Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐԴԻՍ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՂԹԱԾ…



ՈՐԴԻՍ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՂԹԱԾ...Դժվար է գրիչ վերցնելը…

Դժվար է լուսանկարից պարզ ու ժպտուն աչքերով քեզ նայող լուսավոր այս տղայի մասին անցյալ ժամանակով խոսելը…

Մուրադյանների օջախում ամեն ինչ Սուրենին է հիշեցնում, որդուն նվիրված հուշանկյունում մայրը մեկիկ-մեկիկ խնամքով հավաքել է պատվոգրերը, մեդալները, գովասանագրերը… Ի՜նչ բարձունքների էին հասնելու այս լույսի կտոր տղերքը…

Տան առաջնեկն էր Սուրենը՝ աշխույժ, ժիր, բոլորի կողմից սիրված, կյանքով լի, արեւոտ ժպիտը դեմքից անպակաս: Անակնկալների մեծ սիրահար էր. պապի հետ հազար խանութ կշրջեր, մինչ իր սրտով նվեր գներ մայրիկին, տատին, հարազատներին ու ուրախանար նրանց ուրախությամբ…

Դպրոցում լավ էր սովորում, լավ էլ չարաճճիություններ անում, բայց այնքան համով-հոտով, որ ուսուցիչներն այսօր էլ արցունքոտ ժպիտով են հիշում նրա արարքները:

…Դպրոցից հետո ընդունվեց Ագրարային համալսարան ու զորակոչվեց բանակ: Բանակ գնալուց առաջ եղբոր հետ երկար-երկար զրուցեց, պատվիրեց՝ ուժեղ կլինես, դու ես հիմա տան թևութիկունքը…

Ծառայավայրում էլ ինքն էր շատերին թևութիկունք, հարթում էր ամեն տարաձայնություն: Երբ զորամաս նորակոչիկ էր գալիս, այնքան մեծ հարգանք ու շրջապատ ուներ, որ շատ հաճախ իրեն էին խնդրում, որ դիմավորի: Զինակից ընկերները մեկ-մեկ կատակում էին՝ ամբողջ աշխարհը Արեշցի Սուրոյի ծանոթն է…

 

***

ՈՐԴԻՍ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՂԹԱԾ...Սեպտեմբերի 27-ի լուսաբացը ցավով ու դառնությամբ բացվեց. արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով թշնամին լայնածավալ հարձակման էր անցել։ Այդ օրերին չափազանց ծանր էր բոլորի համար, բայց առավել ծանր էր ու սրտամաշ սահմանին զինվոր որդի ունեցող ծնողների համար: Ծնողներն իրար հետեւից զանգում էին որդուն, բայց պատասխան չկար ու չկար…

Սուրենի հայրն ու հորեղբայրը 90-ականներին անցել էին պատերազմի թոհուբոհով, ու հիմա Սուրենն էր պատերազմի կիզակետում…

-Ուշ ժամ էր, որ զանգեց,- պատմում է հայրը՝ Սարգիսը,- հարցրեց՝ էս ինչի՞ էիք էսքան շատ զանգել, մի՛ մտածեք, մեզ մոտ հանգիստ է, ապահով վայրում ենք: Ասի՝ մորդ հետ էլ խոսիր, կես մարդ է դարձել… Ու ամեն տուն զանգելիս, երբ հետաքրքրվում էինք, թե ոնց է վիճակը իրենց մոտ, էնքան ուրախ էր խոսում, էնքան ոգևորիչ, ձայնի մեջ տագնապի նշույլ անգամ չկար: Մի բառ անգամ չասեց տիրող իրավիճակից նույնիսկ այն ժամանակ, երբ հստակ գիտեինք, թե ինչ է կատարվել իրենց հատվածում: Ասի՝ տղե՛ս, ուզում եմ գամ, կողքդ կանգնեմ, խոսքս կիսատ թողեց, կանխեց՝ պա՛պ ջան, մեզ մոտ նորմալ է, հանգիստ եղիր, մեզ ոչ ոք չի կարող մոտենալ:

-Մենք այստեղից տագնապած, շունչներս պահած, անհանգիստ հարցերի տարափ էինք տեղում, Սո՛ւր ջան, շա՞տ խառն է… Միշտ նույն պատասխանն էր տալիս՝ չէ, ախպե՛ր, հանգիստ եղեք, տնեցիքին էլ ասեք՝ չանհանգստանան. ինքը կրակի տարափի տակից մեզ խաղաղեցնում էր, կռվի դաշտից մեզ «դուխ» տալիս,- պատմում են Սուրենի մանկության ընկերները։- Ինքը այստեղ էլ էր միշտ էդպես դրական էներգիայով լի, լավատեսություն ներշնչող, դժվարություններից երբեք չտրտնջացող, չհուսահատվող…

Տղաներն իրար ընդհատելով պատմում են դեպքեր, դրվագներ, ջանում իրենց հերոս ընկերոջ մարդկային տեսակը «գույն առ գույն» ներկայացնել.

-Ինչ էլ պատմենք, քիչ է, պետք է ճանաչեիք Սուրոյին, իսկական ընկերոջ կատարելատիպ էր. նա մեր ընկերության շարժիչ ուժն էր, ամեն ինչի կենտրոնում, եթե պետք էր կանգնել ընկերոջ կողքին ու պաշտպանել նրան ինչ գնով էլ լինի, ուրեմն նա այնտեղ էր: Հասնող, նվիրվող, անշահախնդիր, սրտացավ, բարի…Մեզնից շատերից փոքր էր, բայց իր պատասխանատվության զգացումը անչափելի էր՝ ինքն իր վրա պատասխանատվության ամբողջ բեռը վերցնող տեսակ էր:

ՈՐԴԻՍ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՂԹԱԾ...Ձյուն-ձմեռով ընկերներով գնացինք հասանք իրենց զորամաս՝ 19-ամյակը նշելու… Ինչ լավ է՝ գնացինք, այդ միտքն է այսօր մեզ մի քիչ մխիթարում՝ մի ամբողջ օր վայելեցինք Սուրոյի ներկայությունը, էնքան լավ անցավ, էնքան հագեցած… Մեր մեքենայի հետ որոշակի անսարքություն կար, առավոտ վաղ Սուրոն արդեն ոտքի էր. միասին քիչ թե շատ «խելքի բերեցինք» մեքենան: Հետդարձի ճանապարհին անընդհատ զանգում էր, տեսներ՝ ո՞նց ենք գնում, հո խնդիրներ չե՞ն ծագել: Երեւի հազար անգամ զանգեց: Տուն հասանք, նոր միայն սիրտը տեղն ընկավ… Նրա նվիրումը ընկերների, շրջապատի մարդկանց, իր զինվորների ու Հայրենիքի հանդեպ անչափելի էր…

Հերոս քաջորդու մասին բազմաթիվ հիշողություններ ունի մարտական ընկերը՝ կամավորական ջոկատի հրամանատար Շամշադ Մուսայելյանը.

-Սեպտեմբերի 27-ին մեր ջոկատով գնացինք Քաշաթաղի զինկոմիսարիատ, որտեղ եւ մեզ մարտական առաջադրանք տվեցին: Ջոկատի տղերքի կեսը մնաց Ջրականում, երեքիս էլ ուղարկեցին Արալեռի զորամաս: Ես եղբորս՝ Հայկի հետ էի: Այստեղ էլ ծանոթացանք սերժանտ Սուրոյի հետ, ինքը հաշվարկի հրամանատարն էր, միանգամից տպավորվեց՝ այնքան հասուն էր մտածողությամբ, գործելաոճով, էնքան հմուտ ու փորձառու, ասես, հազար տարի մարտերում թրծված լիներ. միանգամից օդի միջից անսխալ որսում ու զանազանում էր բոլոր ձայները, շուտ կողմնորոշվում ու տալիս էր «թաքստոց» հրամանը: Տարիքով փոքր էր, բայց իր ասածը անվերապահորեն, առանց քննարկելու կատարում էինք: Պատրաստի մարտական հրամանատար էր, քայլող հերոս, գերազանց տիրապետում էր հրետանու բոլոր նրբություններին:

…Մի օր էլ՝ գիշերվա ժամը 2-ի կողմերը, հրանոթի մոտ նստած զրուցում էինք, ասաց՝ «Հոպար, գիտես, չէ՞, ինչ ենք արել. 17 կմ հեռավորությամբ ենք հիմա կրակում, այսինքն՝ մենք թշնամուն արդեն 10 կմ հետ ենք շպրտել»։

Մեր նշանառուն՝ Պյոտրը, մականունը «Քիլլեր» էինք կնքել՝ դիպուկ կրակելու համար, մաղում էր հակառակորդին: Գովեցինք Պյոտրին, Սուրոն ժպտալով անկեղծացավ՝ «Ես եմ Պյոտրին սովորեցրել, մի փոքր հանգստանանք, հոպա՛ր ջան, ձեզ էլ կսովորեցնեմ»։

Ցանկացած իրավիճակում ելք ու հնար էր գտնում, անձնակազմին ոգեւորում էր, քաջալերում: Որդիս այդ ժամանակ զինվոր էր, օրերով լուր չունեի, ուշք ու միտքս տղաս էր, անհանգիստ էի շատ, Սուրոն ինձ գոտեպնդում էր. «Հոպա՛ր ջան, դու էստեղ ես մեզ տիրություն անում, մի հոպար էլ հաստատ էնտեղ քո որդուն տիրություն կանի»:

***

ՈՐԴԻՍ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՂԹԱԾ...Պատերազմը գնալով սաստկանում էր, երկնքից երկաթի կարկուտ էր թափվում…

Սուրենի մարտական տեխնիկան գերազանց էր գործում, ճշգրիտ հաշվարկներով անվրեպ հակազդում թշնամուն՝ պատճառելով մեծաթիվ կորուստներ: Կողքի հրանոթի տղաներին էլ էր օգնում, միմյանց աջակցում էին: Ամենասպասված հրամանը «համազարկով կրակն» էր, ու ամեն համազարկը իսկական պատուհաս էր թշնամու գլխին:

Կրակելիս գոռում էին՝ «Артиллерия-бог войны…»: Իրենք էլ, ասես, կրակի աստված լինեին՝ քաջության, խիզախության մարմնացում…

-Շուրջբոլորը մահն էր սուրում, բայց տղերքը կատակներ էին անում, իրար հոգու հետ խաղում, երազանքներից էին խոսում, ապագայի պլաններ գծում,- դրվագներ է վերհիշում Շամշադը։- Սուրոն օրերն էր հաշվում զորացրվելու, ասում էր՝ 104 օր է մնացել, հոպա՛ր, բանակիս քեֆին գալու ես, չէ՞, ես էլ պատասխանում էի՝ անպայման, բա հո բանակիդ քեֆն առանց ինձ չեք անելու, մենակ օրն ու ժամն ասա…Իրար էնքան էինք հարազատացել, մտերմացել, միասին կիսել էինք պատերազմի ծանր օրերը, միասին ցեխոտ խրամատում օրեր մթնեցրել, դիմացել ցրտին ու տապին, հաց կիսել իրար հետ ու կիսել նաեւ …կորստի անամոք ցավը… Մենք մարտական եղբայրներ էինք:

***

ՈՐԴԻՍ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՂԹԱԾ...Ուժերը անհավասար էին. հայկական զինուժը կռվում էր մի քանի երկրներից ռազմական բավականին մեծ աջակցություն ստացած հակառակորդի դեմ: Հոկտեմբերի 4-ի կեսօրին, մարտական առաջադրանք կատարելիս, ԱԹՍ-ի հարվածից զոհվեցին Սուրենն ու նրա մարտական երկու ընկերները, նրանցից մեկը Շամշադի եղբայրն էր՝ Հայկը…

Զինակից ընկերները մի պահ քարացան կորստի ցավից… ցավը վերածվեց վրեժի, ցասման, մաղում էին թշնամուն՝ գոռալով.

-Արեշցի Սուրոն հերո՛ս է…

-Հայկը հերո՛ս է….

-Մուկուչը հերո՛ս է….

Լեռը թնդում էր տղերքի ձայնից ու արձագանքում-հաստատում՝ հերո՛ս է….

***

-Վերջին անգամ որդուս հետ խոսեցի ամսի 2-ի գիշերը,- ասում է հերոսի հայրը,- ընկերներն էլ էին այդ ժամին մեր տանը, Սուրոս բոլորի հետ խոսեց կարոտած… Մեր վերջին զրույցն էր…  Ոչինչ ի զորու չէ մեղմելու կորստի ցավը, լցնելու դատարկությունը մեր հոգու…Միակ սփոփանքն այն է, որ որդիս մինչեւ վերջ մնաց անպարտ ու հեռացավ հաղթած….

Հայրենիքն ապրում է Սուրենի նման քաջորդիների կյանքի գնով. նրանք կռվեցին հերոսավայել, կռվեցին մինչեւ սրտի վերջին զարկը… Նրանց չապրած գարունները մեզ բոլորիս պարտավորեցնում են հայրենատեր լինել մեր սրտաչափ մնացած հողակտորին…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝  ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

և ընտանեկան արխիվի

Խորագիր՝ #27 (1398) 14.07.2021 - 20.07.2021, Ճակատագրեր


15/07/2021