Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԲԱՆԱԿԸ Ե՛Ս ԵՄ…»



«ԲԱՆԱԿԸ Ե՛Ս ԵՄ...»Շանթին 2019 թ. փետրվարին կենտրոնական հավաքակայանում հանդիպեցի՝ զորակոչը լուսաբանելիս: Նա ծնվել ու մեծացել է ԱՄՆ-ում, իսկ երբ եկել է ժամանակը, որոշումն անբեկանելի է եղել՝ գալու է Հայրենիքում ծառայելու: Պարզ, համեստ, անմիջական, պարսկահայի առոգանությամբ խոսող երիտասարդը արտաքինից ոչնչով չէր տարբերվում հավաքակայան եկած մյուս տղաներից: Միաժամանակ, նրա  հաստատակամությունն ու սերը, որով խոսում էր Հայրենիքի մասին, այնքան մեծ էին ու անկեղծ, որ նրա կերպարն անմիջապես խնամքով պահպանեցի հիշողությանս մեջ: Այն ժամանակ դեռ նոր էինք հաղթահարում Ապրիլյան պատերազմի ցավը եւ դեռ չգիտեինք, թե շուրջ մեկ տարի անց ի՜նչ նոր մարտահրավերների առջեւ ենք կանգնելու…

 

«ԲԱՆԱԿԸ Ե՛Ս ԵՄ...»Շանթի ծնողները պարսկահայեր են: Նրանց նախնիները սելջուկ-թուրքերի կողմից Պարսկաստան են տարագրվել և 300 տարի շարունակ ապրել Հայրենիքից հեռու: Հետո Շանթի ընտանիքը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, բայց նորից ապրել Հայրենիքի կարոտով: Այդ կարոտն էր, թերևս, պատճառը, որ նրանց ընտանիքում, օտարության մեջ, հայերենն ու հայկականը միշտ վառ են պահվել: «Հայկական դպրոց չէի հաճախում, բայց հայրս Հայաստանի մասին իր պատմություններով, հայոց լեզվի ու մշակույթի իր դասերով ինձ համար իսկական հայկական դպրոցի դեր ունեցավ: Հասունանալով` էլի միշտ հետաքրքրվել եմ, կարդացել, տեղեկացել Հայաստանի մասին: 2016 թ. պատերազմն, իհարկե, բոլորիս ուշադրությունը կրկին սևեռեց Հայրենիքին, բայց որոշմանս պատճառը դա չի եղել: Դեռ փոքրուց էի որոշել, որ գալու եմ: Հայաստանը Հայրենիքս է. խոսքերով դժվար է բացատրել այդ ձգող ուժը… Ողջ գիտակցական կյանքումս միշտ վստահ եմ եղել, որ հայը պետք է Հայաստանում ապրի:

Ինձ համար ամենակարեւորն այն է, որ աշխարհասփյուռ հայերը հայրենիք ունենան, չձուլվեն: Արտերկրում ապրող հայը հայ չի կարող մնալ, ես դա տեսել, զգացել եմ: Այստեղ` Հայաստանում, ինչպես ցանկացած երկրում, բազմազան խնդիրներ կան, սակայն, հայը պետք է ի՛ր երկրի խնդիրները լուծի, ո՛չ թե օտարինը»: Այսպես բացատրեց Շանթը իր հայրենադարձությունը երկու տարի առաջ՝ ծառայության մեկնելիս: Որպես ծառայության գալու նախապայման՝ հայրը երիտասարդի առջև համալսարանը ավարտելն ու մասնագիտություն ստանալն էր դրել, ինչը և պատվով կատարել էր ու եկել: Շանթը ծառայության էր անցել Արցախում:

…Երբ 44-օրյա պատերազմը սկսվեց,  մտքումս անվերջ ներկա-բացականեր անելիս Շանթին էլ էի հիշում՝ ի թիվս մյուս զորակոչիկների, որոնց «Բարի ծառայություն ու բարի վերադարձ» էի մաղթել հավաքակայանում: Որքան մեծ էր ուրախությունս, երբ լսեցի Շանթի ձայնը, իմացա, որ պատվով անցել է պատերազմով ու նույն սիրով ու նվիրումով ապրում ու գործում է Հայրենիքում: Նույն Շանթն է, որի՝ ինձ ծանոթ կերպարանքին միայն «ֆիդայու» բեղերն են ավելացել:

«ԲԱՆԱԿԸ Ե՛Ս ԵՄ...»-Մի զգացողություն է, երբ Հայրենիքիդ քաղաքացիության վկայականն ես ստանում, և բոլորովին այլ զգացողություն է, երբ կանգնում ես Հայրենիքիդ սահմանին, ստանձնում ես այն պաշտպանելու պատասխանատվությունը,- ծառայողական իր առաջին զգացողություններն է հիշում Շանթը:- Քանի՞ հոգի, քանի՞ տղամարդ կարող է աշխարհում հպարտությամբ ասել, որ պաշտպանում է իր երկիրը, իր տունը… Իհարկե, ավելի ամուր ես քեզ զգում, ավելի վստահ ու գիտակցում պատասխանատվությանդ ամբողջ լրջությունը: Երբեմն տղաներից լսում էի՝ «Իմ տունը, իմ ընտանիքն եմ պաշտպանում»: Չէ՛, Հայրենիքը բոլորս ենք, ընտանիքը բոլորս ենք, ու չկա իմ ու քո ընտանիք: Շատ եմ ուզում, որ սա հասկանանք: Մենք Հանրապետություն ունենք, և այն բոլորիս ընտանիքն է: Մենք ազգ-բանակ ենք ու պետություն ունենք: Հազարավոր ազգեր ու ազգություններ կան այս աշխարհում. քանի՞սը կարող են ասել, որ բնիկ են ու պետություն ունեն: Սա պատիվ լինելուց զատ, նաև մեծ պատասխանատվություն է…

Անկեղծ ասած՝ ես այս պատերազմին սպասում էի: Տղերքին միշտ ասում էի. «Նույն ապրիլյանի նման շատ հնարավոր է, որ այսօր էլ լինի»:

Որոշ ժամանակ  անց անսպասելի ի հայտ եկած առողջական խնդրի պատճառով Շանթը ստիպված է եղել զորացրվել.

-Էնպես էի նեղացել, որ ինձ զորացրում են…,- հիմա արդեն ժպիտով հիշում է Շանթը:- Բայց զորացրումով ծառայությունս իհարկե չավարտվեց. անմիջապես անդամագրվեցի զինվորական պատրաստություն իրականացնող կազմակերպություններից մեկին և շարունակեցի մարզումներս:

Շանթի կանխազգացումը իրականություն դարձավ. շատ չանցած՝ սկսվեց 44-օրյա պատերազմը, և այս անգամ արդեն որպես կամավոր միանալով ռազմաճակատ մեկնող ջոկատին՝ Շանթը կրկին Արցախի առաջնագիծ մեկնեց:

-Սեպտեմբերի 27-ի առավոտյան զգացի, որ հեռախոսս անդադար դռդռում է. նայեցի, տեսա՝ բոլորն անհանգիստ գրում էին՝ «Պատերազմ է սկսվել… Ստեփանակերտն են ռմբակոծում…»: Առանց մտածելու վերցրի զինվորական ուսապարկս, որ դռան ետևում միշտ պատրաստ դրված է ու մեքենա կանչեցի. հոգեպես, ֆիզիկապես լիովին կազմ-պատրաստ էի:

-Զգում էիր, որ կարիքդ կա… Մտքովդ չանցա՞վ՝ դե, կռվողը կկռվի, էլ ես ի՞նչ գնամ:

-Բանակը ես եմ…,- այնքան բնական ու անկեղծ է ասում…

Զինվորական ճշտապահությամբ ու գաղտնապահությամբ հիմա՝ 44-օրյա պատերազմից ամիսներ անց, շատ բան չի պատմում այդ օրերից: Պատերազմի դաշտում ամենից հետաքրքիրն ու անսովորը նրա համար աբսուրդի հասնող կոնտրաստն է եղել.

-Մեկ կտեսնեիր՝ ինքնաթիռները, ԱԹՍ-ները բոլոր կողմերից հարվածում, ռմբահարում են, ու հանկարծ՝ տևական լռություն…: Հզոր հրամանատարներ ունեինք, ռազմական գործին գիտակ: Խստիվ պահպանում էինք անվտանգության կանոնները: Այդ կազմակերպվածության շնորհիվ էր, որ շատ քիչ զոհ ունեցանք:  Բոլորս կամավոր էինք գնացել, ու վախ չկար մեր մեջ: Հասկանում էինք՝ ինչու էինք էնտեղ, որն էր մեր խնդիրը: Հայրս արդեն Հայաստանում էր, երբ պատերազմը  սկսվեց: Շաբաթը մի քանի անգամ զանգում, տեղեկանում էի, որ լավ է, ուրիշ ոչ մի բան ինձ չէր շեղում մարտական գործողություններից, ծառայողական առօրյա պարտականություններից:

-Ի՞նչ է քեզ համար Հայրենիքը…

-Ոնց որ ձկանը հարցնես. «Ի՞նչ է քեզ համար ջուրը»: Ես հայրենիքի մի մասն եմ: Երբ հայկական երգեր ես երգում, երբ ոտաբոբիկ քայլում ես խոտերի վրա, զգում, որ ամեն քար ու խոտ հարազատ են քեզ, նույնանում ես այդ ամենի հետ: Էլի եմ ուզում շեշտել. հիմա շատ քիչ ժողովուրդներ կան աշխարհում, որ կարող են ասել՝ «Ես այս հողում բնիկ եմ»: Ճիշտ է՝ 300 տարի շարունակ իմ պապերը իրենց հայրենի հողում չեն ապրել, պանդուխտ են եղել օտար երկրում, բայց այսօր էլ ես զգում եմ, որ այդ գենն իմ մեջ պահպանվում է: Իրոք, հավատում եմ, որ արյունս է ինձ այստեղ ձգել: Ինչ էլ լիներ՝ գիտեմ, որ այդ գենն ինձ մի օր բերելու էր Հայաստան:

Պատերազմը դադար է առել, բայց չի ավարտվել. այսպիսին է Շանթի և նրա համախոհների՝ «Պետականությունը՝ որպես գերագույն արժեք» կազմակերպության մյուս անդամների դիրքորոշումը: Յուրաքանչյուր երեկո՝ աշխատանքային ժամի ավարտից հետո, Շանթն ու իր ընկերները, որոնցից շատերի հետ 44-օրյա պատերազմում ուս ուսի կռվել են, շտապում են մարզվելու՝ պահպանելու և կատարելագործելու իրենց մարտական հմտությունները: Վերցնում են ուսումնական զենքերն ու անցնում մարտական պատրաստության 3-ժամյա պարապմունքին։

-Իմ ծառայությունը չի ավարտվել ու չեմ կարծում, որ երբևէ կավարտվի: Մարդ տեսակի խնդիր է. գոյության պայքար, ու միշտ էլ վտանգ կա, և միշտ պետք է պատրաստ լինես պաշտպանելու այն, ինչ թանկ է քեզ համար: Իսկ դա նշանակում է, որ միշտ պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման: Եվ միայն ֆիզիկական պատրաստության մասին չէ խոսքը: Ամեն առումով պետք է պատրաստ լինենք՝ և՛ հոգեբանական, և՛ տեղեկատվական, անգամ ֆիլմերով և մուլտիպլիկացիոն ֆիլմերով կարող է մեր դեմ պատերազմ մղվել. սրանք բոլորը նոր սերնդի պատերազմներ են, որոնցից պետք է քաջատեղյակ լինենք: Եվ հայրենասիրությունն է այն զենքը, որի շնորհիվ բոլոր պարագաներում կան լուծումներ, պայքարի միջոցներ. սրանով է, որ պիտի կռվենք բոլոր այս ճակատներում:

Բանակ մեկնելիս Շանթը վստահ էր՝ մի օր ծնողներն էլ են վերադառնալու Հայրենիք: Այսօր արդեն դա էլ է մասամբ իրականություն դարձել. հայրը Հայաստանում է: Ասում է՝ մայրն ու քույրն էլ են գալու: Երբ հարցնում եմ՝ դժվար չէ՞ բարեկեցիկ կյանքը թողնելու որոշում կայացնելը, Շանթը հակաճառում է.

-Բարեկեցիկ կյանք ասածը շատ հարաբերական է: Ամեն տեղ իր դժվարություններն ունի: Եվ երբեք չես կարող իմանալ, թե մեկ այլ երկրում ինչպիսի լուրջ խնդիրներ կարող են լինել: Մեր վերադարձը այսպես կարող եմ բացատրել. «դրսում», ասես, մի մարդ լինես, որը մի հյուրանոցից մյուսն է գնում, իրեն համոզում, որ միշտ հյուրանոցում է մնալու, դա է իր տեղը, ու, ահա, վերադառնում ես քո տունը…. Քանդված կլինի, թե պալատ, դա քո՛ տունն է, հարազատ է քեզ: Վերջապես զգում ես, որ տանն ես… Հիշում եմ, երբ գալուս առաջին շաբաթը քայլում էի Երևանի փողոցներով ու նայում էի շուրջս, տեսնում, որ բոլորը հայ են, զգացողություն ունեի, որ այդ  բոլորը ես ինքս եմ: Ճիշտ է՝ Գլենդեյլում եմ մեծացել, որտեղ շատ հայեր կան, բայց բոլորովին ուրիշ զգացողություն է, երբ Հայաստանում ես: Ասես՝ ինչ-որ ճեղք կար սրտիդ մեջ, ու ահա լցվում է այդ ճեղքը… Ինձ թվում է, որ բոլոր սփյուռքահայերն ունեն հոգու, սրտի այդ դատարկված մասի զգացողությունը, որ ուրիշ բանով չես լցնի:

Շատ եմ սիրում ճամփորդել Հայաստանով ու Արցախով: Զարմանում եմ, որ շատերը այդ ձգտումը չունեն: Մեր գենն ասես սարերում ապրելու համար ստեղծված լինի: Ինքս մինչև ծառայությունն էլ էի շատ արշավների գնում, հիմա էլ: Ե՛վ մարզվում ես՝ սարեր ձորեր շրջելով, և՛ Հայրենիքդ ես ճանաչում: Պետք է ճանաչես, որ հասկանաս՝ ինչն ես պաշտպանում: Վերջերս խմբով Ստեփանակերտ էինք գնացել: Մեզ հետ մարդիկ կային, որ մինչև այդ չէին եղել այնտեղ ու չեմուչում էին անում, բայց երբ տեղ հասանք, ապշել էին. «Էս ի՜նչ սիրուն քաղաք է»: Վերջերս ՏՏ ոլորտի ծրագրերից մեկով մարդկանց մի խումբ Գորիս տարանք. «Ի՜նչ սիրուն է Սյունիքը», զարմացել էին: Դե, տեսե՛ք, որ սիրեք…

Մոնթեն մի լավ բան է ասել. ասում էր՝ «Պետք չունե՛նք՝ լավ ուտենք, պետք չունե՛նք՝ լավ խմենք: Արցախի հարցը լուծենք, նոր կարողանանք այլ բաների մասին մտածել…»: Ես նրա խոսքին միայն մի բան կավելացնեմ. «Այդ ուտել-խմելը մոռացե՛ք. դա երբեք ձեզ լիարժեք հաճույք չի պատճառելու. մինչև մենք ամուր պետություն չունենանք, եւ ուրիշները չվախենան մեր նկատմամբ ոտնձգություն անելուց, մենք հանգիստ չենք տեսնելու: Ամեն հայ պարտավոր է իր հանրապետությունը պահել, որովհետև այլ տարբերակ չունենք: Եթե դու ուզում ես հպարտորեն ասել՝ ես Հայ եմ, ուրեմն պետք է պետությունդ պաշտպանես: Ուրիշ կերպ Հայությունը չի շարունակվի: Մեր բախտը բերել է. մենք պետություն ունենք, ազգային  բանակ: Եթե դու քեզ հայ ես համարում, պետք է անմնացորդ ծառայես Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը: Չե՛ս կարող մի ուրիշ տեղ փախչել ու խաղաղ ապրել. ներքին պայքարը միշտ քեզ մաշելու է: Ուստի, թող ամեն մարդ մտածի, որ առանց իրեն, իր մասնակցության Հայրենիք չկա՛: Առանց ի՛նձ Հայրենիք չկա՛…

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ,

ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Խորագիր՝ #28 (1399) 21.07.2021 - 27.07.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


22/07/2021