ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
28.06.2021, «Ինտերֆաքս» ռուսաստանյան լրատվական գործակալություն։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար ՆԻԿՈԼԱՅ ՊԱՏՐՈՒՇԵՎ.
Մեր գնահատումներով՝ համաճարակի պատճառով 2020 թ. տեղի ունեցած համընդհանուր տնտեսական անկումը շուտ հաղթահարել չի հաջողվի։ Տնտեսությունները փրկելու համար կիրառվող մեթոդները լուծում են որոշ խնդիրներ և հաճախ անմիջապես ստեղծում ուրիշները։ Խորանում է տեխնոլոգիական խզումը զարգացած և զարգացող պետությունների միջև՝ ստեղծելով վտանգ այն բանի, որ հետ մնացող երկրները կհայտնվեն համաշխարհային զարգացման մայթեզրին։ Միջազգային հարաբերություններում հստակորեն ի հայտ է եկել ուժային գործոնի մեծացման միտում։ Պարզ ասած՝ վերադառնում է միջնադարյան սկզբունքը. ով ուժեղ է, նա էլ իրավացի է։
29.06.2021, ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիք։ ՌԴ ԱԳՆ պաշտոնաթող արտակարգ և լիազոր դեսպանորդ ՎԱՍԻԼԻ ԿՈՐՉՄԱՐ.
Եթե ԱՄՆ նախագահ Բայդենն ասում էր՝ «Մենք վերադառնում ենք», «Ամերիկան վերադառնում է», ապա արդեն Բրիտանիան նույնպես կարող է ասել, որ ինքն էլ է վերադառնում։ Նրանք միասին խմբավորում են իրենց ուժերը։ Արևմտյան և Արևելյան Եվրոպայում լարվածությունն աճում է. այնտեղ են ուղարկվում զորքեր, մեր սահմանների մոտ թռչում են ինքնաթիռներ։ Եվ հանկարծ՝ միջադեպ Սև ծովում։ Դա զոնդավորման փորձ է, թե ինչ կարելի է անել։ Բրիտանական էսկադրային ականակրի հետ կապված սադրանքը Ռուսաստանի և նրա արտաքին քաղաքականության նկատմամբ արհամարհանքի ցուցադրում էր։ Սադրանքները շարունակվելու են, և վաղ թե ուշ կլինի պայթյուն։ Դա կապված կլինի կա՛մ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրթիռային պոտենցիալի ուժեղացման, կա՛մ էլ Սև ծովում իրավիճակի հետ։ ՆԱՏՕ-ի երկրներին և հատկապես ԱՄՆ-ին պետք է տեղային պատերազմ։ Նրանց բոլոր նախապատրաստություններն այդ են վկայում։
27.06.2021, «Ռոսիյսկայա գազետա»։ ՌԴ պաշտպանության նախարար ՍԵՐԳԵՅ ՇՈՅԳՈՒ.
ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգն արագորեն ուժեղացվում է՝ ի պատասխան Կենտրոնասիական ուղղությամբ հնարավոր սպառնալիքների, որոնք կարող են բխել Աֆղանստանից ամերիկյան զորախմբի դուրսբերումից հետո։ Մինչև 2021 թ. վերջ ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգը կստանա ավելի քան 1200 միավոր նոր և արդիականացված ռազմական տեխնիկա։ Կստեղծվեն և կվերակազմավորվեն 4 զորամասեր և ստորաբաժանումներ։ 2 ավիացիոն գնդեր կվերազինվեն «Սու-34Մ» արդիականացված ճակատային ռմբակոծիչներով և «ՄիԳ-31ԲՄ» հեռավոր գործողության շառավղով կործանիչ-կալանիչներով։ Դրա շնորհիվ նշանակալիորեն կմեծանան հակառակորդին կրակային խոցման և Կենտրոնասիական ռազմավարական ուղղության վրա թևավոր հրթիռների դեմ պայքարի օկրուգի հնարավորությունները։
28.06.2021, «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալություն։ «Կուրչատովի ինստիտուտ» Ազգային հետազոտական կենտրոնի նախագահ ՄԻԽԱՅԻԼ ԿՈՎԱԼՉՈՒԿ.
2017 թ. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ ռուսական հատուկ ծառայությունները բացահայտել են օտարերկրյա գործակալների՝ Ռուսաստանի տարբեր էթնոսների ներկայացուցիչների կենսանյութերը հավաքելու դեպքեր։ Ռուսաստանցի զինվորներն ավելի դիմացկուն են ամերիկացի զինվորներից, և դրա պատճառը պարզելու նպատակով մի քանի տարի առաջ ԱՄՆ-ը առանձին ծրագրի շրջանակում Ռուսաստանի բնակիչներից հավաքում էր դիմացկունության ապահովման համար շատ կարևոր հոդային հեղուկի նմուշներ։
ԱՄՆ-ԵՎՐՈՊԱ
25.06.2021, «news.ru» կայք։ Ամերիկյան «ՌԵՆԴ» վերլուծական կորպորացիայի հունիսյան զեկույցի եզրակացությունը.
Արևմտյան երկրները չեն կարողանա հաղթել Ռուսաստանին նրա սահմանների մոտ բռնկված ենթադրյալ զինված հակամարտությունում։ Թեպետ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների գումարային ռազմական հզորությունը գերազանցում է ռուսականը, ծայրամասում հակամարտության սցենարը շատ թանկ կնստի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների վրա։ ՌԴ-ի հետ սովորական սպառազինության կիրառմամբ ցանկացած հակամարտություն պետք է վարել այնպես, որ սահմանափակվի միջուկային սրման ռիսկը։
ԹՈՒՐՔԻԱ
28.06.2021, «Ջումհուրիեթ» թուրքական թերթ։ Սյունակագիր ՄԵՀՄԵԹ ԱԼԻ ԳՅՈՒԼԵՐ.
Վերջերս տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքների համաձայն՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի առաքելությունը չի սահմանափակվում Աֆղանստանով, տարածվում է նաև Ղրիմի, Կովկասի վրա։ Դրա կարևորությունը պայմանավորված է Չինաստանի և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարությամբ։ ԱՄՆ-ը ստեղծում է հակառուսական ճակատ, որը սկսվում է Մերձբալթիկայից, ներառում Արևելյան Եվրոպան և Ուկրաինան, Ղրիմն ու Սև ծովը և Վրաստանի միջոցով ձգվում մինչև Կովկաս ու Աֆղանստան։ ԱՄՆ-ը ստեղծում է նաև հակաչինական ճակատ, որը սկսվում է Աֆղանստանից, ներառում Հարավչինական ծովը և հասնում Հարավային Կորեա ու Ճապոնիա։ Ուստի Թուրքիայի առաքելությունները Ղրիմում, Կովկասում, Աֆղանստանում պարզապես մարտավարական խնդիրներ չեն. դրանք կապված են այն ճակատի հետ, որի վրա Թուրքիան ռազմավարական դիրք ունի։
30.06.2021, «Ռեպորտյոր» ռուսաստանյան փորձագիտական կայք։ Փորձագետ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԺԵՑԿԻ.
Վերջին տարիներին համաշխարհային գլխավոր միտումներից մեկը դարձել է նախկին կայսրությունների բացահայտ ռևանշիստական քաղաքականությունը։ Օրինակ՝ Ռուսաստանը վերադարձրեց Ղրիմը, կռվում է Սիրիայում, օգնում Վենեսուելային, երազում Կարմիր ծովում ռազմակայանի մասին։ Իրանը իր ռազմական ենթակառուցվածքները մոտեցնում է Իսրայելի սահմաններին, օգնում Եմենի հուսականներին ընդդեմ Սաուդյան Արաբիայի։ Ճապոնիան երազում է «հյուսիսային տարածքների» վերադարձի մասին և վերազինում է իր ուղղաթիռակիրներն ու ավիակիրները։ Չինաստանը «նոր մետաքսի ճանապարհ» է գցում դեպի Եվրոպա և ավելացնում ռազմանավերի քանակը։ Մեծ Բրիտանիան կառուցում է արդեն երկրորդ ավիակիրը, Ուկրաինայի օգնությամբ հաստատվում Սև ծովում և իր ռազմանավերն ուղարկում «շոշափելու» Ղրիմի սահմանները պաշտպանելու Մոսկվայի պատրաստակամությունը։ Բայց բոլորից ավելի առաջ է անցել Թուրքիան, որը ստեղծում է «Օսմանյան կայսրություն-2»-ը։
Թուրքիան շարժվում է միաժամանակ երկու ուղղությամբ՝ չսահմանափակվելով սոսկ Բարձր Դռան նախկին արեալով։ Մի կողմից թուրքական բանակը և թուրքամետ զինյալներն արդեն փաստորեն վերահսկում են Սիրիայի և Լիբիայի տարածքի մի մասը։ Ամրանալով այնտեղ, նրանք կարող են ստանալ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի իրավիճակի վրա ազդեցության արդյունավետ լծակներ։ Ստեղծելով մարիոնետային քվազիպետություն Իդլիբում՝ Անկարան կարող է ճնշում գործադրել պաշտոնական Դամասկոսի վրա։ Լիբիայից թուրքերի համար ճանապարհ է բացվում դեպի Եգիպտոս, որտեղ դեռ ուժեղ են ծայրահեղ իսլամական խմբավորումների դիրքերը և դեպի «ֆրանսիական» Աֆրիկա։ Թուրքական նավատորմը պատրաստ է նաև ուժի գործադրմամբ պաշտպանելու Միջերկրական ծովում Անկարայի հավակնությունները հունական կղզիների նկատմամբ։
Մյուս կողմից Թուրքիան բացահայտորեն մտել է նաև «ուրիշի բանջարանոց»։ Առաջ մղելով «Մեծ Թուրանի» գաղափարը՝ Անկարան փորձում է իր շուրջը հավաքել Չինաստանից դեպի Եվրոպա հեռանկարային առևտրային ճանապարհի երկայնքով դասավորված՝ Կենտրոնական Ասիայի բոլոր թյուրքալեզու երկրների վերպետական միավորումը։ Հասկանալի է, որ Թուրքիայի՝ նման ագրեսիվ և բացահայտ ծավալապաշտական արտաքին քաղաքականությունն առաջացնում է նրա հարևանների և նախկինում Օսմանյան կայսրության մեջ եղած բազմաթիվ երկրների դժգոհությունը։ Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ է Վաշինգտոնն այս ամենը հանդուրժում։ Հավանաբար այն պատճառով, որ Էրդողանի աշխարհաքաղաքական հավակնություններն առայժմ «տեղավորվում են» ԱՄՆ-ի հիմնական հակառակորդներ Ռուսաստանի և Չինաստանի, ինչպես նաև Իրանի դեմ պայքարի տրամաբանության մեջ։
Նախ՝ «Մեծ Թուրանի» ինտեգրացիոն նախագիծը միջինասիական հանրապետություններին դուրս է բերում Մոսկվայի ազդեցության գոտուց։ Հեռանկարում հնարավոր է ստեղծել «Մեծ Թուրանի բանակի» նման միավորում, որն օբյեկտիվորեն ուղղված է լինելու Ռուսաստանի դեմ։ Երկրորդ՝ նախագահ Էրդողանը մտադիր է զարգացնել Չինաստանից Ռուսաստանը շրջանցող «մետաքսի նոր ճանապարհով» Միջին միջանցքը, որը նույնպես տանում է Ռուսաստանի տնտեսական ներուժի թուլացմանը և համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին։ Երրորդ՝ նոր օսմանյան նախագծով հզոր Թուրքիան ԱՄՆ-ին պետք է ևս մեկ նախկին կայսրության զսպելու համար՝ Պարսկականին։ Իրանի հյուսիսային շրջաններում ապրում են նշանակալի թվով էթնիկ ադրբեջանցիներ, որոնց հետաքրքիր են նախագահ Էրդողանի պանթյուրքական գաղափարները։ Չորրորդ՝ Թուրքիան որոշ չափով կարող է հակակշիռ լինել Իսրայելին, որը կոշտ ազգայնական քաղաքականություն է վարում պաղեստինցիների նկատմամբ։ Հինգերորդ՝ Թուրքիան, որին թույլ չտվեցին անցնել Եվրամիության շեմը, օբյեկտիվորեն հանդես է գալիս որպես նրա ընդդիմախոս։ Նախագահ Էրդողանի ձեռքում է Բրյուսելի վրա ճնշման այնպիսի արդյունավետ լծակ, ինչպիսին է Մերձավոր Արևելքի երկրներից ներգաղթյալների հոսքը, որին կարող է ավելանալ հյուսիսաֆրիկյանը։ Վեցերորդ՝ թուրքական բանակը, որն իր հզորությամբ երկրորդն է ՆԱՏՕ-ում, դատելով ըստ ամենայնի, կարող է սկսել կռվել «լիազորագրով», մասնավորապես՝ Աֆղանստանում, որի կառավարությունը դեմ չի լինի, որ թուրք զինվորականները հսկողության տակ վերցնեն երկրի թյուրքալեզու բնակչությամբ կենտրոնական և հյուսիսային շրջանները։ Ահա այս գործոնների համադրությամբ է պայմանավորված ժամանակակից Թուրքիայի առանձնահատուկ դիրքը։
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ #26 (1397) 07.07.2021 - 13.07.2021, Ռազմաքաղաքական