Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐՋԻՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ



ՎԵՐՋԻՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸՋԻՎԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – 60

 

Հայկական բանակի առաջին նվիրյալ ռահվիրաներից էր Ջիվան Զավենի Աբրահամյանը։

1988 թ. փետրվարյան փոթորկալից եւ ոգեշունչ օրերին իսկ նա արդեն գիտակցեց, որ Արցախյան շարժումն անխուսափելիորեն հանգելու է զինական պայքարի։ Երկու տարի Աֆղանստանում ծառայած եւ մարտերում ցուցաբերած խիզախության համար «Արիության» մեդալով պարգեւատրված Ջիվանը շատ լավ գիտեր, թե ինչ է պատերազմը, բայց նաեւ գիտեր, որ հայ ժողովրդի համար այնքան ճակատագրական ու վճռորոշ այս ժամանակահատվածում Հայաստանի եւ Արցախի վտանգված սահմաններն առաջին հերթին իր նման ռազմական հարուստ փորձ ու իմացություն ունեցող պաշտպանների կարիքն ունեն, եւ զինվորագրվեց նորանկախ հանրապետության նորակազմ Հատուկ գնդին՝ դառնալով նրա առաջին զինվորներից մեկը։

 

Խորհրդայինից դեպի հայկական կանոնավոր բանակ անցումային այս շրջանում, ինչպես Աֆղանստանում, այնպես էլ այստեղ, նույնն էին ռազմական տեխնիկան ու հանդերձանքը, սակայն մեկ այլ առաքելություն էր վիճակված դրանք կրողներին, այդ թվում եւ Ջիվանին. ինչը ռազմատեխնիկական առումով կրկնություն էր իր համար, նորություն էր հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվածներից շատերի համար։ Անասելի դժվարությամբ ձեռք բերված զինտեխնիկայի տարբեր տեսակների արկղերը բացելիս, հավաքելիս, տեղադրելիս ու լիցքավորելիս զինվորները հաճախ էին հարցական նայում, եւ նա ոչ միայն բացատրում էր՝ անձամբ ցույց տալով, այլեւ յուրաքանչյուր տեխնիկայի նրբությանը եւ գործնական կիրառությանը վերաբերող մի հուշ-օրինակ էր բերում աֆղանական պատերազմից։

…Ամենավտանգավոր ու կարեւոր կետերում լինելու վճռականությամբ 1991 թ. ամռանը նա գնաց Հյուսիսային Արցախ՝ Շահումյան։ Վերջինս Ադրբեջանին հանձնելու եւ հայաթափելու քաղաքական գործարքը իրականացվել էր հարեւան Գերանբոյի շրջանին միացնելու՝ այդ օրերին ընդունված գորբաչովյան հերթական որոշմամբ, որով Շահումյանին եւս սպառնում էր Գետաշենի եւ Բերդաձորի ճակատագիրը։ Շրջանում անջատվեց լույսը, ապա կապի եւ հաղորդակցության մյուս միջոցները, այնուհետեւ ռազմական ստուգիչ նոր անցակետերի տեղադրմամբ Շահումյանը Հայաստանից հետո մեկուսացվեց նաեւ ամբողջ Արցախից՝ ենթարկվելով կրկնակի շրջափակման, որը ճեղքում էին միայն Մռավի անտառախիտ փեշերի վրայով թռչող ուղղաթիռները՝ բերելով այն ամենը, ինչը հարկավոր էր շրջանի պաշտպանությունը եւ կենսագործունեությունը ապահովելու համար։

Այդ ուղղաթիռներից մեկով եկավ նաեւ Ջիվանը։ Լեռնային նման կիրճերով, ձորերով ու անտառային արահետներով նա քանիցս անցել էր մի քանի տարի առաջ, սակայն այդ ժամանակ դրանք թշնամու դարանակալ որոգայթներ ունեցող օտար տեղանք էին, իսկ հիմա պատմության հերոսական դրվագների ու հիշատակների կենդանի արձագանքը պահող հայրենի լեռնաշխարհի մի հատվածը։ Նա եկավ եւ մեկ դրվագով հարստացրեց նվիրական հիշատակները։ Եթե ունեցած ռազմական փորձով վստահություն էր ներշնչում մարտական ընկերներին, ապա հաղթ կազմվածքով եւ վճռական կեցվածքով՝ հույս, հավատ շրջակա գյուղերի բնակիչներին։ Անունն այնքան համահունչ էր իրեն, եւ ինչպես տեղացիներն էին ասում՝ ջիվան Ջիվանն էր։

ՎԵՐՋԻՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸՏեղի զինվորական հրամանատարության հետ նա ձեռնամուխ եղավ առաջադրված պաշտպանական նոր խնդիրների իրագործմանը, քանի որ քաղաքական զարգացումների ընթացքը վկայում էր, որ շուտով սկսվելու է շրջանը գյուղ առ գյուղ հայաթափելու ծրագրված գործողությունը։ Նախ՝ խորհրդային քարոզչության տարբեր միջոցներով հայտարարվեց, թե Բուզլուխ, Մանաշիդ եւ Էրքեջ գյուղերում վաղուց արդեն խաղաղ բնակչություն չկա, մնում են միայն հայ գրոհայինները։ Այնուհետեւ՝ շրջանի բնակչությանը տեղեկացվեց, թե անձնագրերի ստուգման համար այս երեք գյուղերը պետք է մտնի ադրբեջանական ՕՄՕՆ-ը։ Բերդաձորի եւ Հադրութի շրջանի ընդամենը մի քանի ամիս առաջ տեղահանված գյուղերի օրինակով արդեն պարզ էր, թե ինչ է նշանակում նման ստուգումը։ Հուլիսի 24-ի առավոտյան Բուզլուխի, Մանաշիդի եւ Էրքեջի բնակիչները թողեցին իրենց գյուղերը։ Կեսօրին խորհրդային բանակի աջակցությամբ ադրբեջանական ՕՄՕՆ-ը մտավ Բուզլուխ եւ Մանաշիդ, ծաղրուծանակի ենթարկեց այնտեղ մնացած հիվանդներին ու ծերերին։ Բուզլուխում Հայրենական պատերազմի մասնակիցներին հավաքեցին եւ անարգալից հարցաքննության ու խուզարկությունների ենթարկեցին հենց զոհերի հուշարձանի առջեւ։ Այս ամենն առանց հեռադիտակի էլ պարզորոշ երեւում էր Բուզլուխի վերջին տների մոտից վեր տարածվող անտառախիտ լեռնալանջից։ Այս ամենը տեսնում էին Ջիվանը եւ նրա հետ լեռնաշխարհ կամավոր եկած «Հատուկ գնդի» մյուս մարտիկները։

Չնայած ուժերի անհամեմատելի գերակշռությանը, ՕՄՕՆ-ը չհամարձակվեց Էրքեջ մտնել, որովհետեւ վախենում էր Բուզլուխի եւ Մանաշիդի անտառապատ փեշերից սպասվող հնարավոր հարվածներից։ Թիկունքը ապահովելու համար նրանք մինչեւ երեկո շուտափույթ պահակակետեր դրեցին Էրքեջ մտնող ճանապարհներին։ Տանջալիորեն երկար ձգվող ու ողբերգականությամբ լեցուն այդ օրվա երկրորդ կեսին արդեն ակնհայտ էր, որ հաջորդ առավոտյան հակառակորդը մտնելու է նաեւ Էրքեջ։ Տեւական քննարկումից հետո որոշվեց թույլ չտալ գյուղն անպատիժ գրավել։

Նման որոշումը պատճառաբանվում էր մի քանի նկատառումներով։ Նախ, որ Էրքեջն անհամեմատ ավելի շատ բնակչություն ուներ, ինչպես նաեւ առավել մոտ էր շրջանի մյուս հայկական գյուղերին։ Այլ խոսքով՝ նրա անկումը մեծ սպառնալիք էր ստեղծում, եւ վերջապես՝ ռազմավարական հիմնավորումներից զատ, կար նաեւ բարոյահոգեբանական մեկ կարեւոր գործոն, որը մատնանշում էին Ջիվանն ու ընկերները։ Նրանք գտնում էին, որ անկախ ուժերի անհավասարությունից եւ գյուղը պաշտպանելու իրական հնարավորությունից, հարկավոր է մեկ կետում մարտի բռնվել հակառակորդի հետ, ցույց տալ, որ նա չի կարող անպատիժ աոաջանալ մեր հայրենիքում։

Եվ երբ իջնող երեկոյի հետ նվազեց տեղահանված գյուղերից Վերին Շեն եկողների հոսքը, դեպի Էրքեջ սկսեցին շարժվել ինքնապաշտպանության ջոկատները, միանալու այնտեղ Ջիվանի վաշտին եւ «Տիգրան Մեծ» կամավորական զորաջոկատին։ Շուտով գյուղը երիզող տները վերածվեցին պաշտպանական դիրքերի, որից մի քանի հարյուր մետր այն կողմ կանգնած էին խորհրդային բանակի զրահամեքենաները։ Լարված սպասման մեջ անցավ ամբողջ գիշերը, որեւէ կրակոցով լռությունը չխախտվեց։ Դիմացի զինվորական պահակակետերից լսվում էին միայն խոսակցությունների առանձին բեկորներ, եւ կայծկլտում էին զինվորների վառած ծխախոտները։ Առավոտյան ժամերը եւս հանդարտ անցան: Մի պահ անգամ թվաց, թե հիշյալ երկու գյուղերի հայաթափումից հետո բանակը դիրքավորման իր այս կետերով նոր սահմանագիծ է ստեղծել։ Նախորդ օրը շուտափույթ հեռացած գյուղացիների մեծ մասը եւս ետ վերադարձավ՝ տանը մնացած առավել արժեքավոր իրերը տանելու։

Թվում էր, թե նման խաղաղ ձեւով, ներքին լարվածությամբ կանցնի նաեւ այդ օրը։ Կեսօրին սակայն մի քանի զրահամեքենաներից բացված համաժամանակյա կրակի աջակցությամբ դիրքերի վերածված գյուղավերջի տները սկսեցին շարժվել օմօնականները։ Տանկային մեծ տրամաչափի գնդացիրների այրող, բեկորային փամփուշտների կրակին շուտով գումարվեցին նաեւ արկերը։ Նախ փշրվեցին ապակիները, ապա փլվեցին պատշգամբները, եւ «նստեցին» տանիքներն, ու փլատակներից ելնող հրդեհի բոցին գումարվեց ֆուգասային արկերի խեղդող ծուխը։

Ի տարբերություն Ջիվանի եւ աֆղանական դպրոցն անցած էլի մի քանի մարտիկների, մյուսները մի պահ ընկրկեցին, սակայն շուտով Ջիվանի վճռական եւ գրագետ գործողությունների շնորհիվ վերագտան իրենց։ Դիրքից դիրք եւ զինվորից զինվոր անցնելով, նա ոչ միայն ղեկավարում ու համակարգում էր մարտը, այլեւ հընթացս սովորեցնում քիչ փորձ ունեցողներին։ Ընդմիջվող կրակահերթերի կարճատեւ լռության մեջ հնչում էին Ջիվանի հատու ձայնը եւ հրահանգ-հրամանները։ Տեղացող կրակից փլատակների վերածվեցին նաեւ գյուղական տներին կից շինությունները։ Ռազմագիտական ակնթարթային եւ ճշգրիտ կողմնորոշմամբ Ջիվանը դրանք դարձրեց պաշտպանական կրակակետեր՝ փլված ու այրվող տների նկուղների եւ տանիքների փոխարեն։

Թե՛ ժողովրդի նախորդ օրերի գաղթը եւ թե՛ այդ օրվա մարտը զարմանալի արիությամբ տեսախցիկով մանրամասն նկարահանեց մեր ժողովրդին այնքան քաջածանոթ եւ հարազատացած բուլղարուհի լրագրող Ցվետանա Պասկալեւան։ Մարտի առաջին րոպեներին Ջիվանը հասցրեց անգամ մի քանի խորհուրդներ տալ Պասկալեւային, թե ինչպես առավել արդյունավետ «որսա» պայթյունները՝ մտքով հաշվելով, թե դիմադիր երեւացող ծուխը, որը ազդարարում էր հերթական արկի սլանալը, քանի վայրկյանից եւ որտեղ կընկնի։ Տեսախցիկը պիտի հասցներ նկարահանել բուն պայթյունի պահը։

…Նման կազմակերպված դիմադրությունը խուճապի մատնեց ադրբեջանական ՕՄՕՆ-ին, անակնկալի բերեց նաեւ խորհրդային բանակի զորամիավորմանը։ Զրահամեքենաներն ընկրկեցին, իսկ երբ դրանցից մեկն անշարժացավ հակատանկային նռնականետի հարվածից, մյուսներն արդեն ետ քաշվեցին եւ համեմատաբար հեռվից սկսեցին խփել։

Կռվի խառն այս ընթացքում եւս Ջիվանը, ճիշտ կողմնորոշվելով, շարունակ հրահանգում էր, որ կրակը ոչ թե խորհրդային բանակի զինվորների, այլ օմօնականների վրա ուղղվի, որովհետեւ լավ էր հասկանում, որ առճակատումը խորհրդային բանակի հետ կարող է հաջողություն բերել մեկ մարտում, իսկ ամբողջության մեջ անհեռանկարային է։ Նա անթույլատրելի էր համարում հայ եւ ռուս զինվորների իրար վրա կրակելը, նրանց՝ հակադիր խրամատներում գտնվելը համարում էր գորբաչովյան դավաճանության արդյունք։

Ավարտված համարելով պաշտպանության այդ փուլում առաջադրված խնդիրը՝ հակառակորդին ցույց տալ հայկական ինքնապաշտպանական ջոկատների ուժը, զինական հագեցվածությունը, մարտունակությունը, նաեւ թշնամուն անպատիժ չթողնելու կամքը, Ջիվանը կազմակերպեց օղակված գյուղից դուրս գալը եւ Վերին Շենից դեպի Բուզլուխ, Մանաշիդ եւ Էրքեջ գյուղերը ձգվող ճանապարհների խաչմերուկին նոր դիրքեր գրավելը։

Գյուղը թողնելու գլխավոր դժվարությունը դարձավ մինչեւ անտառի փեշերը ընկած մի քանի հարյուր մետր բաց տարածությունը անցնելը։ Բնակավայրի ներսում ընթացող փողոցային մարտերի վարպետ կիրառմամբ եւ շարունակ երթի ուղղությունը փոխելով, խուսափելով սպառնացող ավերիչ հրետանային հարվածներից, տնամերձ հողամասերի միջով տնից տուն եւ փողոցից փողոց անցնելով, Ջիվանի առաջնորդությամբ ջոկատները հասան գյուղի ծայրը։

Հայկական պաշտպանական խմբերի շրջապատումից դուրս գալը տեսնելով, հակառակորդը սկսեց կույր հրետակոծության ու գնդակոծության ենթարկել լեռնաշղթայի անտառապատ փեշերը։ Այստեղ եւս անգնահատելի դեր խաղաց Ջիվանի փորձը։ Սառնասրտորեն հաշվելով հակառակորդի կրակակետերից եկող հարվածների հետագիծը, նա ընտրեց հատկապես այն կածանները, որոնք չէին մտնում այդ կրակակետերի ընդգրկած շառավղի մեջ։

Վերի Շեն հասնելու համար ընտրվեց լեռնային անտառապատ մի ճանապարհ։ Ջիվանի հանձնարարությամբ տեղացիներից մի քանիսը, որոնք լավ գիտեին ճանապարհը, գնացին առջեւից՝ տեղանքը հետախուզելու եւ ստուգելու, թե արդյոք դիմացի ոլորաններից մեկում չի սպասում դարանակալ թշնամին։

…Էրքեջից Վերին Շեն տանող լեռնային այս կածանի թեք լանջին, որի կողքով հոսում է Հայ Պարիս գյուղը սնուցող ջուրը, կա մի աղբյուր։ Այն կոչվում է Աղջկա աղբյուր։ Դեռեւս հնուց նրա հողը եւ ջուրը հռչակված են եղել իրենց բուժիչ հատկությամբ։ Դրանք խառնելով՝ քսել են վերքերին եւ աստիճանաբար այնքան հող է վերցվել, որ գոյացել է մի ողջ քարանձավ։ 1918 թ., երբ գյուղը վերստին հերոսական կռիվ էր մղում թշնամիների դեմ, վերջիններս հետապնդում են մի աղջկա։ Նա չցանկանալով ընկնել հետապնղողների ձեռքը՝ իրեն ժայռից ցած է նետում եւ ջախջախվում այս աղբյուրի մոտ։ Այդ տեղում մեկ տարի անց գյուղի Տեր Աստղիս քահանան կանգնեցնում է տապանաքար՝ այս դեպքը պատկերող եռակամար պատկերաքանդակներով, որի մյուս կողմում գրում է. «Այս է տապան Եպրաքսեայ կոյսին»։ Ժողովուրդը սրբացրել է վայրը եւ մինչեւ մեր օրերն էլ հին հավատալիքներից եկող սովորությամբ շորերի կտորներ էին կապում շրջակա ծառերի ճյուղերից, որ այստեղ մնան իրենց ցավերը…

Մի քանի ժամ տեւած կռվի, ապա նրան հաջորդած տեւական երթից հետո, ուժերը մի քիչ վերականգելու համար Ջիվանը հրամայեց առանց շարքերը խառնելու, ջուր խմելուց հետո, աղբյուրի շուրջը շրջանաձեւ պաշտպանություն կազմած տեղավորվել եւ հանգստանալ։ Դեռ բոլորը չէ, որ հասցրել էին ջուր խմել եւ այրվող ու չորացած դեմքերը լվանալ, երբ լեռնալանջի ներքեւում առավել լայն արահետի մյուս կողմից մեքենաների լույսեր ուրվագծվեցին, եւ տեխնիկայի խուլ բվվոց լսվեց։ Հնչեց Ջիվանի հանդարտ ու վճռական ձայնը՝ հակատանկային նռնականետները եւ գնդացիրները առաջ բերել։ Երբ անցան լարված սպասումի մի քանի րոպեները, պարզվեց, որ անցնող տեխնիկան շրջանի պաշտպանական ուժերինն է, որոնք վերախմբավորվում էին տեղահանված երեք գյուղերից այն կողմ, Վերի Շենից էլ վեր գտնվող խաչմերուկում։ Դեպի այնտեղ ուղղվեցին նաեւ Էրքեջից դուրս եկած ջոկատները։ Մինչ անտառային բացատին հրաժեշտ տալը վերը հիշված ժողովրդական հնավանդ սովորությամբ շատերը իրենց զգեստներից մի-մի կտոր թողեցին աղբյուրի մոտի թփուտների ճյուղերին…

Շուտով երեւաց Վերին Շենը։ Կեսօրվա մարտերի լուրը արձագանքել էր ամբողջ շրջանում, եւ մանրամասներն իմանալու համար գյուղից բավականին հեռու, ճանապարհի ոլորանում մեծ բազմություն էր հավաքվել։ Նայելով անտառից դուրս եկողներին, նրանք տեսան ոչ թե պարտված բանակի զինվորների, այլ առաջիկա մարտերին ընդառաջ գնացող մի ամբողջ զորաջոկատ։ Չնայած օրվա լարվածությանն ու հոգնությանը, Ջիվանը քայլում էր հպարտ ու ձիգ: Իր զինակիցների հետ նա պատրաստվում էր հերթական մարտին, որը վերջինը դարձավ նրա համար…

Դեռեւս գիշերը նա ընկերների հետ սկսեց դիրքավորվել Շամփրապտուկի բարձունք տանող ճանապարհին, փակեց այն։ Շամփրապտուկ նշանակում է շամփուրի պտուկ՝ շամփուրի սուր ծայրը։ Այսինքն՝ շրջակա բլուրների միջից այդ բարձունքը վեր էր խոյացել շամփուրի սուր ծայրի նման, իսկ ներքեւում փռված էր գյուղը։ Նպատակ ունենալով գրավել բարձունքը՝ թշնամին հարձակման անցավ։ Զուտ ռազմագիտական տեսանկյունից անիմաստ էր մարտն ընդունելը, քանի որ այդ պահին վճռորոշը ոչ թե մարտական վարպետությունն էր, խիզախությունը եւ անձնուրացությունը, այլ հակառակորդի ունեցած զինական տեխնիկայի բացարձակ գերազանցությունը։ Չնայած այս իրողությանը, 1991 թ. հուլիսի 20-ին Ջիվան Աբրահամյանը Նիկոլայ Հայրապետյանի եւ Վարդան Տերտերյանի հետ ընդունեց իրենց կյանքի վերջին մարտը…

Գործնական մոտեցում ցուցաբերելու եւ ուժերը առաջիկա մարտերի համար պահելու փոխարեն նման գիտակցված նահատակության գնացին Ջիվանը եւ իր ընկերները, որովհետեւ ամոթալի համարեցին առանց կռվի երկրի խորքը տանող ճանապարհը թշնամու առջեւ բացելը։ Խորհրդային երբեմնի հզոր կայսրության 1991 թ. ամառային հոգեվարքի այդ օրերին, երբ Մոսկվայում ընդունվող քաղաքական որոշումներին զուգահեռ, դրանցից առավել վճռորոշ դեր էր խաղում Ադրբեջանում տեղակայված խորհրդային բանակի զորամասերը կաշառքով արցախահայության դեմ հանելը, Ջիվանը եւ իր ընկերները զինական այս ընդվզումով ցույց տվեցին, որ խոստացված վճարով հայկական գյուղերի տեղահանությանը մասնակից լինելը չի կարելի շփոթել հատուկենտ կրակոցի, անվտանգ զորախաղերի հետ եւ իրենց կյանքի գնով հավաստեցին այս իրողությունը…

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ

Խորագիր՝ #25 (1396) 30.06.2021 - 06.07.2021, Ճակատագրեր


01/07/2021