ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐԵԼ ԿՅԱՆՔԻ ՉԱՓ ՈՒ …ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼ
-Կապիտան Վազգեն Կիրակոսյանը մեր լավագույն սպաներից է՝ իր գործի իսկական նվիրյալ,- զորամասում այսպես են բնութագրում հրետանային դիվիզիոնի մարտկոցի հրամանատար Վազգեն Կիրակոսյանին: – Պատերազմների թոհուբոհն անցած զինվորական է, 44-օրյա պատերազմի ժամանակ նրա ղեկավարած մարտկոցը գերազանց է գործել, առավելագույն ճշգրտությամբ խոցել հակառակորդի թիրախները:
Զինվորականի ընտանիքում է մեծացել Վազգենը, հայրը պահեստազորի մայոր է:
Վանաձորի զինավանում էին ապրում: Դեռ փոքր տարիքից նրան գրավում էր զինվորականների հպարտ, ձիգ կեցվածքը, ուսադիրների փայլուն աստղերը: Դպրոցն ավարտելուց հետո երեք ընկերներով որոշեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել: Զինվորական հայրը խորհուրդ տվեց երկար մտածել մասնագիտությունն ընտրելիս, բացատրեց, որ փայլուն ուսադիրների հետեւում ամեն ինչ չէ, որ փայլուն է, որ այդ ճանապարհին բազում դժվարություններ կան, ահռելի պատասխանատվություն, տքնանք, ցավ, դառնություն, կորուստներ, որ ծառայությունը խլում է ժամանակի առյուծի բաժինը, եւ հաճախ չես էլ հասցնում ընտանիքիդ հետ անցկացնել, որ…
Սակայն Վազգենը հաստատակամ էր իր որոշման մեջ.
-Ռազմական ինստիտուտում լավ էր սովորում, սակայն մի բան է զուտ տեսական գիտելիքները, մի այլ բան՝ գործնականում դրանք կիրառելը. սպան կայանում է զորքում, երբ անմիջականորեն թաթախվում է գործի մեջ: Անկեղծ լինեմ՝ սկզբնական շրջանում բավականին բարդ էր. հեշտ չէր ղեկավարել քեզ գրեթե հասակակից, երբեմն նույնիսկ տարիքով քեզնից մեծ, տարբեր մտածելակերպով ու հոգեկերտվածքով, տարբեր կրթական մակարդակներով ու դաստիարակությամբ զինվորներին, սակայն բոլոր դժվարություններն էլ ժամանակի հետ հաղթահարվում են:
Տարիները փորձառություն էին բերում: Տարիների հետ ուսադիրներին ավելանում էին աստղերը, ավելանում էր նաեւ պատասխանատվությունը:
***
Երիտասարդ սպան ծառայել է առաջնագծի տարբեր հատվածներում, թրծվել կռիվների բովում՝ հուլիսյան, ապրիլյան մարտական գործողությունների եւ 44-օրյա պատերազմի մասնակից է:
-Այս վերջին պատերազմը տարբերվում էր ապրիլյանից թե՛ մասշտաբներով, թե՛ մարտերի ինտենսիվությամբ, թե՛ կիրառված զինտեխնիկայով: Թշնամին թվաքանակով, սպառազինությամբ գերազանցում էր՝ Թուրքիայից գործուն աջակցություն, գումարած վարձկան ահաբեկիչները: Անհավասար կռիվ էր, սակայն անկախ ուժերի այս հարաբերակցությունից, մեր զինվորների ոգեղենությունը, կռվելու վճռականությունը անչափելի էր, ընկճված, հուսահատ զինվոր չէիք տեսնի. 18-20 տարեկան տղաները պատերազմ չէին տեսել, բայց կռվում էին մարտերում եփված-թրծված զինվորի խիզախությամբ: Կռվում էին կատակներ անելով, երգելով, հումորը շուրթերին… Համացանցով տեսել էինք, երբ հակառակորդը կրակում էր, մենք ասում էինք՝ կրակ, ու կրակում, իրենք «դըշ» էին ասում կրակելիս: Երբ արդեն լիցքավորում էինք, զինվորներիս ծիծաղով ասում էի՝ 10 հատ «դըշ»…
Թիրախը խոցվում էր, մենք չէինք տեսնում անմիջական արդյունքը, բայց երբ կապ էին տալիս, ասում՝ ապրե՛ք, շատ լավ է, ոնց էին ոգեւորվում զինվորները, անընդհատ ուզում էին կրակել:
Վազգենի դեմքին ժպիտ է ուրվագծվում, «վառոդաբույր» հերթական հումորն է հիշել:
-Որ շատ էինք կրակում, հակառակորդի անօդաչուները թռչում էին մեր ուղղությամբ, որ լռեցնեին, ճնշեին մեզ: Շտաբի պետ, մայոր Վահրամ Սարուխանյանը կապ էր տալիս՝ Վազգե՛ն, զգո՛ւյշ, անօդաչուները դուրս են եկել, պտտվում, քեզ են ման գալիս:
Անօդաչուների ձայնը բարձր էր, ականջ սղոցող, շտաբի պետը կատակով հոգուս հետ էր խաղում՝ վե՛րջ, Վազգե՛ն, արդեն տեղդ ասում եմ, որ գլուխներս այս ձայնից հանգստանան:
-Դե, ասա, ինչ արած, իմ գլուխն էլ արդեն գնաց,- կատակում էի ես:
Երիտասարդ զինվորականը պատերազմական օրերից տարբեր դեպքեր, դրվագներ է վերհիշում: Պատերազմում, ինչպես կյանքում, ժպիտն ու արցունքը միահյուսված են.
-Պատերազմը, ցավոք, առանց կորուստների չի լինում, զոհեր, վիրավորներ.. Ապրիլյանի ժամանակ կորուստ չէի ունեցել, էս կռվի ժամանակ ունեցա. իմ մարտկոցից երկու զինվոր զոհվեց՝ Դավիթ Հակոբյանն ու Նարեկ Մանուկյանը: Յուրաքանչյուր զինվորի կորուստ մի անասելի ցավ է հրամանատարի համար, ցավ, որ երբեք չի ամոքվում… Հոսպիտալից դուրս գրվելուց հետո այցելել եմ զոհված տղերքիս ծնողներին, արձակուրդ գնալիս, զորացրվելիս էլ մեր զինվորներն անպայման այցելում են զոհված մարտական ընկերների շիրիմներին, նրանց ծնողներին, այցելում են նաեւ վիրավոր ընկերներին…
Վազգենն ինքն էլ ծանր վիրավորվել էր պատերազմի դաշտում: Մարտկոցի տղաները պատմել են, թե ինչպես էր իրենց հրամանատարն ամբողջովին արյունոտ շտապօգնություն կանչում ռացիայով, հետո ինքն այդ վիճակում վիրավոր զինվորներին էր օգնում տեղավորել շտապօգնության մեքենայի մեջ, պատմել են նաեւ, թե ինչպես էին Վազգենին ստիպելով նստեցրել շտապօգնության մեքենան, այլապես արնաքամ կլիներ, բայց նա մինչեւ վերջին պահն էլ համառել էր՝ փորձելով հրաժարվել՝ զինվորներիս, ախր, ո՞նց թողնեմ մենակ…
Իշխանաձորի հոսպիտալում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո Վազգենին տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ: Տնեցիք չգիտեին էլ վիրավորվելը, իսկ իր ուշքն ու միտքը կրակի տեղատարափի տակ կռվող զինվորներն էին:
-Անընդհատ կապի մեջ էի տղերքիս հետ, ես էի զանգում, իրենք էին զանգում՝ պարո՛ն կապիտան, ձեր տեղը կրակում ենք: Ասում էի՝ ուշադի՛ր եղեք, զգոն, միայն ձեզ բան չպատահի: Փառք Աստծո, էլ զոհ չունեցանք…Մեր մարտկոցը պատերազմում լավ է դրսեւորել, զինվորներս իմ վիրավորվելուց հետո կարողացել են ինքնուրույն մարտ վարել, այնպես հմուտ են գործել, այնքան արհեստավարժ, գրագետ ու համակարգված, որ ոչ մեկը գլխի չի ընկել, որ առանց սպայի են գործում. անձնակազմս պատրաստված էր,- հպարտությունը չի թաքցնում կապիտանը:
Կապիտանը չի ասում, որ այդ ամենը ամենօրյա տքնաջան եւ հետեւողական աշխատանքի արդյունքն էր, թեեւ ամեն ինչ ինքնին հասկանալի է՝ պատերազմը «քննություն» էր…
-Մեր ամեն օրը միտված է մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը: Ռազմական գիտելիքներով զինված լինելը վստահություն, համարձակություն եւ հաստատակամություն է ներշնչում, զինվորս գիտի՝ սովորելիս չպետք է թերանա իր աննշան թվացող սխալը կարող է վճռորոշ լինել մարտի դաշտում:
Կապիտան Վազգեն Կիրակոսյանի մարտկոցն այսօր էլ զորամասում լավագույնների շարքում է:
***
Տարբեր ծառայավայրերում է ծառայել կապիտան Կիրակոսյանը, ինչ զորամաս էլ որ տեղափոխվել է, սահմանային որ գոտում էլ տեղակայված, ընտանիքը իր կողքին է եղել մշտապես:
-Կինս ուսուցչուհի է, Ջրականում ծառայությանս ժամանակ ռուսերեն էր դասավանդում տեղի դպրոցում:
Երկու զավակ ունի Վազգենը՝ աղջիկ եւ տղա:
-Որդիս էլ է ցանկանում մեր ճանապարհով ընթանալ՝ զինվորական դառնալ,- ասում է կապիտանը: -Երբ մի փոքր էլ մեծանա, կզրուցեմ որդուս հետ, ինչպես ժամանակին հայրս, կփորձեմ բացատրել, որ որքան եւ պատվաբեր ու վեհ է հայրենիքի պաշտպանի գործը, նույնքան եւ դժվար ու ծանր է, պատասխանատու, զրկանքներով, կորուստներով լի…Կբացատրեմ որդուս, որ փայլուն ուսադիրների հետեւում ամեն ինչ չէ, որ փայլուն է, զինվորականի գործը սովորական աշխատանք չէ, որ սկսվի եւ ավարտվի սահմանված ժամին, այն պահանջում է ինքնանվիրում եւ, որ ամենակարեւորն է՝ հայրենիքը պետք է սիրել կյանքի չափ ու …կյանքից առավել…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #28 (1399) 21.07.2021 - 27.07.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում