ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ
Օգոստոսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։
Արման Թաթոյանն Արշակ Կարապետյանին ներկայացրել է զինված ուժերին վերաբերող՝ պաշտպանի գրասենյակի կատարած աշխատանքի արդյունքները, ընդգծել համագործակցության դրական ազդեցությունը առկա խնդիրների վերհանման և վերլուծության վրա, ինչպես նաև դրանց լուծումների կարևորությունը։
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը, մասնավորապես՝ ակտիվ գործակցությունը ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ համապատասխան կառույցների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմին և հետպատերազմյան սահմանային լարվածությանը վերաբերող այն հարցերը, որոնք ուղիղ առնչություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության հետ։
Նախարար Կարապետյանն ընդգծել է, որ այժմ զինված ուժերում իրականացվում են կարգապահության ամրապնդմանը, զորքերի մարտունակության բարձրացմանն ուղղված, ինչպես նաև զինծառայողների սոցիալական ապահովության համալիր միջոցառումներ։
Մարդու իրավունքների պաշտպանը նաև տեղեկացրել է, որ գրասենյակը իրականացրել է հասարակության շրջանում սպայի դերի բարձրացման հետ կապված ուսումնասիրություն, որի շրջանակում այժմ պատրաստվում է համապատասխան զեկույց։