Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ



Սկիզբը՝ նախորդ համարներում

 

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐԱրտակարգ հաղորդագրություն

 

«Արդեն մեկ ամիս է, ինչ ԽՍՀՄ ներքին զորքերը պաշարել են հայկական Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերը: Վերջին շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով տանկերով ու զրահամեքենաներով գնդակոծվում են հայկական բնակավայրերը: Կանխատեսելով ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության կողմից նախապատրաստվող սադրանքը` Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը 1991 թ. ապրիլի 25-ին պահանջեց հրավիրել ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նիստ:

Ապրիլի 30-ի առավոտից տեղի էր ունենում ԽՍՀՄ անվտանգության խորհրդի նիստը` նախագահ Գորբաչովի ղեկավարությամբ: Նույն օրը ԽՍՀՄ ներքին զորքերի Բաքվի գնդի ստորաբաժանումները գնդապետ Մաշկովի հրամանատարությամբ, զբաղեցրին Գետաշենի նկատմամբ իշխող դիրք ունեցող բարձունքները եւ սկսեցին գնդակոծել գյուղը: Երկրի ղեկավարության եւ ԽՍՀՄ նախագահի հետ կապվելու` ՀՀ ԳԽ նախագահի փորձերն ապարդյուն եղան:

Ժամը 18:00-ին ներքին զորքերի ստորաբաժանումների եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի ուժերն սկսեցին Գետաշենի գրոհը:

Գյուղի սիրողական ռադիոկայանի հաղորդմամբ՝ գյուղ ներխուժած զորքերն սկսել են խաղաղ բնակիչների կոտորածը: 21:00-ի տվյալներով՝ սպանվել էին 10-ից ավելի մարդիկ, այդ թվում` կանայք, երեխաներ, ծերեր: Բազմաթիվ ծանր վիրավորներ պատանդ են վերցվել: 22:00-ի տվյալներով՝ զոհերի թիվը մեծանում էր: Ռադիոկայանի վերջին հաղորդագրությունն է` «Օգնեցե՛ք»: Կապն ընդհատվել է: Բերված տեղեկությունների կցկտուրությունն ու մոտավորությունը պարբերաբար ընդհատվող կապի անհուսալիության հետեւանք են»։

Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի տեղեկատվական կենտրոն («Ռեսպուբլիկա Արմենիա», 03.05.1991)

 

Այնտեղ պայքարը շարունակվում է…

 

Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ելույթը հայկական հեռուստատեսությամբ, 1991 թ. մայիսի 1-ին.

«Այս երկու օրերին բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանում, Արցախում ու Գետաշենում: Դրանց վերաբերյալ մանրամասներ դեռ կհաղորդվեն: Ես ուզում եմ նշել գլխավորը` այն, ինչ կատարվեց Գետաշենում: Հայտնի է, թե ինչ լարված վիճակ էր այնտեղ: Մեր կողմից բազմաթիվ փորձեր եղան` կապվելու Մոսկվայի համապատասխան մարմինների հետ եւ ինչ-որ համաձայնության գալու: Գերագույն Խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բազմիցս հեռախոսազրույց է ունեցել ՊԱԿ-ի նախագահի հետ, փորձել է տեղեկացնել Գորբաչովին` ապարդյուն:

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐԵրեկ առավոտյան մենք իմացանք, որ Գետաշենում իրավիճակն ավելի է սրվել: Գետաշենը շրջապատված է զորքով: Առաջին իսկ հնարավորության դեպքում Բաբկեն Արարքցյանը ռազմական ուղղաթիռով թռավ այնտեղ, որպեսզի ծանոթանա իրավիճակին, բայց նրան չհաջողվեց վայրէջք կատարել Գետաշենում: Ուղղաթիռը վայրէջք կատարեց գյուղը շրջապատած զորքերի տեղաբաշխման վայրում:

Իրավիճակն այսպիսին է. Գետաշենը շրջապատված է զորքով: Դա ՆԳՆ զորքն է` գնդապետ Մաշկովի հրամանատարությամբ: Ես կապվեցի ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Կրյուչկովի հետ: Ներկայացրի իրավիճակը: Նա ասաց, որ անվտանգության խորհրդի նիստ է լինելու, եւ ամեն ինչի մասին կտեղեկացնի Գորբաչովին, իսկ ԱԽ-ն այդ հարցի վերաբերյալ որոշում կընդունի: ԱԽ նիստը տեւեց մինչեւ ժամը 17-ը, իսկ դրանից հետո անհնար էր կապվել Մոսկվայի հետ:

…Ինչպիսին է իրավիճակն այս պահին: Զորքերը մտել են Գետաշեն: Մեր տվյալներով՝ Գետաշենում զոհվել է 12 մարդ, Մարտունաշենում՝ 5: Կան տասնյակ վիրավորներ: Մեր կողմի տվյալներով՝ զինվորականները 50 պատանդ են վերցրել: Բայց նրանք պնդում են, որ իրենց մոտ ընդամենը 27 պատանդ կա: Նշանակում է` 23 մարդու ճակատագիրն անհայտ է: Զոհվածների թվում կան կանայք ու երեխաներ: Բայց դա դեռ պետք է ճշտել: Այժմ մի քանի ուղղաթիռ Գետաշեն ուղարկելու հնարավորություն կա` վիրավորներին տեղափոխելու եւ բուժօգնություն ցույց տալու համար:

Իրադրությունը թվում է ողբերգական, բայց, անկեղծ ասած, ես այդպես չեմ գնահատում: Գետաշենցիների արածը հերոսություն է, եւ այժմ նրանց մոտ 12 պատանդ զինծառայող կա, այսինքն՝ զորքը մտել է Գետաշեն, բայց չի կարողացել ազատել նույնիսկ իր պատանդներին: Պայքարը շարունակվում է. սա սուգ չէ, ողբերգություն չէ, այլ` պայքար… Եվ գետաշենցիները ցույց են տալիս, թե ինչպես մեր ժողովուրդը պետք է պայքարի յուրաքանչյուր թիզ հողի համար, սեփական արժանապատվության, անկախության համար: Դա օրինակ է մեզ համար: Այնտեղ պայքարը շարունակվում է: Պետք է ասել, որ Գետաշենում այս դառն իրադարձությունները շատ բան սովորեցրին մեր ժողովրդին: Գետաշենի պայքարը ոսկե տառերով կգրվի մեր ժողովրդի պատմության մեջ:

Ելքը դա է. թե՛ Արցախում, թե՛ Շահումյանում եւ թե՛ Գետաշենում մենք պետք է կարողանանք ստեղծել անառիկ ամրոցներ: Ցանկացած օգնություն ապարդյուն կլինի, եթե ամբողջ ժողովուրդը ոտքի չկանգնի եւ զենքը ձեռքին չպաշտպանի իր նախնիների հողը…»

(«Ռեսպուբլիկա Արմենիա», 03.05.1991):

 

Տունն ամբողջությամբ վերածվեց մոխրի…

 

Պատմում է գետաշենցի ուսուցչուհի, 1948 թ. ծնված Էմիլիա Փաշայանը.

«Ապրիլի 30-ին պատրաստվում էի գնալ դպրոց, երբ հանկարծ մեր բնակարան ներխուժեցին զինվորական համազգեստով մարդիկ ու պահանջեցին ցույց տալ փաստաթղթեր… Իմ 70-ամյա մայրն ու 13-ամյա որդին տանն էին… Զենքի մետաղյա մասով խփում էին գլխիս ու ստիպում, որ ստորագրեմ մի փաստաթղթի տակ, ըստ որի՝ իմ ընտանիքը ցանկանում է ինքնակամ լքել հայրենի գյուղը: Այդ ընթացքում օմօնականները տակնուվրա արեցին ամբողջ բնակարանը, կացնով ճղեցին 7 գորգ, ջարդեցին մեր կահույքը, ծեծեցին մորս ու բռնեցին որդուս կոկորդից… Ես ճչալով նետվեցի չարագործի կողմը, նա թքեց երեսիս` ասելով. «Ձեր տեղը Երեւանն է, կորեք այնտեղ, իսկ սա ձեր հողը չէ»…

Ինձ տարան սովխոզի ավտոտնակ, որտեղ հատակին պառկած էին ծեծված ու վիրավոր մեր գյուղացի 29 տղամարդիկ, այդ թվում՝ իմ ամուսինը: Ինձ հրամայեցին պառկել, հրաժարվեցի… Ինձ հաջողվեց դուրս պրծնել… Մորս ու որդուս հետ փախանք մեր տան բակը, որը 50 մետրի վրա էր… Նրանք չարացած՝ կրակ բացեցին մեր տան վրա… Մենք այգու միջով, կուզեկուզ, վազեցինք մինչեւ գյուղի հիվանդանոց… Հետո հեռվից տեսանք, որ մեր տունն ամբողջությամբ վերածվեց մոխրի…»

(«Զով Արցախա», 1991 թ. օգոստոս, թիվ 4)

 

Մայիսի 3-ին զինվորականներն ուղղաթիռ էին տրամադրում…

 

Պատմում է երեւանցի վիրաբույժ, 1947 թ. ծնված Վալերի Խաչատրյանը.

«Ես Գետաշեն ժամանեցի Հայաստանի առողջապահության նախարարության գործուղմամբ մարտի 19-ին, սանիտարական ուղղաթիռով, որը բերել էր դեղորայք, ալյուր, աղ… Երկու գյուղերն էլ` Գետաշենն ու Մարտունաշենը (միասին` 4000 բնակիչ), վաղուց էին ադրբեջանցի օմօնականների կրակի տակ, շատ վիրավորներ կային, այնպես որ՝ երեւանցի գործընկերոջս` Գեւորգ Գրիգորյանի հետ անգործ չէինք մնում… Ապրում էինք կատարյալ մեկուսացման մեջ, չէին աշխատում ո՛չ ռադիոն, ո՛չ հեռուստատեսությունը:

Ապրիլի 30-ի առավոտյան արթնացա հիվանդանոցի, որտեղ սովորաբար գիշերում էի, պատերի ցնցումից. Գետաշենի միջով դղրդյունով անցավ տանկային շարասյունը… Գյուղացիներն սկսեցին հավաքվել գյուղի կենտրոնում` հիվանդանոցի մոտ… Բոլոր կողմերից լսվում էին ինքնաձիգի կրակահերթեր, իսկ Մարտունաշեն գյուղի (որը հեռու է 2 կիլոմետր) կողմից լսվում էին հրետանու համազարկեր: Գյուղերի վրա պտտվում էին մոտ 8 ուղղաթիռներ, եւ օդից նույնպես կրակում էին:

Մի ժամից սկսեցին բերել վիրավորների… Սպանվածներից ամենաերիտասարդի` Վալերի Նազարյանի ականջը կտրված էր: Մյուսի դեմքն այլանդակված էր կացնի հարվածով: Սպանվածներից մեկի վերջույթները կտրված էին: Սպանվածների մեծ մասը ծերեր էին, այդ թվում` 80-ամյա կին: Գետաշենցիների վիշտն աննկարագրելի էր, սարսափելի էր նայել նրանց աչքերին, բոլորն, ասես, խելագարներ լինեին:

Բոլորն ուզում էին լքել կիսավեր, ամբողջովին թալանված Գետաշենն ու մոխրացած Մարտունաշենը: Մայիսի 3-ից զինվորական իշխանություններն սկսեցին ուղղաթիռներ տրամադրել բնակչությանը հանելու համար»:

(«Զով Արցախա», 1991 թ. օգոստոս, թիվ 4):

 

Գեներալ Շատալինը սպառնում է

 

«Մայիսի 2-ի երեկոյան Մոսկվայում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ֆելիքս Մամիկոնյանին զանգահարել է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Շատալինը եւ խորհուրդ տվել, որ հայերը թողնեն իրենց վրդովմունքն ու չմոռանան, որ Հայաստանի ատոմակայանը ԽՍՀՄ ՆԳՆ հսկողության տակ է:

Թերթի համարն արդեն պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք Շատալինի եւ Հայաստանի մշտական ներկայացուցչի զրույցի մանրամասներին:

Շատալինը հայտարարել է. «Առաջին` Հայաստանում պատանդ է վերցվել 40 զինծառայող, եւ եթե մինչեւ ժամը 24-ը նրանք ազատ չարձակվեն, բանակը Հայաստանը կհավասարեցնի հողին: Երկրորդ՝ մի՛ մոռացեք, որ ատոմակայանի բանալիներն իմ գրպանում են: Երրորդ՝ մենք կշրջապատենք մշտական ներկայացուցչությունն ու կձերբակալենք ձեզ ու ձեր աշխատողներին: Չորրորդ` այս մասին կարող եք տեղեկացնել նաեւ Գորբաչովին»:

(«Ռեսպուբլիկա Արմենիա», 04.05.1991):

 

Բաքվի քաղաքականությունը փոխվում է

 

«Բարի գալուստ: Ո՞նց հասաք»: «Շնորհակալություն, լավ: Դուք ո՞նց եք»: «Նորմալ: Ապրում ենք, աշխատում, պաշտպանվում… Այս գիշեր դարձյալ հարձակվել են սահմանամերձ գյուղի վրա, անասունը տարել, հովվին վիրավորել: Մի խոսքով՝ ինչպես միշտ»…

Բարեհոգի տրամադրությունը փոխվում է տագնապի, որն ուժեղացնում են մեզ հանդիպած մարդկանց պատմածները: Էլի փորձել են փակել Ստեփանակերտը Մարտակերտի հետ կապող միակ ճանապարհը. Կիչան գյուղի շրջակայքում հաջողվել է հետ մղել ադրբեջանցի օմօնականների գրոհը: Մենք անցնելու ենք այդ ճանապարհով…

Նմանություն եմ փնտրում ու Աֆղանստանից բացի ոչինչ չեմ կարողանում համեմատել այն բանի հետ, ինչ տեսնում ու զգում եմ: Բայց համեմատությունը թերի է: Այնտեղ աֆղանցիները կռվում էին խորհրդային բանակի եւ նրա մանկլավիկների հետ, օգտվելով ԱՄՆ-ի, բազմաթիվ այլ երկրների աջակցությունից, այստեղ մեր ժողովուրդը ի վիճակի չէ լիարժեք օգնություն ստանալու նույնիսկ Հայաստանից, որն Արցախի միակ հույսն է: Այնտեղ բաց էին մոջահեդների ճամփաները դեպի Պակիստան, Հնդկաստան, Չինաստան, այստեղ` կատարյալ շրջափակում եւ նույնիսկ ինքնապաշտպանության համար զենքի բացակայություն…

Արցախցիները` 5-ամյա մանուկից մինչեւ 90-ամյա ծերը, մտքներով անգամ չեն անցկացնում, որ իրենց կարող են քշել հարազատ հողից, առավել եւս` կարող են ինքնակամ հեռանալ: Բայց ամբողջ խնդիրը ոչ միայն չհեռանալն է, այլեւ չզոհվելը` ապրելը, կառուցելը, հող վարելը, երեխա մեծացնելը…

Բաքվի քաղաքականությունն այսօր փոխվում է (անկասկած, Մոսկվայի հավանությամբ): Ո՛չ, սպանությունները, անասնագողությունը, պատանդ վերցնելը, դիվերսիաները չեն դադարում, բայց դիմակայությունը նոր աստիճանի է բարձրացել, որի էությունը Արցախն աստիճանաբար խեղդելն է…

Մինչ հայ գյուղացին արյուն-քրտինք մտած մի տուն է կառուցում, նրա կողքին «ծլում է» ադրբեջանական մի ամբողջ գյուղ, ուր տեղափոխվում են Արցախի հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող մարդիկ` ոչ միայն ադրբեջանցիներ, այլեւ մեսխեթցի թուրքեր:

Ի՞նչ դռներ թակես եւ ո՞ւմ ասես, որ ամենանենգ ու ամենալկտի ձեւով Արցախում խախտվում է ժողովրդագրական հավասարակշռությունը, եւ ամեն օր ղարաբաղյան գրանցում են ստանում տասնյակ ու հարյուրավոր սումգայիթցիներ ու բաքվեցիներ, երեկվա եւ այսօրվա մարդասպաններ ու ջարդարարներ: Արդարության համար ի՞նչ ատյաններ դիմես, ինչպե՞ս օգնես արցախցիներին, որոնք սեղմված են շրջափակման սոսկալի աքցանի մեջ եւ չեն ստանում ոչ միայն շինանյութ, այլեւ առաջին անհրաժեշտության մթերք եւ իրեր»:

Թեւոս Ներսիսյան, «ՌԱ»-ի հատուկ թղթակից («Ռեսպուբլիկա Արմենիի», 03.05.1991)

 

Շարադրեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #29 (1400) 28.07.2021 - 3.08.2021, Ազգային բանակ


29/07/2021