Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱՆԱԿ, ԱՐԴԱՐ ՀԱՅՐԵՆԻՔ, ԱՇԽԱՏՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴ



ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱՆԱԿ, ԱՐԴԱՐ ՀԱՅՐԵՆԻՔ, ԱՇԽԱՏՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԱԶԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ 51 տարվա մանկավարժ է, նրա առաջին աշակերտները  հատել են 60-ի շեմը, թոռներ, նույնիսկ ծոռներ ունեն: Բուժականցի ուսուցիչը իր աշակերտներին բանակ է  ճանապարհել խորհրդային տարիներին, ազգային բանակի կազմավորման առաջին օրվանից: Նրա թոռը՝ Արմանը, որպես ժամկետային զինծառայող մասնակցել է վերջին պատերազմին և օրերս զորացրվել է:

 

-Ապրուստ կա՞ Բուժականում,  հացի փող հասցնո՞ւմ եք:

-Բայց ինչո՞ւ էդպես հոռետեսական: Բուժականցին աշխատասեր է, իսկ աշխատող մարդը սոված չի մնա: Հող ենք մշակում, անասուն ենք պահում, ապրում ենք:

-Իսկ երիտասարդնե՞րը…նրանք ուզո՞ւմ են հող  մշակելով ու անասուն պահելով ապրել, թե՞ ձգտում են մայրաքաղաք կամ արտերկիր:

-Պետք չէ  ամեն ինչից ողբերգություն սարքել: Եթե ինչ-որ մեկը մայրաքաղաքի կյանքն է սիրում, ուզում է բազմաբնակարան շենքում ապրել, ասենք՝ տաքսի վարել կամ որևէ ձեռնարկությունում աշխատել, հո զոռով գյուղում չե՞նք պահելու:  Շատ երիտասարդներ էլ կան, որ ինչ էլ անես, ինչ պայմաններ էլ խոստանաս, գյուղից չեն գնա: Քաղաքում կլինեն, թե գյուղում, կարևորը՝ աշխատեն, բարիք ստեղծեն, մեր ավանդական պատկերացումներին հարիր՝  բարոյական ընտանիք կազմեն, երեխաներին կրթության տան, լավ դաստիարակեն:

-Դուք 51 տարի սերունդ եք դաստիարակել, շա՞տ են փոխվել երիտասարդները:

-Փոխվել են, բայց նրանք մեղավոր չեն, մեղավորը մենք ենք, որ դպրոցը դարձրինք փարձարարությունների վայր  ու ավերեցինք ամենակարևոր արժեքները: Նախ՝ խարխլվեց ուսուցչի հանդեպ ակնածանքը: Մի ժամանակ, երբ ես անցնում էի գյուղի փողոցներով, իրենց տան շեմքին նստոտած կանայք ոտքի էին կանգնում: Այդ կանանց դաստիարակած երեխաները, բնականաբար, հարգալից էին, հնազանդ, լսող: Նախկինում մարդը արժեք էր իր բարոյականությամբ, իր կրթվածությամբ, իր աշխատանքով, հիմա մարդու արժեքը իր բանկային քարտի վրա է, կամ իր գրպանում: Այսօր ով ասես կարող է բուհի ուսանող դառնալ, միայն թե կարողանա վճարել դասախոսներին: Նախկինում բուհ ընդունվելը պատիվ էր, գիտելիք ունենալը պատիվ էր: Այսօր թացը խառնվել է չորին:

-Նախկինում էլ կաշառքով էին բուհ ընդունվում:

-Չեմ վիճի, բայց կաշառքով ընդունվածն էլ գիտելիք ուներ, էսօրվա նման չէր: Մեր  համազգային առաջին խնդիրը պիտի լինի, որ վերագտնենք գիտելիքի, կրթության ու կրթվածության հանդեպ հարգանքը: Ու պիտի վերադառնանք կրթության 10-ամյա համակարգին. սա իմ համոզմունքն է:

-Ի՞նչ  առավելություններ ունի այսօրվա աշակերտը:

-Շատ ինֆորմացված է, ինքնուրույն է, իրատես է, բուհ դիմելիս մտածում է ոչ թե իր նախասիրությունների մասին, այլ բարեկեցիկ կյանքի հեռանկարի: Հայրենասեր ու քաջ է:

-Բա եթե դպրոցը  իր առաքելությունը չի կատարում, ինչպես Դուք եք ասում, որտեղի՞ց երիտասարդ սերնդի քաջությունն ու հայրենասիրությունը:

-Արցախին սպառնացող մշտական վտանգը, մեզ շրջապատող թշնամիներն ու ազգային ինքնապաշտպանության մեր գենետիկ մղումը ինքնաբերաբար խիզախ ու հայրենասեր են դարձնում ջահելներին:

-Բանակի անցած ճանապարհը Ձեր աչքի առաջ է եղել, Ձեր աշակերտները, սկսած 92 թվականից, Ձեզ պատմել են բանակի մասին, հավանաբար, նաև պատմել են այն, ինչը միայն ներսի աչքը կարող է տեսնել:

-Եկեք ես չսկսեմ 90-ականներից, այլ խոսեմ վերջին 7-8 տարիներից, երբ հերթով բանակ ճանապարհեցի իմ 5 թոռներին: Արմենս զորակոչվեց 2014 թվականին: Զուսպ, հավասարակշռված, բարեկիրթ, խելացի տղա է, բուհում ուսումը կիսատ թողեց, գնաց բանակ: Հազար մտահոգություն ունեինք: Այդ տարիներին դիվերսիոն հարձակումներ էին լինում սահմանին, զինվորներ էին զոհվում: Դուք տեսե՞լ եք, թե  վիճակահանության ժամանակ ինչպես են ծնողները գոռում՝ ուռա, ու փաթաթվում իրենց զավակներին: Մյուս կողմից էլ  զորամասերի միջանձնային հարաբերություններն էին մտահոգության  առարկա: Մտածում էին՝ մեր կիրթ, խելոք տղան գլուխ կհանի՞ փողոցային բարքերը բանակ ներմուծած տղաների կողքին: Բայց,  փառք Աստծո, պատվով ծառայեց, վերադարձավ:

Արամս Ապրիլյան պատերազմից հետո զորակոչվեց: Արմենն ու Սմբատը Արցախում էին ծառայել, շատ ուրախացանք, որ Արամը Իջևան ընկավ, բայց հետագայում պարզվեց, որ շատ վտանգավոր առաջնագիծ պիտի պաշտպանի: Կրակոցները սովորական բան էին այդ տարածքում:

Հովիկս 2017-ին զորակոչվեց ու ծառայեց Շուշիում: Ես գնացել եմ Շուշի՝ Հովիկիս  այցելության: Հովիկս հրանոթաձիգ էր: 2017-ի ամենամեծ առաջընթացն էն էր, որ միջանձնային հարաբերությունները նկատելի բարելավվել էին, կարգապահության մակարդակը բարձրացել էր, զինվորը ֆիզիկապես ու հոգեբանորեն ավելի պաշտպանված էր:

Արմանս զորակոչվեց 2019-ին: Այդ տարվա ամենամեծ փոփոխությունը սնունդն էր: Թոռս շատ գոհ էր, ասում էր՝ ինչ ուզում, ուտում ենք, ոնց որ ռեստորանում ճաշենք: Հետո պատերազմն սկսվեց:

-Անսպասելի…

-Ինչո՞ւ անսպասելի: Որ Թուրքիան Ադրբեջանի հետ զորավարժություն էր անում, զենք ու զինվորներ էր կուտակում մեր սահմանին, ո՞վ չէր հասկանում, որ այդ զենքը առանց կրակելու չի վերադառնա Թուրքիա: Թե ինչի միջով անցանք պատերազմի օրերին, միայն մեզ է հայտնի: Դեկտեմբերին թոռս արձակուրդ եկավ, լրիվ ուրիշ մարդ էր դարձել: Եկավ՝ մարմնի մեջ բեկորներ: Ինչքան համոզեցինք, որ գնա հոսպիտալ, բեկորները հանեն, չհամաձայնեց:

-Ինչո՞ւ մենք պարտվեցինք այս պատերազմում:

-Մեր բանակի զինվորը այս պատերազմը հաղթել է, մնացածներս պարտվել ենք: Ես գիտեմ, թե զինվորն ինչպես է կռվել Արցախի համար: Հայ զինվորի պես զինվոր աշխարհում չկա:

-Հեռահար պատերազմի այս դարում, ԱԹՍ-ների դեմ զինվորն ի՞նչ անի:

-Ես էլ էդ եմ ասում: Մենք փոքր ազգ ենք, թշնամիներով շրջապատված, բազում պատմական խնդիրներ ունենք ու եթե ուզում ենք մնալ աշխարհի քարտեզի վրա ու ինքնիշխանություն ունենալ, պիտի մեր ընտանիքի բարեկեցությունից առաջ մեր հայրենիքի հզորության մասին մտածենք:

-Իսկ ի՞նչ եք մտածում մեր ապագայի մասին:

-Ես լավատես եմ, հույսներս սրա-նրա վրա դնելու փոխարեն, խելքներս գլուխներս կհավաքենք ու կսկսենք աշխատել: Աշխատել, աշխատել, աշխատել: Ոչ թե խլել կողքինից, գողանալ, այլ աշխատել, բարիք ստեղծել ու հիշել, որ ընտանիքդ չի կարող պաշտպանված լինել, եթե Հայաստանը պաշտպանված չէ, ընտանիքդ չի կարող բարեկեցիկ լինել, եթե Հայաստանը բարեկեցիկ չէ, ընտանիքդ չի կարող ուժեղ լինել, եթե Հայաստանը ուժեղ չէ: Մենք պետք է ունենանք ժամանակակից բանակ, արդար հայրենիք ու աշխատող ժողովուրդ, որ կարողանանք ոտքի կանգնել:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #28 (1399) 21.07.2021 - 27.07.2021, Բանակ և հասարակություն


22/07/2021