Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՎԵՐ Է ԱՄԵՆ ԻՆՉԻՑ



ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՎԵՐ Է ԱՄԵՆ ԻՆՉԻՑ-Ծնողներս ասում էին՝ զինվորականը պետք է կարգապահ լինի, խիստ, պահանջկոտ լինի: Չէ՛, տղա՛ ջան, զինվորականի մասնագիտությունը քո բանը չի, դու ուրիշ մասնագիտություն ընտրի: Բայց, դե, գյումրեցին ոնց կարող է իր որոշմանը տեր չկանգնել. պետք է դառնամ զինվորական ու մերոնց ապացուցեմ, որ ես լավ զինվորական եմ լինելու,- այսպես անկեղծ է սկսվում իմ զրույցը հրետանային գնդի բաժնի պետ, մայոր Գաբրիել Գաբրիելյանի հետ:

Կարգապահություն, զինվորական կարգուկանոն, խստապահանջություն, ռազմական գիտելիքներ. այս ամենը Գաբրիելը ձեռք է բերում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ 4 տարի ուսանելով  հրետանային ֆակուլտետում:

Համալսարանն ավարտելուց հետո նորաթուխ սպան վիճակահանության չի մասնակցում՝ ցանկություն հայտնելով ծառայել առաջնագծում՝ Մատաղիսում:

-Նոր գնացած, դեռ մի կարգին տեղին ու ծառայությանը չհարմարված, արդեն հասցրինք զգալ վառոդի հոտը: Հակառակորդը պարբերաբար տարբեր զինատեսակներից կրակում էր՝ խախտելով հրադադարի ռեժիմը: Անգամ հրետանային միջոցներ էր կիրառում: Մենք էլ տեղը տեղին հակազդում էինք: Կամաց-կամաց  ընտելացանք, ու էդ ամենը մեզ համար, ես կասեի, առօրյայի նման մի բան դարձավ: Թշնամու սանձարձակ վարքագծին ընտելացած մեր սպաներն արդեն և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես պատրաստ էին իրադարձությունների ցանկացած զարգացման:

2016 թ. ապրիլի 2-ին թշնամին հերթական արկածախնդրությանը գնաց: Սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը,- պատմում է մայոր Գաբրիելյանն ու վստահեցնում,- մենք մեր ստորաբաժանումով քաջաբար կռվել ենք և ոչ մի թիզ հող չենք զիջել թշնամուն:

Մեր մարտական դիրքի վրա հակառակորդը 3 անգամ հարձակվել է, բայց չենք տվել դիրքը, ես էդ ժամանակ հրետանավոր էի: Փառք Աստծո, զոհ չենք տվել, վեց վիրավորով պահել ենք մեր դիրքը:

Երիտասարդ զինվորականն անկեղծանում է. թեև ապրիլյան մարտերը տևեցին ընդամենը 4 օր, սակայն հայկական բանակ նոր մուտք գործած երիտասարդի համար քառօրյան իսկական լուրջ պատերազմ էր, որին, սակայն, հաջորդելու էին բազմապատիկ երկարատեւ եւ շատ ավելի ծանր ռազմական գործողությունները: 2020 թ. սեպտեմբերի 27-ի թշնամու սանձազերծած պատերազմը մայոր Գաբրիելյանին ու իր զինակիցներին անակնկալի չի բերել:

-Էդ պահին շենքում էի: Առավոտյան ժամը 7-ի դրությամբ արդեն տեղեկացված էինք, որ թշնամին պետք հարձակվի… Առաջինը ընտանիքներին հանեցինք կրակի գոտուց, որից հետո իմ զորքի առաջ խնդիր դրեցի՝ դուրս գալ  կրակային դիրքեր:

ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՎԵՐ Է ԱՄԵՆ ԻՆՉԻՑԵվ մայոր Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը հրետանային հուժկու կրակով կասեցնում է թշնամու գրոհը, խոցում հակառակորդի շարասյունն ու ոչնչացնում մեծ թվով կենդանի ուժ: Հենց մայոր Գաբրիելյանի հրամանով է «Արցախի հերոս» Էդգար Մարկոսյանն ադրբեջանական զինուժի տասը տանկ խոցել, Հարություն Դոխոլյանն էլ՝ թշնամու 7 միավոր տեխնիկա:  Սեպտեմբերի 30-ի գիշերը մայորն իր անձնակազմով ընկնում է շրջափակման մեջ, սակայն նրան ու մյուս սպաներին հաջողվում է դուրս գալ թշնամու օղակից:

-Հակառակորդը էդ պահին սխալվեց, ու մենք հնարամտորեն կարողացանք դուրս գալ շրջապատումից: Իմ հաշվարկով, այդ շրջապատումից դուրս գալու մեր հնարավորությունը, մեր փրկվելու հավանականությունը, առանց չափազանցության, զրո էր…

Հենց այստեղ էլ մայոր Գաբրիելյանը 5 վիրավորում է ստանում ու տեղափոխվում հոսպիտալ, դեռ չապաքինված՝ փորձում է ամեն գնով առաջնագիծ վերադառնալ, նույնիսկ բուժքրոջն է փորձում «կաշառել»:

-Ասում եմ՝ դու բուժքո՞ւյր ես, ասում է՝ հա՛, անունը հարցնում եմ, ասում է՝ Տաթևի՛կ, հարցնում եմ՝ Տաթևի՛կ ջան, ամուսնացա՞ծ ես, բա, չէ՛, ուզո՞ւմ ես ամուսնանաս, թե՝ հա՛, ես էլ ասում եմ, դե, համազգեստ բեր, չափսերս էլ մոտավորապես ասում եմ, ասում եմ՝ բե՛ր, հագնեմ, գնամ, ես հետ պիտի գնամ, որ դու ամուսնանաս…

Սակայն, առողջական վիճակը թույլ չի տալիս, որ զինվորականը վերադառնա ռազմաճակատ, համազգեստը մայորը հագնում է միայն արդեն պատերազմի ավարտից հետո:

Գաբրիել Գաբրիելյանն ամուսնացած է, ունի մեկ որդի: Վստահեցնում է՝ որդիս  էլ է ծառայելու Հայրենիքին:

-Նախ՝ մեկ երեխայով չեմ սահմանափակվելու: Կնոջս հետ որոշել ենք մի քանի տղա ունենալ, որ իրենց հոր նման դառնան Հայրենիքի պաշտպան: Ես ամեն ինչ անելու եմ, որ որդիներս իմ պատկերացրած ու երազած Հայաստանում ապրեն,- ասում է մայոր Գաբրիելյանը:

28-ամյա սպան շատ ծրագրեր ու նպատակներ ունի, դրանցից առաջինը մեր բանակի ուժեղացմանը, հզորացմանը նպաստելն է, իսկ դրա համար, ինչպես ինքն է ասում, պետք է զինվել գիտելիքներով, տեխնիկապես, հայրենասիրությամբ:

 

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Լուսանկարները՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ

Խորագիր՝ #32 (1403) 18.08.2021 - 24.08.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/08/2021