Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐԸ ԱՄԵՆԱԹԱՆԿՆ Է ՄԵՐ ԲՈԼՈՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ»



«ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐԸ ԱՄԵՆԱԹԱՆԿՆ Է ՄԵՐ ԲՈԼՈՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ»Ռաֆիկ Սարգսյանը եղբոր՝ Ռուբիկի մասին խոսելիս ասում է՝ տղաս, բալես: Ռուբիկը նրանից փոքր էր 13 տարով, ու ավագ եղբայրը հոր նման է սիրել կրտսերին, հոր նման է պաշտպանել ու խրատել: Երբ պատերազմն սկսվեց, Ռուբիկը զինվոր էր, Ացախում էր ծառայում, իսկ Ռաֆիկը պատերազմի երկրորդ օրը ճանապարհվեց ճակատ, հասավ Քարվաճառ, բայց չկարողացավ ճեղքել կրակի գիծը, որ կրտսեր եղբոր կողքին լինի: Նրանց մի քանի կիլոմետր էր բաժանում, բայց այդպես էլ չտեսան իրար: Ռուբիկը 15 օր հերոսաբար կռվեց թշնամու դեմ ու ընկավ հերոսի մահով: Ռաֆիկը դիրքերում մնաց մինչև դեկտեմբերի 14-ը…Ես խնդրում եմ Ռաֆիկին, որ պատմի կրտսեր եղբոր մասին: Ու Ռաֆիկն այսպես է պատմում:

-Ռոմը զգայուն, զգացմունքային տղա էր: Վարդեր էր աճեցնում, կարմիր վարդեր, ծառ էր տնկում՝ նուշի, չիչխանի, սար էր գնում մամայի հետ, որ օգնի խնամել անասուններին, երգում էր, դհոլ էր նվագում, երազում էր մեր Գեղաշենում փոքրիկների համար դհոլի դպրոց բացել: Նա պայծառ, ազնիվ, բարությամբ լի, կյանքին սիրահարված տղա էր: Ամբողջովին լույս էր: Բոլորը սիրում էին Ռոմին՝ ուսուցիչները, ընկերները, հարևանները… Ով թեկուզ մի քանի րոպե շփվում էր Ռոմի հետ, սիրում էր նրան, ձգտում էր չկորցնել կապը, ինչպես լույսին ու ջերմությանն են ձգտում:

-Քանի՞ ամիս էր ծառայել, երբ սկսվեց պատերազմը:

-Երկու ամսից պիտի զորացրվեր, համարյա ամբողջ ծառայությունը անցել էր: Ռոմը բանակ գնաց խանդավառված և ուրախ: Նա ոչինչ հենց էնպես չէր անում, նրա կյանքը չուներ անկարևոր վայրկյաններ: Ամենաաննշան գործերի մեջ անգամ դնում էր ամբողջ հոգին: Ես հինգ անգամ այցելել եմ Ռոմին ծառայության ընթացքում: Սիրում էր բանակային կյանքը, սիրում էր ծառայակից ընկերներին:

-Ռուբիկի կողքին լինելու, նրան պաշտպանելու համա՞ր գնացիք ճակատ:

-Ես ազգային բանակում ծառայել եմ 2006-2008 թվականներին, գնդացրորդ եմ եղել: Հայրենիքը վտանգի մեջ էր, ու ազգի տղամարդկանց տեղը սահմանին էր այդ ժամանակ: Բայց երբ պատերազմի լուրը լսեցի, եղբորիցս բացի ուրիշ բանի մասին չէի մտածում: Տնեցիներն ամեն ինչ արեցին, որ ես պատերազմ չգնամ, բայց ոչ ոք ինձ չէր կարող հետ պահել, քանի որ փոքրիկ եղբայրս կրակի բերանին էր: Մեզ մի քանի կիլոմետր էր բաժանում ռազմաճակատում, բայց ամբողջ տարածքը անօդաչուների ու հրետանային կրակի տակ էր, ու ես չէի կարողանում ճեղքել կրակը, որ հասնեմ եղբորս: Մենք ամեն օր զանգում էինք իրար, ասում էի՝ տղա՛ս, խնդրում եմ, զգույշ եղիր: Բալե՛ս, մի քանի ամիս է մնացել, որ զորացրվես, պահպանի՛ր քեզ: Ասում էր՝ դուխդ տեղը պահի, ամեն ինչ լավ է լինելու: Ասում էր՝ խաղաղ է, անհանգստանալու պատճառ չկա, բայց ես ճակատում էի ու տեսնում էի, որ թշնամին երկնքից կրակ է թափում անդադար: Էնքան անօդաչու ունեին, որ մեկ-երկու մարդ նկատելիս վրաները կամիկաձե անօդաչու էին նետում:

-Ձեզ մոտ զինվորներ կայի՞ն, թե միայն կամավորականներ էին:

-Իմ վաշտի հրամանատարը Արման Խաչատրյանն էր, նա իմ դասակի հրամանատարն էր եղել ժամկետային ծառայության ժամանակ: Նրա զինվորները հերոսներ էին: Մեզնից 10-15 տարով փոքր էին, բայց երբ կրակը սկսում էր բզկտել հողը, ավերելով ամեն ինչ, իրենք էին մեզ սիրտ տալիս: Եղբայրս ինձ ասում էր՝ դուխով, զինվորները մեզ՝ կամավորականներիս ասում էին՝ դուխով: Մենք ամեն ինչ անում էինք, որ զինվորները չզոհվեն: Մենք եկել էինք նրանց փոխարեն զոհվելու:

… Այդ օրը մենք տեղեկություն ստացանք, որ թշնամին մեր ուղղությամբ դիվերսիոն հարձակում է նախաձեռնել: Ես հետախուզական խմբի մեջ էի:

-Զրույցի սկզբում ասացիք, որ գնդացրորդ էիք:

-Պատերազմի ժամանակ անում ես հնարավոր ամեն ինչ, կրակում ես բոլոր զինատեսակներով: Մենք 6 հոգով՝ վաշտի հրամանատարի գլխավորությամբ ընդառաջ գնացինք դիվերսանտներին:

-Դա Ձեր առաջի՞ն հետախուզական գործողությունն էր:

-Ո՛չ, հինգերորդը: Բոլոր գործողություններն էլ հաջողությամբ ենք ավարտել, առաջադրանքը կատարել ենք առանց կորուստների:

-Իսկ թշնամի՞ն…

-Թշնամին միշտ զոհեր է ունեցել: Թեև չափազանց լավ էին զինված ու տարիքով մարդիկ էին: Դիակները հավաքելիս ենք տեսել, թե ինչպես են զրահավորված: Չգիտեմ՝ ինչ հեքիաթ են պատմում ադրբեջանցիները, բայց այս կռվում նրանք սարսափելի շատ զոհեր են ունեցել: Այս անգամ էլ դիվերսանտներին ոչնչացրինք ու վերադարձանք դիրքեր: Այնքան հոգնած էի, որ հենց բլինդաժի մուտքի մոտ, առանց զրահաբաճկոնս հանելու, քնեցի: Արթնացա հեռախոսի զանգից: Հորեղբորս տղան ասաց, որ Ռոմը վիրավոր է, հիվանդանոցում վիրահատում են: Այդ օրը կրակը շատ ուժեղ էր, ես, բնականաբար անհանգիստ էի ու մի քանի անգամ խոսեցի Ռոմի հետ: Մեր վերջին խոսակցությունից մի քանի ժամ էր անցել ընդամենը: Ռոմը ասաց՝ հարվածեցինք, նահանջեցին, ամեն ինչ լավ է:

…Հետո ինձ առաջարկեցին իջնել դիրքերից ու տուն գնալ: Պարզվեց՝ Ռոմս զոհվել է: Ռոմը հոկտեմբերի 13-ին է զոհվել: Հաջորդ օրը տանն էի: Ականատեսները պատմեցին, որ թշնամու 500 հոգանոց ջոկատը հարձակվել է դիրքի վրա: Այդ դիրքը շատ կարևոր ռազմավարական նշանակություն ուներ, իսկ դիրքրի ավագը Ռոմն էր:

-Մերոնք քանի՞ հոգով են պաշտպանել դիրքը:

-Քսանութ: Երբ մարտը թեժանում է, Ռոմը տղաներին հրամայում է նահանջել ու դիրքավորվել երկրորդ գծում, ինքը երկու հոգու հետ՝ աշտարակցի Իսոյի ու կապավոր Վահեի, մնում են դիրքում ու շարունակում են կռվել՝ կորուստներ պատճառելով թշնամուն: Երբ թուրքերը շատ են մոտենում,  ընկերներով փորձում են նահանջել: Բայց թշնամին արդեն տեղորոշել էր նրանց ու հարվածում է: Ռոմն ու Իսոն տեղում զոհվում են, Վահեն մահանում է հիվանդանոցում:

-Իսկ ի՞նչ է հայտնի Ռուբիկի մյուս ճակատամարտերից:

-Տղաներն ասում են՝ Ռոմը ջոկատի ոգին էր: Երբեք չէր ընկճվում, չէր հուսահատվում: Ամենաօրհասական պահին անգամ ասում էր՝ հաղթելու ենք, տղե՛րք: Պիտի չթողնենք, որ թշնամին խլի մեր հողերը, պիտի հետ շպրտենք նրանց: Պատմում են, որ կռվում էր առանց իրեն խնայելու:

Երբ զորամիավորման հրամանատարն իմացավ, որ Ռուբիկ Սարգսյանն իմ եղբայրն է, ասաց՝ պիտի հպարտանաս, որ այդքան հայրենասեր ու խիզախ եղբայր ունես: Նա չգիտեր, որ Ռոմը զոհվել է: Ֆիզիկապես արդեն չունեմ՝ ասացի: Հրամանատարը շատ տխրեց, ասաց՝ Ռուբիկն իմ ամենասիրելի, ամենաքաջ զինվորներից էր:

Նրանք միասին էին կռվել դիրքը ադրբեջանցիներից ազատագրելիս:

-Դժվար չէ՞ր Ռուբիկի հուղարկավորությունից հետո նորից դիրքեր բարձանալը:

-Տանը մնալն ավելի դժվար կլիներ: Եվ հետո՝ զինվոր տղերքի կողքին կանգնելը հոգու պարտք էր եղբորս: Հայրենիքի զինվորը ամենաթանկն է մեր բոլոր սրբությունների մեջ: Ու մեր ամենահզոր ուժն է: Զինվորն է մեզ խաղաղություն բերելու, զինվորն է փրկելու մեր արժանապատվությունը: Զինվորն է բարձրացնելու մեր պատիվը, զինվորն է լուծելու իրենց սեփական հողի վրա սպանված հազարավոր զոհերի վրեժը, զինվորն է վերադարձնելու մեր գերեվարված Հայրենիքը…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #31 (1402) 11.08.2021 - 17.08.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


12/08/2021