Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐ՝ ԾՆՎԱԾ ՕՐՎԱՆԻՑ



ԶԻՆՎՈՐ՝ ԾՆՎԱԾ ՕՐՎԱՆԻՑՀայի ամեն մի սերունդ իր բաժին պատերազմն ունի, նույնիսկ՝ պատերազմները…

Աշխարհի մշտապես բզկտվող ու հարափոփոխ քարտեզի վրա քո տեղը, տեսակը, քո գոյը պահելու համար անվերջ պետք է մաքառես…

Տավուշցի ազատամարտիկ Խաչիկ Սազբանդյանը 90-ականների ազգամիջյան կռիվներին մասնակցում էր եղբոր՝ Համլետի հետ, որը գյուղի ինքնապաշտպանական  ջոկատի հրամանատարն էր: Տարիներ անց Խաչիկի որդիները՝ Դավիթն ու Վանիկն էին զենք վերցնելու, կանգնելու  հայրենի եզերքի վերստին վտանգված սահմաններին:

Դավիթն ու Վանիկը հպարտությամբ են խոսում իրենց հոր, հորեղբոր  անցած մարտական ուղու մասին, այդ օրերից հազար դեպք ու դրվագ են մտաբերում, հիշում են, որ երբ  նրանք հերթափոխից իջնում էին, իրենք ինչ բծախնդրությամբ էին նրանց զենքը մաքրում, փայլեցնում:

Իրենց տանը հաճախ էին հավաքվում հոր զինակից  ընկերները ու ոգեւորված պատմում էին կռվից, ազատամարտիկների հերոսություններից, ու երեւի հենց այդ  ոգեղենությունն ու ինքնաբուխ նվիրումն էլ տղաներին ուղղորդեց ընտրելու հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը:

Որդիներից ավագը՝ Դավիթը, ուսանել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետում,  ավարտելուց հետո  նշանակվել դասակի հրամանատար,  ծառայել է  առաջնագծի տարբեր հատվածներում, դասակի հրամանատարից հասել մինչեւ դիվիզիոնի հրամանատարի պաշտոնին, փոխգնդապետ է:

Կրտսեր եղբայրն էլ՝ Վանիկը, բանակից զորացրվելուց հետո որոշեց  ավագ եղբոր օրինակով շարունակել ծառայությունը զինված ուժերում, պայմանագրային սերժանտ է: 2020 թ. հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ Տավուշ աշխարհն էր թիրախում, ամիսներով դիրքերում էր:

ԶԻՆՎՈՐ՝ ԾՆՎԱԾ ՕՐՎԱՆԻՑ-Մի բռունցքի չափ մնացած մեր հողն անընդհատ բզկտվում է, նույն թշնամին է, որ ժամանակ առ ժամանակ կռիվներ է հրահրում, չի թողնում հայը իր սեփական բնօրրանում  խաղաղ ստեղծի, արարի, իր դառը քրտինքով ստեղծածն էլ խաղաղ ու հանգիստ սրտով վայելի,- ասում է փոխգնդապետ Դավիթ Սազբանդյանը:

44-օրյա պատերազմի մասնակից է փոխգնդապետը, մասնակցել  է նաեւ Ապրիլյան մարտական գործողություններին, պարգեւատրվել  «Արիության» մեդալով:

-Այս վերջին պատերազմը նման չէր 2016 թ. քառօրյա պատերազմին, ակնհայտորեն տարբերվում էր իր մասշտաբներով, մարտերի ինտենսիվությամբ: Ուժերն անհամեմատելիորեն անհավասարաչափ էին. մեր բանակը կռվում էր մի քանի երկրներից ռազմական բավականին մեծ աջակցություն ստացած հակառակորդի դեմ:

***

Թշնամին հրթիռային ու հրետանային միջոցներով թիրախավորել էր ոչ միայն հայկական դիրքերը, այլև բնակավայրերը: Պատերազմի ժամանակ Դավիթի  ընտանիքը Արցախում էր՝ Մարտունիում.

-Քաղաքն ուժգին ռմբակոծվում էր, ես այդ պահին առաջնագծում էի, հրաման էի տալիս անձնակազմին՝ խնդիր կատարելու, միաժամանակ, այդ ամենին զուգահեռ,  եղբորս հետ էի կապ հաստատում, որ գա, ընտանիքս դուրս բերի կրակի տակից, ընդամենը երկու ամիս առաջ էլ՝ հուլիսյան դիմակայության ժամանակ, ես էի  եղբորս եւ քույրերիս երեխեքին Տավուշից տեղափոխում համեմատաբար անվտանգ վայր…

***

Փոխնդապետ Դավիթ Սազբանդյանը այժմ ուսումնամարտական զորամասում դիվիզիոնի հրամանատար է.

-Հիմա զորամասում ավարտական քննությունների շրջանն է: Զգալի  աշխատանքներ են տարվել, որ հրետանավորները կատարելապես տիրապետեն մասնագիտական  բոլոր նրբություններին, որ առավել վստահաբար կարողանան անհատական խնդիր կատարել, ինքնուրույն մարտ վարել: Կուրսանտները հստակ գիտեն՝ զինվորական գործում մանրուքներ չկան. մի աննշան թվացող սխալը կարող է վճռորոշ լինել մարտի դաշտում, և հրետանավորի ցանկացած վրիպում, թերացում ուղղակիորեն կարող է ազդել վերջնարդյունքի վրա: Պատերազմի դաշտում բազմաթիվ հրետանավոր տղաներ աչքի են ընկել իրենց խիզախությամբ, շատերը նույնիսկ միայնակ իրենց հրանոթներով կրակային դիրքեր են զբաղեցրել…

ԶԻՆՎՈՐ՝ ԾՆՎԱԾ ՕՐՎԱՆԻՑ***

Սազբանդյանները՝ ե՛ւ հայրը, ե՛ւ որդիները, այսօր էլ շարունակում են իրենց հայրենանվեր ծառայությունը: Իրենց զավակներն էլ հայրերի, պապի օրինակով որոշել են  զինվորական ուղիով ընթանալ:

-Մեր երեխեքն էլ մեզ նման մեծացան կրակի տակ,  օրորոցային երգերից ավելի հաճախ կրակոցների ձայները  լսեցին… Հիմա էլ, երբ կրակոց է լինում, անսխալ որոշում են՝ էս ավտոմատ է, էս ԴՇԿ, Պեկա,- ասում է սերժանտ Վանիկ Սազբանդյանը:

Երկու աղջիկ եւ մեկ տղա ունի Վանիկը: Որդին՝ չորսամյա Հայկը, զինվոր է դառնալու, որ կանգնի հոր կողքին, Վանիկի կրտսեր աղջիկն էլ՝ վեցամյա Աննան, եւս երազում է զինվորական դառնալ: Ամանորին իր հասակակից աղջնակների նման Ձմեռ պապից տիկնիկ ու փայլփլուն զարդեղեն չէր խնդրել, այլ՝ հրացան…

Դավիթի որդին՝ Էդմոնդն էլ նպատակադրվել է բժիշկ դառնալ… զինվորական բժիշկ:

Էս հողուջրում լույս աշխարհ եկած երեխեքը զինվոր են ծնված օրվանից…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Խորագիր՝ #25 (1396) 30.06.2021 - 06.07.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


01/07/2021