Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ՏԵՍԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՈՒԺԸ…



ՄԵՆՔ ՏԵՍԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՈՒԺԸ...Գնդապետ Գագիկ Պողոսյանը ծնվել է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում: Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ծառայողական գործունեությունը սկսել է վաշտի հրամանատարի պաշտոնից: Ավարտել է նաեւ ՌԴ զինվորական ակադեմիան, որից հետո նշանակվել է զորամասի հրամանատարի տեղակալ: 2019 թ. նշանակվել է զորամասի հրամանատար:

 

-Պարո՛ն գնդապետ, Ձեր զորամասը պատերազմի 5-րդ օրը ներգրավվել է ռազմական գործողությունների մեջ, կռվել է ամենաթեժ կետերում, ունեցել է մարդկային ներուժի ու զինտեխնիկայի կորուստներ եւ վերջինն է դուրս եկել մարտերի գոտուց: 44-օրյա պատերազմը ինչպե՞ս անդրադարձավ զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա:

-Մենք մարտական խնդիր ենք կատարել ռազմաճակատի ամենադժվարին հատվածներից մեկում: Որոտանի հատվածում սեպի պես խրված ենք եղել հակառակորդ ուժերի մեջ: Այո՛, մենք ունեցել ենք ե՛ւ մարդկային կորուստներ, ե՛ւ զինտեխնիկա ենք կորցրել, բայց մեր կորուստները անհամատեղելի են այն կորուստների հետ, որ պատճառել ենք թշնամուն: Թշնամին բազմապատիկ տուժել է: Իմ տղաները կենդանի հերոսներ են, նրանք առյուծի պես են պաշտպանել հայրենիքը՝ ինքնազոհ, խիզախ, հզոր: Իմ՝ երեք ամիս առաջ զորակոչված զինվորը, երբ զինամթերքը վերջացել է, սվին-դանակով է կռվել թշնամու դեմ, սպանել է նրան ու փակել ճանապարհը: Կովսականում իմ տղաները գրոհի թույլտվություն էին խնդրում՝ քաջ իմանալով իրենց ու թշնամու ուժերի հարաբերակցությունը: Իմ զորքի ոգին բարձր էր պատերազմի ժամանակ, եւ իմ զորքը հոգեպես ընկճվելու պատճառ չունի նաեւ պատերազմից հետո:

-Որո՞նք են պատերազմի ժամանակ զորքի ոգին բարձր պահելու կարեւոր պայմանները՝ նույնիսկ այն դեպքում, երբ ուժերի հարաբերակցությունը մեծ է, ու հաղթելու հնարավորությունը՝ փոքր: Այս կռիվը մեծ փորձություն էր մեր զինվորների համար:

-Տեսե՛ք, ես կարող եմ բազմաթիվ նախադրյալների մասին խոսել, որոնք պայմանավորում են զորքի ոգին: Օրինակ՝ արհեստավարժությունը, կամային որակները եւ այլն, բայց ամենակարեւորը պատերազմի ժամանակ հրամանատարի ֆիզիկական ներկայությունն է զինվորի կողքին: Այն զինվորները, որոնց հրամանատարը զենքը ձեռքին կռվել է զորքի հետ, շատ ավելի քաջաբար, հավատով ու ինքնազոհ են պաշտպանել հայրենիքը: Ես եւ իմ սպաները եղել ենք զինվորի կողքին ամբողջ պատերազմի ընթացքում, նույնիսկ զորամիավորման հրամանատարն է պատերազմը խրամատներում անցկացրել: Հրամանատարի կողքին զինվորի ուժը բազմապատկվում է, եւ մենք տեսել ենք մեր ուժը ռազմադաշտում:

ՄԵՆՔ ՏԵՍԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՈՒԺԸ...-Պարո՛ն գնդապետ, Արցախյան ազատամարտից հետո մինչ 44-օրյա պատերազմը սկսվելու օրը մեր իշխանությունների, բանակի, ամբողջ երկրի ներուժը պիտի միտված լիներ թշնամու եւ մեր ռազմական ուժերի հավասարակշռությունը պահպանելուն: Իմ հարցազրույցների ժամանակ շատ ռազմական ու քաղաքական գործիչներ նշել են, որ երբ ուժերի հարաբերակցությունը լինի Ադրբեջանի օգտին, երբ Ադրբեջանը վստահ լինի, որ մեզնից ուժեղ է, փորձելու է ռազմական ճանապարհով լուծել Արցախի խնդիրը:

-Մենք միայն Ադրբեջանի դեմ չենք կռվել: Ես աներկբա հայտարարում եմ՝ եթե մենք կռվեինք Ադրբեջանի դեմ, ոչ միայն կպաշտպանեինք մեր հողերը, այլեւ նոր տարածքային կորուստներ կպատճառեինք Ադրբեջանին: Մենք պարտվել ենք օդային պատերազմում, որը ղեկավարում էր Թուրքիայի զինուժը: Մենք՝ փոքր Հայաստանը, կռվել է իր ռազմական հզորությամբ ՆԱՏՕ-ի երկրորդ երկրի դեմ: Էլ չեմ խոսում տարբեր պատերազմներում հմտացած սիրիացի, պակիստանցի վարձկանների մասին: Եթե այսօր էլ Ադրբեջանը մենակ մնա մեր դեմ, մենք կջախջախենք նրան: Ու Ալիեւը դա շատ լավ գիտի: Եթե կուզեք՝ Թուրքիան այս կռվից բարոյապես պարտված է դուրս եկել:

-Ինչո՞ւ, Թուրքիան իր խնդիրը չի՞ կատարել:

-Չի՛ կատարել: Ի սկզբանե թշնամու նպատակը եղել է Արցախը կայծակնային պատերազմում ամբողջապես օկուպացնելը: Ո՛չ կայծակնային պատերազմ եղավ, ո՛չ էլ Արցախը ամբողջովին օկուպացվեց: Մենք 44 օր դիմադրեցինք ՆԱՏՕ-ի երկրորդ բանակին, մենք պաշտպանեցինք Արցախի մի մասը: Էլ չեմ ասում, թե ինչ ահռելի կորուստներ պատճառեցինք թշնամուն: Տասնապատիկ ավելի:

-Պարոն գնդապետ, մենք այս պատերազմում հաղթելու ոչ մի հնարավորություն չունեի՞նք: Դուք կարո՞ղ եք ասել, որ մենք գործել ենք առավելագույն արդյունավետությամբ, չենք թերացել…

-Ո՛չ, ես նման բան չեմ կարող ասել: Գուցե եղել են կազմակերպական կամ այլ բնույթի թերություններ, որոնց բացակայության դեպքում, հնարավոր է, հետեւանքները փոքր-ինչ այլ լինեին: Դրան պատասխանելու եւ օբյեկտիվ գնահատական տալու համար պետք է լուրջ քննություն իրականացնել:

Ես վերստին նշեմ, որ 44-օրյա պատերազմից հետո մեր զորքը դարձել է ավելի փորձառու, ավելի համարձակ, կազմակերպված, հայրենասեր ու ինքնավստահ: Պատերազմ են գնացել 18-20 տարեկան զինվորներ, ճակատից վերադարձել են լեգենդար մարտիկներ:

ՄԵՆՔ ՏԵՍԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՈՒԺԸ...-Ձեր զորամասը ամառային զորակոչի ընթացքում համալրվել է նորակոչիկներով: Փոխվե՞լ է նորակոչիկների բարոյահոգեբանական ապահովման ծրագիրը պատերազմից հետո: Ի՞նչ է արվում, որ մեղմվի հետպատերազմյան բարդույթը, եւ առիթի դեպքում նորելուկ զինվորները հայրենիքը պաշտպանեն իրենց ավագ զինակիցների նման խիզախ ու անձնուրաց:

-Նախ՝ ասեմ, որ երբեք որեւէ տարածքային կորուստ հավերժական չէ: Ադրբեջանից մենք 30 տարի առաջ ազատագրեցինք մեր պատմական հայրենիքը: Ադրբեջանը 30 տարի ջանալուց հետո այսօր նորից օկուպացրեց այն, այսինքն՝ ամեն ինչ ջանքերի, ժամանակի ու հնարավորությունների տիրույթում է: Ինչ վերաբերում է նորակոչիկների բարոյահոգեբանական ապահովմանը, անկեղծորեն ասեմ՝ առանձնակի ջանքեր չկան այդ ուղղությամբ, աշխատանքներն ընթանում են իրենց առօրյա հունով, քանի որ կա ավելի ուժեղ ու ազդեցիկ իրողություն՝ այն միջավայրը, որտեղ նորակոչիկը սկսում է իր ծառայությունը, պատերազմ տեսած տղաների հետ շփումը, այն պատմությունները, ասքերը, որոնք շրջում են զորամասում ու կոփում յուրաքանչյուրի ոգին, հուշում մտածելակերպ, արժեհամակարգ, ձեւավորում վարք ու առաքինություններ:

-Հաջողեցի՞ք, արդյոք, մեղմել հետպատերազմյան տրամադրությունները, անցնել բանակային կանոնադրությանն ու կարգուկանոնին, երբ զինվորը այլեւս սխրագործ մարտիկ չէ, այլ կանոնադրային հարաբերություններին ենթարկվելու պարտավորություն ունեցող զինծառայող, իսկ սպան իր ճակատային ընկերը չէ, այլ զինվորական հրամանատարը:

-Այո՛, հետպատերազմյան լարվածությունն ու բարձր հուզականությունը հաղթահարել ենք եւ անցել զինվորական խաղաղ առօրյայի: Այսօր մենք պետք է բազմապատկված եռանդով ու պատասխանատվությամբ լծվենք մարտունակ բանակ կառուցելու գործին: Որովհետեւ պատերազմը դեռ չի ավարտվել, մեր սահմանները դեռ վտանգված են, ու մեր պատմական խնդիրները ոչ թե պակասել են, այլ ավելացել: Իսկ այդ բոլոր խնդիրները լուծելու համար մեզ հարկավոր է կարգապահ, բարձր արհեստավարժությամբ, ամուր ու ուժեղ բանակ:

-Դուք զրույցի սկզբում կարեւորեցիք զինվոր-հրամանատար կապը ռազմական գործողությունների ժամանակ, ասացիք, որ պատերազմի դաշտում հրամանատարը պիտի լինի զինվորի կողքին, իսկ խաղաղության ժամանակ, առօրյա ծառայության ընթացքում ի՞նչն է կարեւոր զինվոր-հրամանատար կապի մեջ:

-Զորամասում էլ հրամանատարը պիտի լինի զինվորի կողքին, դիրքերում էլ: Կա շատ պարզ բանաձեւ. հրամանատարը պետք է լինի խստապահանջ ու հոգատար: Հրամանատարն ու զինվորը պետք է սիրեն, հարգեն ու վստահեն իրար: Զինվոր-հրամանատար փոխհարաբերությունների հենքի վրա է գոյանում զինվորների միջեւ փոխհարաբերությունների բարոյականությունը, զորքի գաղափարախոսությունը, վարքը:

-Պարո՛ն Պողոսյան, իրավասու անձինք խոսում են բանակում բարեփոխումների անհրաժեշտության մասին, ասում, որ պետք է բանակը դարձնել 21-րդ դարի չափանիշներին համապատասխան: Հատկապես ի՞նչը պետք է փոխել մեր բանակում, ինչո՞վ ենք հետ մնացել 21-րդ դարի բանակներին հարիր մակարդակից:

-Սպառազինությամբ: Խոսքը ժամանակակից սպառազինության մասին է: Մի խնդիր էլ կա, մենք պետք է ամեն ինչ անենք, որ զինվորական ծառայությունը գայթակղիչ դառնա երիտասարդության համար, որպեսզի ընտրության մեծ հնարավորություն ունենանք ու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը համալրենք մեր դպրոցների լավագույն շրջանավարտներով:

-Ձեր զորամաս է զորակոչվել 60 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն Դավիթ Ջոթյանը: Նման զինվորները հնարավորություն ունենո՞ւմ են ծառայության ժամանակ զբաղվելու սպորտով:

-Մեր զորամասում բազմաթիվ չեմպիոններ են ծառայել: Ոմանք մասնակցել են 44-օրյա պատերազմին: Այո՛, մեր զորամասը ապահովված է համապատասխան սպորտային գույքով, մարզական հաջողություններ ունեցող մեր զինվորներին տրվում է մարզավիճակը պահպանելու հնարավորություն, պարապելու լրացուցիչ ժամանակ:

-Պարո՛ն գնդապետ, ի՞նչ վիճակ է այժմ սահմաններում:

-Մեր ուղղությամբ լուրջ ընդհարումներ չկան, բոլոր սադրանքներին պատշաճ պատասխան ենք տվել, թշնամին արագ լռել է: Հայաստանի որոշ սահմանային տարածքներում դրությունը լարված է, այս պայմաններում մեր զորքը բազմապատիկ զգոնությամբ է պաշտպանում իրեն վստահված տարածքները: Պատրաստ ենք հետ մղելու թշնամու հնարավոր ոտնձգությունները:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #31 (1402) 11.08.2021 - 17.08.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


12/08/2021