ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ՝ Եվրոպայի չեմպիոն
Օգոստոսի 20-ին Ռումինիայի Յասսի քաղաքում Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունն ավարտվել է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանի փառահեղ հաղթանակով։ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն առաջինն է հայկական շախմատի պատմության մեջ։ Ամբողջ մրցաշարն ընթացել է հայ շախմատիստուհու գերազանցության նշանաբանով. 11 հնարավորից Դանիելյանը վաստակել է 9 միավոր` 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի։ Դանիելյանը նվաճել է նաև կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:
«Երկար ճանապարհ էր, բայց երազանքս կատարվեց։ Վերջապես ամբողջացրի եվրոպական բոլոր տիտղոսներս», Ինստագրամի իր էջում գրել է Հայաստանի կանանց հավաքականի երկարամյա առաջատարը։ 2001 թ.-ին Էլինան նվաճել է արագ շախմատի Եվրոպայի առաջին չեմպիոնի, 2003 թ.-ին՝ Եվրոպայի թիմային չեմպիոնի, 2006 թ.-ին՝ Եվրոպայի ակումբային չեմպիոնի, եւ 15 տարի անց՝ 2021 թ.-ին, կանանց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները։
Էլինան Հայաստանի հավաքականի անդամ է 1992 թվականից՝ դեռեւս 14 տարեկանից, հավաքականը գլխավորում է 2003 թ.-ից։
Խորագիր՝ #33 (1404) 25.08.2021 - 31.08.2021, Մարզաշխարհ