ՀԵՐՈՍԱԿԱՆ ՎԱՇՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ…
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ամբողջ անձնակազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների։
Հուլիսի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կայացած արարողությանը պետական պարգևները զոհվածների հարազատներին հանձնեցին հրամկազմի ներկայացուցիչները։ Պարգևների հանձնման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, հերոսների հարազատները, այլ հրավիրվածներ։ Խաղաղության ու մխիթարանքի խոսքով ներկաներին դիմեց ԶՈՒ գնդերեց Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված հերոսների հիշատակը և հոտնկայս, ծափողջույններով գնահատեցին նրանց գործած աներևակայելի սխրանքը:
Մի ամբողջ վաշտի անձնակազմ հերոսաբար մարտնչել է թշնամու՝ թվաքանակով բազմակի գերազանցող, «մինչև ատամները» զինված, օդից ԱԹՍ-ների աջակցությունը ստացող հատուկջոկատայինների դեմ, աննահանջ, մինչև վերջին փամփուշտն ու վերջին մարդը կռիվ է տվել՝ գիտակցաբար ընտրելով կատաղի մարտն ու… մահը գերադասելով նահանջից: Վաշտի բոլոր տղաներն արժանացել են ամենաբարձր գնահատանքի ու պարգևների, ցավոք, հետմահու… Հանդիսավոր արարողությանը հերոսական վաշտի տղաների պարգևները՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, հանձնեցին նրանց հարազատներին, որոնք վերջին պատերազմում կորցրել են ամենաթանկը… Եվ նրանցից յուրաքանչյուրը յուրովի է վերապրում կորստի ցավը, յուրովի գնահատում իր հարազատի գործած սխրանքը:
Մարիետա Բալայանը նույն այս կենաց-մահու ճակատում ոչ թե մեկ, այլ երկու որդի է կորցրել:
«Մեծս՝ Վահեն, սովորում էր Գևորգյան հոգևոր ճեմարանում, ուզում էր հոգևորական դառնալ: Երկու տղաներս՝ Դավիթն ու Վահեն, միասին գնացին ծառայության: …Վերջին անգամ որդիներիս հետ խոսել եմ հոկտեմբերի 9-ին, ժամը յոթին: Դավիթս զանգեց: Այնքան էլ երկար խոսեցինք. սովորաբար միայն կարճ հաղորդագրություններով էինք սահմանափակվում: Ինձ էր ոգի տալիս. «Բան չկա, մա՛մ ջան, նորմալ է ամեն ինչ»: Շատ գործողությունների էին մասնակցել, բայց մինչև այդ էլ միշտ «ծածկագրերով» էինք խոսում: Դավիթը կրտսեր սերժանտ, դիրքի ավագ էր, Վահեն՝ դիպուկահար: Դավիթս դիրքի պատասխանատուն էր, իսկ Վահես հրամկազմի հետ հետախուզական գործողությունների էր գնում: Երբ ամսի 10-ին զանգ չեղավ նրանցից, մտածեցի՝ կապ չի եղել, կամ հարմար չի եղել զանգելը: Իրենց առջև պայման էի դրել՝ հարմար մի պահի պարզապես զանգեն, ասեն՝ «Մա՛մ», ձայները լսեմ: Երբ ամսի 11-ին էլ չզանգեցին, արդեն անհանգստացա: Փորձեցի ինքս զանգել, բայց բոլոր համարները անհասանելի էին: Միայն մի կամավորական էր արձագանքում, հույս տալիս: Երբ ամսի 16-ին գրեցի՝ խնդրելով օգնել գտնելու տղաներիս, այլևս չպատասխանեց: Այդ համարն էլ էր անհասանելի: …Վերջերս նա ինձ այցելության եկավ, ասաց, որ ամեն ինչ գիտեր, բայց չէր կարողանում ասել…»:
Մարիետայի ձեռքին երկու որդիների պարգևներն են: Բայց չի բացել փաթեթները՝ տեսնելու, թե ինչ շքանշաններ են. «Չեմ էլ նայել»,- ասում է շփոթված: «Եկեք միասին նայենք»,- առաջարկում եմ: Երկու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի… «Հզոր են եղել տղաներդ»,- հուզվում եմ: «Այո՛, հզո՛ր են եղել»,- արձագանքում է՝ շեշտելով հզոր բառը:
Սարգիս Նավասարդյանը դասակի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, լեյտենանտ Արտակ Ղազարյանի քեռին է: Արտակը գյուղինստիտուտը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: «Երբ պատերազմն սկսվեց,- ասում է Սարգիսը,- Արտակը դեռ Երևանում էր: Այդ ընթացքում դասընթացների էր մասնակցում: Մենք Նոյեմբերյանի սահմանապահ Բերդավան գյուղից ենք, Արտակը սահմանի տղա էր: Երբ պատերազմն սկսվեց, անմիջապես Նոյեմբերյան գնացի, որ, եթե կարիքս լինի, օգնեմ, իսկ ինքը զանգեց ինձ, ասաց. «Գնում եմ Արցախ»: Կարող էր Նոյեմբերյան էլ գալ, բայց ասաց. «Չէ՛, հենց էնտեղ պիտի գնամ»: Անչափ կարգապահ էր: Երբեք ոչինչ չէր հետաձգի. ամեն ինչ ժամանակին պետք է կատարեր, ամենայն պատասխանատվությամբ: Շատ խիստ էր ինքն իր նկատմամբ»:
Վերջին անգամ Արտակի հետ խոսել են հոկտեմբերի 10-ին՝ մոր ծննդյան օրն է շնորհավորել: «Շատ բարձր էր տրամադրությունը, մորը շնորհավորեց, հետո ինձ հետ խոսեց: «Կոդավորված» հարց տվեցի. «Հարևանի ցանկապատը մոտավորապես ինչքա՞ն հեռավորության վրա է»: Հետո կատակի տվեցի. «Դե, զգո՛ւյշ եղիր, դրանք շատ կռվարար են»: Ծիծաղելով ասաց. «Խնդիր չի՛, կպահենք»:
Մինչև այդ էլ մեզ ոչինչ չէր պատմում: Դեպքից հետո արդեն ուրիշները պատմեցին, որ թշնամու թիկունքում էլ են հաջող դիվերսիոն գործողություններ իրականացրել:
…Հոկտեմբերի 11-ին արդեն նրանց ճակատագիրը որոշված էր:
Արտակը այնքան կայտառ, կյանքով լեցուն տղա էր, որ մինչև այժմ ոչ ոք՝ ընկերները, համագյուղացիները, բոլոր ծանոթները, դեռ չեն հավատում, որ նա էլ չի գալու… Ապրում ենք այն զգացողությամբ, որ մի օր վերադառնալու է:- Սարգիսը ժպիտով է ասում այս բառերը, սակայն, անմիջապես էլ հուզմունքը խեղդում է,- այս պարգևը շատ թանկ գնահատական է ինձ, իր մյուս հարազատների համար: Ափսոս, ես եմ ստանձնել այն ստանալու իրավունքը: Խորը ցավ եմ ապրում. շատ կուզեի, որ ինքը ստանար: Շատ կուզենայի, որ այս պարգևը հետմահու չլիներ, այլ լիներ իր կրծքից կախված: Նա գովասանագրերի և մեդալների մի մեծ տրցակ ունի, գիտական աշխատություններ է գրել. դրանք հիմա մի մեծ սեղանի վրա դարսված են նրան նվիրված պատվո անկյունում…»:
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Էդգար Տոնականյանի մայրը՝ Աստղիկ Հակոբյանը, Արթիկից է: «Այսօր տղաս զորացրվելու էր, տուն էր գալու: Բայց նրա փոխարեն այսօր նրա շքանշանը ստացա: Կուզենայի, որ որդիս վերադառնար, ու ես հպարտանայի, որ որդիս պատվով ծառայել ու տուն է եկել»: Էդուարդը Արթիկի գեղարվեստի քոլեջն էր ավարտել, անվճար ընդունվել էր Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա: «Շատ լավ նկարում էր,- պատմում է տիկին Աստղիկը,- շատ լավ երգում: Տաղանդավոր տղա էր: Բանակում սերժանտի կոչում էր ստացել: Դիպուկահար էր. շատ էր սիրում իր զենքը: Երբ պատերազմի ընթացքում խոսում էի հետը, ոգին անասելի բարձր էր, ասում էր. «Մա՛մ ջան, մեր հող ոտք դրածներին էստեղ էնպե՜ս ենք հնձում: Բան չմնաց, քիչ էլ դիմացի, հետ կգամ»: Բայց… չեկավ, չեկան մեր տղաները. սպասելով մնացինք… Երբ վերջին անգամ խոսեցինք, խառն էր վիճակը, միայն ասաց. «Լավ եմ, մա՛մ ջան, չմտածես»: Կողքից կանչեցին, արագ ասաց. «Հետո կզանգեմ» ու… էլ չզանգեց…»:
Արմինե Հարությունյանը Շահբարյան Տիգրանի մայրն է: Տիգրանը կրտսեր սերժանտ էր, ստորաբաժանման բուժակը: «Երբ նրան գտանք,- պատմում է մայրը,- զրահաբաճկոնն ու կասկան հագին էին, ձեռքին զենք կար: Նա մինչև վերջ կռիվ էր տվել: Պատերազմի ավարտից հետո, երբ զոհված տղաներին մարտի դաշտից բերում էին, շատերը խնամքով վիրակապված էին: Մտածում էի՝ ուրեմն Տիգրանը նաև որպես բուժակ էր հասցրել օգնություն ցուցաբերել կռվող ընկերներին… Իհարկե, վաշտից ոչ ոք չի փրկվել, որ պատմեր, հստակ իմանայինք, թե ինչպես է եղել այդ ամենը: Տիգրանը շատ էր սիրում բուժակի իր մասնագիտությունը, ձեռքն էլ շատ թեթև էր: Որպես բուժակ, մինչև պատերազմն էլ նրան շատ էին գնահատում: Քանի որ ես ծնունդով Մարտունիից եմ, ամուսինս՝ Մարտակերտից, մեր սրտով էր շատ, որ Տիգրանը ծառայության անցավ հենց Արցախում: Հայրենասեր էր. անուն առ անուն, գործ առ գործ գիտեր Ապրիլյան պատերազմի բոլոր հերոսներին, գիտեր, որ տղաները կյանքի գնով են այդ դիրքերը պահել: Երբ այցելում էի նրան, այնքան ռազմահայրենասիրական երգեր էր երգում, որ ես էլ, անկախ ինձնից, հետո անընդհատ այդ երգերն էի երգում: Ծառայությունից շատ գոհ էր, ինքնավստահ էր, լավատես, հոգեպես ամուր… Եվ նրա այդ կերպարը ինձ շատ է օգնում, որ հաղթահարեմ ցավս. ամեն օր երազներում այցելում է ինձ, խոսում հետս ու պարտադրում, որ լավատես ու հպարտ լինեմ, որ չընկճվեմ: Ասում է՝ «Գիտե՞ք, ինչքան թշնամի եմ վերացրել…»: Չեմ կարող հիմա խոսքերով բացատրել, թե իմ ու որդուս միջև ինչպիսի կապ կա… Զգում եմ նաև, որ նրան դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկին որևէ բանում մեղադրում եմ:
Տիգրանի զոհվելուց մեկ ամիս անց Արմինեն ծառայության է անցել ՊԲ զինված ուժերում. ԲՀԱ վարչությունում վստահության գծի օպերատոր է, զբաղվում է ժամկետային զինծառայողների խնդիրներով:
«Պատահական չէ, որ հենց այս ծառայությունն եմ ընտրել. այսօր ես ամեն վայրկյանն օգտագործում եմ զինվորներին, ինձ նման մայրերին օգնելու համար և այսպես փորձում եմ շարունակել Տիգրանիս կիսատ թողած գործը: Մենք չենք կարող հետ բերել մեր որդիներին, բայց պետք է փորձենք արժանապատիվ ապրել և օգնել իրար, օգնել մեր Հայրենիքին՝ ոտքի կանգնելու ու շարժվելու առաջ»:
Թեև կուզեի անուն առ անուն հիշել այս հերոսական վաշտի բոլոր զոհված տղաներին, որոնք մարտնչել են մինչև վերջին շունչը, բայց այդ օրը կարողացա խոսել զինծառայողների հարազատներից միայն մի քանիսի հետ:
Պետք է խոնարհվենք ու փորձենք ամոքիչ խոսքեր գտնել բոլորի համար…
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝
ԳԵՎՈՐԳ ՊԵՐԿՈՒՊԵՐԿՅԱՆԻ
Արմենպրես
Խորագիր՝ #30 (1401) 4.08.2021 - 10.08.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում