ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ
Ադրբեջանը հավակնում է
Այն բանից հետո, երբ Մինսկում ստորագրվեցին ռազմական համաձայնագրեր, եւ Ադրբեջանը, արտահայտվելով սեփական բանակ ստեղծելու օգտին, պահանջեց նախկին խորհրդային բանակի սպառազինության մեծ մասը հանձնել իր իրավասությանը, հանրապետությունում ռազմական թեման վերստին դարձավ առաջնային:
Ադրբեջանում տեղակայված է Անդրկովկասի ամենահզոր զորախումբը` 60 հազար մարդ: Այստեղ է 4-րդ բանակը, որի կազմում են ցամաքային ուժերի 4 դիվիզիա, ՀՕՊ զորքեր, ռազմավարական նշանակության հրթիռային զորքեր, ՌՕՈւ, այդ թվում՝ 130 ռազմական ինքնաթիռներ, հրթիռային հարձակման մասին զգուշացնող համակարգեր, պաշտպանական ռազմավարական զսպող ուժեր եւ օդադեսանտային զորքեր` Գանձակ քաղաքի մոտ: Բացի այդ, Բաքվում է քաղաքային հզոր կայազորը եւ բարձրագույն ռազմական ուսումնարանը: Առափնյա շրջանում է տեղակայված կասպիական ռազմածովային նավատորմը եւ դրանից ոչ հեռու, Նյարգին կղզում, վիթխարի ռազմածովային ռազմակայանը: Արտասահմանյան աղբյուրների տվյալներով, այդ նավատորմում ծառայում է ավելի քան 6 հազար մարդ: Ռազմական փորձագետների կարծիքով՝ բոլոր ուժերը, բացի 4-րդ բանակից ու որոշ զորամասերից, ռազմավարական են:
Սակայն Ադրբեջանը պնդում է, որ օդադեսանտային զորքերն ու Կասպիական նավատորմը չպետք է ներառվեն ռազմավարական ուժերի ցանկում: Ադրբեջանն առայժմ հավակնություններ չներկայացնելով օդադեսանտային զորքերի ու Կասպիական ռազմածովային նավատորմի նկատմամբ, ծրագրում է ստեղծել իր առանձին ռազմածովային բրիգադը:
Այսօր Ադրբեջանը հավակնություններ ունի հիմնականում 4-րդ բանակի նկատմամբ: Հենց դրա հիման վրա պետք է ստեղծվեն նրա սեփական զորքերը:
(«Մեգապոլիս-էքսպրես», 16.01.1992)
Հանդուգն ձեռնարկում
Ստեփանակերտում տարածվեց սենսացիոն լուր. հայկական ինքնապաշտպանական ուժերի մի խումբ մարտիկներ մի քանի շաբաթվա ընթացքում թունել են փորել Թումանյան փողոցի մյուս կողմում տեղակայված շինությունից դեպի քիմիական գումարտակի զինապահեստը եւ գիշերն այնտեղ տարել զենքի մի խմբաքանակ, հիմնականում ինքնաձիգներ: Հանդուգն ձեռնարկման մասին զորամասում իմացել են միայն առավոտյան:
(Վ.Բ.Հարությունյան, «Իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում»)
ԱՄՆ-ը ճանաչե՞լ է ԼՂՀ անկախությունը
1992 թ. հունվարի 17-ին «Նեզավիսիմայա գազետան» հաղորդեց, որ նախորդ օրը Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Ր.Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը, որում նա հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջ.Բեյքերի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:
Բեյքերն ասել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչի եւ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի Ադրբեջանի հետ, որն ագրեսիվ պատերազմ է մղում Լեռնային Ղարաբաղում, որտեղ խախտվում են մարդու իրավունքները: Նա բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած սահմանադրական ակտերը` անկախության հանրաքվեն եւ Գերագույն Խորհրդի ընտրությունները:
(Վ.Բ.Հարությունյան, «Իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում»)
Պատմում են ադրբեջանցի գերիները
«Սոբեսեդնիկ» շաբաթաթերթի թղթակիցներ Նիկոլայ Բախրոշինը եւ Միխայիլ Սերդյուկովը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերջերս (1992 թ. սկզբին) հանդիպել են «ադրբեջանական ազգային բանակի» գերի զինվորների հետ: Ահա նրանց պատմածը:
Բաքվեցի տնտեսագետը զորակոչվել է բանակ` դրա մասին թռուցիկ պատկերացում կազմած լինելով միայն համալսարանի ռազմական ամբիոնում՝ որպես պահեստազորի սպա: Նրան ուղարկել են Շուշի: Նրա տեսողությունը «մինուս չորս» է: Արդեն հաջողվել էր նույնիսկ Մոսկվայում Ֆյոդորովի մոտ վիրահատության համար հերթագրվել, բայց ո՞ւմ է դա հետաքրքրում: Դասակ են տվել եւ Կրկժանի մոտ (այդ գյուղն ուղիղ Ստեփանակերտի վերեւում է) նստեցրել խրամատում: Կարգադրել են գիշերները քաղաքացիներին արթնացնել ինքնաձիգի կրակահերթերով: 1600 ռուբլի աշխատավարձ են նշանակել: Այն անվանում են «նախագահական»: Մարտական գործողությունների ժամանակ աշխատավարձը եռապատկվում է: Հենց այդ «աշխատավարձը վաստակելու» ընթացքում էլ, Մեհման գյուղի հերթական գրոհի ժամանակ, նա վիրավորվել է եւ դասակի կեսի հետ գերի վերցվել:
-Դուք ինչո՞ւ եք այստեղ,- հարցրինք վիրավոր սպային:
-Զինկոմիսարիատից ազատվելու համար փող չունեինք,- դառնացած պատասխանեց լեյտենանտը: Եվ հաց խնդրեց:
Նույն դասակի 20-ամյա զինվորը հաստատեց հրամանատարի ասածը:
-Ինձ տնից են բանակ բերել: Ես նույնիսկ զինգրքույկս պատռեցի, բայց նորը տվեցին: Իսկ զինկոմիսարիատում հանդիպեցի դպրոցական ընկերոջս: Նրան տուն արձակեցին: Նրա հարազատները 20 հազար ռուբլի են հավաքել եւ, ըստ երեւույթին, փողով ազատել: Մերը Բաքվի 26 կոմիսարների շրջանի հայտնի զինկոմիսարիատն է:
Հանձն չենք առնում ադրբեջանական բանակի մարտական ոգու մասին դատել միայն այս գերիների հայտարարությունների հիման վրա: Բանակի հետ ուս ուսի գործում է նաեւ, այսպես կոչված, ՕՄՕՆ-ը` հատուկ ստորաբաժանում, որն, ասում են, երգելով է կռվի գնում… Հավելենք միայն. գերիներին փոխանակելու` հայկական կողմի առաջարկությունը Շուշիում ընդունվեց հայհոյանքով. «Բաքվեցինե՞ր են: Տո ո՞ւմ են դրանք պետք: Այ, եթե մերոնցից` շուշեցիներ լինեին…»:
(«Սոբեսեդնիկ», թիվ 6, փետրվար, 1992 թ.)
Բոլորը պատրաստվում են Շուշիի գրոհին
Վերջերս Լեռնային Ղարաբաղում է եղել «ԻՄԱ-պրես» գործակալության տեղեկատվության բաժնի վարիչ Պյոտր Գոդլեւսկին, որի հետ զրուցում է «Ռուսսկայա միսլ» հանդեսի պետերբուրգյան թղթակից Միխայիլ Կոնդրատեւը:
-Այն, ինչ սովորաբար անվանում են մարտական ոգի, բարոյական առավելություն, առաջվա պես ղարաբաղյան կողմի՞նն է:
-Դա նրա գլխավոր առավելությունն է, քանի որ համարյա բոլորն ընդունում են, որ ինքնապաշտպանական ջոկատներում լուրջ կարգապահություն չկա, չկա նաեւ լուրջ սպառազինություն. գլխավոր զենքը Կալաշնիկովի ինքնաձիգն է: Իսկ ամենակարեւոր առավելությունն այն բանի գիտակցումն է, որ մարդիկ կռվում են իրենց հողի վրա եւ, իրենց խոսքով, կռվելու են մինչեւ վերջ: Այսօր ինքնապաշտպանության ուժերը վերահսկում են իրենց հայրենիքի տարածքի եթե ոչ 90, ապա 80 տոկոսը: Թեպետ նրանք լավագույն ձեւով չէ, որ զինված են, կարողացան անել այն, ինչ գարնանն ու ամռանը չկարողացան անել խորհրդային բանակն ու Ադրբեջանի իշխանությունները միասին:
-Ձեր կարծիքով՝ ինչքանո՞վ են մարտունակ Ադրբեջանի զինված ուժերը:
-Ադրբեջանը երկու խնդիր ունի: Նախ՝ նրա ռազմական տեխնիկան պաշտոնապես ամբողջությամբ խորհրդային բանակի կամ ԱՊՀ բանակի սեփականությունն է, որը կա՛մ գողանում են, կա՛մ գնում: Երկրորդ` չկան զինվորական լուրջ մասնագետներ:
-ԼՂՀ-ում ինչպե՞ս են վերաբերվում նախկին խորհրդային բանակին, իսկ այժմ` ԱՊՀ ուժերին:
-Խորհրդային բանակի զորամասերի հետ այնտեղ ոչ մի հույս չեն կապում: Քանի դեռ դրանք ԼՂՀ-ում էին, Ստեփանակերտի եւ մյուս քաղաքների բնակիչները համարում էին, որ զորամասերը կայունացնող ինչ-որ դեր ունեն, թեպետ որոշ զորամասեր մասնակցեցին տեղահանությանը: Այժմ, երբ այնտեղ մնացել են միայն կամավորականներ, իսկ զորամասերը հանվել են, ընդ որում, դեսանտայինները պայթեցրել են Ստեփանակերտի 366-րդ գնդի տեխնիկայի մի մասը, բնականաբար, վերաբերմունքը փոխվել է դեպի բացասականը: Մարդիկ հարցնում են` ինչո՞ւ այստեղ պայթեցնում են այն տեխնիկան, որը զորամասերը չեն կարողանում վերցնել իրենց հետ, իսկ Աղդամում, որտեղ ադրբեջանական ուժերը գրավել են վիթխարի պահեստ, այն ո՛չ պայթեցվել է, ո՛չ վերացվել, ո՛չ էլ հետ վերցվել: Սա ինձ համար էլ է հանելուկ:
-Ձեր կարծիքով՝ հետագայում ի՞նչ բնույթ կկրի այս պատերազմը:
-Միայն մի բան կարող եմ հաստատ ասել. մոտ ժամանակներս, մինչեւ մարտի վերջը, միգուցե փոքր-ինչ ուշ, ԼՂՀ-ում պատերազմի նոր բռնկում լինի` կապված այն բանի հետ, որ ինքնապաշտպանության ուժերը գրոհելու են Շուշի քաղաքը: Այնտեղ բոլորն արդեն պատրաստվում են դրան` թե՛ բարոյապես եւ թե՛ ռազմական առումով: Դա համապատասխանում է, այսպես ասած, ԼՂՀ ղեկավարների ռազմական դոկտրինին, որի համաձայն՝ պետք է ոչնչացվեն բոլոր այն ռազմական հենակետերը, որոնք ճանաչում են Ադրբեջանի իրավասությունը: Այդպիսի ամենախոշոր հենակետը Շուշի քաղաքն է: ԼՂՀ տվյալներով՝ այնտեղ բնակիչներ չեն մնացել, թեպետ, ըստ ադրբեջանական տվյալների, բնակիչներ կան:
-Ինչպե՞ս եք գնահատում հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը:
-Պետք է ենթադրել, որ մոտ ժամանակներս ԼՂՀ հիմնախնդիրը ոչ մի կերպ չի լուծվի: Եթե ինչ-որ բանակցություններ ընթանում էլ են, ինչպես Թեհրանում, ապա, ամենայն հավանականությամբ, դրանք նախնական բնույթ ունեն եւ իրական արդյունքների, ռազմական հակամարտության լուծման մեջ տեղաշարժերի մոտ ժամանակներս չեն բերի:
(«Ռուսսկայա միսլ», 27.03.1992, կրճատումներով)
Պատմական որոշում
1992 թ. փետրվարի 24-ին (Խոջալուի ազատագրման նախօրյակին) ԼՂՀ Գերագույն Խորհրդի նախագահությունն ընդունեց հատուկ որոշում` ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի (ԻՊՈՒ) մասին: Որոշման մեջ ասվում էր.
«Ելնելով այն բանից, որ հայ բնակչության նկատմամբ իրականացվող ցեղասպանության, կողոպուտի, բռնությունների եւ հայկական գյուղերի բնակիչների բռնատեղահանության հետեւանքով ստեղծվել են Լեռնային Ղարաբաղի շահերը պաշտպանելու կոչված կամավորական ջոկատներ, աչքի առաջ ունենալով Ադրբեջանի անթաքույց զավթողական գործողությունները ԼՂՀ-ի դեմ՝ զորահավաքի միջոցների հաշվառման եւ հանրապետության պաշտպանության ապահովման նպատակով կազմավորված զինված ջոկատները դիտել որպես ԼՂՀ ինքնապաշտպանության ուժեր եւ դրանք ենթարկել միասնական հրամանատարությանը:
Հանձնարարել շրջգործկոմներին եւ զինկոմիսարիատներին ամսվա ընթացքում անցկացնել հանրապետության բոլոր զինապարտների վերահաշվառում եւ զորակոչային տարիքի քաղաքացիների հաշվառում:
ԻՊՈՒ-ում ընդգրկված զինապարտներին համարել զինվորական ծառայության զորակոչվածներ:
Հանձնարարել ԼՂՀ զինկոմիսարիատներին ԻՊՈՒ շրջանային ստորաբաժանումների շտաբների հետ անցկացնելու ԼՂՀ շահերի համար պայքարում զոհված, անհայտ կորած եւ հաշմված անձանց վերահաշվառում»:
(Մհեր Հարությունյան, «Ասկերան. հերոսության հասցեներ», Ասկերան, 2005 թ.):
Շարադրեց Ա. ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
Խորագիր՝ #31 (1402) 11.08.2021 - 17.08.2021, Ազգային բանակ