Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՈՆ՝ ՊԱՏՎԻ ՈՒ ՀԵՐՈՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ



ՏՈՆ՝ ՊԱՏՎԻ ՈՒ ՀԵՐՈՍԱԿԱՆՈՒԹՅԱՆՕգոստոսի 8-ին Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ նկարիչ Գարիկ Հարությունյանի հեղինակած «ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ» գիրք-ալբոմի շնորհանդեսը և  44-օրյա պատերազմում զոհված  հերոսների նկարների ցուցահանդեսը՝ կազված 53 նկարից:

 

-Վստահաբար, 44-օրյա պատերազմի հերոսներին նկարելը  նրանց հիշատակը անմահացնելու կամ նրանց ծնողներին փոքր-ինչ մխիթարելու համար չէ միայն, այն ծնվել է Ձեր խոհերից, ապրումներից, եզրահանգումներից ու ունի իր ուղերձները:

-44-օրյա պատերազմը ես համարում եմ մեր ազգային ազատագրական պայքարի, մեր պատմական Հայրենիքի, մեր կենսատարածքի համար անձնուրաց կռվի փառահեղ դրվագներից մեկը: Բոլորս էլ գիտենք, բազմաթիվ պատմություններ ենք լսել ականատեսների շուրթերից, թե հայ քաջորդիները ինչ կամքով ու նվիրումով են պաշտպանել հայրենիքը, ինչ ինքնազոհ խիզախությամբ են մարտնչել թուրքական բանակի ու օտարերկրյա վարձկանների դեմ: Նրանք հայրենասիրության, քաջության, նվիրումի մի մեծ ժառանգություն են կտակել գալիք սերունդներին, որը ՊԱՐՏՔ անունն ունի: Մեր պետությունը զորացնելու, մեր բանակը ոգով ու զենքով զինելու, մեր պատմական խնդիրներին տեր կանգնելու պարտավորություն: Մեր՝ արվեստագետներիս խնդիրն է այդ ուղերձը փոխանցել գալիք սերունդներին արվեստի լեզվով: Դուք գրում եք, ես նկարում եմ, մեկ ուրիշը ֆիլմ է ստեղծում կամ ներկայացում…Մենք հպարտությամբ պատմում ենք աշխարհին մեր հերոսական կռվի մասին:

ՏՈՆ՝ ՊԱՏՎԻ ՈՒ ՀԵՐՈՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ-Գարի՛կ, ես արցունքոտվելու աստիճան հուզվում եմ, երբ կրկին ու կրկին համոզվում եմ, որ մեր ժողովրդի ոգին հնարավոր չէ կոտրել, հնարավոր չէ վերացնել մեր հավատը առ հաղթանակ, հնարավոր չէ մեր հոգուց հանել այն անսահման սերը, որ ունենք մեր իրական ու պատմական հայրենիքի հանդեպ: Ես ապշում եմ պարտությունից այսքան ամուր, հավաք ու ուժեղ դուրս գալու  ու գալիք հաղթանակը փայփայելու մեր ժողովրդի բացառիկ ունակությունից:

-Դա հենց իմ ամենակարևոր ասելիքն էր լսարանին: Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը մեզ թմբիրի մեջ էր գցել: Մենք գիտեինք, որ ադրբեջանցիները ռազմիկ չեն, այլ վախկոտ ավարառու, ինչը բնորոշ է քոչվորությունը վերջերս թոթափած ազգերին, բայց մենք պիտի կանխատեսեինք, որ Թուրքիան՝ իր ամբողջ սպառազինությամբ, կարող է դուրս գալ մեր դեմ: Հիմա մենք գիտենք, թե ինչ ուժերի դեմ պիտի պայքարենք, գիտենք՝ որտեղ է մեր հաղթանակը ապահովող ուժի նշաձողը, մնում է միանանք, հավաքենք մեր  ներուժը ու գնանք դեպի նշանակետ՝ 44-օրյա պատերազմում սխրանքներ գործած հերոսների առաջնորդությամբ:

-Այս ուղերձը կա Ձեր բոլոր նկարներում, հերոսների հայացքի մեջ, աչքերում… այդ կամքը, մարտահրավերը, հաղթանակի հավատը…

-Ես ուզում եմ, որ մեր հերոս տղաների դիմանկարները ոչ թե խղճահարություն, ցավ , վիշտ արթնացնեն, ոչ թե հիշեցնեն այն արհավիրքը, որի միջով անցանք, այլ ծնեն հպարտություն, արիություն, արժանապատվություն…Պատերազմից հետո ես նկարում էի մեր հերոսներին ու նվիրում էի նրանց ծնողներին: Ես ուզում էի, որ մեր տղաները իրենց ծնողներին ու աշխարհին ներկայանան հպարտ ու հաղթած: Նաև ուզում էի առյուծներ ծնած մայրերին  ասել, որ մեր սերը, երախտագիտությունը իրենց հանդեպ սահման չունի ու չի ավարտվելու:

-Ինչպե՞ս ծնվեց հերոսների դիմանկարները գիրք-ալբոմով հրատարակելու միտքը:

ՏՈՆ՝ ՊԱՏՎԻ ՈՒ ՀԵՐՈՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ-Գիրքը լույս է տեսել բանաստեղծուհի Սիլվա Փորթոեան-Շուհեբարի ֆինանսական աջակցությամբ: Նա ապրում է Քուվեյթում, համացանցում տեսել էր իմ կտավները և որոշել էր իմ մասին գիրք գրել: Ես խնդրեցի, որ իմ մասին գրելու փոխարեն կազմենք մեր հերոսների նկարների գիրք-ալբոմը՝ հակիրճ պատմելով նրանց անցած ճանապարհի մասին: Սիլվա Փորթոեան-Շուհեբարը համաձայնեց: Այս նախաձեռնությունը լինելու է շարունակական, մի քանի ամիս անց մենք կհրատարակենք երկրորդ գիրքը:

-Մինչ այսօր քանի՞ հերոսի եք նկարել:

-Յոթանասուն: Ու շարունակում եմ նկարել: Մենք որոշեցինք ռազմահայրենասիրական բանաստեղծության մրցույթ հայտարարել՝ լավագույն գործերն ընտրելու և գրքում զետեղելու համար: Ընտրվեցին 30 գրողների 56 ստեղծագործություններ, որոնք տեղ են գտել գիրք-ալբոմի մեջ: Մի քանի օր է անցել գրքի հրատարակությունից, բայց ամբողջ տպաքանակը գրեթե սպառվել է: Սա ես ասում եմ մեծ ուրախությամբ, որովհետև տեսնում եմ հայ մարդու սերը իր հերոսների հանդեպ: Իսկ սա հուսալի երաշխիք է, որ կծնվեն նոր հերոսներ ու կիրականացնեն մեր պատմական երազանքները: Մենք հերոսական-ռազմական շունչ էինք հաղորդել շնորհանդեսին՝ ոստիկանության ներքին զորքերի պատվո պահակախմբի ներկայությամբ ու  խրոխտ  երգերով, որ կատարում էր զինվորական նվագախումբը:

-Քանի՞ նկար ցուցադրվեց:

-Գրքում զետեղված բոլոր նկարները ցուցահանդեսում ցուցադրվեցին: Արտաշատցիները և հյուրերը մեր պատմական  արքայանիստ քաղաքում մասնակցեցին պատվի ու հերոսականության տոնին: Յուրաքանչյուր նկարի մոտ դրված էր մեկական գիրք  ու ծաղիկ՝ անմահացած հերոսի մոր համար: Մենք խոնարհվեցինք նրանց առաջ, ասացինք, որ հայրենիքի համար զոհվելը մարդու ամենամեծ առաքինությունն է, առաքինությունների պսակը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #32 (1403) 18.08.2021 - 24.08.2021, Հոգևոր-մշակութային


19/08/2021