ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԲՈԼՈՐ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿԿԱՍԵՑՎԵՆ
Հակառակորդն այստեղով չի անցնի. հայ դիրքապահները հավաստիացրին, որ Հայաստանի արեւմտյան սահմանագոտու Երասխի հատվածում կասեցրել եւ շարունակելու են կասեցնել ադրբեջանական զինուժի առաջխաղացման ցանկացած փորձ։ Պայմանագրային զինծառայող Արտյոմ Ալեքսանյանը նշեց, որ վերջին օրերի սադրանքների ընթացքում հայ դիրքապահները մեկ քայլ նահանջ չեն ունեցել եւ միահամուռ ուժերով արժանի հակահարված են տվել։ «Այս պահին էլ կազմ ու պատրաստ սպասում ենք նրանց»,- ասաց նա։
Սադրանքները սահմանի այս հատվածում սկսվել են հուլիսի 19-ի երեկոյան. ադրբեջանական զինված ուժերը, տարբեր տրամաչափի զինատեսակներից անընդմեջ կրակահերթերի ներքո, հայկական մի քանի դիրքերի ուղղությամբ զորքեր են տեղաշարժել, փորձել իրականացնել ինժեներական աշխատանքներ։ Պայմանագրայիններ Մանուկ Մանուկյանի ու Խաչատուր Խաչատրյանի վկայությամբ՝ ինժեներական տեխնիկա մոտեցնելով, հակառակորդը փորձել է կտրել իրենց դիրքը՝ թիկունքում թողնելով մյուս դիրքերը, բարելավել իրենց խրամատը, սակայն մեր դիրքապահները ձախողել են հակառակորդի ծրագրերը։
Հայկական ստորաբաժանումներն ամբողջ ընթացքում պատժիչ գործողություններ են ծավալել, ինչից հետո հակառակորդը լռել է։ Բայց… ժամանակավորապես։ Հակառակորդը անդադար կրակը շարունակել է հուլիսի 20-ի վաղ առավոտյան, նորից փորձել տեխնիկա առաջ բերել, սակայն դարձյալ անարդյունք։ Հայ դիրքապահները մի քանի կողմերից հուժկու կրակով ճնշել են ադրբեջանական զինծառայողների սադրիչ գործողությունները եւ նահանջ պարտադրել։
Դիրքապահ Արտյոմ Զաքյանը հավաստիացրեց, որ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում եւ զգոն են ամեն վայրկյան. «Ցանկացած սադրանք, անգամ շարժ նկատելու դեպքում դիմում ենք համապատասխան միջոցների»,- ասաց պայմանագրային զինծառայողը։
Այս դիրքերում հիմնականում պայմանագրայիններ են, բոլորն էլ պատերազմով անցած, մարտական փորձով կոփված։ Բոլորը միակամ են. ոչ մի մետր նահանջ չի լինելու, իրենց դիրքերն ինչպես պահել, այնպես էլ շարունակելու են պահել։
Դիրքապահները Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներին հետեւում են մի քանի ուղղությունից եւ մանրամասն դիտարկում ամեն շարժ, հետեւաբար, իրավիճակը սրելու ցանկացած փորձ կարող է ծանր հետեւանքներ ունենալ հակառակորդի դիպուկահարների, դիվերսանտների ու ապահովման միջոցների համար։ Դիրքապահները գիշերային տեսադիտարկման սարքերով կարողանում են հետախուզել, հայտնաբերել հակառակորդին, անհրաժեշտության դեպքում՝ խոցել։ «Դիտարկվում է ցանկացած կետ, այստեղով հակառակորդը աննկատ անցնել չի կարող։ Առաջխաղացման փորձի դեպքում պատժվելու են, եթե շարունակեն՝ ոչնչացվելու են»,- վստահեցրին պայմանագրայինները։
Հայկական կողմի զինանոցը համալրված է բոլոր անհրաժեշտ եւ ամեն տրամաչափի զինատեսակներով։ Դրանք կիրառողները նույնպես լավագույններն են ու պատրաստ են օրվա ցանկացած ժամի հակառակորդի ոտնձգություններին համարժեք արձագանքել եւ կանխել ցանկացած արկածախնդիր հարձակում։
Գումարտակի հրամանատար Նորայր Մելքոնյանը նշեց, որ մեր զինված ուժերը չեն տրվում սադրանքների, բարձր մակարդակով կատարում են առաջադրված խնդիրները, մարտական ոգին եւ բարոյահոգեբանական վիճակն էլ շատ բարձր է։
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Խորագիր՝ #29 (1400) 28.07.2021 - 3.08.2021, Ազգային բանակ