Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ



ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐՇարունակում ենք ներկայացնել հատվածներ լրագրող Անդրեյ Պրալնիկովի արցախյան ռեպորտաժներից:

 

«Ես պաշտպանելու եմ նրանց»

 

«Ուազիկի» խցիկում գլուխս էի պտտում` ուզում էի հասկանալ, թե ի՞նչ ծանոթ հոտ է: Պարզվեց` ացետոնի. այն խառնում էին սոլյարայուղի հետ եւ օգտագործում որպես վառելիք, որովհետեւ բենզին բոլորովին չկար:

Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Շահեն Մեղրյանը պատրաստվում էր Երեւան գնալ` գոնե մի քիչ վառելիք ճարելու եւ ուղղաթիռով տեղափոխելու: Իրադրության աղետալիությունն ինձ համար ակներեւ դարձրեց հետեւյալ դրվագը. Շահումյանում հանդիպեցի ծանոթ մարտիկներից մեկին, որին առաջնային դիրքերից հետ էին ուղարկել. անհրաժեշտ էր հեռացնել նշագեղձերը: Հիվանդանոցի պայմանն էր` բերել կես դույլ սոլյարայուղ. վիրահատարանում էլեկտրականություն չկա:

Միխայիլը, որն ինձ հրավիրել էր իր տանը գիշերելու, առավոտյան պատրաստվում էր սար գնալ` հերթապահելու: Կինը պաշար էր պատրաստել. թթու կաղամբ, ընկույզ, մի շիշ հոնի օղի, հաց` շատ քիչ, երկու կտոր գաթա: Հացի բանը դժվար է: Պետական ալյուր վաղուց չկա, պատրաստում են խոշոր աղացած սեփական ցորենից: Մուգ գույնի գաթաները փշրվում են: Բայց ապրել, իհարկե, կարելի է:

Տանտերը բացատրում է, որ կարող էր եւ դիրքեր չգնալ` ոչ ոք չի ստիպում: Բայց ո՞նց չգնա, եթե գնում են ընկերներն ու հարեւանները, որոնց հետ ամբողջ կյանքն ապրել է: Նա վերցնում է որսորդական հրացանն ու գնում հավաքատեղի: Այդ մարդկանցից յուրաքանչյուրը պատրաստ է ստորագրել շրջխորհրդի գործկոմի քարտուղար Վոլոդյա Հակոբյանի ասածի տակ.

«Ես գնալու տեղ չունեմ: Պատերազմ ու բռնություն չեմ ուզում, բայց այստեղ իմ երեխաներն են, որոնց սպառնում են, ուզում են վռնդել իրենց տնից: Ես պաշտպանելու եմ նրանց» («Մեգապոլիս-էքսպրես», 16.01.1992):

 

Ղարաբաղին անհրաժեշտ են ծանր ուղղաթիռներ…

 

«Պահեստում ծխելիքը վերջացել է: Մեր նախորդ այցի ժամանակ հրամանատարը, հասցնելով օրական 4-5 տուփի, ծխելը կտրուկ թողել էր, սակայն շատ լավ հասկանում էր, որ ուր որ է, բանակում «ծխախոտային խռովություն» կսկսվի: Բայց լեռնանցքներում մառախուղ էր, եւ ուղղաթիռ չէր թռչում: Ֆիդայիները հնարավորինս երկար էին պահում վերջին գլանակը, որպեսզի իրենց թույլ չտան ծխախոտի մնացուկին անցնելու չափ նվաստանալ: Մենք էլ նրանց հետ դիմանում էինք այդ զրկանքին:

Հեռավոր են թվում բոլորովին ոչ վաղ անցյալի ժամանակները, երբ Ղարաբաղում առաջին հարցին` «Ո՞նց ես հասել», համարյա անմիջապես հաջորդում էր ծխելիքի խնդրանքը: Նկատի ունեին` Բաքվո՞վ ես եկել, թե՞ Երեւանով. երկու տարի առաջ իսկական ռազմաճակատ չկար, եւ ամեն ինչ անհամեմատ ավելի պարզ էր: Հարցնողն ինքը ծխախոտ ուներ, նպատակը ստուգելն էր` հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական տուփ կհանես` ստո՞ւմ ես, թե՞ ոչ: Այն օրերին խանութները լիքն էին ադրբեջանական «Կոսմոսներով», իսկ ուրիշ բան չկար, եւ հայկական սիգարետ ճարելու համար ծանոթ չունենալով, մենք երբեմն հայտնվում էինք բավականին բարդ վիճակում:

Վաճառասեղաններն այսօր, իհարկե, դատարկ են: Տղերքը, առանց դույզն-ինչ անհարմար զգալու, ծխեցին ադրբեջանական «Պրիման», որը ռազմավար էր մնացել տեղահանության ենթարկված հայկական Մանաշիդ, Բուզլուխ, Էրքեջ գյուղերը հետ վերցնելուց հետո: Շրջանում մի ժամանակ ծխախոտ էին աճեցնում, որը հետագայում պարտադրաբար փոխարինվեց խաղողով, որն իր հերթին արմատախիլ արվեց: Հիմա գյուղացիները պատրաստվում են նորից ծխախոտ աճեցնել:

Շրջափակման պայմաններում անհրաժեշտ բաները ոչ միայն հնարավոր չէ գնել, այլեւ ուղարկել «մեծ երկրից»: Փոքր հզորության մի քանի «Մի-6»-երը բավարար չեն վառելիք, զինամթերք բերելու համար: Ճիշտ է, նամակները երբեմն տեղ են հասնում, բայց դրանք պետք է հասցեագրել տարօրինակ ձեւով. Հայաստանի Հանրապետություն, Շահումյանի շրջան (Ադրբեջանի տարածքում վարչական այդ միավորը վաղուց չեն ճանաչում): Լեռնային Ղարաբաղին ծայրահեղ անհրաժեշտ են ծանր ուղղաթիռներ` գոնե ալյուր, շաքար, երեխաներին` կաթի փոշի հասցնելու համար…» («Մեգապոլիս-էքսպրես», 16.01.1992):

 

Բարդ խնդիր

 

«Ուղղաթիռի կայանման հրապարակ դարձած Շահումյանի նախկին մարզադաշտում ամեն առավոտ հավաքվում են մարդիկ, ովքեր Երեւան թռչելու հույս ունեն: Բարդ խնդիր է. մեկ` վիրավորներ եւ մարտիկների հերթափոխ են հետ ուղարկում, մեկ` վառելիքի դատարկ տարաներ` վերալցնելու: Երբեմն երեխաներով կանանց են նստեցնում, իրեր` հնարավորինս քիչ:

Մոտեցավ տարիքով մի մարդ, խնդրեց Մոսկվա զանգել որդուն, որպեսզի ինչ-որ կերպ օգնի. նրանք` Մարտուն Բաղյանն ու իր կինը, հիվանդ են, բուժման կարիք ունեն, բայց արդեն մի քանի ամիս է` չեն կարողանում դուրս գալ Ղարաբաղից: «Լռվել-մնացել» է Կիմ Խաչատրյանը. ձմեռային կոշիկ էր բերել ցածր դասարանների աշակերտների համար»:

 

Շրջափակված Արցախում առաջնահերթություններն ուրիշ էին…

 

«Աշնանը, երբ հայերի ազատագրած Բուզլուխում էինք, շրջակա դաշտերում փորձում էինք կարտոֆիլ հավաքել: Բերքի մեծ մասը տարել էին գյուղերը ժամանակավորապես բռնազավթած ադրբեջանցիները, բայց ինչ-որ բան մնացել էր: Զինադադար էր կնքվում` հրետանային ու հրթիռային կրակ չբացել, քանի դեռ կողմերից մեկը պալարներն է քանդում, մյուսը` խաղող հավաքում: Պայմանավորվածությունը միշտ չէ, որ պահպանվում էր, եւ մի անգամ, երբ մեզ հատկացված տանը գիշերում էին կարտոֆիլ հավաքելու եկած դպրոցականները, տան կողքն ընկավ, բարեբախտաբար, չպայթած մի արկ:

Առավոտյան շրջելով կացարանում, հայտնաբերեցինք, որ քնել էինք վառոդի նկուղում: Գյուղական տան առաջին հարկի օժանդակ շինությունը լիքն էր հակատանկային ականներով, նռնակներով, հրթիռային արկերով: Այդ ամենը փակի տակ էր պահվում օղակի մեջ մտնող ծռված մեխով: Ասացինք ջոկատի հրամանատարին, նա շատ հանգիստ պատասխանեց. «Չէ՛, երեխաները չեն վերցնի, տղաներին հրազենն է հետաքրքրում»: Եվ, հայացքով որսալով մոտակայքում պտտվող մոտ 12 տարեկան մի տղայի` ցույց տվեց փոքր տրամաչափի գնդակներին հարմարեցված ինքնաշենը` պատուհանի մղլակից պատրաստված փակաղակով:

…Բուզլուխի այգիների մերկ ճյուղերից կախված են խնձորներ: Մանաշիդի կողմից կրակոցներ են լսվում: Այնտեղ` սառցակալած խրամատներում, ինքնապաշտպանությունն է հերթապահում:

Կարծում եմ՝ այս պատերազմը երկարատեւ կլինի, թեպետ երկու կողմերն էլ արդեն հոգնել են դրա թելադրանքով ապրելուց: Եթե մարտերին մասնակցեն անկախ Ադրբեջանի եւ Հայաստանի` ներկայումս ստեղծվող բանակները, ապա այն ավելի սարսափելի կլինի:

Առայժմ մարտիկները զբաղված են իրենց գործով: Երեխաները մեծանում են պատերազմում: Գնդակներն էլ խլում են նոր կյանքեր» («Մեգապոլիս-էքսպրես», 16.01.1992):

 

Ուղղված էին բնակչության դեմ…

 

«Ստեփանակերտի կոմկուսի գործկոմի նախկին շենքի ճեմասրահում մի խումբ հոգնած տղամարդիկ դագաղներ են շինում: Ներսից` պարաշյուտի սպիտակ կտոր, դրսից` սեւաքող: Նախկին շրջկոմի նկուղը դարձել է հոսպիտալ: Բժիշկներն ասում են, որ հրթիռային «Գրադ» արկերի բեկորներից վիրավորված տասը մարդուց հաջողվում է փրկել լավագույն դեպքում երկուսին:

Վերջին երեք ամսում (1992 թ. հունվար-մարտ) ստեփանակերտցիների համար աղետ է դարձել Ղարաբաղի հնամենի մայրաքաղաքը` Շուշին: Այնտեղից խփում է մահաբեր «Գրադը»:

Կանայք ու երեխաները ժամանակի մեծ մասն անցկացնում են ավազի պարկերով ու հին անվադողերով պատված նկուղներում: Քաղաքը կիսով չափ ավերված է: Ադրբեջանական տարածքից դադարեցված է էլեկտրաէներգիայի մատակարարումը, ուստի ո՛չ ջեռուցում կա, ո՛չ ջուր: Ոչ մի ձեռնարկություն չի աշխատում: Բացահայտ եւ միանշանակ ռազմական գործողություններն ուղղված են բնակչության դեմ» («Մեգապոլիս-էքսպրես», 08.04.1992):

 

Սուդանում ավելի մարդասեր էին

 

«Մարդասիրական օգնության հարցերով Ֆրանսիայի պետական քարտուղար Բեռնար Կուշները գարնան սկզբին այցելել էր Ղարաբաղ, որպեսզի վիրավորներին հանելու, դեղորայք ու սննդամթերք մատակարարելու համար մարդասիրական միջանցք բացի հակամարտող կողմերի միջեւ:

Ադրբեջանցիները օգնություն տանող բեռնատարները Շուշիից Ստեփանակերտ չթողեցին, իբր անվտանգության նկատառումներով: Շարասյունն ուղեկցող ֆրանսիացի հեռուստալրագրողներին մի քանի անգամ վտարեցին Աղդամից, սպառնացին առգրավել տեսախցիկները: Հաջորդ փորձի ժամանակ առաքելության անդամներին խուզարկեցին ու պարզապես կողոպտեցին` խլելով նույնիսկ անձնական իրերը:

Բեռի մի մասը հայկական կողմին, այնուամենայնիվ, հասավ, բայց Կուշները կարծում է, որ թե՛ պատերազմող Հարավսլավիայում եւ թե՛ Հարավային Սուդանում ավելի հեշտ էր» («Մեգապոլիս-էքսպրես», 08.04.1992):

 

Գիտե՞ր, արդյոք, դեսպանորդը

 

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դեսպանորդ Սայրուս Վենսը, երկու ժամ մնալով Ստեփանակերտում, անմիջապես մեկնեց: Նա, միգուցե, այդպես էլ չիմացավ, որ իր կյանքը մազից էր կախված: Հետո մանրամասներն ինձ պատմեց գրող Զորի Բալայանը:

Ռազմաճակատի գծի մոտ ադրբեջանցիները, իբր անվտանգության նկատառումներով, դեսպանորդի խմբին նստեցրին զրահամեքենաներ: ՄԱԿ-ի երկնագույն դրոշը Ղարաբաղում ամենահայտնի խորհրդանիշը չէ, իսկ ահա թշնամու կողմից հայտնված տեխնիկան առաջացնում է խիստ որոշակի արձագանք: Բարեբախտաբար, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մարտիկը, որն արդեն նշանառության տակ էր վերցրել զրահամեքենան, չսեղմեց ձգանը» («Մեգապոլիս-էքսպրես», 08.04.1992):

 

Խորհրդարանի շենքը քարուքանդ է…

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի շենքը քարուքանդ է արկերից: Բոլոր ծակուծուկերից սառը քամի է փչում: Պատուհանները ծածկված են բանակի եւ ժողովրդի միասնության մասին ինչ-որ բան հայտնող քարոզչական հին ցուցապաստառներով: Գերագույն Խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ընդունարանում թիթեղյա վառարան է ու փայտերի կույտ: Միջանցքի քանդված պատի ճեղքից տեսարան է բացվում փլատակների ուղղությամբ, որոնց տեղում հեռուստառադիոկենտրոնն էր:

Պատերազմ է: Պատերազմ, որն սկսվեց քարերով ու երկաթաձողերով եւ դարձավ, որոշ քաղաքագետների կարծիքով, մեր օրերի ամենաբարդ հակամարտությունը» («Մեգապոլիս-էքսպրես», 08.04.1992):

 

Ծերուկը սպասում է  գրոհին

 

«Պատերազմն իր օրենքներն ունի: Դրանց համաձայն՝ Շուշին հիմա ոչ թե քաղաք է, այլ` կրակակետ. այդ ձեւակերպումը քաղաքին կպավ Ստեփանակերտի հրետակոծման երեք ամիսների ընթացքում: Պատերազմի տրամաբանությամբ, կրակակետը պետք է լռեցվի, եւ գրոհի մասին խոսում են որպես որոշված բանի. միայն ժամանակի հարց է:

Տարիքով մի մարդ եկել էր շտաբ ու երկար ինչ-որ բան էր ասում, իսկ համազգեստով մարտիկները ծիծաղում էին: Թարգմանեցին: Պարզվեց, որ նա էլ է հարցնում գրոհի մասին: Նրա տան նկուղում գերի կա, որին հույս ունի փոխանակել Բաքվում պատանդ պահվող իր հարազատի հետ: Հրետակոծման ժամանակ գերին վախից ցնցվում է, բայց ծերուկն էլ է վախենում. եթե գերին մեռնի, ինքն ի՞նչ է անելու» («Մեգապոլիս-էքսպրես», 08.04.1992):

Շարադրեց Ա. ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #25 (1396) 30.06.2021 - 06.07.2021, Պատմության էջերից


01/07/2021