում է իրականացնել իր սեփական նախագիծը, որը շրջանցում է և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը։ «Պարսկական միջանցքը» պետք է Պարսից ծոցը Հայաստանի ու Վրաստանի միջոցով կապի Սև ծովին, այնուհետև Բուլղարիային, Հունաստանին և Իտալիային։ «Պարսկական միջանցքը» ավելի քան 2 անգամ կարճ է Սուեզի ջրանցքով անցնող ճանապարհից, իսկ բեռնափոխադրումները՝ շատ ավելի էժան։ Այսինքն՝ Իրանը մտադիր է դառնալ խոշոր տարանցիկ առանցք և հասանելիություն ստանալ Հարավարևելյան Եվրոպայի շուկաներին։ Դա հատկապես արդիական դարձավ այն բանից հետո, երբ Չինաստանը պատրաստակամություն հայտնեց առաջիկա 25 տարում Իրանի տնտեսության մեջ ներդնել 400 մլրդ դոլար։ «Պարսկական միջանցքի» ստեղծման ճանապարհին կա երկու հնարավոր խոչընդոտ. ա) հնարավոր պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև, բ) Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի կամ Իտալիայի հրաժարվելը նախագծից, քանի որ այդ չորսն էլ ԱՄՆ-ի ազդեցության ներքո են։ Ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնը սկզբում իրանցիներին ու չինացիներին հնարավորություն կընձեռի ներդրումներ անելու այդ նախագծի մեջ, որից հետո կսկսի խնդիրներ ստեղծել՝ մեծացնելով ներդրողների ծախսերը։

Այսպիսով՝ Սև ծովը վերածվում է միանգամից 3 նախկին՝ Ռուսական, Օսմանյան և Պարսկական կայսրությունների միջև դիմակայության հարթակի, որում պայքար է մղվում Ասիայից դեպի Եվրոպա տարանցիկ հոսքերի համար։

 

ՎՐԱՍՏԱՆ

21.06.2021, «Գրուզիա օնլայն» լրատվական կայք. Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար ԴԱՎԻԴ ԶԱԼԿԱԼԻԱՆԻ.

Աշխարհաքաղաքական կարևոր նախագծերի իրականացման համար Վրաստանը պատրաստ է աշխատել եռակողմ՝ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով։

 

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #25 (1396) 30.06.2021 - 06.07.2021, Ռազմաքաղաքական


01/07/2021