Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓԱՆ՝ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ…



ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓԱՆ՝ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ...Արտյոմին հանդիպեցի «Եռաբլուրում»… Հերոսաբար նահատակված Նարեկ սարկավագի տարեդարձի կապակցությամբ հոգեհանգստի արարողությանն էի, ետդարձին սովորության համաձայն հայացքս սահեցնում էի տղաների լուսանկարների վրայով,  բոլորի հետ՝ ծանոթ թե անծանոթ, մտովի խոսում, աղոթք էի ասում, երբ հայացքս կանգ առավ Արտյոմի լուսանկարին: Այնքան արտահայտիչ էր հայացքը, որ թվաց, թե ինչ-որ բան ուներ ասելու: Մոտեցա, սկսեցի ուսումնասիրել երիտասարդի լուսանկարները, դրանցից մեկի վերևում կարդացի՝ «DJ Scionis» Արտյոմ Քոլանջյան: Ավելի ուշ ֆեյսբուքում փնտրեցի ու գտա «DJ Scionis» օգտատիրոջը, էջում գտա մորմոքող մայրիկի գրառումները ու որոշեցի գտնել նրան:

 

Ժամկետային զինծառայությունը 2013 թ. պատվոգրերով ու շնորհակալագրերով ավարտած ավագ սերժանտ Քոլանջյանը, պարզվեց, քառօրյա պատերազմին կամավոր մեկնել է ճակատ, իսկ 44-օրյա պատերազմին կրկին կամավոր Արցախի առաջնագիծ է շտապել, որտեղ և մարտերից մեկի ժամանակ անմահացել է:

27-ամյա Արտյոմ Քոլանջյանի կամ, ինչպես նրան ճանաչում են, դիջեյ «Սիոնիսի» տունը հեշտությամբ գտա. դարպասի վրա նրա մեծադիր լուսանկարներն էին փակցված, ինչը հուշում է, որ անցորդները խոնարհումով ու հարգանքով պետք է անցնեն այս տան կողքով կամ այցելեն հարազատներին: Երբ ավտոտնակի դարպասով ներս մտա, բակում կանգնած մեքենայի վրա և ներսում նույնպես Արտյոմի լուսանկարներն էին, ինչպես և ինձ դիմավորող մոր՝ Արփինեի վերնաշապիկին: Հյուրասրահում առաջին բանը, որ տեսնում ես, երիտասարդի պատվո անկյունն է՝ «Մարտական ծառայություն» մեդալը, փոքրիկ շախմատի տախտակը՝ մանրիկ ֆիգուրներով, նրա սիրած օծանելիքը, նուռ, վերջին ծննդյան տորթի մոմերը, փամփուշտներ, ուսադիրներ, զինվորական գլխարկը, քաղցր սուջուխ, շոկոլադ և այն ամենն, ինչ կենդանության օրոք սիրել է, ինչ թանկ է եղել այս արտասովոր երիտասարդի համար: Մի պահ ինձ թվաց, թե ամենավերևի լուսանկարում Քրիստոսի հերարձակ պատկերն է, բայց երբ ավելի մոտեցա, հասկացա, որ Արտյոմն է՝ «հուդի» գլխարկը գլխին, դիջեյի իր բեմական կերպարի մեջ, պրոգրեսիվ երաժշտության իր իսկ ստեղծած մեղեդիներից մեկի կատարման ժամանակ:

Արտյոմի կրտսեր եղբոր՝ Դավիթի ու մոր՝ Արփինեի հետ նստեցինք զրույցի. գեղեցիկ աչքերով սպիտակ շնիկը պտտվում էր մեր շուրջը՝ իր բաժին փաղաքշանքը հերթով ստանալով բոլորիցս: Դավիթը անչափ նման է եղբորը: «Հիմա, երբ սկսել եմ մազերս հետ սանրել, ավելի ենք նմանվել»,- ժպիտի մեջ հպարտություն կա:

-Սեպտեմբերի 22-ին ծննդյան օրն էր, հոկտեմբերի 22-ին զոհվեց… Ես միայն ամսի 28-ին եմ իմացել դեպքի մասին,- ասում է Արփինեն,- հիմա 22 թիվը մեզ համար առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել: Ես չեմ կարող նկարագրել Արտյոմի  հայրենասիրության չափը. ինքս նրան  հատուկ դրանով չեմ դաստիարակել: Բայց այսօր կարող եմ հպարտորեն գլուխս բարձր քայլել, որ այսպիսի զավակներ եմ մեծացրել, այն էլ՝ միայնակ: Ամեն ինչի հասել են իրենց աշխատանքով, իրենց քրտինքով, դժվարությունները հաղթահարել են իրենց ուժերով: Արտյոմս պրոգրեսիվ և տեխնո երաժշտության սիրահար էր, ինքն էր գրում, կատարում: Աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում: Տաղավարները, բեմերը նախապատրաստում էր եթերի: Հնչյունային օպերատորի հաստիք էր ազատվել. շատ էր ուզում այդ գործին անցնել. իր նախասիրությունն էր: Դավիթս բարմեն է աշխատում: Շատ է սիրում իր գործը: Մինչև պատերազմը իր եղբոր բեմական անունով՝ «Սիոնիս» կոկտեյլ էր ստեղծել: Շատ էին կապված տղաներս…

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓԱՆ՝ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ...Արտյոմին ժամկետային ծառայության ընթացքում շնորհվել է ավագ սերժանտի կոչում, եղել է դասակի հրամանատար: 2011-13 թթ. ծառայել է Թալիշում: Հրետանավոր էր:  Արփինեն բացում է հաստափոր թղթապանակը, որի մեջ որդին խնամքով հավաքել էր ծառայության տարիների հետ կապված իր բոլոր հուշերը, ծառայավայրից հարազատներին գրած նամակները, հրամանատարության հանձնած բազմաթիվ պատվոգրերն ու շնորհակալագրերը, այդ թվում՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի անունից հանձնված պատվոգիրը, ինչը մայրն առանձնակի ջերմությամբ ու հպարտությամբ է ցույց տալիս:

-Երբ Ապրիլյան պատերազմն սկսվեց, ոչ մեկին՝ անգամ մտերիմ ընկերներին ու եղբորը չէր ասել, որ գնալու է,- շարունակում է Արփինեն,- թաքուն կամավորագրվել ու մեկնել էր: Տուն եկա, տեսա՝ տանը չի. ո՞ւր է. ոչ ոք տեղյակ չէր: Մեկ էլ զանգեց. «աչքալուսանք» էր անում: Մինչև ապրիլի 22-ը մնացել էր մարտական դիրքերում:

Անցյալ տարի, երբ հայտարարեցին պատերազմի մասին, իմ Արտյոմը հուզվեց: Հարցրի. «Բալե՛ս, ինչո՞ւ ես հուզվել»: Ասաց. «Մա՛մ…, չե՞ս հասկանում, պատերազմ է…»: Անմիջապես հանեց քառօրյա պատերազմին հագած զինվորական համազգեստը, խնդրեց, որ լվանամ: Սուրբ մասունքի նման էր պահում այդ համազգեստը: Ժամկետային զինծառայությունից մնացած բատինկաները մաքրեց, փայլեցրեց քսուքով:  Բատինկաների տակից մետաղյա պայտիկները եղբորը հանել տվեց, որ ավելի անաղմուկ դարձնի. գիտեր՝ ուր էր գնում…

Անընդհատ մտածում եմ, որ նա կարող էր չգնալ, բայց… իմ տղան մտածում էր, որ ինքը այլընտրանք չունի. պե՛տք է գնա: Պարզապես չէր կարող չգնալ, ու վե՛րջ: Կյանքը, որ նա այդքան սիրում էր, իր երաժշտությունը, իր յուրահատուկ աշխարհը, որը ստեղծել էր… Բոլորը զարմանում ու հիանում էին նրա ստեղծած երաժշտությամբ: Ո՜նց էր ապրում այդ ամենով… Իր հացը, ջուրը, շունչը, ամեն ինչ իր երաժշտության մեջ էր: Ու հանկարծ պատերազմն սկսվեց, ու նա միանգամից, քը՛րթ, կտրեց, մի կողմ դրեց այդ ամենն ու հագավ զինվորական շորերը: Օրեր շարունակ սպասում էր, որ զինկոմիսարիատից կկանչեն. հագած-կապած անհամբեր շրջում էր տանը: Զգում էի՝ հնար է փնտրում, որ օր առաջ գնա: Ասում էի՝ գոնե համբերիր, թող օրինական ձևով կանչեն քեզ, տանեն, որ իմանանք՝ ուր ես, ոնց ես…

Փորձում էի համոզել. ասում էի՝  «Տղա՛ս, դու ինչ քեզնից հասնում էր, արդեն արել ես. որպես զինվոր պատվով ծառայել ես, քառօրյա պատերազմին կամավոր մասնակցել ես, այս մեկին գոնե մի գնա…»: Բայց նրա «չէ»-ն «չէ» էր: Համոզելը, հետ կանգնեցնելը՝ անհնար: Ասում էր. «Մա՛մ, ես ուզում եմ ավտոբուսի մեջ երգելով գնամ»: Ահա այս լուսանկարում ավտոբուսի մեջ է՝ իմ ձեռքն է բռնել. շուտով կշարժվեն…

Թվում էր, թե ամեն ինչ դեմ էր, որ նա այս անգամ գնար: Երբ զինկոմիսարիատ գնալիս դուրս եկանք տնից, տեսանք՝ մեքենայի անիվը ամբողջովին իջած է: Հենց այդ վիճակում էլ ստիպեց, որ քշենք-գնանք: Ժամը 13:00-ից մինչև 20:00-ը սպասեցինք զինկոմիսարիատի բակում, որ նրա անունը կարդան: Անունը էլի չկար ցուցակում: Նյարդայնանում էր, վերջում չդիմացավ, գնաց, իր ձեռքով գրիչով ավելացրեց ու տեղավորվեց ավտոբուսում:

Երևակայությանդ մեջ միշտ քո որդուն տեղավորում ես այնտեղ, ուր հանգիստ է, ինքդ քեզ համոզում, որ նրան բան չի լինի,- մտորում է Արփինեն,- ամենածանր օրերին Հադրութում է եղել: Այնտեղ էլ զոհվել է… Դեռ հրետանու ուսումնական զորամասից ծանոթ խմբի 8 տղաներից մեկը, որոնց հետ գնաց, վիրավորվել է, երկուսը չկան… Լուսակերտից 6 ընկերներով էին գնացել, երկուսի հետ էլ այնտեղ են ընկերացել: Ընկերներից Նարեկը ասում է, որ Արտյոմը իրենց խմբի կազմակերպչի դերն էր ստանձնել: Կացարանն էր պատրաստում, որ ամեն ինչ կարգին լինի, խրամատները ճիշտ փորվեն: Հետևում էր, որ տղաները անվտանգության կանոնները պահեն: Հիմա մեր տուն միշտ գալիս-գնում են տղաները. շատ կապված էին Արտյոմիս հետ:

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓԱՆ՝ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ...Արփինեն ցույց է տալիս տեսագրությունները, որ գտել է Արտյոմի հեռախոսում. ժպտուն, կյանքով լի, աննկուն երիտասարդը ցույց է տալիս իրենց «զորքը», իր ընկերներին է դիմում. «Տղե՛րք, գիտեք, չէ՞, դուք ամենաուժեղ տղերքի ցուցակում  եք…»:

…Հիմա ծնողներից հաճախ եմ լսում. «Թող հետ գար՝ վիրավոր, անդամալույծ, բայց հետ գար…»: Ես շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ այդ տղաներին, որոնք ճիգ ու ջանքով հասնում են իրենց առողջական վիճակի բարելավմանը, սկսում են քայլել, պրոթեզավորվում են, կարողանում են կյանքը շարունակել, հաջողությունների հասնել: Բայց ճանաչելով իմ տղային, մտածում եմ, որ նրա համար շատ ծանր կլիներ այդ վիճակում ապրելը, նա չէր կարող համակերպվել դրա հետ: Մի օր էլ անասելի վրդովվեցի, երբ մի աղջիկ իր էջում գրել էր. «Զոհվածների մայրերը կգերադասեին, որ իրենց որդիները ողջ լինեին, թեկուզ՝ գերության մեջ»: Չդիմացա, գրեցի շատ կոշտ. «Իսկ դու ի՞նչ գիտես, թե բոլոր զոհվածների մայրերն ի՞նչ են մտածում: Ես, անձամբ, ո՛չ երազել եմ, ո՛չ գերադասել: Շատ վատ կհնչի. որ ասեմ՝ կգերադասեի, որ զոհվեր, քան գերի ընկներ, բայց… Ոչ մի դեպքում չէի ուզենա, որ տղաս թշնամու ձեռքն ընկներ, որ մատով իսկ դիպչեին նրան, ու գիտեմ, որ եթե այդպիսի իրադրության մեջ հայտնվեր, կգերադասեր իր կյանքին վերջ տալ, քան հայտնվել գերության մեջ: Ես չեմ տեսել որդուս, երբ բերեցին. բայց ով տեսել է, ասում է, որ մի մազ անգամ չէր պակասել նրանից: Նույնիսկ հեռախոսի վրա, տե՛ս, մի խազ էլ չկա…

Անմահացած հերոս տղաների մայրիկներով խումբ են կազմել, կիսում են իրենց ապրումները, միմյանց թև ու թիկունք լինում: Արփինեին վերջերս մայրերից մեկը գրել է. «Քո տղայի արածը կրկնակի հերոսություն է, քանի որ կամավոր է գնացել ու գնացել է մեր զինվոր տղաների կողքին կանգնելու»…

-Սա կարդացի Դավիթիս համար,- ասում է Արփինեն,- իսկ նա էլ, թե. «Բա հայրենասեր պիտի լիներ, ի՞նչ պիտի լիներ, մա՛մ…»: Դավիթս որքան էլ ցավ զգա, իր եղբորը միշտ բարձր է գնահատում, երբեք չի կասկածում նրա ընտրությանը:

Դավիթը եղբոր ամեն մի բառը որպես կյանքի կուռ ու ճշմարիտ փիլիսոփայություն է ընկալում: Հիշում է նրա բոլոր բառերը, եղբայրական խորհուրդներն ու ուղերձները: Եվ պատահական չէ. Արտյոմն իրոք յուրահատուկ մարդ էր՝ կյանքի դժվարություններով թրծված ու բյուրեղացած իրեն հատուկ իմաստնությամբ:

-Ապրիլյան պատերազմին նրա հետ եղած տղաները պատմում են, որ մինչև դիրքեր բարձրանալու իրենց հերթը գար, զենքը միշտ մաքրում, պատրաստ էր պահում,- պատմում է Դավիթը:- Մի օր էլ որոշել են իրենք էլ մաքրել իրենց զենքերը, տեսել են, որ բոլորի զենքերը մաքուր են: Բոլորինն էր մաքրել, պատրաստել… Բոլորի մասին հոգ է տարել նաև այս պատերազմում: Տղաները, որ նրա հետ են եղել, պատմում են, որ կարծես արդեն պատրաստի զինվորական լիներ, սպա: Եթե ձեռքը խփեր սեղանին, ասեր՝ այսպես պիտի լինի, հնարավոր չէր չենթարկվել: Այդ օրը նա չպետք է այդտեղ լիներ. որոշել էր օգնել տեղ հասցնելու զենքը, որին սպասում էին դիտակետում: Ընկերոջը՝ Համլետին, ասել էր. «Արի իրար հետ տանենք»: Հակառակորդը նկատել էր շարժը և… Համլետը նրանից 4-5 քայլ հեռու է եղել, երբ թշնամու հարվածային ԱԹՍ-ն խփել է հենց Արտյոմի թիկունքին գտնվող շպալին՝ բետոնե սյանը, որը փուլ է եկել նրա վրա. նույն հարվածից Համլետի ոտքն է վիրավորվել, կոտրվել:

«Շատ, շատ լավ տղա էր, շատ լավ ընկեր…,- հետո ինձ կպատմի մարտընկերը՝ Համլետ Մխիթարյանը, որն այժմ «Զինվորի տանը» վերականգնողական բուժում է ստանում: Կողքից նայողին կթվար, թե մենք հարյուր տարվա ընկերներ ենք: Երկու շաբաթում այ այդպես մտերմացել էինք: Լուսակերտից 8 հոգով գնացինք, ու այդ խմբից չորս հոգով իրար հետ էինք մինչև վերջ: Ականանետորդ էինք ես ու Արտյոմը, մի քանի օր կրակ էինք վարում, խնդիրներ էինք լուծում: Հետո մեր ականանետը պայթեցրին: Գետնատնակում սպասում էինք, որ մեզ նոր տեխնիկա հասցնեն: Այդ ընթացքում էլ եղավ դեպքը: Բլրի ետևում թշնամու տանկն էր, որը մտնում, դուրս էր գալիս, դիտակետում գտնվող մեր տղաները չէին կարողանում խփել. մենք փորձում էինք մեր հակատանկային «Ֆագոտի» անձնակազմի տղաներին զենք հասցնել, երբ ԱԹՍ-ն հարվածեց… Այդ դեպքից հետո շրջափակման մեջ էր ընկել մեր ամբողջ անձնակազմը, բայց հրամանատարի՝ մայոր Էլդար Միրզոյանի շնորհիվ (արցախցի է. շատ լավ հրամանատար) հաջողվել էր անձնակազմը ապահով դուրս բերել շրջափակումից… Արտյոմն ինձ երբեք մենակ չէր թողնում. մի քիչ աշխույժ էի, միշտ ինձ հետևում էր, միշտ ասում էր՝ զգույշ եղիր, կեսկատակ-կեսլուրջ ասում էր. «Դու վտանգավոր ես. քեզ մենակ չպետք է թողնել»: Ընկերասեր էր, շատ մաքուր սրտով մարդ: Արտասովոր հանգիստ էր. նրա այդ հանգիստ ձայնը, պահվածքը բոլորին ոգի էր տալիս: Այդպիսի մարդ, տղա ես երբևէ չեմ ճանաչել…»:

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓԱՆ՝ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ...-Հինգ տարի է, ինչ դիջեյ էր,-շարունակում է պատմել Դավիթը,- Հայաստանի  դիջեյներից քչերն են, որ իրենք են գրում իրենց կատարումների երաժշտությունը: Նա ամենատարբեր հնչյուններից ստեղծում էր իր երաժշտությունը: Կարող է մատով սեղանին թխկթխկացներ ու այդ ձայնից երաժշտություն ստանար: Երբ աշխատանքից տուն էի գալիս՝ հոգնած, ջարդված, անգամ որևէ բան ուտելու ուժ չէի ունենում, կանչում էր իր սենյակը. ինչ-որ նոր գործ էր հորինել: Բացատրում էր, թե ինչ է նշանակում, խորհրդանշում ամեն մի նոտան: Ասում էր. «Այ, այս մասը լսիր, ի՞նչ ես պատկերացնում»: Ընկերներով էլ, երբ հավաքվում էինք, նստում, լսում էինք, ու ամեն մեկս մեր մեջ առաջացած մտապատկերներն էինք ներկայացնում: Ու հետաքրքիր է, որ առանց իր մեկնաբանության զգում էինք՝ ինչի մասին էր երաժշտությունը: Եկավ մի շրջան, որ նրա ստեղծագործությունները թռիչք կատարեցին. դրանք տեղայնացված չէին. հասկանալի էին թե՛ հայ, թե՛ օտար ունկնդրին, թեմաները համամարդկային էին: Նրան իվենթների էին հրավիրում: Նոր տեսահոլովակի հրավեր էր ստացել: Կապեր էր հաստատել աշխարհի տարբեր երկրների դիջեյների հետ, միասին նախագծեր էին կազմում: Նրանից հետո Գերմանիայից ծանոթ մի դիջեյ, Ուկրաինայից մեկ ուրիշը, այստեղ՝ Հայաստանում էլ մի քանի անգամ նրա հիշատակին նվիրված իվենթներ՝ փոքրիկ համերգներ են անցկացրել:

Մենք, նրա արվեստի հետ շփում ունեցողներս, զգում էինք, որ նա փորձում էր իր երաժշտությամբ խաղաղության գաղափարը տարածել՝ «Ո՛չ պատերազմին»: Արտյոմը պատերազմ չէր ուզում… Գնում էր մարտի ոչ թե սպանելու, այլ հանուն կյանքի: Նրա բեմական անունը՝ «Սիոնիս», սիոնիզմի հետ կապ չունի: Լատիներեն «scionis» նշանակում է նոր սկիզբ, վերածնունդ: Հատկապես վերջին շրջանում նրա ստեղծագործությունները թռիչքաձև վերելք ապրեցին: Որոշ ստեղծագործություններ պարզապես ապշեցնում էին գիտակներին: …Հիմա ստուդիա ենք ուզում հիմնել, որ նրա գործը շարունակվի:

Ես քչախոս եմ, չեմ սիրում արտահայտվել: Հենց զգում էր, որ ինչ-որ բան այնպես չէ, կգար, կասեր. «Խոսի՛ր, Դա՛վ ջան, ասա՝ ինչն է քեզ անհանգստացնում: Ազա՛տ խոսիր, կիսվի՛ր մտքերովդ»… Շատ էր սիրում ասել. «Դու կարո՛ղ ես»:

Վերջին հաղորդագրության մեջ ինձ գրել էր. «Իմացի՛ր, որ ամեն ինչ քո ձեռքերում է, ու դու կարող ես փոխել:  Եվ միայն դո՛ւ կարող ես անել էնպես, ոնց որ կուզես, որ լինի»: Ասացի՝ «Գիտեմ, քո շնորհիվ գիտեմ»: «Իմանալը քիչ է, զգալ է պետք»: Ու ես փորձում եմ հետևել եղբորս խոսքին: Կուզեմ, որ բոլորը այդ սկզբունքով ապրեն:

-Արտյոմի ստեղծագործության համար հայկական տարազով աղջկա լուսանկար էր պետք: Ընկերը՝ Արմենը, մի ծանոթ աղջիկ ուներ, որի մասնակցությամբ ֆոտոսեսիա արեցին: Այդ աղջկան շատ էր հավանել: Ինձ պատմեց, բայց նրան այդպես էլ չասաց իր զգացմունքների մասին: Հաղորդավար է աղջիկը, հենց տեսնում էր հեռուստացույցով, ասում էր. «Մա՛մ, Նա է խոսում, արի՛», ու ինքը դուրս էր գալիս սենյակից:

Արփինեն ամեն անգամ որդուն՝ «Եռաբլուրում» այցելությանը նամակներ, նվերներ է գտնում: Դրանց մեջ սիրո խոստովանություններ էլ կան: Ուզում է հավատալ, որ դրանցից մեկը հենց այն աղջկանից է…

Արփինեն բացել է ընտանեկան ալբոմը: Հերթով ցույց է տալիս լուսանկարները, պատմում: Ահա նույն հագուստով երկու գեղեցիկ երեխաների նկարներ. ասես նույն երեխային երկու անգամ են լուսանկարել. այդքան նման են: Դավիթն ու Արտյոմն են՝ նույն շորերով, նույն տարիքում: «Այստեղ էլ, ահա, Արտյոմս բարձրահարկի տանիքին է, նվագում է: Այստեղ էլ դասընկերոջ՝  Ռոբերտ Նիկողոսյանի հետ է, որ մեր բոլոր հերոս տղաների պատկերները պատերի վրա նկարում է: Այս պահին Արտյոմի պատկերի վրա է աշխատում: Սա էլ ընկերներից Նարեկն է: Պատերազմում իրար հետ են եղել: Նարեկն իր ստեղնային հեռախոսը մի օր տվել էր Արտյոմին, թե՝ զանգի տուն, խոսի տնեցիներիդ հետ: Պատասխանել է. «Պետք չի: Թող սովորեն առանց ինձ ապրել…»:

Երբ մի անգամ զանգել էր ինձ, մայր եմ, ասացի՝ «Կարո՞ղ ես հետ գալ, բալե՛ս…»: Շատ զայրացած կտրեց. «Էդ ի՞նչ ես ասում: Ուզում ես՝ զինգրքույկիս մեջ «դավաճան» գրե՞ն…»:

Ես չեմ կարող նույնիսկ մեղադրել այն տղաներին, որոնք վախեցել են ինչ-որ պահի, թողել են մարտի դաշտը. նույնիսկ դա է մարդկային. ցանկացած մեկն էլ կարող էր վախենալ այդ պայմաններում: Բայց միանշանակ ներում չկա նրանց, որոնք գնացել, սելֆիներ են արել ու հետ են եկել առանց կռիվ տալու…

***

Արտյոմին դպրոցում շարադրություն էին հանձնարարել. «Իմ ամենալավ ընկերը»: Մոր խոսքերով՝ փայլուն չէր սովորում, բայց նրա այս շարադրությունը ուսուցչուհուն պարզապես ցնցել էր՝ այնքա՜ն անկեղծ ու խորիմաստ էր… «Իմ ամենալավ ընկերը իմ սիրտն է». այսպես էր վերնագրել: Եվ բացատրում է. «Քո բոլոր մտքերով, զգացմունքներով դու խոսում ու կիսվում ես միայն քո սրտի հետ, ամենաթանկը ու նվիրականը՝ պահում սրտումդ: Արած թե՛ լավ, թե՛ վատ գործերի համար հաշվետու ես լինում ինքդ քեզ՝ քո սրտին, քո խղճին…»:

-Տղաս իր խղճի, իր սրտի առջև լիովին մաքուր էր…,- ասում է Արփինեն: Իսկ Դավիթն ուզում է, որ իր համար ուղենիշ դարձած եղբոր խոսքերը շատերի սրտին ու մտքին հասնեն. «Մարդն ունի ազատ ընտրություն անելու իրավունք ու անսահմանափակ հնարավորություններ: Չկա՝ «չեմ կարող», կա՝ «չեմ ուզում»: Ամեն ինչ մեր ձեռքերում է, ամեն ինչ հնարավոր է, եթե կա ցանկություն ու կամք»: Եվ մյուսը, որ միշտ ասում էր Արտյոմը՝ «Սիրե՛ք կյանքը»:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #32 (1403) 18.08.2021 - 24.08.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


19/08/2021