Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՏԱԼԻՍ Է ԱՊԱՔԻՆՎԱԾ ԶԻՆՎՈՐԸ



ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՏԱԼԻՍ Է ԱՊԱՔԻՆՎԱԾ ԶԻՆՎՈՐԸԼեյտենանտ Վարդան Հարությունյանը ռազմական բժիշկ է։ Բժշկական համալսարանի ռազմաբժշկության ֆակուլտետն ավարտելուց հետո մեկնել է ծառայության:

Ստեփանակերտում ընդամենը մի քանի օր էի ծառայության անցել, երբ պայթեց պատերազմը: Սեպտեմբերի 27-ի լուսաբացը  պայթյունների որոտով բացվեց ինձ համար:

Երկրորդ պայթյունն էլ որ եղավ, հուժկու ալիքից պատուհանս բացվեց: Արագ կապվեցի հրամանատարիս հետ, ասաց՝ կռիվ է սկսվել, շտապ ներկայացիր: Նստեցի  մեքենաս ու շտապեցի զորամաս:  Հենց այդ պահից սկսած՝ զորամասում ծավալեցինք բուժկետ,- հիշում է Վարդանն ու շարունակում:- 44 օր, ասում ենք, բայց դա մի ամբողջ կյանք էր, որի ամեն վայրկյանը եղել է վտանգներով, բարդ ու դժվարին իրավիճակներով լեցուն: Սկզբից մինչև վերջ ունեցել եմ 980 վիրավոր զինծառայող ու բոլորի հետ ապրել ու պայքարել եմ…

Որքան էլ որ տարօրինակ հնչի, ամենադժվար պահն ապրել եմ առողջացած զինվորին դուրս գրելիս։ Պատկերացնում եք, 18 տարեկան զինվորն ինձ արտասվելով խնդրում էր, որ իրեն դուրս գրեմ, դուրս գրեմ, որ գնա կռվի: Ասում էր, եթե դուրս չգրես՝ փախչելու եմ. ես տղերքին պետք եմ, ընկերներս ինձ են սպասում։

Պատերազմն ինչ սկսվել է, միշտ մտածել ենք, որ բոլորիս կյանքը վտանգված է, ու ինքնապաշտպանական ռեակցիա կար բոլորիս մոտ. գիտեինք, որ հաջորդը կարող է մենք լինենք… Հերոս ու քաջ զինվորների կողքին նույն ոգով պայքար են մղել նաև բժիշկները։

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՏԱԼԻՍ Է ԱՊԱՔԻՆՎԱԾ ԶԻՆՎՈՐԸՈգեշնչվելով տղաների անկոտրում ոգով ու խիզախությամբ՝  ռազմական բժիշկը նոյեմբերի 7-ին Ստեփանակերտի իր բուժկետից անձամբ է կազմակերպել 60 վիրավորի տարհանումը դեպի Վարդենիս՝ անընդհատ լինելով ռմբակոծության և հրետակոծության տակ։

Պատերազմի բովով անցած բժիշկը պնդում է. մահվան աչքերին նայելուց հետո ավելի ես արժևորում կյանքը և  գնահատում ամեն մանրուք։

-Ու հիմա, որ ես իմ ընտանիքի  հետ եմ, դա էլ եմ հրաշք համարում։ Աստծո հաջողությամբ ողջ եմ մնացել եւ այժմ առավել եմ գնահատում կյանքը, փորձում եմ ճիշտ ապրել։

Լեյտենանտ Հարությունյանն այժմ շարունակում է ռազմական բժշկի մասնագիտական գործունեությունն Արցախի զորամասերից մեկում։ Ապագայում նախատեսում է, որպես մասնագիտացում, ընտրել վիրաբուժությունը, իսկ իր աշխատանքի լավագույն գնահատականը տալիս են առողջացած զինվորները։

-Երբ զանգում ու հետաքրքրվում են իմ որպիսությամբ, դա ինձ համար երջանկության գագաթնակետն է։

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Լուսանկարները՝ ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Խորագիր՝ #27 (1398) 14.07.2021 - 20.07.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/07/2021