ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐ ՊՅՈՏՐ ԻՎԱՆՈՎԸ…
Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի փայտաշեն տունը, որտեղ ապրում է Իվանովների ընտանիքը, 150 տարեկան է: Գյուղը հիմնել են Դոնի կազակները 19-րդ դարավերջին, որոնցից մեկն էլ Պյոտր Իվանովն էր՝ Վալենտինա տատիկի նախապապը: Այսօր Դոնի կազակների ժառանգներից մի քանի ընտանիք է մնացել գյուղում, մյուսները գնացել են Ռուսաստան, կամ ցրվել են աշխարհով մեկ: Գյուղի միջնակարգ դպրոցը արդեն հայկական է. ռուսական ազգանուն կրող մի քանի ընտանիքի համար ռուսական դպրոց պահելը մեծ շքեղություն կլիներ փոքրիկ գյուղում: Գուցե դա է պատճառը, որ ընտանիքի ավագ որդին՝ Արմեն Իվանովը, այնքան վարժ է խոսում հայերեն, որ նույնիսկ ռուսական առոգանություն չունի: Իսկ արտաքինը սլավոնական է՝ բայց գույնի մազեր, սպիտակ մաշկ, բարձր հասակ, թիկնեղ ու հաղթ մարմին: Առհասարակ, այս ընտանիքում բոլոր տղամարդիկ էլ բարձրահասակ են ու մկանուտ: Իսկ ընտանիքը մեծ է, Վալենտինա տատիկը, Ալեքսանդրա մայրիկը, Արմենը, Արտյոմը, Անդրեյը, Քսենյան, Արինան…
Եթե ես մեկ տարի առաջ պատմեի այս ընտանիքի մասին, կավելացնեի նաև Պյոտրի անունը: Նա ընտանիքի երկրորդ զավակն է և… զոհվեց Արցախյան վերջին պատերազմում: Ու Պյոտրի արտաքինը նկարագրելու համար ես լուսանկարներն եմ նայում: Ավելի շատ հայի է նման, քան ռուսի: Սև մազեր ունի, կրակոտ աչքեր, արևախանձ, պղնձագույն դեմք, պինդ հայացք, գեղեցիկ, առնական դիմագծեր: Զինվորական նկարներում տարիքից անհամեմատ մեծ է երևում:
-Պետյան կարող էր Հայաստանում տեղակայված ռուսական զորքում ծառայել՝ հանգիստ, անվտանգ, բայց ասաց՝ իսկ Հայրենիքն ո՞վ պիտի պաշտպանի: Ի վերջո՝ ընկերներս ի՞նչ կասեն, եթե ես առաջնագիծ գնալու փոխարեն ծառայեմ թիկունքում։ Որոշված է՝ Արցախում եմ ծառայելու:
Մանկական ու պատանեկան նկարներում Արմենն ու Պյոտրը միշտ միասին են:
-Մեր տարիքային տարբերությունը տարիուկես է, իսկ Արտյոմն ու Անդրեյը, Քսենյան ու Արինան ավելի փոքր են, այդ պատճառով էլ ես ու Պետյան ավելի կապված էինք միմյանց,- բացատրում է Արմենը:
Ես չեմ հասցնում հարցնել Ալեքսանդրա մայրիկին, թե ինչպես է կարողացել միայնակ 6 երեխա մեծացնել, որովհետև Արմենը կանխում է հարցս ու պատմում, որ ինքն ու Պյոտրը մանկուց աշխատել են, որ հոգան փոքրիկների հոգսերը: 13 տարեկանում Արմենը զբաղվել է ճագարաբուծությամբ, 200 ճագար է պահել դասերից հետո, ապա ճագարներին միացել են կովերը:
-Մենակ չէի, Պետյան օգնում էր,- ասում է Արմենը։- Մենք ուզում էինք, որ տատիկն ու մաման, մեր եղբայրներն ու քույրերը լավ ապրեն: Պետյան շատ ուժեղ էր մաթեմատիկայից, տարված էր զենքերով։ Եթե ազատ ժամանակ էր գտնում, զենքերի մասին հեռուստահաղորդումներ էր նայում, կամ գրքեր էր կարդում, ուսումնասիրում էր աշխարհի բանակների զինատեսակները: Բայց մեր երազանքները չէին պոկվում հողից, մեր հոգսերից… Մենք չէինք կարող երազել զինվորական կամ բժիշկ դառնալ, բուհ ընդունվել, մեր ամենանվիրական երազանքն այն էր, որ մեր փայտաշեն տնակի փոխարեն տներ կառուցենք չորսիս՝ ինձ, Պետյայի, Անդրեյի ու Արտյոմի համար: Իսկ օրվա նպատակը սնունդ, շոր ու կոշիկ հայթայթելն էր: …Երբեմն ավելի լավատես էինք դառնում ու մտածում էինք՝ գուցե կարողանանք կրթության ուղարկել փոքրերին: Անդրեյը ֆիզիկայից ու քիմիայից բարձր գնահատականներ էր ստանում, Արտյոմը բարձր առաջադիմություն ուներ հումանիտար առարկաներից՝ հայոց լեզու, գրականություն, ռուսաց լեզու:
Ամեն ինչ հնարավոր է, հնարավոր է իրականացնել բոլոր սիրելիներիդ երազանքները, եթե շատ աշխատես: Ես ու Պետյան, օրինակ, կով ու ճագար պահելու հետ նաև փողով խոտ էինք հնձում, փողով խոտ էինք բարձում գյուղացիների համար: Ես մենակ կարող էի 700 տուկ խոտ հնձել…
Արմենը չի նկատում արցունքներս: Իսկ ես հուզվել եմ այս սիրո ու նվիրումի մեծությունից, մարդկային փոխհարաբերությունների այսօրինակ գեղեցկությունից: Իրականացնել սիրելիների երազանքները՝ կրկնում եմ մտքիս մեջ: Ես մոռացել եմ մեր հերոսին՝ Պյոտրին… Արմենն է հիշեցնում.
-Որպեսզի կարողանամ Պետյային հայկական բոլոր ադաթներով բանակ ճանապարհել, 6 ամսով գնացի Ռուսաստան աշխատելու: Չկարողացա մասնակցել Պետյայի բանակի քեֆին, բայց որքան անհրաժեշտ էր, փող ուղարկեցի, ու Պետյան ոչ մեկից հետ չմնաց, մերոնք լավ քեֆ արեցին, ամեն ինչ կազմակերպեցին տեղը տեղին: Երբ վերադարձա Ռուսաստանից, գնացի Արցախ՝ Պետյային տեսնելու: Միայն մի բանից էր դժգոհ, ասում էր՝ հրետանավոր եմ, օպերատոր-նշանառու, և ես ուզում եմ առաջնագիծ գնալ… Այստեղ հետաքրքիր չէ: Իսկ երբ արձակուրդ եկավ, ապշած մնացինք. 62 կիլոգրամից դարձել էր 86 կիլոգրամ: Ոչ թե գիրացել էր, այլ ավելի մկանուտ էր դարձել: Պետյան իմ թիկունքն էր, իմ աջ ձեռքը, իմ ուժը: Մենք կարող էինք սարեր շուռ տալ միասին: Իսկ հիմա ես մենակ եմ: Պատերազմը…
Պյոտրի վերջին զանգը հոկտեմբերի 13-ին էր: Արմենը ինչ իմանար, որ եղբայրը շրջափակման մեջ է: Որ ընտանիքի բոլոր անդամների ձայնը լսելու ցանկությունը կարոտից չէ: Ինչ իմանար, եթե Պետյայի ձայնը առաջվա պես պինդ էր, ինքնավստահ, առանց վախի ու երկվության նշույլի: Նույն խրոխտ ձայնն էր, երբ ասում էր՝ երկար չեմ կարող խոսել, գնում եմ հանգստանամ: Արմենն ինչ իմանար, որ հանգստանալու գնալը կռիվ գնալն է, որ կրակը հազվադեպ էր դադարում այդ ճակատում:
-Հոկտեմբերի 13-ին զինակից ընկերոջ ծնունդն էր: Ասաց՝ զանգե՛ք, ընկերջս մորը իմ կողմից շնորհավորեք: Պնդեց՝ հենց հիմա զանգեք: …Հաջորդ օրը ինձ կանչեցին մեր համագյուղացիներից մեկի տուն ու ասացին, որ եղբայրս զոհվել է անօդաչուի հարվածից…
Մնացածը դյուցազնապատում է, ասք, որ Պյոտր Իվանովին մարտադաշտում տեսած յուրաքանչյուրի շուրթին է: Կամավորական ջոկատի հրամանատար Շամո Մուսայելյանը պատմում է, որ Պյոտրը կռվում էր ինքնամոռաց, մեկը մյուսի հետևից ոչնչացնում էր թշնամու զինտեխնիկան, կենդանի ուժը: Նա դիպուկ նշանառու էր, ու նրա խփած տանկերին հաշիվ չկար: Նույնիսկ կարողացել է ուղղաթիռ խոցել:
-Երբ իմացավ, որ եղբայրս՝ Հայկը, զոհվել է, ասաց՝ եղբորդ վրեժը առնելու եմ թուրքից,- պատմում է Շամո Մուսայելյանը,- գազանի նման էր կռվում: Կրակի տակ այս ու այն կողմ վազելով՝ կրակում էր մի քանի զենքից միաժամանակ: Իսկ խփածը խփած էր: Թուրքերը հնձվում էին խոտի նման, այդ պատճառով էլ Քիլլեր մականունն ստացավ։ Հրադադարի կարճատև պահերին կատաղությունից եղունգներն էր կրծում. քանի դեռ թուրքը մեր հողում էր, Պետյան հանգիստ չուներ: Ասում էր՝ ուզում եմ կրակեմ: Կրակի՝ ասում էի: Երբ հեռվում թշնամու դիրքերը ծխում էին, ժպտում էր խաղաղված: Նա վստահ էր, որ հաղթելու ենք ու թուրքերին դուրս ենք շպրտելու մեր հողից:
Իսկ կամավորականներ Գևորգն ու Արթուրը պատմում են. «Քիլլերը 17 օրվա մեջ 1300-1400 արկ է կրակել: Կատակով ասում էր՝ հենց պատերազմը հաղթենք, ասելու են՝ հետևակն է հաղթել: Մեզ չեն հիշելու: Երբ զենքերը լռում էին, Պյոտրը միանգամից կերպարանափոխվում էր, դառնում էր ուրիշ մարդ՝ բարի, հանդարտ, կարեկից: Մի անգամ երկու հատ մսի պահածո էր գտել: Սոված էինք, մի քանի օր հաց չէինք կերել: Պահածոները տվեց, ասաց՝ կերե՛ք: Հարցրինք՝ դու կերե՞լ ես, ասաց՝ հա՛: Ինքնամոռաց վրա տվեցինք ու կերանք, հետո գլխի ընկանք՝ ախր, պահածոները փակ էին, Պետյան ո՞նց պիտի ուտեր: Ինքը սոված մնաց, ուտելիքը տվեց մեզ:
Պետյան ահռելի ուժ ուներ: Մի անգամ խրամատ էինք փորում, նայեց, նայեց, մեկ էլ մոտեցավ, բահը վերցրեց ու թափով խրեց հողի մեջ: Գետինը ցնցվեց:
… Կարճատև հրադադարներից մեկի ժամանակ սկսեցինք խոսել մեր երազանքներից, պատմել, թե ինչ ենք անելու հաղթանակից հետո: Պետյան ասաց՝ ես երազում եմ, որ ինձ հրավիրեն դպրոց, տանեն մի դասարան, ինձ ցույց տան ու ասեն աշակերտներին՝ «Ահա պատերազմի հաղթած վետերանը»:
… Հայոց բանակի զինվոր Պյոտր Իվանովը հետմահու պարգևատրվեց «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Նրա մասին պատմող ասքերը շուրթից շուրթ կանցնեն, նրա մասին գիրք ու երգ կգրեն: Նրա կերպարով սերունդներ կարիանան: Իսկ ես ամենայն ճշտությամբ կիրականացնեմ նրա երազանքը: Մի օր ես կմտնեմ մի դասարան, երեխաների համար կկարդամ այս հոդվածը, ցույց կտամ Պյոտր Իվանովի նկարը ու կասեմ՝ «Ահա պատերազմի հաղթած վետերանը», որը անսահման սիրում էր իր ընտանիքն ու իր Հայրենիքը…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #29 (1400) 28.07.2021 - 3.08.2021, Ճակատագրեր