ԱՐԱՐԱՏ ՈՒ ԱՐԱՔՍ
Ես գնում եմ Արարատ։ Մենք` բոլոր հայերս, մեր ծնված օրից Արարատ ենք գնում։ Ու թե մեռնում ենք՝ մեռնում ենք Արարատի ճանապարհին։ Առաջին հայը, որ համենայն դեպս Սրբազան լեռ հասավ, գիտե՛ս, Էջմիածնի վանքի քսանամյա դպիր Աբովյան Խաչատուրն էր։ Նա ընդհանրապես Նոյ նահապետից հետո Արարատ ոտք դրած առաջին մարդը պիտի լիներ, ամբողջ ճանապարհին տանտիրոջ ինքնավստահությամբ առջեւից էր գնում, բայց 1829-ի սեպտեմբերի 27-ին, ժամը ուղիղ 15-ն անց 15 րոպեին, երբ Մեծ Մասիսի ամենաբարձր կատարին մոտեցան, այնքան նրբանկատ ու հյուրամեծար գտնվեց, որ Ֆրիդրիխ Պարրոտին աննկատ առաջ թողեց։ Ես չգիտեմ, թե հայտնի բնախույզը՝ Դորպատի համալսարանի ռեկտորը, լեռան գագաթին ինչ էր զգում, բայց դպիր Խաչատուրը ամբողջ մարմնով դողդողում, ինքն իրեն մրմնջում էր. «Այլ արդ՝ ո՞ւ տացէ ինձ բան եւ բարբառ ի դեմս բերել զհրաշալեացն եւ զգեղեցկութեանցն մերոյն Մասսայ…»։
Այլազգիները միայն կարող են պնդել, որ Արարատը նեոգենի անդեզիտադացիտային եւ քվարց-տրախիտային լավաների հզոր գոյացումներից, նրանց պիրոկլաստներից կազմված բազմածին հրաբուխ է, մեզ՝ հայերիս համար մեր ինքնությունն ու էությունն է՝ այն օրվանից, երբ Նոյ Նահապետը գագաթից իջավ ու հովիտ չհասած, խաղողի առաջին վազը տնկեց։
Հենց ես ու մայրս Արարատը տեսնելու համար ստիպված չեղա՞նք… Բուլղարիա գնալ։ Ընդունում եմ, ես դաժան վարվեցի մորս հետ, հենց Սոֆիա հասանք ու տեղավորվեցինք հյուրանոցում, փոխանակ տատիս զանգահարելու, որին քսան տարի մայրս չէր տեսել, որոնեցի, գտա նրանց հեռախոսահամարները, ովքեր նոր էին վերադարձել Արարատից։ Ի՞նչ իմանայի, որ էլեկտրատեխնիկ Բորիս Տուեչկինը, բուսաբան Դիմկա Մոսկովան, ռադիոլրագրող Վլադիմիր Մարյանովը, վիճակագիր Պենկո Գերովը մեզ սպասեցնել չեն տա, շատ չանցած ամբողջ արշավախմբով հյուրանոցային մեր հեղձուկ համարը կխուժեն։ Ու մինչ դու սեղանին հայկական կոնյակ ու ծխախոտ, Արարատյան դաշտի մրգերն էիր տեղավորում, նրանք արագ-արագ, վարժ շարժումներով գործի անցան՝ գտան վարդակը՝ հաղորդալարերը, լուսապատկերները տեղադրեցին, ու հյուրանոցի պատին թրթռաց Արարատի կենդանի-իրական պատկերը, տակը Ջեյմս Բրայսի հայտնի խոսքերը՝ «Մեծ Արարատը լեռներից ամենավեհաշուքն է, Փոքրը՝ ամենաշքեղը»։ Հետո բուլղար արշավորդները կադր առ կադր պատմում էին վերելքի մանրամասները, իսկ ես ինքնաբերաբար կրկնում էի՝ «Ի՜նչ երջանիկ եք, դուք աշխարհի ամենաերջանիկ լեռնագնացներն եք»։ Ինքդ էլ էիր նույնը մրմնջում, նկատում էի՝ մերթընդմերթ գնում էիր նախասենյակ, աչքերդ սրբում, մինչեւ որ Բորիս Տուեչկինը դադարեցրեց ցուցադրումն ու ասաց.
-Այս երջանկության համար մենք բանտ նստեցինք։
-Ինչո՞ւ։
-Թուրքերը Արարատ բարձրանալուց առաջ ահռելի կաշառք ուզեցին, ու քանի որ չտվեցինք, չունեինք, որ տայինք, հենց վայրէջքի պահին ձերբակալեցին։ Իբր, առանց արտոնության ենք իրենց սահմանային լեռը բարձրացել…
Բուլղար լեռնագնացները վաղուց գնացել էին, բայց ես շարունակում էի նայել հյուրանոցի այն պատին, որը թվում էր, դեռ պահպանում էր Արարատի ջերմությունը։ Հետո մոտեցա, մատներով շոշափեցի ու տխրեցի։ Ահա այդ պահին մայրս ասաց այն նախադասությունը, որը ես երբեք չեմ մոռանում. «Արարատը դու քո մեջ փնտրիր, տղա՛ս։ Թող ամեն հայ Արարատն իր մեջ փնտրի։ Ու անպայման կգտնի…»։
Եվ ահա, ինչպես գրեցի, ես Արարատ եմ գնում։ Իրականո՛ւմ եմ գնում՝ արտասահմանյան հարմարավետ մեքենայով, հատուկ այդ նպատակով աշխարհի բոլոր կողմերից ժամանած իմ մտերիմներով։
Իգդիրի բարդիները՝ ձիգ ու սլացիկ, անսպասելի թեքվում, լքված մանուկների նման սուրում են մեր ինքնաշարժի ետեւից.
-Էդ ո՞ւր եք գնում, հե՜յ, մեզ ո՞ւմ եք թողնո՜ւմ…
Արաքսը, սակայն, գալիս է, ճամփեզրի քարերին խփվում, փշրվում, բայց մեզնից ոչ մի կերպ բաժանվել չի կարողանում։
Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գնում եմ…
Երգում է ինչ-որ մեկն, ու Ժանետը փղձկում է։ Նա ճիշտ այսպես լաց եղավ անցյալ աշնանը՝ Մեղրիում։ Ի՞նչ էինք անում մենք պատմական Արեւիքում։ Էլի նույնը՝ հայի գործ։
Իմ առջեւ նստած ամերիկահայ ամուսինները՝ Հրանտը, Ժանետը, որ տարվա առաջին վեց ամիսն իրենց` Նյու Յորքի, երկրորդ վեց ամիսը՝ Երեւանի տանն են ապրում, ամեն անգամ Հայրենիք ժամանելիս, եթե առիթ չի լինում, Գառնի, Գեղարդ, Սեւան ու Դիլիջան չեն գնում, իրենց կարոտը այլ կերպ են առնում։ Հրանտը պարբերաբար ամերիկյան բարեսիրական-բարեգործական հաստատություններից դրամական միջոցներ, դեղորայք ու սարքավորումներ է հայթայթում, անձամբ բաշխում Հայաստանի, Արցախի բուժարաններին։
Ժանետը չի կարող պարզապես Հրանտի կինը լինել։ Մինչ ամուսինն այցելում է հիվանդանոցները, Ժանետը մտնում է նույն այդ բնակավայրերի՝ հատկապես գյուղերի դպրոցներն ու գրի առնում, թե որն ինչի կարիք ունի։
Նյու Յորքում բարեսերներ, ավելի ճիշտ՝ հայաստանասերներ միշտ գտնվում են, Ժանետը միջոցները հայթայթում, ամռանը բերում, կատարված բարենորոգումը լուսանկարում, վերադառնում, հաշվետվություն է ներկայացնում։
Անցյալ տարի Շինուհայրի դպրոցից, որը, քիչ է ասել, ավերակ էր, նոր էինք դուրս եկել, ես, ճնշող տպավորությունը ցրելու, գուցեև Զանգեզուրի բնության բազմազանությամբ պարծենալու համար անզգուշություն ունեցա ասելու.
-Այս ձյունածածկ լեռնապատի մյուս կողմում արեւոտ հովիտ է, որտեղ թուզ ու նուռ է հասնում, Արաքսն է հոսում։
Ժանետը մանկական անմիջականությամբ հուզվեց եւ մանկական անմիջականությամբ էլ թախանձեց.
-Գնանք տեսնենք, Բասրայի հայկական վարժարանում ես «Մայր Արաքսի ափերով» ոտանավորը շատ եմ արտասանել, երգը՝ երգել։ Ամբողջ կյանքում երազել եմ ձեռքերս ջրերի մեջ սուզել։
Մենք ձեւացնելով, թե չենք նկատում վարորդի դժկամությունը, խնդրեցինք երթուղուց շեղվել ու մինչեւ 2535 մետր Գողթանասարի մատույցները մագլցելով, Տաշտունի լեռնանցքով Արաքսի կիրճը գահավիժեցինք։ Մեղրագետի երկու ափերին արքայանարինջը հղի հարսի ստինքների նման լցվել, թուզը քաղցրությունից ճաք էր տվել, բայց Ժանետն ասես չէր էլ նկատում.
-Արաքսը, նախ՝ մայր Արաքսը տեսնեմ։
Ես, իհարկե, չգիտեի, որ Խորհրդային Միության փլուզումից` այդքան անսպասելի, նույնիսկ անհարկի փոփոխություններից հետո, սահմանը նախկինն է մնացել՝ եռաշար փշալարերը համր, բայց անողոք համառությամբ փակեցին մեր ճամփան։
Ճարահատ ուղեկալ մտա.
-Թույլ տվեք գոնե այս տիկինը անցակետին մոտենա, ձեռքերը Արաքսին հպի։
Ժամապահի ձայնը հրամանի պես խիստ հնչեց.
-Նելզյա։
-Բայց նա այդ նպատակի համար է Միացյալ Նահանգներից Մեղրի հասել։
Սպան ոտքից գլուխ չափեց Ժանետին.
-Տեմ բոլեե նելզյա …
Հիմա մենք Արաքսի՝ նույն Արաքսի մյուս ափին ենք, ու մերթընդմերթ գետն այնքան է մոտենում, որ թվում է` ինքնաշարժի բաց պատուհանից էլ ձեռքդ մեկնես, ալիքները կշոյես։ Ժանետը խնդրում է Ղարաբաղում կռված վարորդին.
-Մաքսի՛մ, կանգնի՛ր, հենց այստեղ կանգնիր…
Գետը երկու կողմից այնպիսի խոժոռ ժայռեր են պաշարել, որ թվում է` արարչագործությունից ի վեր ոչ ոքի կիրճ չեն թողել։ Ժայռերի ցից-ցից ելուստներն առասպելական վիշապի ժանիքներ են թվում, ու մենք ուղիղ նրա բաց երախն ենք մտնում։ Ժանետը հազիվ է հասցնում երկու-երեք քայլ անել, վիշապի ակնախոռոչներից զենքն ուսին մի ասկյար է հայտնվում, ճանապարհը փակում.
-Դեովլեթ սինիր դըր, յասակ (պետական սահման է, չի կարելի)։
Ես շտապում եմ օգնության, բացատրում եմ, թե որտեղից է գալիս Ժանետը, ինչ է ուզում։
Ասկյարը վերջապես հասկանում է, որ մենք հայեր ենք։ Զենքն իջեցնում է ուսից.
-Էրմենիսի՞զ, հելե-հելե յասակ (հայե՞ր եք, առավել եւս՝ չի կարելի…)
Հա՞յն էլ այսքան ճամփա կտրի ու իր Մայր գետին չհպվի։ Ոչ այն ափից, ոչ այս՝ չնայած մեր ճակատագրի դեպքում այս ու այնը դժվար է զատորոշել։ Մենք այնքան վիրավորված, վշտացած ենք, որ Կողբի էջմիածնապատկան աղահանքերը չենք էլ նկատում։ Էջմիածնապատկա՜ն՝ էդ ե՞րբ էր, որ կողբեցիներն իրենց աղն արդյունահանում, եզակի որակի համար հազար ու մի երկիր էին արտահանում։ Սուրբ Խաչ, Սուրբ Երրորդություն եկեղեցիների հետքն էլ չկա։ Մեղավորը հանդիպակաց հյուղակներից մեկում ծնված Մեսրոպ Մաշտոցի իմաստասեր սանը՝ Եզնիկ Կողբացին է։ Կարծում էր, որ երկաթը ծառայում է չար ու բարի նպատակների։ Նրանց, ովքեր երկաթից խոփ էին ձուլում, բարի էր համարում, տեգ ու նիզակ ձուլողներին՝ չար։ Հայերն էլ նրան լսում, հավատում էին։ Չէին հասկանում, որ բարին միայն հեքիաթներում է հաղթում։ Ո՞ւր են՝ Կողբը, կողբեցիներն ի՞նչ եղան իրենց բարությամբ։
Սրտմտությունն ու սրտնեղությունը մի ակնթարթում մոռացվում է, մենք ցատկում ենք տեղներիցս, միաբերան բացականչում.
-Արարա՜տը…
Լսե՞ց, չլսե՞ց, թվա՞ց, թե իրականում ուղղեց մեջքը՝ ասես նիրհից, թմբիրից զարթնեց, անակնկալի եկած նայեց շուրջն ու մեզ նկատելով՝ լայն ժպտաց։ Սխալ են նրանք, ովքեր հավատացնում են, թե Արարատը Արեւմտահայաստանից անհրապույր է։ Ճշմարտությունն այն է, որ հուսահատ է, հուսաբեկ։ Այս կողմում, ախր, նա հայի չի տեսնում, հայերեն չի լսում, դրա համար է խեղճանում, հյուծվում։ Բա Արարատն առանց մեզ կապրի՞։ Ինչպես մենք` առանց նրա։
Ստորոտը հաղթահարում, գրեթե լանջով ենք սլանում։ Ուզում ենք կանգնել, գոնե լուսանկարել, բայց վախենում ենք, որ քարակարկառներից մի ասկյար դուրս կպրծնի, զենքը կրծքներիս դեմ կանի ու` յասակ…
Կապտաթույր ժայռաբեկորները, որոնցից ամենաամուրները ժամանակին Տրդատ արքան ընտրել, ուսերով կրել է Էջմիածնի Մայր Տաճարի համար, հետ-հետ են քաշվում, հայտնվում են միջազգային լեռնագնացության գունեղ տնակները, որոնց առջեւ փողփողում են այդ կազմակերպության եւ նույնիսկ արդեն (արեւելյան հեռատեսություն է) Եվրամիության դրոշները։ Ամենաբարձրը, հասկանալի է, թուրքականն է։ Հայկականը չկա։ Արարատի հայ լինելն այստեղ ո՞վ է հիշում։ Եթե անգամ հիշում են, բանի տեղ չեն դնում։
Գագիկը, որ դեռեւս Իգդիրում գնել է վիլայեթի քարտեզն ու մեր ամեն անցած կիլոմետրը նշում է, գյուտ է անում.
-Թուրքերը անունն էլ են փոխել, Աղըրը են դրել։
-Մինչեւ հիմա չե՞ս իմացել,- տիկին Աստղիկն այնքան դառնացած է, որ Արարատին չի էլ նայում։
…Հայտնվում է Կարաբուլաղը։ Լեռն այնքան մոտիկ է, որ մենք որոշում ենք հետը հացի նստել։ Երեւի այս գյուղի՝ նույն դիրքն ու տեսքն է ունեցել Ակոռին՝ տները հազարաշեն տանիքներով են, բայց մի մասը խարխլվել, մյուսն էլ ավերակույտի է վերածվել։ Վարպետներն ո՞ւր են, չկան, որ վերանորոգեն։ Տեղական իշխանավորներն էլ՝ իրենց ժողովրդի անճարակությունի՞ց, թե՞ հանդիպակաց Արտաշատի, Դվինի տուֆակերտ բազմահարկերից չարացած, միջոցներ են հայթայթել, սկսել են վառ, ճչացող գույներով առանձնատներ կառուցել, որ Արարատի մյուս կողմից տեսնեն, նախանձից պայթեն։
Մենք սեղան ենք փռում Կարաբուլաղի ճամփաբաժանում, քչքչան առվակի եզրին։ Ամեն ինչ ունենք՝ լավաշ, պանիր, ապուխտ, սեխ, ձմերուկ։ Էլ ինչ հայ, որ առանց կոնյակի ճամփա գնա։ Սեղանապետը, իհարկե, Արարատն է։ Անսպասելի ջահելացել, խոսքաշատ, խոսքաշեն է դարձել։ Ամեն մեկիս առանձին-առանձին հորդորում է.
-Դուք ձեր տանն եք, կերեք, խմեք, հայերեն խոսեք, բարձր խոսեք։
Ուզում ենք, բայց չենք կարողանում, ձայներս հազիվ են լսվում…
Բայազետի մատույցներում մեքենայի անվադողը պայթեց։ Մոտակայքում սպասարկման կայան չկա, ուղեխումբը տագնապում, ամայի հովտում գիշերելը վտանգավոր է համարում, բայց իմ կարծիքով` պատահարը տեղին, ճիշտ ժամանակին էր։ Մեջքի վրա փռվեցի սիզախոտերին, հայացքս Արարատին հառեցի։ Իրականությունից հույսս կտրած, հուսախաբված, ես մեր առասպելներին էի ապավինում, Փոքր Մհերին ոգեկոչում։
Ինչո՞ւ միայն նրան։ Մենք բոլորս էլ մեր ծնված օրից Արարատ ենք գնում։ Գնում ենք, որովհետեւ հավատում ենք, որ մի օր պիտի հասնենք…
ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ
Խորագիր՝ #32 (1403) 18.08.2021 - 24.08.2021, Հոգևոր-մշակութային