ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ
Երբ զրուցեցի ազգային բանակի զինվոր Գառնիկ Բաբաքյոխվյանի հետ, նա սահմանին էր, դիրքերում: Գառնիկը մարզիկ է, ուժային եռամարտի Հայաստանի եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն:
Գառնիկը մասնակցել է վերջին պատերազմին, երբ ընդամենը 2 ամսվա զինծառայող էր…
Ու հրաշքով ողջ է մնացել: Կողքին պայթող անհաշիվ արկերը երջանիկ պատահականությամբ չեն դիպել նրան, ականջի մոտ սուրացող գնդակները բարեբախտաբար շրջանցել են զինվորի մարմինը:
Նա սեփական աչքերով տեսել է այն, ինչ շատերիս երևակայությունը չի հերիքի անգամ պատկերացնել:
…Ու հիմա դիրքերում է.
զենքը ձեռքին պաշտպանում է հայրենիքը:
-Իհարկե, ես վստահ եմ, որ մենք վերջիվերջո կարող ենք ուժերի հարաբերակցությունը փոխել մեր օգտին…
-Կա առաջադրանք, որը պիտի կատարես՝ առանց հաշվարկելու ուժերն ու հնարավորությունները: Եթե սկսես հաշվարկել, կպարտվես: Երբ դու նետվում ես մարտի՝ հաղթելու վճռականությամբ, ընթացքում նոր հնարավորություններ են ծնվում, արթնանում են ներքին ուժեր, որոնց ակունքին հասնելու ճանապարհը խիզախությունն է, նվիրումը, ինքնավստահությունը, հանուն հաղթանակի ամեն ինչ զոհաբերելու կարողությունը: Վախը առհասարակ տեղ չունի այդտեղ: Մեկ անգամ չէ, որ ես հաղթել եմ ինձնից ուժեղ հակառակորդին: Ուժեղ՝ մյուսների կարծիքով, արտաքուստ ուժեղ…Բայց ո՞վ կարող է հաշվարկել մեր ներքին ուժը, համեմատել մեր ներքին հնարավորությունները՝ հաղթելու կամքը, վճռականությունը, խիզախությունը: Այն ամենը, որը կոչվում է ոգի:
Ես գիտեմ նաեւ, թե ինչ է պարտությունը: Կար ժամանակ, որ ես անընդհատ պարտվում էի մրցագորգին: Ես սկսել եմ պարտությամբ, երկար ժամանակ ոչ մի մարտ չեմ հաղթել: Մարմնով փոքր էի…
-Հիմա շատ հաղթանդամ ու մկանուտ ես:
-Բայց այն ժամանակ փոքրամարմին էի ու պիտի շատ աշխատեի հաղթանակի հասնելու համար, քառապատիկ, տասնապատիկ շատ: Ես շատ էի ուզում հաղթել, ուզում էի լավագույնը լինել: Մարդու հնարավորությունների սահմանները շատ լայն են, խնդիրը ցանկությունն է, ու թե ինչ զոհողությունների ես պատրաստ հանուն նպատակի: Առաջին անգամ հաղթեցի Մոսկվայի առաջնությանը: Այն ժամանակ ըմբշամարտ էի պարապում:
-Ի՞նչ գործ ունեիր Մոսկվայում:
-Հայրս Ռուսաստանում էր աշխատում, և ես իմ մարզական կարիերան Ռուսաստանում եմ սկսել: Մրցակիցս ռուս էր, ակնհայտորեն ինձնից ուժեղ էր ֆիզիկապես: Ես նրան ոգով հաղթեցի, ես անմնացորդ պայքարեցի հանուն հաղթանակի, ինքնազոհաբար: Ես այնպես ջանացի, որ 12 տարեկանում ինձ առաջարկեցին ընդգրկվել մեծերի խմբում, որտեղ ամենափոքրը 16 տարեկան էր:
…Ինչ վերաբերում է պատերազմին, ես այն չեմ պարտվել: Ես չունեմ պարտության զգացողություն, որովհետև ես, իմ ընկերները, մեր զորքը կռվել ենք մեկը տասի դեմ, մենք ոչնչացրել ենք թշնամու ահռելի ուժեր, մենք չենք նահանջել հակառակորդի բազմապատիկ ուժերի առաջ: Այո՛, մենք հողեր ենք կորցրել, ու ասածս մի քիչ զավեշտալի է հնչում, բայց հիմա, երբ ես սահմանին եմ՝ դիրքերում, կանգնած եմ թշնամու դիմաց, ինձ ուժեղ ու հաղթող եմ զգում: Ես հո լավ գիտեմ ադրբեջանցի զինվորին: Ես պատերազմում հաղթել եմ նրան: Խոշոր հաշվով եմ հաղթել: Ադրբեջանցիները նույնպես գիտեն դա:
-Դու սկզբից ըմբշամարտ էիր պարապում, հաջողություններ ունեիր, ինչո՞ւ սկսեցիր եռամարտով զբաղվել:
-Ես տարբեր սպորտաձևեր եմ պարապել՝ մարմնամարզություն, թեթև աթլետիկա, ըմբշամարտ, եռամարտ: Ես մանկուց սիրել եմ սպորտը, մրցելը իմ տարերքն է, ավելի ճիշտ՝ հաղթելն է իմ տարերքը: Եթե ըմբշամարտում դու հաղթում ես մրցակցիդ, ապա եռամարտում դու պիտի մրցես ինքդ քեզ հետ, ինքդ քեզ պիտի հաղթես: Սա յուրատեսակ հաղթանակ է, երբ դու հաղթում ես քո թուլություններին, քո վախերին, քո մարդկային հնարավորությունների սահմանափակությանը…Դու մենակ ես ինքդ քեզ հետ, դու քո մրցակիցն ես: Ամեն հաղթանակի հետ, ասես, վերածնվում ես, ու քո առջև նոր բարձունք, նոր հորիզոն է բացվում: Դու նվաճում ես թիզ առ թիզ, դու մագլցում ես մի լեռ, որի գագաթը չի երևում, բայց դու ուզում ես հնարավորինս շատ բարձրանալ:
-Մինչև ո՞ւր ես բարձրացել:
-Ես Հայաստանի եռակի չեմպիոն եմ: «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնում էի մարզվում ու հպարտանում էի, որ բարձր եմ պահում մեր կրթօջախի պատիվը: Բայց առաջին անգամ հասկացա, թե ինչ է հպարտությունը, երբ դարձա Եվրոպայի չեմպիոն, ու իմ պատվին հնչեց Հայաստանի հիմնը, Հայաստանի դրոշը բոլորից բարձր ծածանվեց: Դա անասելի ուժեղ ու բարձրացնող զգացողություն էր: Դրանից հետո ինձ խթանում էր այդ զգացողությունը կրկին ու կրկին վերապրելու մեծ ցանկությունը: Թերևս առաջին անգամ ես զգացի իմ ու հայրենիքի կապը, զգացի հայրենիքն իմ մեջ, տեսա, որ ամբողջովին ներծծված եմ նրանով:
-Քանի՞ անգամ կրկնվեց այդ զգացողությունը:
-Ես ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն եմ: Բազում հաջողություններ եմ ունեցել սպորտում, չեմ ուզում մեկ առ մեկ թվել դրանք, բայց աշխարհի առաջնությունը մի ուրիշ զգացողություն էր, երբ դու ուզում ես առաջինը լինել մոլորակի վրա, ուզում ես ապացուցել, որ դու լավագույնն ես: Հայաստանի օդակայանում մեզ ավելի քան 500 մարդ էր դիմավորում: Ես հասկացա, որ այդ օրվա համար եմ ապրել: Հասկացա, որ սեփական անձը նշանակալի դարձնելու մղումը այնքան փոքր խթան է Հայրենիքը փառավորելու ցանկության համեմատ:
-Եկանք, հասանք պատերազմին…
-Երկու ամսվա զինծառայող էի, երբ պատերազմն սկսվեց: Զենք ստացանք ու մեքենայով շարժվեցինք դեպի դիրքեր: Ճանապարհին գնդակոծության տակ ընկանք: Ստիպված էինք իջնել մեքենայից ու թաքնվել, մինչև կրակը մեղմանա ու հնարավոր լինի շարժվել: Հիմա, երբ պատմում եմ, մարմնովս սարսուռ է անցնում, բայց այն ժամանակ ոչ մի զգացողություն չկար: Գլխիս ու սրտիս մեջ դատարկություն էր: Անօդաչու թռչող սարքերը հայտնվում էին լուսաբացի հետ ու կրակ էին թափում վերից մինչև մթնելը: Մենք մոտ 170 հոգի էինք երկար խրամատում: Վիրավորներին ու զոհերին մարտադաշտից հանելու համար ոտքով երեք կիլոմետր ճանապարհ էինք կտրում, մեքենան չէր կարող հասնել դիրք: Երբ դու մարտական ընկերոջդ անկենդան մարմինը գրկած քայլում ես, աչքերիդ առաջ՝ ռումբերից բզկտվող հողդ, վերևում՝ թշնամու անօդաչուները, կյանքի բոլոր օրինաչափությունները փոխվում են: …Հետո մենք սվին-դանակներով խրամատ էինք փորում, որ պաշտպանվենք թշնամու անօդաչուներից: Ուտում էինք, ինչ պատահեր, դիմանում էինք ծարավին…Երբ ճանապարհը բացվեց, 3 կիլոմետր ոտքով անցնում էինք, որ ջուր ու հաց բերենք զորքին: …Հիմա դիրքը կահավորված է, և՛ ուտելիք ունենք, և՛ ջուր, և՛ զենք: Եվ մի տեսակ պարտավորվածության զգացում ունեմ: Պարտք այն տղաների հանդեպ, որոնք զրկված էին տարրական հարմարավետությունից, կենսական կարիքներից, բայց կռվում էին ու դիրքը չէին լքում:
-Ասացիր՝ անօդաչուներն էին խփում, ինչպե՞ս էիք կռվում անօդաչուների դեմ:
-Անօդաչուներով նոսրացնում էին մեր շարքերը, աշխատում էին ընկճել մեր ոգին, որ հետո հետևակը գար ու մեզ հետ շպրտեր, գրավեր դիրքը: Այսինքն՝ մենք կռվել ենք դիպուկահարների, հետևակի դեմ: Մենք կրակել ենք իրար վրա ավտոմատներով, սպանել ենք ու սպանվել:
-Ե՞րբ նահանջեցինք:
-Թշնամին բազմապատիկ շատ էր: Շատ-շատ: Մենք բոլոր կողմերից շրջափակման մեջ ընկանք, մեզ բառացիորեն օղակեցին, մնաց միայն մի ճանապարհ: Եթե դա էլ փակվեր, բոլորս զոհվելու էինք: Երբ նահանջի հրաման տվեցին, հասկացա, որ փրկության հույս կա, ապրելու հույս: Թվում էր՝ պիտի ուրախանամ, բայց սիրտս կծկվում էր ցավից: Այնպիսի զգացողություն էր, որ հարազատիդ թողնում ես անպաշտպան ու հեռանում: Ցավ, մեղավորություն, հուսահատություն…62 կիլոմետր քայլեցինք ոտքով՝ երկու օր…Հետո առաջադրանք ստացանք՝ կազմակերպել Պառավաթումբ, Խնձրիստան գյուղերի պաշտպանությունը…
…Սովորաբար, 7 հոգուս մի պայուսակ էին տալիս, երբ 4 հոգուս մեկական պայուսակ տվեցին, հասկացա, որ այս անգամ առաջադրանքը դաժան է լինելու:
-Ի՞նչ պայուսակ:
-Հիմնականում ուտելիք էր մեջը: Գիշերը ճանապարհվեցինք, առավոտյան տեղ հասանք: 4 հոգանոց մեր հատուկ խումբը պիտի դարանակալեր Շուշիի մատույցներում՝ ձորաբերանին ու թույլ չտար, որ թշնամին մտնի Շուշի:
Մենք Շուշիից հեռացանք միայն այն ժամանակ, երբ իրավիճակը փրկելու ոչ մի հույս չկար: Մթնում քողարկվելով, սողալով, գլորվելով՝ 5 սար ենք բարձրացել ու իջել…
-Ապագայի ի՞նչ ծրագրեր ունես զորացրվելուց հետո: Կենսագրությանդ մեջ գրված էր, որ հոգեբանության ֆակուլտետում ես սովորում:
-Յուրաքանչյուր պարտությունից հետո ես պատրաստվում եմ հաղթանակի: Այդպես է եղել՝ սկսած 7 տարեկանից: Ես հաղթանակի եմ պատրաստվում…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #27 (1398) 14.07.2021 - 20.07.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում