Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ



ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸՀայ Առաքելական  Սուրբ Եկեղեցին Ս. Աստվածածնի փառաբանությանը նվիրված  7 տոն ունի` Ս. Մարիամով Աննայի հղությունը, Աննայից Մարիամ Աստվածածնի ծնունդը, Աստվածածնի Ավետումը, Ընծայումը տաճարին, Վերափոխումը, Աստվածածնի տուփի գյուտը, Աստվածածնի  Գոտու գյուտը,  որոնցից ամեն մեկն իր խորհրդով մեզ առաջնորդում է խոնարհվելու և բարեխոսություն խնդրելու:

…Երբ Փրկչի համբարձումից անցավ տասներկու տարի, և սուրբ Կույսն արդեն պետք է փոխվեր այս մարմնավոր կյանքից, վերափոխումից 30 օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը, որ հղության ավետիսն էր տվել նրան, այս անգամ հայտնեց Կույսին երկրից երկինք փոխման ավետիսը:

Երբ սուրբ Կույսն աղոթում էր իր սենյակում, եկավ Գաբրիել հրեշտակապետը, ողջունեց ու կանչեց նրան Ձիթենյաց լեռ, ուր սուրբ Կույսը սովորաբար գնում էր աղոթելու: Կույսը գնաց և ծնրադրելով աղոթեց այն տեղում, որտեղից Փրկիչը համբարձվեց: Այդտեղ նրան դարձյալ երևաց հրեշտակն ու ողջունեց և ապա հայտնեց, որ լրացել է օտարության մեջ նրա պանդխտության ժամանակը, և այժմ պահն է գնալու դեպի իր հայրենի ժառանգությունը: Ասաց նաև, որ Տիրուհին չի մնալու մահվան գավառում, քանզի անմահ կյանքի արժանացավ, վերջացան նրա չարչարանքներն ու լրացան տառապանքները, անցնելու են տրտմություններն, ու մոտ է ուրախությունը: Ապա, տասնչորս օր անց, կրկին եկավ Գաբրիել հրեշտակապետը և կրկին Տիրուհուն ավետեց Աստծու մոտ վերափոխվելու մասին: Ապա, ևս 12 օր անց, երրորդ անգամ եկավ Գաբրիել հրեշտակապետը և դարձյալ խորնարհվելով տիրածին Կույսի առջև` նրան տվեց բրաբիոնի մի պսակ, որը հյուսել և բերել էր Ադամի Դրախտից և այն դրեց սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը դա տեսնելով օրհնեն Աստծուն: Իսկ ամենասուրբ Կույս Մարիամը, երբ ստացավ իր երկինք փոխվելու ավետիսը և բրաբիոնի պսակը, գնաց Ձիթենյաց լեռը՝ աղոթելու: Ապա դարձավ իր տուն, կանչեց իր բոլոր դրացիներին, ազգակիցներին և այն սուրբ կույսերին, ովքեր իր հետ ժուժկալությամբ ճգնում էին, ու նրանց հանձնարարեց, որպեսզի վառեն բոլոր ջահերը և իր հետ լինեն երեք օր, և այդ օրերին նրանց շատ բաներ էր պատմում Աստծու մեծամեծ գործերի մասին: Երբ կույսերը լսեցին Աստվածածնի խոսքերը, թե վերափոխվելու է աշխարհից, սաստիկ խռովվեցին: Մինչ Աստվածամայրը խոսում էր նրանց հետ, եկավ նրա հոգևոր որդին՝ Հովհաննես ավետարանիչը, որը Քրիստոս էր քարոզում Երուսաղեմի մոտակա գյուղերում, և ողջունեց ու երկրպագեց իր մորը՝ սուրբ Կույս Մարիամին: Ապա Հովհաննեսը հարցրեց, թե ինչո՞ւ են մարդիկ տրտմության մեջ: Սրբուհին, զվարթ դեմքով և բերկրալի սրտով, նրան կարգով պատմեց հրեշտակի այցելության, իր վերափոխման մասին և մատնանշեց իր թաղման տեղը, որը լինելու էր Գեթսեմանիում: Երբ Հովհաննեսը լսեց այդ ամենը, սկսեց ողբալ, որ զրկվելու է իր հոգևոր մորից:

Ապա սուրբ Կույսն աղոթքով խնդրում է Տիրոջից տեսնել առաքյալներին, քանի որ նրանք գնացել էին աշխարհի տարբեր ծայրերը՝ փրկության Ավետարանը քարոզելու: Այնուհետև Կույսը Հովհաննեսին խնդրեց մատուցել աստվածային պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Այդժամ Հովհաննեսը Հիսուսի մայր Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելավ Վերնատուն և այնտեղ կատարեց Պատարագի սուրբ խորհուրդը: Վերնատանը Սուրբ Հոգու կանչով, ամպով հափշտակվելով՝ համագումար միաբանությամբ հավաքվեցին սրբազան առաքյալների դասերը՝ հրաժեշտ տալու Աստվածամորը, և նրանց հետ էլ յոթանասուներկուսը, յուրաքանչյուրն իրեն վիճակված վայրից: Սուրբ հաղորդության ավարտին՝ սուրբ պատարագի արձակման պահին, առաքյալները երկրպագեցին Աստվածամորը և տվեցին Հիսուսի ավանդած ողջույնը: Ապա ողջունեցին միմյանց սրբության համբույրով և օրհնեցին Աստծուն իրենց այդ զարմանահրաշ հավաքի համար: Առաքյալները լսելով, որ Աստվածածինը պետք է հեռանա իրենցից, նույնպես սկսեցին ողբալ: Աստվածամայրը նրանց ասաց, որ պետք չէ ողբով մթագնել իր ուրախությունը, և պետք չէ մարդկայնորեն մտածել, այլ խնդրեց առաքյալներին, որ նրանք աղոթքներով ուղեկցեն իրեն:

 

Տիրամոր պատկերի մասին

 

Երբ Աստվածամայրը հրավիրվեց վերափոխվել իր Միածին Որդու մոտ, Հովհաննես Ավետարանիչը, Աստծու կամքից ազդվելով, վերցրեց կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևեց Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները որոշեցին աղաչել Տիրամորը, որպեսզի նա այդ փայտեղեն անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Քանզի այդ օրերին բորոտության ախտը մոլեգնում էր Հրեաստանում և առավել ևս Երուսաղեմում:

 

Աստվածամոր ննջումը

 

Ապա սուրբ Աստվածամայրը նոր զգեստներ է հագնում, խնդրում է վառել ջահերն ու լապտերները, իսկ ինքն ընկղմվում սուրբ անկողնու մեջ: Սուրբ առաքյալները շրջանաձև նստում են նրա մահճի շուրջ: Պետրոսը նստում է մահճակալի գլխավերևում, իսկ Հովհաննեսը՝ ոտքերի մոտ, իսկ Տիրամայրը ձեռքերը տարածում է դեպի արևելք և գոհանալով օրհնում Աստծուն: Այդպիսով Տիրամայրը հասնում է իր վախճանին՝ գնալու համար երանության աշխարհը: Մահը հասնում է նաև Քրիստոսի մորը, որպեսզի նա ևս մահ ճաշակի:

 

Աստվածամոր պատանումը

 

Երբ Տիրամայրը ննջեց սուրբ փառքով, հավաքվեցին հավատացյալ կանայք ու սուրբ կույսերը, ովքեր նրա մոտ էին և օրենքի համաձայն պատանեցին նրա մարմինը, որպեսզի տանեն Տիրոջ վաղօրոք նշած վայրը՝ Գեթսեմանի: Ապա մոտեցավ Հովհաննեսը՝ իբրև ճշմարտության տնտես, և մաքուր կտավներով պատանեց անարատ Կույսի աստվածաբնակ մաքրափայլ մարմինը, դրեց դագաղի մեջ:

 

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸԱստվածամոր թաղումը

 

Այնուհետև երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգություններով ու օրհնություններով առաջնորդվում դեպի Գեթսեմանի: Այդ ժամանակ սատանան լցրեց հրեաներին մոլորության ոգով, և նրանք չար նախանձով դեմ ելան, որպեսզի խորտակեն դագաղը և գցեն սուրբ մարմինը գետին, սակայն կուրությամբ պատուհասվեցին: Մի քահանա՝ Սոփոնիա անունով, մեկնեց իր ձեռքերը և ուժգին հարվածեց սուրբ դագաղին՝ ցանկանալով այն գետին գցել, բայց նրա ձեռքերն արմունկներից հատվեցին, կախվեցին դագաղից, իսկ նա թավալգլոր ընկավ գետին: Սոփոնիան սկսեց իր անձին վայ տալ ու եղուկ ասել և աղաղակելով դիմել Պետրոսին՝ սուրբ Կույս Մարիամին Աստվածածին խոստովանելով:

Երեք օր հետո, առավոտյան, անմարմինների բանակներն իջան գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտեցավ սուրբ Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց խախտելու կնիքը, վերցրեց աստվածընկալ մարմինն ու վերացավ երկինք: Տերը, մարմինը տանելով, միավորեց հոգու հետ ու հանգչեցրեց փառքի աթոռին՝ Իր աջ կողմում՝ ըստ սաղմոսերգուի խոսքի. «Թագուհին կանգնած է քո աջից» (Սաղմ. ԽԴ 10): Դրանից հետո առաքյալներն այլևս չլսեցին հրեշտակների ձայներ սուրբ Կույսի գերեզմանից, քանզի նա կատարելապես հարություն առավ: Փառավորվեց Աստվածածին Կույսն իր փառավորյալ Որդուց՝ Աստծուց, և վերափոխվեց միշտ կույս Տիրամայրը, քանզի ճաշակեց անմահության բաժակը: Եվ նա միշտ բարեխոսում է մեզ համար:

 

Բարդուղիմեոսի այցը

 

Առաքյալները Տիրամոր թաղումից հետո՝ մի քանի օր ևս մնացին Երուսաղեմում: Սակայն նրանցից մեկը՝ Բարդուղիմեոսը, ներկա չէր Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում, քանզի դա էր Տիրոջ կամքը: Իսկ երբ նա եկավ ու իմացավ կատարվածը, խիստ վշտացավ, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո սկսեց աղաչել Պետրոսին և մյուսներին, որ իրեն ցույց տան աստվածային գանձը՝ Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահով ու դողով աղոթք արեցին ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացեցին գերեզմանը և այն դատարկ գտան: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները: Նրանք սկզբում խիստ զարմացան, սակայն հետո իմացան, որ հրեշտակների օրհներգությունների դադարումից հետո, հրաբուն զորքերի միջոցով, Տիրուհին փոխադրվել է դեպի մեծ ու լուսապատիվ փառքը, որը միայն Աստված գիտի, և հիանալով փառք տվեցին Աստծուն: Իմացան նաև, որ ընդամենը երեք օր մնաց սրբուհու մարմինը գերեզմանում, քանի որ չէր կարող աստվածընկալ մարմինը մնալ երկրում, այլ իրեն արժանի փառքով պետք է բարձրանար երկինք: Դրանից հետո առաքյալները երկնքից ձայն լսեցին, որն ասում էր, որ Աստվածամոր փայտյա պատկերը տան Բարդուղիմեոսին, որպեսզի նա դրանով մխիթարվի և իր հետ տանի իրեն վիճակված երկիրը, և որ Աստվածամոր մարմնի համար չերկյուղեն, քանի որ այն փոխվեց իր Արարչի ու Որդու մոտ: Այս լսելով՝ առաքյալները գոհացան, փառավորեցին Աստվածամորը և կամենալով մխիթարել իրենց եղբորը, նրան տվեցին Տիրամոր պատկերը, որը Բարդուղիմեոսը վերցնելով հույժ ուրախացավ:

Հայերս տոնում ենք ոչ թե Աստվածամոր ննջումը, այլ իր Միածին Որդու մոտ վերափոխումը: Այդ պատճառով միշտ կիրակի օրն է կատարվում Աստվածամոր վերափոխման տոնը, քանի որ Կույսը ծնվեց հինգշաբթի օրը, ինչպես Իսահակն ու մեր Տերը, և ննջեց նույնպես հինգշաբթի օրը, իսկ կիրակի օրը հարություն առավ և փոխվեց իր Որդու մոտ:

 

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸԽաղողօրհնեք

 

Սուրբ պատարագից  հետո կատարվում է խաղողօրհնության կարգը և ապա օրհնված ողկույզները բաժանվում են ժողովրդին, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այս խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը էտելով որթատունկը՝ այն պտղաբեր անի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: Այնուհետև գինին՝ խաղողի արյունը, Միածին Որդին Իր փրկական Արյան նյութն արեց և Վերնատանը Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց, ասելով. «Սա՜ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. ԻԶ 28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից: Տերը նախապես մարգարեությամբ հայտնել էր, որ գինին ուրախացնում է մարդուն և լուծարում նրա տրտմությունը (Սաղմ. ՃԳ 15): Այդ մասին նաև Նոյի պատմությունից ենք իմանում, երբ նա տրտմեց՝ աշխարհի ապականության պատճառով, Տերը նրան գինին տվեց մխիթարվելու համար, ինչը զմայլեցրեց Նոյին ( Ծննդ. Թ 21): Եվ երբ լրանում են ժամանակները, Տերը գալիս է Վերնատուն և տալիս Իր կենարար Արյունը, որպես կրկնակի ուրախության բաժակ, մեղքերի քավության և հոգու իմաստության համար: Գինին թեպետ Տիրոջից տրվեց ինչպես բարի պարգև, սակայն այն անիմաստաբար գործածողների համար դարձավ առիթ չարության, ինչպես և շատ այլ բարիքներ դարձան չարության առիթ: Այդպիսով խաղողը կրկնակի օրհնության արժանացավ՝ օրհնվելով և՛ առաջին արարչության ժամանակ, և՛ երկրորդ, որը և ամեն տարի որպես մեր հանդերի ու այգիների երախայրիք նվիրում ենք Աստծուն, ինչպես հնում էր ընդունված, որպեսզի այդ մասնավոր ընծայով բոլոր պտուղները օրհնություն ընդունեն:

Տիրամայրը եղավ Աստծո մարդեղության անոթ, նրանում Բանն Աստված մարմնացավ, մարդացավ և աշխարհ եկավ մեր փրկության համար: Նա հավիտենական միջնորդն է երկնի ու երկրի, մեր և Իր Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջև։ Այդ պատճառով Տիրամայրը սրբերից ու հրեշտակներից  բարձր է դասվում։

Սուրբ Կույսը Հայ Եկեղեցու սրբերի սուրբն է, այն ընտրյալ կինը, որն իր վեհությամբ, առաքինությամբ ու մաքրությամբ արժանացավ կրելու այն սուրբ Պտուղը, որ Աստված առաքեց երկիր՝ որպես համայն մարդկության Փրկիչ և հարատև կյանքի աղբյուր։

Վերափոխման տոնին ընդառաջ` Ս. Կույսի բարեխոսությունը թող լինի Հայաստան և Արցախ աշխարհների, մեր Սուրբ եկեղեցու, Հայոց բանակի պահպանության համար:

 

Տեր ՍԱՄՈՒԵԼ քահանա ՍԱՐԳՍՅԱՆ

Խորագիր՝ #31 (1402) 11.08.2021 - 17.08.2021, Հոգևոր-մշակութային


12/08/2021