ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՇՎԵՏՈՒ ՉԷ ԲԱՆԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ասել է, որ մեծ ճնշում չի գործադրում զինված ուժերի վրա նրանց գործողություններն իրականացնելիս:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա պատասխանատվություն չի՞ զգում խաղաղ բնակիչներին սպանության համար` Ասադը նշել է, որ ինքն ընդամենը նախագահ է, այլ ոչ թե երկրի ու բանակի սեփականատերը, ապստամբների ելույթները ուժով ճնշող ստորաբաժանումների մասին էլ ասել է, որ դրանք «իրենը» չեն: Ապստամբությունը ճնշելու պետական քաղաքականությունից շեղվելու համար նա մեղադրել է չափից դուրս «գործ անող» որոշ հրամանատարների:
Ինչ վերաբերում է երկրում օրեցօր խորացող հակամարտությանը, ապա Ասադը մեկ անգամ ևս նշել է, որ ինքը դրանում իր մեղավորությունը չի տեսնում: Ճիշտ է, ինքը ցավում է բոլոր զոհերի համար, սակայն ամեն ինչի համար պատասխանատու են զինված հանցավոր խմբավորումները:
Նշենք, որ ՄԱԿ-ի գնահատականներով այս տարվա մարտին երկրում սկսված ընդհարումները հետզհետե վերաճում են քաղաքացիական պատերազմի` արդեն իսկ դառնալով ավելի քան 4000 մարդու մահվան պատճառ:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան