«ԵՌԱԲԼՈՒՐԻ» ԽՈՐՀՈՒՐԴԸ…
Հունիսի 29-ին՝ Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը, Երկրապահները՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողի առջև, ինչպես նաև՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի և մարտական ընկերների շիրիմներին, խնկարկեցին Արցախյան վերջին պատերազմում զոհված տղաների շիրիմների առջև:
Ես «Եռաբլուրում» մարտական ընկերներիս՝ Արսեն Խաչատրյանի, Ստեփան Շահբազյանի և Սարգիս Վահունու հետ էի։ Չնայած տարիքին, առողջական խնդիրներին, այսօր էլ Երկրապահի շատ տղաներ, այդ թվում նաև Արսենը, Ստեփանն ու Սարգիսը, դարձյալ մեկնում են մարտական հենակետեր՝ հերթափոխի…
Շրջեցինք շիրմաքարերի շարքերով, այցելեցինք Ազատամարտում զոհված մեր մարտական ընկերների շիրիմներին։
…Արցախյան վերջին պատերազմը փոխել է «Եռաբլուրի» տեսքն ու տարածքը. հազարավոր նոր շիրիմներ, հիմնականում երիտասարդ տղաներ՝ ժպտերես ու խոհուն, թախծոտ հայացքով ու հանգիստ, հավերժի ճամփորդ են դարձել… Նրանք նայում են այցելուներին, պատմում իրենց մասին, պահանջում աննպատակ չթողնել իրենց մարտիրոսությունը, տեր մնալ հայրենի հողին, հայրենի տանը, մեր լեռներին, տեր մնալ Հայոց պատմությանը, Արցախ աշխարհին…
Տղաների շիրիմների մոտ մշտապես սևազգեստ տատերն ու մայրերն են, կանայք, հայրերը, եղբայրները, դուստրերն ու որդիները։ Նրանք խնկարկում են ու մտովի երկա՜ր զրուցում տղերքի հետ…Նույնպիսի և առավել ցավագին հոգեկան ապրումների մեջ են անհայտ կորածների հարազատները. սպասում՝ հույսով ու անհույս, սպասումի երկարատև տարիներ ու հավատ, թե մի օր տուն են գալու սիրելիները… Նույն հույսով նաև մենք՝ երկրապահներս, ծաղիկներ խոնարհեցինք Անհայտ կորածների հուշակոթողի մոտ, հատկապես՝ վերջին պատերազմում անհայտ կորածների… Դժվար է շնչել «Եռաբլուրում», դժվար է քայլել «Եռաբլուրում», դժվար է նայել ժպտուն պատանու դեմքին, որն արդեն հավերժի ճամփորդ է… Դժվար է տեսնել որդու շիրմաքարի մոտ ծնկած սևազգեստ մորը, որն իր արցունքներով թրջում է ամենաթանկի շիրիմը…
«Եռաբլուրում» հազարավոր ծփացող Եռագույնները մեծ ցավ, բայց նաև մեծ խորհուրդ են տարածում. միայն ազգային միասնությունը կփրկի մեր հայրենիքը, միասնաբար, ջանադրաբար պիտի աշխատենք Հայոց բանակի հզորացման համար։ Մեր հույսն ու ապավենը Հայ զինվորն է։ Եվ Արցախն էլ Հայոց Արևելից կողմանց վահանն է…
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #26 (1397) 07.07.2021 - 13.07.2021, Բանակ և հասարակություն