Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՍԿՎԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՔԼԻՆԹՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ



ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ի պատասխան Պետդումայի ընտրություններին ԱՄՆ պետքարտուղարի «ոչ ազատ և ոչ արդար» գնահատականների, հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքական համակարգը երկրի ներքին գործն է, ընտրությունների ընթացքը լիովին համապատասխանել է ՌԴ օրենսդրությանը, իսկ ընտրախախտումները պատկերող տեսահոլովակները, որոնք տեղադրվել են համացանցում, հիմնականում սադրանքների արդյունք են:

Քլինթոնի գնահատականներին իր հերթին կոշտ պատասխան է տվել նաև ՌԴ արտգործնախարարությունը, հայտարարելով, որ «Ռուսաստանի ապագան, անկախ ոմանց կրքոտ գնահատականներից և քաղաքականացված դեղատոմսերից, իրավունք ունեն որոշելու միայն ՌԴ քաղաքացիները», և որ Մոսկվայի համար անընդունելի են ԱՄՆ պետքարտուղարի, պետդեպարտամենտի ու Սպիտակ տան գնահատականները:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Վաշինգտոնը շարունակում է առաջնորդվել պիտակներ կպցնելու՝ իրենց սպառած ստերեոտիպներով, չփորձելով անգամ հասկանալ, թե ինչ է կատարվում ռուսաստանյան ընտրական դաշտում, և որ ԱՄՆ ընտրական համակարգն ինքը դեռ շատ հեռու է կատարյալ լինելուց, ինչի վկայությունն է ընտրություններին մասնակցության ավանդական դարձած ցածր տոկոսը ասել է թե` Սպիտակ Տունն առաջին հերթին պետք է մտահոգվի այդ խնդիրներով:

ՌԴ արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ ամերիկյան կողմն այսուհետ ձեռնպահ կմնա նման հարձակումներից:

Խորագիր՝ Նորություններ


07/12/2011