ԱՅԴՊԻՍԻՆ ԷՐ ՀԱՅ ՍՊԱ ՎԱԼԵՐԻ ՉԻԹՉՅԱՆԸ
Վալերի Չիթչյանը ծնվել է 1956 թ. փետրվարի 14-ին Գետաշենում։ 1973-ին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարան, որն ավարտելով 1978 թ. ծառայության է անցել ԽՍՀՄ զինված ուժերում։
…Երբ սկսվեց Արցախյան շարժումը, Վալերի Չիթչյանը ծառայում էր Անդրբայկալյան զինվորական օկրուգում, Ուսուրիյսկ քաղաքից ոչ հեռու տեղակայված զորամիավորումում։
Հայրենիքը ծանր վիճակում էր, և նա մի քանի զեկուցագիր հղեց հրամանատարությանը՝ խնդրելով իրեն տեղափոխել Ստեփանակերտ։
1992-ին, երբ «366» գունդը տեղափոխվում էր Ստեփանակերտից, գումարտակի հրամանատար, մայոր Վալերի Չիթչյանն իր մի քանի ընկերների հետ որոշեց չհեռանալ Արցախից եւ մնաց իր ժողովրդի հետ՝ նրա հետ կրելով բոլոր դժվարությունները։
Շուշիի ազատագրման ժամանակ Վալերի Չիթչյանը ղեկավարում էր հարվածի գլխավոր՝ Ստեփանակերտ-Շուշի ուղղության զորքերը։
1992 թ. հոկտեմբերին Վ. Չիթչյանը նշանակվում է ՀՀ զինված ուժերի Արեւելյան խմբավորման շտաբի պետ, հրամանատարի տեղակալ՝ մասնակցելով հանրապետության հարավարեւելյան սահմանների պաշտպանությանը։
1993 թ. նա նշանակվում է բրիգադի շտաբի պետ, իսկ 1994-ին՝ գնդի հրամանատար։
Վալերի Չիթչյանը 88-ից մինչեւ իր զոհվելու օրը լինելով պայքարի ամենաթեժ կետերում՝ հերոսական եւ ազնվական իր պահվածքով դարձավ մեր պայքարի լավագույն կադրային զինվորականներից մեկը եւ իրավամբ կրեց ՀԱՅ ՍՊԱ պատվավոր կոչումը։
…Հեշտ չէր ծառայությունը 4-րդ բանակի «366» գնդում։ 4-րդ բանակի շտաբը տեղակայված էր Բաքվում, եւ բանակի հատուկ ծառայություններն ուշի ուշով հետեւում էին ազգությամբ հայ սպաների բոլոր գործողություններին։ Սակայն «366» գնդում ծառայող հայ սպաները կարողացան դրսեւորել իրենց որպես իսկական հայրենասերներ։ Հաճախ վտանգելով իրենց կյանքը՝ նրանք կարողանում էին անուրանալի ծառայություններ մատուցել հայ ազատագրական պայքարին։ Իսկ առանձին դեպքերում, «366» գնդի գործողությունների շնորհիվ, Արցախի որոշ գյուղեր փրկվեցին հայաթափումից…
1991 թ. մայիսին ծանր օրեր էին ապրում արցախցիները. մեկը մյուսի հետեւից հայաթափվում էին Գետաշենի, Բերդաձորի եւ Հադրութի գյուղերը։ Շուշիի շրջանում մնացած միակ հայաբնակ Քարինտակ գյուղ ներխուժեց Ադրբեջանի «ՕՄՕՆ»-ը՝ ԽՍՀՄ ներքին զորքերի ուղեկցությամբ։ «Անձնագրային ռեժիմի» պատրվակով, նրանք գյուղի բոլոր տղամարդկանց նստեցրին ավտոբուսները եւ պատրաստվում էին տեղափոխել Լաչին։ Այդկերպ նրանք հայաթափել էին նաեւ ձորակի մյուս գյուղերը…
«366» գնդի մի խումբ զինվորականներ տեղեկանալով, որ Քարինտակը ցանկանում են հայաթափել, անմիջապես հասան դեպքի վայր, փակեցին ավտոբուսի ճանապարհը եւ ներքին զորքերի ռուս սպաներին հրամայեցին ազատ արձակել ձերբակալվածներին։ Զգալով, որ հայ զինվորականները վճռականորեն են տրամադրված, օմօնականները ստիպված եղան 71 քարինտակցու ազատ արձակել։
Այդպես փրկվեց Քարինտակ գյուղը, որը մեկ տարի անց, որպես հենակետ, մեծ դեր խաղաց Շուշիի ազատագրման մարտերում…
1990-1991 թթ. շրջափակման մեջ գտնվող Արցախին հարկավոր էր ոչ միայն զենք, զինամթերք, այլեւ՝ մարտական գիտելիքներ…
Այն, որ «366» գնդի հայ սպաներն իրենց ռազմական իմացությամբ մասնակցում էին համարյա բոլոր մարտական գործողություններին, անհերքելի իրողություն է…
Վալերի Չիթչյանը լռակյաց եւ համեստ անձնավորություն էր։ «366» գնդում ծառայության ժամանակ նրա կատարած հայրենանվեր գործերի մասին չգիտեին անգամ նրա ընտանիքի անդամները…
1991 թ. վերջերին հայկական ուժերը հերթով վնասազերծում էին Ստեփանակերտի մոտակայքում տեղակայված ադրբեջանական կրակակետերը։ Հաճախ այդ գործողությունների նախապատրաստումը եւ իրականացումը հայկական ուժերի գլխավոր հրամանատարությունը վստահում էր Վալերի Չիթչյանին։
Մի օր կեսգիշերին, երբ նա հոգնած վերադարձել է տուն, կինը փորձել է հետաքրքրվել.
-Այսօր ամբողջ օրը պայթյուններ ու կրակոցներ էին լսվում։
Չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում…
-Ոչինչ էլ չի՛ կատարվում, հանգիստ եղիր։
-Վալերա՛, ես զարմանում եմ, ինչպե՞ս ես կարողանում հանգիստ խոսել… Չէ՞ որ դու հայ ես։ Չէ՞ որ դու զինվորական ես։ Այստեղ պատերազմ է, իսկ դու ասում ես՝ «Ոչինչ էլ չի կատարվում, հանգիստ եղիր»…
Վալերան այդպես էլ կնոջը ոչինչ չի պատմել…
Նա չի ասել, որ այդ օրն ինքը ոչ միայն մշակել էր գործողության ամբողջ ծրագիրը, ոչ միայն «366»-ի պահեստներից հայկական ուժերին զենք եւ զինամթերք էր տրամադրել, այլ նաեւ զենքը ձեռքին անձամբ զինվորներին առաջնորդել եւ հաջող իրականացրել էր թշնամու կրակակետի վնասազերծումը…
1991 թ. դեկտեմբերին ԽՍՀՄ կայսրությունը փլուզվեց…«366» գունդը պատրաստվում էր հեռանալ Ստեփանակերտից, բայց, պարզվեց, որ գնդի մի քանի հայ սպաներ, տարբեր պատրվակներով, հրաժարվում են հեռանալ… Մնում են շրջափակված Արցախում… Մնում են իրենց ժողովրդի հետ…
Գնդի հրամանատարությունն ամեն կերպ համոզում էր հայ սպաներին մեկնել գնդի հետ… Սակայն վերջիններս հրաժարվում էին՝ անտեսելով, որ այդ դեպքում ընդհատվում էր նրանց զինվորական առաջխաղացումը, որ նրանք զրկվում էին հերթական զինվորական կոչումներ ստանալու հեռանկարից…
Գնդի հրամանատարությունը զարմացած էր… Նրանք կարծում էին, որ շրջափակված այդ երկրամասից անվտանգ կարելի էր դուրս գալ միայն «366» գնդի հետ…
Սակայն հայ սպաները մնացին, որ ազատագրեն Շուշին, Լաչինը եւ շրջափակումից դուրս գալու անվտանգ ճանապարհ բացեն Արցախի համար…
1992 թ. փետրվարին Սանկտ Պետերբուրգի հեռուստատեսությունը հեռարձակեց Լեռնային Ղարաբաղում նկարահանված մի ցնցող սյուժե։ Փետրվարի 17-ին Շուշիից արձակված «գրադ» կայանքի արկը հարվածել էր Ստեփանակերտ քաղաքի ծննդատան շենքին, որի հետեւանքով հրդեհ էր բռնկվել։ Պետերբուրգցի լրագրողը, որը պատահաբար մոտակայքում էր եղել, կարողացել էր նկարահանել այն տեսարանը, երբ զինվորական համազգեստով մեկը մի քանի անգամ մտնելով այրվող շենք՝ ամեն անգամ կրակների միջից դուրս էր բերում մարդկանց, որոնց մեջ էին մի քանի մայրեր՝ իրենց նորածինների հետ։
1992 թ. փետրվարի 17-ին Ստեփանակերտում ծնված հայ մանուկներ. հիշե՛ք, որ ձեր լույս աշխարհ գալու օրը այրվող ծննդատան շենքից ձեզ դուրս բերեց մայոր Վալերի Չիթչյանը։ Իմացեք նաեւ, որ այդ համեստ ու լռակյաց հայ սպան, ձեզ եւ ձեր մայրերին փրկելուց հետո, լուռ հեռացել ու երբեք էլ ոչ մեկին չի պատմել կատարվածի մասին։ Միայն հետո Սանկտ Պետերբուրգում ցուցադրվող տեսանյութից հայտնի է դարձել նրա այդ սխրանքի մասին եւս…
…Շուշիի ազատագրումից առաջ հայ սպաները կատակում էին. «Գորիսում հիանալի գարեջուր կա… Մենք կճեղքենք շրջափակումը, կազատագրենք Շուշին, Լաչինը եւ կհասնենք… Գորիս»։
Մայիսի 7-ին Վալերի Չիթչյանին վստահված էր ղեկավարել Շուշիի ազատագրման մարտական գործողությունների Ստեփանակերտ-Շուշի ուղղությունը։ Միավորումը պետք է ճակատային հարվածով գրոհեր Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի ուղղությամբ եւ մտներ քաղաք։ Վալերի Չիթչյանը, հրամանատարական դիրքեր զբաղեցնելով, պետք է ղեկավարեր իր զինվորների առաջխաղացումը…
Վալերի Չիթչյանը լավ գիտեր գործողության մանրամասները։ Ամիսներ շարունակ նա և ամբողջ հրամկազմը անքուն գիշերներ էին անցկացրել՝ նախապատրաստվելով գլխավոր ճակատամարտին։
Ճակատամարտն սկսվեց… Ահա թե ինչ է պատմում այդ մասին Զորի Բալայանն իր «Դժոխք եւ դրախտ» գրքում.
«…Գլխավոր հրամանատարը ռացիայով ամենից շատ կանչում էր «Վալերային»։ Անընդհատ կարելի էր լսել. «Վալերա, ես Տասներեքերորդն եմ, պատասխանիր»։ Կամ գլխավոր հրամանատարը խնդրում էր կապի պետին, որպեսզի նա անընդհատ կանչի «Վալերային»։ «Վալերան» առավել բարդ ուղղություններից մեկն էր։ Բայց «Վալերան» լուռ էր։ Այդ հանգամանքը շատ էր վշտացնում գլխավոր հրամանատարին, քանի որ «Վալերայի» հետ կապված խնդրի լուծումից կախված էր գործողության հաջողությունը։ Լուսադեմին «Վալերան» պատասխանեց…»։
Հաղթահարելով թշնամու դիմադրությունը՝ նա արդեն Շուշիում էր…
Իրականում, Վալերի Չիթչյանը հարձակման սկզբից շատ չանցած՝ անջատել էր ռադիոկապը, վերցրել ավտոմատը եւ զորքն առաջնորդել Շուշի…
Այդ օրը հայ սպան պետք է ապացուցեր ամբողջ աշխարհին, որ ինքը կարող է անառիկ քաղաքներ գրավել եւ կարող է իր զինվորներին առաջնորդել դեպի հաղթանակ…Այդ օրը 1992 թվականի մայիսի 9-ն էր։
…Լաչինն ազատագրելուց հետո՝ մայիսի 18-ին, մեր սպաներն իսկապես ուղեւորվեցին Գորիս՝ գարեջուր խմելու…
Հաղթանակն այնքան մեծ էր, որ նույնիսկ Չիթչյանի նման համեստ մարդն իրեն թույլ տվեց հաղթանակի մի փոքր մասնիկ իրենը համարել…
Այո՛, այդ նրանք էին՝ հայ զինվորները, հայ սպաները, հայ բժիշկները, հայ հրամանատարները եւ ողջ հայ ժողովուրդը, որ կերտեցին մեծ Հաղթանակը։
Հետագայում, մարտնչելով տարբեր ռազմաճակատներում, Վալերի Չիթչյանը միշտ էլ իրեն դրսեւորել է որպես բանիմաց հրամանատար եւ մասնակցել է բազմաթիվ մարտական գործողությունների…Վալերի Չիթչյանն իր անձնական օրինակով էր սովորեցնում զինվորին. եթե պետք էր հարձակվել, նա առջեւից էր գնում, պետք էր գնալ հետախուզության՝ նախ մի քանի անգամ զինվորին իր հետ տանում էր, ցույց էր տալիս բոլոր նրբությունները, հետո միայն նրան ուղարկում ինքնուրույն հանձնարարության…
Սրտացավ էր… Կարող էր խոտհարքի ժամանակ զինվորին արձակուրդ տալ, եթե գիտեր, որ տան միակ տղամարդը նա է։
Հետո վրա հասավ 1995 թ. չարաբաստիկ նոյեմբերի 14-ը…
Անհեթեթ պատահարի զոհ դարձան փոխգնդապետ Վալերի Չիթչյանը եւ շարքային Գեւորգ Զիլաբյանը…
…1998 թ. Վալերի Չիթչյանը պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Շուշիի ազատագրման հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը մի առիթով ասել է. «Եթե Վալերի Չիթչյանը նույնիսկ «366» գնդում ծառայելիս հայկական ուժերին զենքով եւ զինամթերքով օգնած չլիներ, եթե չնախապատրաստեր եւ չմասնակցեր Խոջալուի, Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Ղարադաղլուի եւ մյուս մարտերին, միայն Շուշիի ազատագրմանը նրա մասնակցությունը բավական է, որպեսզի նրան շնորհվի Արցախի հերոսի կոչում…»։
ՔՐԻՍՏԻՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Խորագիր՝ #32 (1403) 18.08.2021 - 24.08.2021, Պատմության էջերից