ՊԱՏՐԱ՛ՍՏ ԼԻՆԵԼ…
Մեր բնօրրանը ունենալով ռազմաքաղաքական մեծ նշանակություն՝ դարեր ի վեր գայթակղության քար է եղել շատ պետությունների համար։ Սակայն դարավոր պատմության ընթացքում թուրքի «ախորժակը» գերազանցել է բոլորին…
Եվ մեր քաջազուն տղերքը կրկին կռվի ելան չարությամբ արբած, հայրենիքի զգացողությունից զուրկ, միայն ուրիշների հողին ու բարիքներին տիրելու մարմաջով ադրբեջանցի հորջորջվող թուրքերի դեմ… Հայրենիքն անառիկ պահելու, ազատ ապրելու համար գործել ու գործում է մի անողոք պայման՝ մահ կամ ազատություն։ Եվ պատահական չէ, որ վաղնջական ժամանակներից մինչ հիմա Հայոց սրբազան հողը մշտապես օծվել է խիզախ հայորդիների արյամբ, հող, որի յուրաքանչյուր մետրը կյանքի արժեք ունի։
…Եվ կռվում էին տղերքը հերոսաբար, անձնուրաց։ 44 օր կենաց ու մահու կռիվ էր, գոյության, արժանապատվության կռիվ, Հայ տեսակի անմահության վկայագրի պահպանման կռիվ… Դա հայ զինվորի ու սպայի աննկուն, անկոտրում ոգու ու կամքի յուրահատուկ դրսեւորում էր, անձնական կենսագրությամբ Հայրենիքի լուսամատյանը հարստացնելու անմոռաց նվիրում։ Եվ այդ լույս տղերքից յուրաքանչյուրը Հայոց էպոսի մի նոր ճյուղի հերոս էր՝ Հայրենի սրբազան հողի համար ելած կենաց ու մահու կռվի։
Նրանք կյանքով վճարեցին մեր խաղաղության, մեր տեսակի, ինքնության, մեր սահմանների պաշտպանության համար։ Եվ Մայր հողը ծոցեց նրանց, ու տղերքը եղբայրական գերեզմանոցում վերստին եղբայրացան…
Եվ ես մեր այս համընդհանուր ցավից, սրտիս փլատակներից ուզում եմ վեր բարձրանալ, հիշել Եզնիկ Կողբացու բնորոշմամբ՝ Տիեզերքի անխախտ օրենքներից մեկը՝ «Այս կյանքը պատերազմ է», ու ասել, որ մենք պարզապես պարտավոր ենք զգաստ ու զգոն մշտապես պատրաստ լինել դրան եւ… հաղթանակին։
ՍՎԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #26 (1397) 07.07.2021 - 13.07.2021, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում