«ԲԱՆԱԿՆ ԻՄ ՏՈՒՆՆ Է, ԶԻՆՎՈՐՆԵՐՆ՝ ԸՆՏԱՆԻՔՍ». ՏԵՐ ՄԱՆՈՒԿ ՔԱՀԱՆԱ ԶԵՅՆԱԼՅԱՆ
«Երեք ընտանիք ունեմ՝ մեկը Հայ Առաքելական Եկեղեցին է, երկրորդը՝ իմ կինն ու զավակներն են, եւ նրանցից ոչ պակաս կարևորն իմ զորամասն է»,- ասում է Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը՝ զինուժի հատուկ նշանակության զորքերի հոգևոր սպասավորը: Ավելի քանի 13 տարի Վիրահայոց թեմում ծառայելուց հետո Մանուկ Զեյնալյանը հոգևոր ծառայության է կոչվել զինված ուժերում եւ ինքն էլ դարձել Հայոց բանակի նվիրյալ զինվոր. «Երբ Վրթանես Սրբազանի հետ առաջին անգամ այցելեցինք այս զորամաս, Սրբազանն ասաց, որ այն ամենահատուկն է բոլորի մեջ։ Եվ այդ ժամանակ շատ մեծ պատասխանատվություն զգացի իմ ուսերին, բայց պատվով ստանձնեցի իմ առաքելությունը, և սկսվեց բոլորովին նոր, հետաքրքիր ու զարմանալի մի ծառայություն»։
Զինվորական կարգ ու կանոնով ծառայությունը սկզբում խորթ էր, բայց երկար չանցած՝ հոգևորականը մերվեց բանակային կյանքին… Արցախյան երկրորդ պատերազմի առաջին ժամերից նա իր զինվոր-զավակների կողքին էր, ռազմաճակատում, առաջնագծում. «Զգացի, որ ոչնչից չեմ վախենում»,- պատերազմի մասին խոսելիս ասում է Տեր Մանուկը. «Միակ զգացողությունը, որ ունեի այդ օրերին, իմ զինվորին օգնելն էր, զգում էի, թե որքան կարևոր է իմ աղոթքը յուրաքանչյուրի համար»։
Հիշողությունից չջնջվող պատերազմի դրվագներն ու մեր զորքի փայլուն իրականացրած մարտական խնդիրները բազմաթիվ են, ասում է զորամասի գնդերեցը: Առաջին սխրանքը, որին ինքն ականատես է եղել, պատերազմի երկրորդ օրն էր. տղաները Քարվաճառում սեպտեմբերի 28-ին այնպիսի ջարդ են տվել թշնամուն, որ ոգեշնչել են նաև առաջնագծի մյուս զինվորներին.
«Տղերքս առյուծի ձագեր են. այնպիսի անհատականություններ կային, որ խաղաղության ժամանակ մշտապես թիկունքում են եղել, թաքցրել են իրենց անձը, անհատականությունը, բայց պատերազմի դաշտում նրանք հրաբուխի պես ժայթքեցին ու իրենց կյանքը չխնայեցին կռվում…»։
Առաջին մարտադաշտից՝ Քարվաճառից հետո, տեր Մանուկն իր զորքի հետ տեղափոխվում է Արցախի հարավային թև՝ Ջրական, այնուհետև Հադրութ: Հավատքն էր զորքի ամենազորեղ ուժը ամենածանր օրերին, ասում է հատուկ նշանակության զորքերի գնդերեցն ու մտաբերում պատերազմի իր համար ամենադաժան դրվագը, երբ մեծ թվով զինծառայողներ Իշխանաձորում հայտնվում են թշնամու շրջափակման մեջ: Ծուղակից փրկությունը թվում էր անհնար: Դարձյալ զինվորական հմտություններին ու քաջությանն օգնության է հասնում քրիստոնեական անբեկանելի հավատքը. «Գիշերը ուշ ժամի զանգ եկավ հեռախոսիս, տղաներս էին, ասացին, որ հակառակորդն իրենց օղակի մեջ է վերցրել, ու եթե 15 րոպեից չկարողանան դուրս գալ, չսպասենք իրենց: Այդ պահին աշխարհը փուլ եկավ գլխիս, վայրկյանների ընթացքում, ասես, ծերացա: Ի՞նչ կարող էինք մենք անել նրանց համար: Ամբողջ զորքով մի մարդու պես ծնկել ենք ու աղոթել, երկրորդ անգամ աղոթելուց շատ չանցած, զինվորներից մեկը մոտեցավ ինձ, ասաց՝ տե՛ր հայր, կլինի՝ երրորդ անգամ էլ աղոթենք, ասում են՝ երեք անգամ աղոթելն օգնում է, երրորդ անգամ աղոթքն ավարտելուց հետո նորից զանգ ստացա. տղաներս ողջ-առողջ դուրս էին եկել շրջափակումից…»:
Տեր Մանուկը առաջնագծում միմյանց հանդեպ հոգատարության ու սիրո մասին է պատմում, հոգատարություն, որ ձգվում էր հրամանատարից մինչև ենթասպա, շարքային զինվոր ու կամավոր։ Երբ առջևում հակառակորդն էր իր գերժամանակակից տեխնիկայով ու վայրագ հրոսակներով, նրանց դեմ հանդիման հայ սպան ու զինվորն էին եղբայրացած կռվում, ոչ միայն կռվում, այլև աննահանջ օգնում, փրկում էին միմյանց հակառակորդի ուղիղ նշանառությամբ գնդակոծության պահերին։
Ամենածանրը Շուշիի Սուրբ Ամենափրկիչը վիրավոր տեսնելն էր, սեփական աչքերով տեսնելը թշնամական արկերի հարվածը Ղազանչեցոց սուրբ տաճարին։ Վայրագություն, այսպես է բնորոշում տեր Մանուկը թշնամու գործողությունները, որոնց նպատակը հայի հավատը խորտակելն էր, նրա կամքը կոտրելը, բայց անգամ վիրավոր Ղազանչեցոցի պատերի տակ գնդերեցի աղոթքը չի դադարել, իսկ զորքի հավատը առ այսօր անսասան է։ Հոգևորականը վստահորեն շեշտում է՝ պատերազմը թշնամին սանձազերծեց քրիստոնյա ազգի ոչնչացման նպատակով, հետո խոստովանում՝ կռվի դաշտում հարազատ ժողովրդի համար հուսահատության այնպիսի պահեր է ապրել, որ ինքն էլ երբեմն ստիպված է եղել խաչի փոխարեն զենք վերցնել իր հայրենիքի ու հավատքի պաշտպանության համար։
… Հիմա հրադադար է, բայց յուրաքանչյուր զինվոր ու սպա հստակ գիտակցում է, որ պայքարը նոր փուլում է՝ ասում է տեր Մանուկն ու հոգու խորքում այն հույսը փայփայում, որ մի օր նորից Ղազանչեցոց եկեղեցում սուրբ պատարագ է մատուցվելու. «Շուշին մերն է, Հադրութը մերն է, խաչի զորությամբ ասում եմ՝ հետ ենք բերելու, մենք չտեսնենք, մեր երեխաներն են տեսնելու։ Շուշին մերն է…»։
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #30 (1401) 4.08.2021 - 10.08.2021, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում