ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼ…
Փոխգնդապետ Արմեն Օհանյանի 50-ամյակը նշվում է Իջևանի բարձունքում՝ նրա շիրիմի մոտ… Փոխգնդապետը, որ բանակն ընտանիք համարեց, զինվորին՝ զավակ, ու դիրքն՝ իր տան պատերը… Արմեն Օհանյանը 44-օրյա պատերազմի ամենաթեժ ուղղություններից մեկում կռվեց, Քաշաթաղի դարպասները պահեց, Այգեհովիտը պաշտպանեց։ Եվ հայրենիքը պաշտպանելիս ու զինվորի կյանքը փրկելիս զոհվեց։
Հոկտեմբերի 19-ին, երբ թշնամու գրոհային խմբերը մոտեցել էին, փորձառու սպան գիտակցելով, որ չեն կարողանալու դիմադրել, նահանջի հրաման էր տվել։ Տեղում ինքն էր մնացել՝ կանխելու նրանց առաջխաղացումը։ Եվ երբ մոտեցել էին, Օհանյանը քաշել էր նռնակի օղակն ու պայթեցրել իրեն ու թշնամուն։ Յուրայինները փրկվել էին, հրամանատարն՝ ընկել. «Փոխգնդապետ Օհանյանը ամբողջ կյանքում այդպես էլ տարբերություն չդրեց իր զավակների և զինվորների միջև, բոլորին իրենը համարեց ու հայրաբար հոգ տարավ տղաների մասին ու հենց այդ սկզբունքով էլ կռվեց մինչև վերջին շունչը»,- ասում է ընկերը՝ Նվեր Մանգասարյանը։
Փոխգնդապետ Օհանյանի մասին պատմություններն ու հիշողությունները նրա տարեդարձի օրն են հնչում, զինակիցները հպարտությամբ են ներկայացնում հերոսին, որն ամբողջ ծառայողական կյանքն անցկացրել է սահմանին՝ որպես հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ. «Ամեն օր, վաղ առավոտից մարտական հենակետերում էր, շրջում էր, բացթողումները շտկում ու զրուցում դիրքապահների հետ: Բոլորը գիտեին. Օհանյանը խստապահանջ էր եւ ամեն ինչ անում էր հանուն զինվորի անվտանգության, դիրքի հուսալի պահպանության»,- ընկերոջը ներկայացնում է փոխգնդապետ Հովսեփ Փայտյանը։
Հրամանատարը շունչ էր քաշում, իր ընտանիքի մասին հոգ տանում, երբ համոզվում էր, որ առաջնագծում ամեն ինչ կարգին է։ Իրականում նրա հենակետերում երբեք գործը չէր ավարտվում, անելիք միշտ կար. «Ինքը միշտ ծառայության մեջ էր… Նույնիսկ երեկոյան, երբ բոլորով տանն էինք, ընթրիքի շուրջ հավաքված, հայրս կիսով չափ մեզ հետ էր, կիսով չափ՝ իրենց վստահված դիրքերում»,- ասում է դուստրը՝ Աննա Օհանյանը։
… Հետո արդեն բեմից հերոսին զինվորները ներկայացրին՝ խոսքով ու երգով։ Ներկայացրին, թե ինչպես էր հրամանատարը ծառայում, ինչպես էր կազմակերպում հերթապահությունը, ինչպես էր թևութիկունք դառնում առաջին անգամ դիրքեր բարձրացող անձնակազմին…
Օհանյանին հայրենակիցները հեղինակային երգեր են նվիրել, տողեր ձոնել, անմահացրել հերոս Սահմանապահի գործն ու առաքելությունը։ Եվ այսօր այդ գործը Օհանյանի զինվորների ու սպաների ուսերին է… Եվ նրանք ձգտում են ծառայել ու սահմանը պահել այնպես, որ սահմանից այն կողմ թշնամին կարծի, թե փոխգնդապետ Օհանյանը շարունակում է իր առաքելությունը՝ ամուր պահելով սահմանները…
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #29 (1400) 28.07.2021 - 3.08.2021, Ճակատագրեր