Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Է՛Լ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ՝ ՈԳՈՎ ՈՒ ԿԱՄՔՈՎ



Է՛Լ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ՝ ՈԳՈՎ ՈՒ ԿԱՄՔՈՎՇուտով կավարտվի հերթական զորակոչը: Նորակոչիկների վերջին խմբերը, բժշկական զննում անցնելով, մեկնում են հանրապետական հավաքակայան, որտեղից էլ, ինչպես կարգն է, կուղևորվեն վիճակահանությամբ իրենց բաժին ընկած զորամասերը:

Զորակոչային տարածքային ստորաբաժանման շենքի մոտակայքում արդեն խմբվել են զորակոչիկների հարազատները. զրուցում են իրենց նորաթուխ զինվորների հետ, բանակ մեկնելուց առաջ խորհուրդներն ու բարեմաղթանքներն  իրենց զավակներին վերջ չունեն:

Է՛Լ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ՝ ՈԳՈՎ ՈՒ ԿԱՄՔՈՎԳրիշա հայրիկը՝ պահակը, իր ձևով է ջերմացնում նորակոչիկներին և բակում հավաքված նրանց ընտանիքների անդամներին: «Սառը ջուր կուզե՞ք, էրեխե՛ք ջան, խմե՛ք, նոր ներս գնացեք»,- դարպասից ներս մտնող «Զինուժի» մեր նկարահանող խմբին էլ է բաժին հասնում նրա ուշադրությունից: Առավոտ վաղ արդեն շոգը զգացնել է տալիս, իսկ Գրիշա հայրիկը մոտակա աղբյուրից սառը ջուրը խողովակով քաշել, հասցրել է մինչև դարպասը. «Մոտակայքում ցայտաղբյուր չկա: Բերել եմ, որ մեր զորակոչիկներն ու ծնող-հարազատները ծարավ չմնան: Տղա՛ ջան, սառը ջուր կուզե՞ս»:

Մոտենում եմ իրենց զորակոչիկի շուրջը խմբված առաջին ընտանիքին. տղան անհամբեր է, կայտառ, նրա բարձր տրամադրությունը ընտանիքի անդամներին է փոխանցվում: «Էդուարդ Հարությունյան»,- ներկայանում է առույգ: Ձիգ ու ամրակազմ է. «Սպորտո՞վ ես զբաղվում»: «Այո՛, Քիք-բոքսինգ և պարկուր: Մանկուց եմ զբաղվել. շատ եմ սիրում այս սպորտաձևերը»: «Փաստորեն, ֆիզիկապես պատրաստ ես: Իսկ ի՞նչ մտքերով, ի՞նչ զգացումներով ես ծառայության մեկնում»: «Առանց հատուկ մտորումների: Պարտքս է… Երբ պատերազմը սկսվեց, 17 տարեկան էի: Հենց առաջին օրերին գնացի զինկոմիսարիատ, խնդրում էի, որ ինձ էլ տանեն: Ծառայող ընկերներիցս երեքը զոհվել են. երկուսը ծանր վիրավորում են ստացել… Ուզում էի նրանց օգնելու գնալ, կողքներին կանգնել… Բայց, չստացվեց, չտարան»:

Է՛Լ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ՝ ՈԳՈՎ ՈՒ ԿԱՄՔՈՎԷդուարդը ութ տարի շարունակ Ռուսաստանում է ապրել ծնողների հետ: Աշխատում էր: Երկու տարի է՝ արդեն Հայաստան է վերադարձել, հաշվառման անցել, որ երբ ժամանակը գա՝ մեկնի ծառայության: Մայրը՝ Հերմինե Գրիգորյանը, հպարտությամբ որդուն է նայում. «Շատ ոգևորված, ուրախ է մեկնում: Իհարկե, անհանգստություն կա բոլորիս մեջ էլ, իրավիճակը այնքան էլ հստակ ու կանխատեսելի չէ: Բայց մեր որդուն վստահում ենք: Թող ողջ-առողջ գնան ու հետ գան մեր տղաները: Աստված թող մեր բոլոր զինվորների հետ լինի: Մենք էլ միայն ուրախության արցունքներով իրենց դիմավորենք»: Էդուարդի հայրը՝ Թելման Հարությունյանը, հպարտությամբ է խոսում. «Ես այսօր արդեն ոչ թե ապագա, այլ փաստացի զինվորի հայր եմ: Հպարտությունս մեծ է: Բոլոր ծնողները պետք է հպարտ լինեն, որ իրենց որդին ծառայության է մեկնում: Տղան անպայման պետք է ծառայի: Իհարկե, բոլորիս ցանկությունն է, որ խաղաղ լինի մեր երկիրը, մեր տղաներն էլ խաղաղ պայմաններում ծառայեն»: Հետո որդուն է դիմում. «Ոնց որ այսօր ուրախ ճանապարհում ենք քեզ, նույն եռանդով, ուրախությամբ, երգով, ոգով ծառայե՛ք ու հե՛տ եկեք ընկերներով: Մենք էլ՝ հայրերով, այս ընթացքում միշտ, ամեն պահի ձեր թիկունքին կանգնած կլինենք»: «Թող բոլորը գնան, լավ ծառայեն, պաշտպանեն մեր Հայրենիքը ու անփորձանք ետ գան,- ծնողների խոսքն ամբողջացնում է Էդուարդը:- Ճիշտ է, ես որոշ ժամանակ Ռուսաստանում եմ ապրել, բայց այնտեղ ընդամենը աշխատում ենք, իսկ սա իմ հողն է, իմ ջուրը. պետք է պաշտպանենք»:

Է՛Լ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ՝ ՈԳՈՎ ՈՒ ԿԱՄՔՈՎՄոտենում եմ մեկ այլ խմբի. հասակակից տղաներով կանգնած՝ զորակոչիկ ընկերոջը՝ Վահան Կոչկանյանին են ճանապարհում: Ընկերներից մեկը՝ Ալեքս Սարգսյանը, վերջին պատերազմի մասնակից է: Ականանետորդ է, Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ մղվող մարտերին է մասնակցել: Պատերազմի ավարտին խրախուսվել է սերժանտի կոչմամբ, «Մարտական ծառայության» մեդալ ստացել: «Թշնամու համար սա հիմնականում «պուլտերով կռիվ էր», հեռավար,- ասում է Ալեքսը:- Մեր կռվի համար անհամեմատելիորեն ավելի բարդ պայմաններ էին, բայց խնդիրները պատվով ենք կատարել»: Զորակոչիկ ընկերոջը՝ Վահանին, Ալեքսը խորհուրդ է տվել նվիրումով ծառայել, ոչնչից ու ոչ մի պարագայում չընկճվել, միշտ ոգին բարձր պահել. «Ամեն ինչ լա՛վ է լինելու: Սա էլ տղամարդու համար մի փորձություն է, որը պետք է պատվով հաղթահարել»: Պատերազմը, Ալեքսի խոսքերով, իր կյանքի ամենալուրջ փորձությունն է եղել, որի մեջ էլ ուզում է մի լավ բան տեսնել. «Եթե այս փորձություններով անցել ես, կյանքում քեզ այլևս ոչ մի խնդիր չի կարող անհանգստացնել. բոլոր խնդիրները հեշտությամբ լուծելի կդառնան»:

Է՛Լ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ՝ ՈԳՈՎ ՈՒ ԿԱՄՔՈՎԶորակոչիկ Վահան Կոչկանյանի հարազատների մեջ էլ զինվորականներ կան. այնպես որ, մարտերով անցած ընկերոջից բացի, դեռ փոքրուց զինվորական գործին միայն լսելով չէ, որ ծանոթ է: Մասնագիտությամբ տեխնիկ-մեխատրոնիկ է Վահանը: «Ռոբոտներ, ստենդներ»,- բացատրում է երիտասարդը: «ԱԹՍ-նե՞ր»: «Դա էլ է մտնում մասնագիտությանս մեջ: …Երբ Ալեքսը պատերազմում էր, ինչպես ասում են՝ փշերի վրա էինք բոլորս. հենց հնարավոր էր լինում, զանգով էինք տեղեկանում իրավիճակից: Ալեքսը պատերազմի ընթացքում շատ ուժեղ կռիվ է տվել, շա՛տ,- ընկերոջով անթաքույց հպարտանում է Վահանը:-Ես էլ շատ լավ եմ տրամադրված ծառայությանը, ու ինչպես Ալեքսն ասաց՝ այս դպրոցն էլ տղամարդու համար է, պետք է անցնեմ ու պատվով հետ գամ»:

Մյուս նորակոչիկը, որին հանդիպում եմ՝ Դավիթ Գևորգյանը, մասնագիտությամբ ծրագրային ճարտարագետ է: Գերազանցությամբ ավարտել է ԵՊՃՀ-ն և դիմել է միամյա սպայական դասընթացներ անցնելու համար, որոնց ավարտին՝ որպես սպա, ևս երկու տարի ծառայելու է զորքերում: «Այս կերպ, վստահ եմ, բանակին բերած իմ օգուտը շատ ավելի մեծ կլինի, մասնագիտական կրթությունս, գիտելիքներս ավելի ճիշտ կօգտագործվեն: ՀՕՊ մասնագետ եմ ուզում դառնալ, որի համար հաշվարկներ անելու  հմտությունը, ինչպես գիտենք, առաջնահերթ է»: Առջևում քննությունն է, որը Դավիթին հնարավորություն կտա ընդունվելու իր նախընտրած ռազմական ուսումնական հաստատությունը: «Մեծ պատիվ կլինի ինձ համար որպես սպա ծառայելը: Պատերազմի ընթացքում ինձ անօգտակար էի զգում: Զոհված ընկերներ ունեմ… Ծառայող ընկերներիս մեծ մասն էլ արդեն վերադարձել է ծառայությունից: Մենք չենք հրահրել այս պատերազմը, բայց մենք պե՛տք է հաղթենք: Ոչ մի հուսալքություն. պատերազմից էլ պետք չէ վախենալ, թող իրե՛նք վախենան»:

Է՛Լ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ՝ ՈԳՈՎ ՈՒ ԿԱՄՔՈՎԵրիտասարդները հերթով ու կարգով նախնական բժշկական զննություն են անցնում զինկոմիսարիատում, ճշգրտվում են նրանց փաստաթղթային բոլոր հարցերը, որից հետո ավտոբուսներով ուղևորվում են դեպի հանրապետական հավաքակայան: Հարազատներն արդեն սպասում են դարպասի մոտ: Երբ զինվորներով լեցուն ավտոբուսները դուրս են գալիս շենքի բակից, բոլորը միահամուռ ու բարձր ծափողջույններով ճանապարհում են զորակոչիկներին՝ օրվա հերոսներին: Գրիշա հայրիկն էլ արդեն պատրաստել է ջուրը. ավանդույթը պետք է պահել. ավտոբուսի հետևից ջուր է թափում. «Բարով գնաք, բարով գաք, տղանե՛ր ջան»:

Հանրապետական հավաքակայանում ամեն ինչ իր կարգով ու հունով է ընթանում: Զորակոչիկները հերթով անցնում են բոլոր անհրաժեշտ փուլերը՝ բժշկական զննումից և ֆլյուրոգրաֆիկ հետազոտությունից մինչև թվապիտակների ստացումը, որոնց վրա համապատասխան տառերով նշված է նրանց հետագա ծառայության բնույթը: Հավաքակայանի ճաշարանում այդ ընթացքում նրանց համար համեղ ու սննդարար ճաշատեսակներ են պատրաստվում:

Հանրապետական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահը՝ վաստակաշատ բժիշկ, գնդապետ Դանիել Մկրտչյանը, որը 44-օրյա պատերազմի ընթացքում դաշտային հոսպիտալի աշխատանքներն է համակարգել, բազում մարտիկների կյանքեր փրկել, այսօր՝ խաղաղ պայմաններում, ամենայն ուշադրությամբ և հետևողականությամբ կազմակերպում է զորակոչիկների՝ հավաքակայանում ընթացող բուժզննման աշխատանքները: Նրանից տեղեկանում ենք բուժծառայության աշխատանքների ընթացքի, արդյունքների մասին:

Է՛Լ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ՝ ՈԳՈՎ ՈՒ ԿԱՄՔՈՎ«Հանրապետական հավաքակայանի բժշկական հանձնաժողովը երկու հիմնական խնդիր ունի,- ասում է բժիշկը:- Առաջինը՝ սուր վարակիչ հիվանդությունները ժամանակին հայտնաբերելը, հիվանդների մեկուսացումն ու զինված ուժեր տարբեր վարակների մուտքի կանխարգելումն է: Այժմ ավելի մեծ ծավալով ենք իրականացնում հատկապես կորոնավիրուսային վարակի հայտնաբերման աշխատանքները: Հավաքակայան ներկայանալուն պես իրականացվում է զորակոչիկների ջերմաչափում, առաջնային բժշկական զննություն,  արյան նմուշառում՝ կորոնավիրուսային հակամարմինների քանակական քննություն իրականացնելու նպատակով, որի արդյունքներով պատկերացում ենք կազմում, թե զորակոչիկների քանի տոկոսի մոտ են դրանք առկա, այսինքն՝ քանի տոկոսն են արդեն հիվանդացել: Որոշում ենք, թե որքանով է կորոնավիրուսային վարակը համավարակային տեսանկյունից վտանգավոր մեր բանակի համար: Արդյունքները այս պահին դեռ վերջնականապես ամփոփված չեն, բայց ընդհանուր առմամբ կարելի է արձանագրել, որ զորակոչիկների 70 տոկոսից ավելին արդեն վարակվել են կորոնավիրուսով և առողջացել: Այսինքն՝ կարելի է փաստել, որ զորքերը այլևս այս վարակի զանգվածային օջախ լինելու վտանգից հեռու են: Իհարկե, զորքերում նույնպես հրահանգավորված են կորոնավիրուսային վարակի մասին, և առանձին դեպքերը, որոնք հնարավոր է՝ հետագայում գրանցվեն, շատ արագ կարող են մարել, ինչը շատ կարևոր է մեր ռազմաբժշկական ծառայության կազմակերպման առումով:

Հաջորդ կարևոր գործառույթը, որ իրականացնում է ռազմաբժշկական հանձնաժողովը, առաջնային զննությունն է. գանգատների և անձնական գործերում եղած հետազոտությունների տվյալների համադրում, անհրաժեշտ հետազոտությունների լիարժեքության ապահովում, առողջական վիճակի հետ կապված՝ պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների հետազոտությունների մանրազնին ուսումնասիրություն: Վերջնական նպատակը հստակ պատկեր ունենալն է՝ զորակոչիկը համապատասխանո՞ւմ է զինվորական ծառայությանը, թե՞ ոչ: Եթե հայտնաբերվեն առողջական լուրջ խնդիրներ, ապա, ըստ կարգի, կծավալվեն համապատասխան հետազոտություններ: Սակայն, հարկ է նշել, որ որպես կանոն, հիվանդ զորակոչիկները հավաքակայան չեն հասնում: Այստեղ մենք արդեն ընդունում ենք ծառայությանը գործնականում պիտանի զորակոչիկներին, հնարավոր է՝ որոշակի սահմանափակումներով: Հարկ է նշել, որ այս զորակոչի ընդհանուր պատկերը դրական է, «առողջ» զորակոչ է:

Ասեմ, որ յուրաքանչյուր բժիշկ նաև հոգեբան է: Այս ընթացքում աշխատելով զորակոչիկների հետ՝ նկատել եմ, որ տղաների բարոյահոգեբանական վիճակը, ծառայության նկատմամբ տրամադրվածությունը ևս շատ բարձր է: Մարտական են տրամադրված եւ ոգով ուժեղ են: Հանդիպում են զորակոչիկներ, որոնք վերջին պատերազմում հարազատներ, ընկերներ են կորցրել: Հատկապես նրանք է՛լ ավելի մեծ պատրաստակամությամբ ու գիտակցումով են մեկնում զորքեր»:

Մինչև հավաքակայանում ընթացակարգով նախատեսված հերթական փուլով անցնելը, կարճատև ընդմիջումներին տղաները ծանոթանում են, կիսվում տպավորություններով ու այդ օրվա հետ կապված իրենց մտածումներով: Նրանց ուղեկցող սպաներից մեկը մատնացույց է անում տղաներից մեկին. «Շատ լավ մարզիկ, ուժեղ տղա է»: Հենրի Կարապետյանն է: Մշակույթի, արվեստի պետական քոլեջն է ավարտել Հենրին՝ ռեժիսորական բաժինը: Ամրակազմ է, ձիգ. փոքրուց զբաղվել է սպորտով: Ուզում եմ նրա կարծիքն իմանալ զորակոչից, զորակոչիկ տղաներից իր առաջին տպավորությունների մասին. «Մտերիմ միջավայր է: Բոլորս արդեն, կարելի ասել, մերվեցինք: Առաջին տպավորությունից շատ լավն են բոլոր տղերքը: Տրամադրությունս շատ բարձր է այսօր: Մի փոքր լարվածություն կա, բայց դա միայն սպասումի, հետաքրքրասիրության լարվածություն է: Մարտակա՛ն եմ տրամադրված,- ասում է երիտասարդը:-Պատերազմն սկսվելու առաջին օրերին մեր քոլեջի ընկերներիցս Գոռն ու Արենը զոհվեցին: Մեր առաջին ծանր կորուստն էր… Ու անգամ կարևոր չէ՝ անձամբ ճանաչո՞ւմ էինք, թե ոչ, մեր բոլոր կորուստներն էլ ծանր էին բոլորիս համար: Այդ ընթացքում քանի որ ծառայության մեջ չէի, օգնում էի թիկունքում: Դերասանների, ռեժիսորների մեր խմբով Հյուսիսային պողոտայում ծխախոտ, տաք հագուստ, անհրաժեշտ պարագաներ էինք հավաքում, պատրաստում, հետո տանում էինք թատրոն, այնտեղից էլ՝ ըստ անհրաժեշտության՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններ: Արցախից եկած մեր հայրենակիցներին էինք օգնում՝ ինչով հնարավոր էր: Հիմա էլ ծառայությամբ ենք օգտակար լինելու Հայրենիքին: Մեծ պատիվ է ծառայելը»: «Ի՞նչ է քեզ համար Հայրենիքը»: «Ամեն ինչ: Հայրենիքը ծնողդ է, ընկերդ, հավաքական մեր ուժը, ներուժը, որից սնվում ես, որով ապրում ես ու նայում առաջ… Շատ կուզենամ, որ մեր պետությունը, մեր Հայրենիքը դուրս գա այս վիճակից, և վստահ եմ, որ դուրս կգանք: Ամեն մեկս մեզ վրա պատասխանատվություն վերցնենք, մի «լումայով» գոնե օգնենք, ու վստահ եմ, որ մեր Հայրենիքը կվերագտնի իր ուժը ու իր երբեմնի հզորությունը»:

Այդ օրը, որքան հնարավոր էր, հասցրինք ծանոթանալ մեր զորակոչիկների հետ: Առաջին տպավորությունը շատ դրական է. կարող ենք վստահ լինել՝ այս զորակոչի տղաներն է՛լ ավելի ամուր են ոգով ու կամքով:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #29 (1400) 28.07.2021 - 3.08.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


29/07/2021