Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ՄԵ՛Ր ԵՐԿԻՐՆ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ՄԵ՛Ր ՀՈՂՆ ՈՒ ՋՈՒՐԸ…



ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ՄԵ՛Ր ԵՐԿԻՐՆ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ՄԵ՛Ր ՀՈՂՆ ՈՒ ՋՈՒՐԸ...Գանձակցի Վազգեն եւ Մարինե Ասատրյանների համար հուլիս ամիսը լիուլի էր հույզերի, ապրումների, զգացողությունների առատությամբ՝ միախառնվել-միահյուսվել էին ժպիտն ու արցունքը, անհանգստությունը, սպասումն ու հպարտությունը…

Նախ՝ հուլիսի սկզբին բանակից արձակուրդ եկավ նրանց ավագ որդին՝ Վահանը, պատերազմից հետո առաջին արձակուրդն էր…

Ընդամենը մի քանի օր անց՝ հուլիսի 11-ին, Վահանի հորեղբորորդին՝ Արամը, զորացրվեց: Արամն էլ էր անցել պատերազմի թոհուբոհով:

Հուլիսի 15-ին էլ Ասատրյանների կրտսեր որդին՝ Վահագնը, զորակոչվեց բանակ:

Կենտրոնական հավաքակայանում էլ հանդիպեցինք հայրենիքի նորօրյա պաշտպանին՝ Վահագնին: Տրամադրությունը բարձր էր, համագյուղացի տղաների հետ սպասում էր ապագա ծառայավայրի վիճակահանությանը.

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ՄԵ՛Ր ԵՐԿԻՐՆ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ՄԵ՛Ր ՀՈՂՆ ՈՒ ՋՈՒՐԸ...-Ինձ համար այդքան էլ էական չէ, թե որտեղ կծառայեմ. ուր էլ գնանք՝ հայրենիքի մի անկյունն է, ամենակարեւորը՝ մե՛ր երկիրն ենք պաշտպանում, մե՛ր հողն ու ջուրը,- ասում է Վահագնը:- Հայրենի եզերքի որ անկյունն էլ այսօր գնաս, սահման է՝ սահմանամերձ ու սահմանապահ, մեր դիմաց՝ նույն թշնամին, որ անընդհատ պատերազմներ է հրահրում… Էս հող ու ջրի ամեն մի թիզ դարեր շարունակ կյանքի գնով է պահվում… Ինչքան երիտասարդ տղաներ զոհվեցին այս վերջին պատերազմի ժամանակ. տուն չկա, որ զոհված, վիրավոր հարազատ, բարեկամ կամ ընկեր չունենա…Մեր հարազատներից էլ Տարոնը զոհվեց: Իր գործին նվիրված զինվորական էր Տարոնը, Ռուսաստանում դասընթացների էր, պատերազմի լուրն առնելուն պես շտապ վերադարձավ Արցախ, կռվեց հերոսաբար: Նոյեմբերի 9-ին՝ հրադադարի հաստատման օրը, զոհվեց…

Հայրս էլ է պատերազմին մասնակցել, կռվել է Քարվաճառում, սահմանին էին նաեւ եղբայրս ու հորեղբորս որդին… Հիմա ծառայելու իմ հերթն է, ես էլ իրենց նման պատվով կծառայեմ…

 

***

 

Վահանն էլ, Վահագնն էլ կոփված-մարզված երիտասարդներ են, մինչ բանակ գնալը սպորտով են զբաղվել՝ «Այկիկենդո կարատե» մարզաձեւով:

-Վահանը Կովկասի, Եվրոպայի չեմպիոն է, իսկ ես առայժմ միայն Կովկասի, բայց, կարծում եմ, դեռ հաղթանակներս առջեւում են,- վստահեցնում է Վահագնը:- Բանակից հետո կշարունակեմ մարզումներս, որոշել եմ նաեւ ուսումս շարունակել կա՛մ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, կա՛մ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:

Վահագնը ասում է, որ իր բոլոր երազանքները, նպատակները իրականացնելու է իր ծննդավայրում.

-Օտարի հողը, որքան էլ գրավիչ թվա, ինձ երբեք չի ձգել, երբեք մտադրություն չեմ ունեցել ուրիշ երկրում բնակվելու, ինձ համար ամենահարազատը, ամենասիրունը իմ գյուղն է…

 

***

 

Վիճակահանության սենյակից դուրս են գալիս Գեղարքունիքի նորակոչիկները: Նրանց մեջ նշմարում եմ Վահագնին, ուզում եմ մոտենալ, հարցնել՝ որտեղ է ծառայելու, բայց հիշում եմ իր իսկ ասածը. ուր էլ գնանք՝ հայրենիքի մի անկյունն է, ամենակարեւորը՝ մեր երկիրն ենք պաշտպանում, մեր հողն ու ջուրը…

Մինչ Վահագնը կգնա նոր ծառայավայր, կընտելանա նոր միջավայրին, ավագ եղբայրը՝ Վահանը, այդ պահին առաջնագծում է:

Ասատրյանների ընտանիքում հիմա սպասումն ու հպարտությունը կրկնապատկվել են՝ երկու որդիներն էլ զինվոր են. օջախի սյուները հիմա հայրենիքի սյուներն են…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝

ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #29 (1400) 28.07.2021 - 3.08.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


29/07/2021