Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ



ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐՍկիզբը՝ նախորդ համարներում

 

Եթե զինվորները գյուղ մտնեն…

 

Ռուսական տեղեկատվական գործակալությանը պատմում է Մոսխորհրդի ժողպատգամավոր Վյաչեսլավ Տիտովը.

«Այն, ինչ 1991 թ. հուլիսի 24-ին տեսա Վերի Շեն, Վերին Հաջիքենդ գյուղերում, բնակիչների հետ այդ օրն անցկացնելով գնդակոծության տակ, դժվար է նկարագրել:

Առավոտյան ժամը 8-ից գյուղի շուրջ սկսեցին ուղղաթիռներ թռչել, իսկ ժամը 9-ից սարերի հետեւից սկսեցին կրակել հաուբիցներով, ինչը համարյա անընդմեջ շարունակվեց մինչեւ երեկո: Բոլորն ահաբեկված էին: Մարդիկ թաքնվում էին նկուղներում եւ այլ թաքստոցներում: Համարյա բոլոր տներից երեխայի լացի ձայն էր գալիս: Հրետանային կրակն ընդմիջվում էր տների վրայով ուղղաթիռների աղմկոտ ու ցածր թռիչքներով եւ ինքնաձիգի կրակահերթերով: Հորիզոնի վրա, կարեւոր բարձունքներին, երեւում էին զրահամեքենաներ ու մեծ թվով զինվորականներ: Ուղղաթիռները վայրէջք էին կատարում այդ բարձունքներին եւ նստեցնում նոր զինվորների:

Կրակը դադարեց ժամը 18-ի կողմերը: Միայն երկարատեւ լռությունից հետո փողոցներում սկսեցին հայտնվել մարդիկ` բեռնված հապճեպ հավաքած իրերով: Երբ մթնեց, ինձ մեքենայով տարան Շահումյան: Ամբողջ ճանապարհի երկայնքով շարան կազմած քայլում էին մարդիկ` երեխաների հետ, ամենաանհրաժեշտ իրերի կապուկներով: Ոմանք իրերը տանում էին էշով: Հանդիպած բեռնատար մեքենաների թափքերն էլ բերնեբերան լցված էին մարդկանցով եւ իրերով: Մարդիկ չգիտեին նույնիսկ, թե ուր են փախչում: Տեղահանված է Շահումյանի շրջանի ամենամեծ գյուղերից մեկը` 6 հազար մարդ: Նրանց մեջ շատ են երեխաները: Շատերը փախստական են հարեւան` արդեն տեղահանված գյուղերից:

Վարչակարգի ներկայացուցիչներից մեկին հարցրի, թե ինչո՞ւ մարդկանց տարհանումն ավելի կազմակերպված չէ: Ի՞նչ է, մեքենաներ չկա՞ն: Ինձ պատասխանեցին. մեքենաներ կան, բայց վառելիք չկա. շրջանը երկար ժամանակ շրջափակման մեջ է եղել:

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐՈճրագործություն կատարող իշխանության ուժն այն է, որ նա կարողացել է այս տարածքը ենթարկել տեղեկատվական շրջափակման: Զինված պատերազմ է մղվում խաղաղ ժողովրդի դեմ: Ինչո՞վ է մեղավոր այն գյուղացին, որի տանը ես անցկացրի հուլիսի 24-ի գիշերը: Գյուղի գնդակոծումից հետո նա իր կնոջն ու երեխաներին ուղարկեց հարեւանների մոտ, իսկ ինքը մնաց: Երբ ես մեկնում էի, նա ասաց, որ եթե զինվորները գյուղ մտնեն, ապա ինքը կայրի իր տունը եւ որսորդական հրացանով կպայքարի այն հողի վրա մեռնելու իրավունքի համար, որտեղ իր նախնիներն են» («Զով Արցախա», օգոստոս, 1991 թ., թիվ 22):

 

Ինչպես Ցվետանան փրկեց Վարդանին

 

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ռուսական «Նովոստի» գործակալության արտահաստիքային թղթակից, հեռուստալրագրող Վարդան Հովհաննիսյանը պատմեց, թե ինչպես է ձերբակալվել եւ հրաշքով ազատվել գնդակահարությունից: Գետաշեն գյուղում օմօնականն արդեն նրան դեմ էր տվել պատին, եւ միայն կողքից անցնող գնդապետի միջամտությունը կանխեց ողբերգական վախճանը:

«1991 թ. մայիսի 6-ին զինվորականներն ինձ ձերբակալեցին եւ տարան Գետաշենի «օպերացիայի» ղեկավար, Ադրբեջանի ՆԳ նախարարի տեղակալ Մամեդովի մոտ, որտեղ եւ կատարվեց նախաքննությունը,- պատմում է Վարդան Հովհաննիսյանը:- Դրանից հետո ինձ տարան Գանձակ եւ տեղավորեցին նախնական քննության սենյակում, որտեղից 20 օր հետո տեղափոխեցին նույն քաղաքի քննչական մեկուսարան:

Մեզ պահում էին սոսկալի պայմաններում (ծեծ, խոշտանգում, գազանություն), դրան գումարած` տեղեկատվական մեկուսացում: Մի անգամ մեկուսարանի պետը ինձ ցույց տվեց «Պրավդայի» համարը, որտեղ զրպարտություն էր տպագրված իմ մասին:

Խավարի թագավորությունում ինձ համար լույսի իսկական ճառագայթ էր Ցվետանա Պասկալեւայի այցը: Կարծում եմ՝ իմ ազատվելու համար նախեւառաջ պարտական եմ նրան:

Ես սպասում էի, թե երբ ինձ կներկայացնեն «իսկական» մեղադրանք, քանի որ 194-րդ հոդվածը, ըստ որի՝ ինձ մեղադրում էին կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար, նրանց ճաշակին անհամապատասխան մեղմ էր:

Վերջապես ինձ կանչեցին եւ ասացին, որ իմ նկատմամբ խափանման միջոցը փոխվել է: Մինչեւ վերջին պահը չէի հավատում ականջներիս, քանի դեռ Իջեւանի սահմանին ինձ չփոխանցեցին մերոնց:

Գանձակի բանտում մնացին 12 գետաշենցիներ, 5-6 միլիցիոներներ, որոնց ձերբակալել էին Ոսկեպարում եւ 2 շահումյանցիներ: Նրանց դաժանորեն ծեծում էին: Առաջին 8-10 օրն ընդհանրապես չէին կերակրում եւ ծեծում էին օրական մի քանի անգամ: Ապա, հասարակական լայն արձագանքից հետո, խոշտանգումները «մեղմացան» (ծեծում էին օրական մեկ անգամ): Մոսկվայից ժամանող տարբեր հանձնաժողովները գործին ձեւականորեն էին վերաբերվում, իսկ մեզ` անբարյացակամորեն, հարցեր էին տալիս մեր իսկ դահիճների ներկայությամբ… Բանտապահների զրույցից իմացանք, որ Շուշիի բանտում ավելի սարսափելի բաներ են կատարվում, իսկ մեզ թվում էր, թե էլ ո՞ւր` ավելի անգութ»:

 

Պատմում է բուլղարուհի լրագրող Ցվետանա Պասկալեւան

 

«Վարդանի մասին կարդացի արտասահմանյան մամուլում: Այդ ժամանակ ես պատրաստվում էի Ղարաբաղ գնալ եւ որոշեցի ինչ գնով էլ լինի` օգնել նրան: Ղարաբաղում էի 7 օր եւ այդ ամբողջ ընթացքում փորձում էի Ադրբեջանի իրավապահ մարմինների ներկայացուցիչներից իմանալ, թե որտե՞ղ է Վարդանը, ի՞նչ վիճակում է: Արեւմտյան թերթերից մեկում կասկած էր հայտնվում, որ նա արդեն ողջ չէ, որովհետեւ նրանից լուր չկար արդեն 1.5 ամիս, իսկ ադրբեջանական կողմը լրագրողներին, քաղաքական գործիչներին եւ նույնիսկ կոնգրեսականներին թույլ չէր տալիս այցելել նրան:

Վերջապես իմացա, որ Գանձակի բանտում է: Երկար ձգձգելուց հետո ադրբեջանցիները տեսակցություն արտոնեցին: Ես խորապես ցնցված էի նրա հետ հանդիպումից: Այդ 23-ամյա երիտասարդը հանգիստ եւ արժանապատվորեն էր պահում իրեն, ինչն աննախադեպ էր նման պայմաններում: Ես երդվեցի, որ կահազանգեմ արտասահմանյան եւ խորհրդային մամուլում (հատկապես՝ խորհրդային, որովհետեւ այն դեռ ծպտուն իսկ չէր հանել իր գործընկերոջ համար): Մտա «Նովոստի» գործակալություն եւ իմ վրդովմունքը հայտնեցի, որ փաստորեն հրաժարվել են փորձանքի մեջ ընկած իրենց աշխատակցից:

Վարդանի հետ իմ հարցազրույցի տեսագրությունը ցուցադրվեց բուլղարական հեռուստատեսությամբ, ապա նաեւ Եվրատեսիլով: ԽՍՀՄ ՆԳ նախարարի տեղակալ Գրոմովը խոստացավ օգնել, բայց դա դատարկ խոստում էր: «Մոսկովսկիե նովոստի»-ում հոդված գրեցի Վարդանի մասին, ռուսական հեռուստատեսությամբ նրա մասին տվյալներ հաղորդվեցին: Երկու հաղորդում պատրաստեցի նաեւ «Ազատություն» ռադիոկայանի համար: Ինձ զգալի օգնություն ցույց տվեցին ԽՍՀՄ լրագրողների միությունն ու հրապարակայնության պաշտպանության հիմնադրամը, հատկապես նախագահ Սագալաեւը: Նրանց օգնությամբ հաջողվեց գտնել ռուս փաստաբան, բանակցել Ադրբեջանի դատախազության հետ: Վարդանի ազատ արձակվելուց հետո ես ինձ զգում եմ այնպես, ինչպես կզգար մեծ ճակատամարտ շահած զորավարը» («Ազատություն» ռադիոկայան, «Զով Արցախա», 1991 թ., սեպտեմբեր, թիվ 26)։

 

«Փառանձեմի» սխրանքը

 

«1991 թ. օգոստոսի սկզբին նախկին խորհրդային բանակի, ԽՍՀՄ ՆԳՆ եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները շրջապատեցին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղն ու հետագա գրոհի ընթացքում պատանդ վերցրին 15 հայի:

Մի խումբ հաթերքցի կանայք` Ասյա Իսկանդարյանի գլխավորությամբ, կազմեցին զինված ջոկատ, որն անվանեցին «Փառանձեմ», և օգոստոսի 13-ին հարձակվեցին ԽՍՀՄ ՆԳՆ զորամասի վրա, խլեցին 1 զրահափոխադրիչ, նռնականետ, 29 ինքնաձիգ, պատանդ վերցրին 33 սպայի ու զինվորի եւ հայտարարեցին, որ վերջիններիս կփոխանակեն միայն իրենց 15 համագյուղացիների հետ:

Լուրը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Օգոստոսի 14-ին այն հաղորդեցին «Ամերիկայի ձայն», «Ազատություն» ռադիոկայանները, «Ժամանակ», «Վեստի» հեռուստածրագրերը, բազմաթիվ թերթեր: ԽՍՀՄ ՊՆ եւ ՆԳՆ շտաբներում իրար անցան: Ուղղաթիռներով Հաթերք ժամանեցին գեներալներ ու զորահրամանատարներ, գյուղին մոտեցվեց մեծ զինուժ: Զինվորականներն սպառնում էին, որ երկու րոպեում գյուղը կջնջեն երկրի երեսից, յուրաքանչյուր զինվորի դիմաց կսպանեն հարյուր հայի:

«Փառանձեմը» տեղի չտվեց: Քաջարի կանայք հեռագրեցին Գորբաչովին, Ելցինին, ԽՍՀՄ «Զինվորի մայր» կազմակերպությանը, որ եթե իրենց դեմ մարտական գործողություններ սկսվեն, իրենք պատանդների հետ միասին կպայթեցնեն իրենց: Օգոստոսի 16-ին Երեւանում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք` ի պաշտպանություն «Փառանձեմի»:

Օգոստոսի 18-ին «Զինվորի մայր» կազմակերպության մի խումբ անդամների հետ Հաթերք ժամանեց ԽՍՀՄ ժողպատգամավոր, գնդապետ Ն.Սմիռնովը: Կապ պահելով Ելցինի ու Յանաեւի հետ, նա սկսեց բանակցել զինվորականների հետ, եւ շուտով պատանդները փոխանակվեցին» (Վ.Բ.Հարությունյան, «Իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում», մաս 4-րդ, Երեւան, 1994 թ.):

 

Հաղորդագրություն

 

«Խորհրդային բանակը շարունակում է կրակ ապահովել Մութալիբովի ծառաների համար` գնդակոծելով բերք հավաքող հայերին: Պաշարումը վերացնելու փոխարեն, ինչը խոստացել էր Յազովը, զորքերը շարունակում են սովով խեղդել Վերիշենի բնակիչներին եւ շուրջ 1000 երեխա ունեցող Մանաշիդ, Բուզլուխ, Էրքեջ գյուղերի փախստականներին:

Բաքվի հեռուստատեսությամբ մեկնաբանում են Մութալիբովի կեղծավոր դիմումը Օզալին` չնչին բնակչությամբ ԼՂԻՄ-ի դեմ պայքարում օգնության խնդրանքով, ինչպես նաեւ հայկական հողերը թրքացնելու գործում Ադրբեջանին օգնելու թուրքերի խոստումը՝ ցուցադրելով Աթաթուրքի` մարդասպանի եւ հայոց ցեղասպանության ոգեկոչողի, եւ Սադամ Հուսեյնի` Քուվեյթի դեմ եղկելի պատերազմ սանձազերծողի դիմանկարները….

Ռուսական մտավորականների «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Կ.Մ.Ալեքսեեւսկի, 08.08.1991» («Զով Արցախա», 1991 թ., սեպտեմբեր, թիվ 26)։

 

Փրկեց 250 հայի

 

«ԼՂՀ արտակարգ իրավիճակի շրջանում նշանակվեց նոր պարետ` գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Ժինկինը: Այդ պաշտոնում նա փոխարինեց Բորիս Մաքսինին, երբ վերջինս հրաժարվեց կատարել Ադրբեջանի դատախազության հրամանը` 250 հայերի ձերբակալության վերաբերյալ» («Զով Արցախա», նոյեմբեր, 1991 թ., թիվ 31):

Շարադրեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #28 (1399) 21.07.2021 - 27.07.2021, Պատմության էջերից


22/07/2021