Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ



ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐԼրագրողի պատմածները

 

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

Մնացածն այրում են

 

7-ամյա բարեկազմ, աշխույժ տղային հաճախ էի հանդիպում Ադրբեջանի Շահումյանի շրջանի Վերիշեն հայկական գյուղի փողոցներում:

Ինչո՞ւ Ադրբեջանի: Դա ինձ բացատրեց Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, 77-ամյա Ավետիս Գալուստի Ավետիսյանը, որի մեջ հեռվից անգամ ճանաչելի է չեխովյան Ռուսաստանի մտավորականը: Այժմ նա փախստական է Բուզլուխից: Խորհրդային տանկերի պողպատի ու կրակի ճնշման տակ նա «ինքնակամ», անտառային արահետներով, շրջանցելով տասնյակ կիլոմետրեր, փախել է Վերիշեն, որը հարազատ Բուզլուխի դիմացի լեռան հակառակ կողմում է:

Թողել է երկհարկանի կահավորված տունը: Բայց ո՛չ բյուրեղապակեղենը, ո՛չ ռադիոն կամ հեռուստացույցը, որոնք, միևնույն է, չեն աշխատում (Ադրբեջանը հոսանքազրկել է հայկական գյուղերը), Ավետիս Գալուստովիչը չի ափսոսում այնպես, ինչպես իր ձեռքով ստեղծված գրադարանը` 5000 կտոր գրքով: Այն ուներ քարտադարան` առանձին հայերեն, ռուսերեն, անգլերեն և ադրբեջաներեն (ավելի ճիշտ` թուրքերեն. գրքերը հավաքվել են դեռ այն ժամանակվանից, երբ Ադրբեջան չկար, և դրա համար գիր չէին հնարել): Թե օմօնականները` 20-րդ հարյուրամյակի այդ հոները, գրքերն ի՞նչ են արել, հայտնի չէ: Հայերի «ինքնակամ» թողածից նրանք այրում են այն ամենը, ինչ իրենց պետք չէ: Նույնիսկ արաբատառ թուրքերեն գրքերը նրանք չեն հասկանում:

Ասենք, մի՞թե կողոպտիչը լեզուներ տարբերելու ժամանակ ունի: Մյուս կողմից, Ստեփանակերտի բնակչությանը նրբահնար չարչարանքների ենթարկողներից մեկը` օդանավակայանի օմօնի պետը, որն ինձ ներկայացավ որպես բանասիրական գիտությունների թեկնածու Սեյրան Հասանովիչ, նման էր քաջ հուսարի` քաղաքավարի, պերճախոս, գեղեցիկ: Ինչպե՞ս են այդ որակները համատեղվում Ստեփանակերտի օդանավակայանի հայուհի ուղևորների նկատմամբ բռնության հետ:

 

Տարածքների թրքացումը շարունակվում է

 

Եվ այսպես, Արցախը, ինչպես և դրա մասը կազմող Շահումյանի շրջանը (այժմ լուծարված. հայկական գյուղերից շատերը թրքացվել են կամ ոչնչացվել) 1813 թ. Գյուլիստանում Պարսկաստանի հետ կնքված պայմանագրով անցել է Ռուսաստանին: Եվ միայն մեր «մեծ» առաջնորդների կամքով 20-րդ դարի 20-ական թվականներին այն հանձնվել է Բաքվի իշխանությանը: Հետագայում Ադրբեջան անվանված խորհրդային թուրքական հանրապետության մայրաքաղաքը այն ժամանակ դեռ էապես հայկական էր եւ ինտերնացիոնալ:

Մինչև վերջերս հայերն ապրում էին իրենց բնիկ տարածքում, բարեկամաբար վերաբերվելով անասնապահությամբ զբաղվող թուրքերի նկատմամբ, ովքեր բնակվում էին հայկական գյուղերի նախալեռնային մասերում: Նրանք հին գյուղերին տալիս էին իրենց հնարած անունները, որոնք հայերեն անվանումների թուրքերեն թարգմանություններն էին: Հայերը դրանում ոչ մի վատ բան չէին տեսնում: Բայց թուրքալեզու կառավարիչներն ակնհայտորեն հետապնդում էին հեռահար նպատակ:

Միայն այսօր, երբ հրով ու սրով ոչնչացված հին հայկական Գետաշենի տեղում ոչ միայն Ադրբեջանի քարտեզի վրա, այլև իրականում չի մնացել ոչ մի հայ, պարզ դարձավ, որ հայկական հողերի համատարած թրքացումն սկսվել է վաղուց և շարունակվում է ամբողջ թափով: Այն ժամանակ` «գործիչների» կեղծավոր ժպիտների, այսօր` օմօնական ջարդարարների դեմքի վայրենի արտահայտության ներքո:

Կոմկուսի թևի տակ ծաղկեցին պրոֆեսիոնալ, բայց օրինականացված կողոպտիչները, որոնց Մութալիբովն ընդգրկեց օմօնի կազմում: Ամենահռչակված` Ռիգայի օմօնն իր արյունոտ ճանապարհն սկսել է Արցախում: 1990 թ. հոկտեմբերի 23-ին Մարտակերտի շրջանում նրանք ավերեցին փոքր` հազիվ մի տասը տուն ունեցող երիտասարդական Քաջավանը: Դրա բնակիչները համարձակվել էին արձագանքել վերակառուցման կարգախոսներին ու վերադառնալ իրենց հայրերի հողը, որն ադրբեջանական իրավասության ներքո էր: Սպանեցին «միայն» մեկին, ձերբակալեցին բոլոր չափահաս տղամարդկանց` ասելով, որ զինյալներ են, և բանտարկեցին: Կանանց ու երեխաներին պարզապես վռնդեցին տներից:

Այն ժամանակ, ռիգայական տարբերակում, օմօնը դեռևս սեռական հանցագործությունների և այլասերությունների հիվանդագին հակումներ չուներ, որոնք, ինչպես և կաշառակերությունը, բնորոշ դարձան ադրբեջանական օմօնին: Ռիգացիները կանանց ու երեխաներին չէին բռնաբարում և համարյա չէին ծեծում: Այդ ամենն իր սովորական «աշխատանքի» բաղկացուցիչը դարձրեց ադրբեջանական օմօնը:

 

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐՏանկերի դեմ

 

Երբ Բուդեյկինի 23-րդ դիվիզիան Մանաշիդի, Բուզլուխի և Էրքեջի բնակիչներին վտարեց, փախստականներն ապաստանեցին Վերիշենում ու Շահումյանում: Իսկ խորհրդային փառապանծ բանակը զբաղեցրեց Վերիշենի շրջակա բարձունքներն ու սկսեց գիշերվանից մինչև արևածագ ուժգնացող, գործնականում շուրջօրյա «ուսումնական» կրակոցներով ահաբեկել բնակչությանը:

Սկզբում նրանք փորձեցին տանկերով ներխուժել Վերիշենի վերին մասը: Զրահափոխադրիչների շարասյունը մարտակարգով առաջ շարժվեց: Գնդացրային կրակը սպանեց գյուղի երկու պաշտպաններին, ովքեր մինչ այդ առանց կորստի դուրս էին եկել Էրքեջից: Նրանք Վերիշենի մատույցների դիտակետում էին: Նրանց տաղանդավոր հրամանատարը` «աֆղանցի», միշտ հանդարտ, սիրունատես Ջիվանին, կատաղորեն կանգնեց ամբողջ հասակով մեկ և նռնականետով այրեց զրահափոխադրիչներից մեկը, մյուսին նռնակը պարզապես քսվեց: Ամբողջ զրահատեխնիկայի համազարկը Ջիվանու մնացորդները շպրտեց մի քանի մետր: Լեգենդար բուլղարուհի Ցվետանան, որն իր տեսախցիկով արձանագրել է տանկային գրոհներն Էրքեջի վրա, արդեն Երևանում սարսափով իմացավ իր ֆիլմի հերոսի մահվան մասին:

«Աֆղանցի» զինվորների լավագույն մասը ոտքի ելավ պաշտպանելու ժողովրդավարությունն ու հայրենի օջախները: Հայկական ինքնապաշտպանական ուժերի շարքում ավելի ու ավելի հաճախ ես հանդիպում նրանց կողմն անցած ռուսների, ովքեր հրաժարվել են կրակել խաղաղ բնակչության վրա: Ու թեպետ գիտեմ, որ գյուղերը գնդակոծում է Բուդեյկինի դիվիզիան` ռուս սպաներով (նրանց ընտանիքները Բաքվում և Ադրբեջանի մյուս քաղաքներում լողում են արյունոտ փողերի մեջ), բայց Վալենտինան` Վերիշենի մոտ նշանառուի գնդակից սպանված ռուս ֆիդայի Սերգեյի մայրը, անիծում է Պոլյանիչկոյին: Եթե ռուսական տանկերը շարժվեն դեպի Վերիշեն, նա պատրաստ է խփել դրանք. Վալենտինայի տունը հենց նեղ ճանապարհի վերևում է, ժայռերի մեջ:

Նրա համախոհն է մեկ ուրիշ ռուս կին` Թամարան, որը ղեկավարել է Հաթերքում 41 ռուս զինվորների պատանդ վերցրած կանանց: Ճանապարհին զինվորականները սպանել են «Ժիգուլու» վարորդին, վիրավորել նրա կնոջը, հետո պատանդ վերցրել Հաթերքի բնակչի: Բայց երբ զրահատեխնիկան շրջապատել են կանայք, Թամարայի բարձր ձայնը դիմել է «որդյակներին», և լեյտենանտ Թիմուր Ցարոևը չի կարողացել «կրա՛կ» հրամանը տալ: Հպարտ օսը իր զենքը վայր է դրել հուսահատ կանանց արիության առաջ: Պատիվն ու խիղճն այս անգամ հաղթել են: Լեյտենանտը ռուս սպայի պատիվը չի գցել:

 

Ների՛ր, Կարմե՛ն

 

Օգոստոսի 18-ին Էրքեջում ինքնապաշտպանական ուժերի ճնշման տակ եղկելի օմօնականները թողեցին խրամատներն ու թաքնվեցին զրահատեխնիկայի հետևում: Վերիշենը պաշտպանող էրքեջցիները վերադարձան գյուղի ծայրամասի իրենց տները: Բայց օդ բարձրացած «կոկորդիլոսները» բարձրախոսներով կոչ արեցին «անօրինական կազմավորումների հարգելի հրամանատարներին» թողնել գյուղն ու դադարեցնել կրակը, հակառակ դեպքում հայկական բնակավայրերը կենթարկվեն գրոհի: Աշխարհազորայինները դադարեցրին կրակը, հետ քաշվեցին: Բայց, ի հեճուկս խոստումի, սպայական ճշգրիտ հաշվարկով կրակ բացվեց Վերիշեն գյուղի վրա:

Ուրախ Կարմենը` կանացի անունով (ռուսների կարծիքով) տղան, խաղում էր պապի տան դիմաց: Հրաչիկ Աղաջանյանը ֆաշիստների դեմ պատերազմում Ռուսաստանի դաշտերում կորցրել է առողջությունը, զրկվել երեխա ունենալու կարողությունից, և հաղթանակած վերադառնալով տուն, որդեգրել երկու որբի` քույր-եղբոր: Որդին վթարից զոհվեց, իսկ գեղեցկուհի դուստրը մեծացավ, ամուսնացավ Ավիկ Սիմոնյանի հետ:

Օգոստոսի 18-ին ծեր Հրաչիկի տան դիմացի լեռան վրայով Էրքեջից եկավ խոշոր տրամաչափի գնդացրի ճշգրիտ կրակահերթը: 22 միլիմետրանոց գնդակը տատիկի ու հարևանի աչքի առաջ պայթեց տղայի գլխում` մինչև երկրորդ հարկ ցրիվ տալով ուղեղն ու ափաչափ կտորների մանրելով գանգի ոսկորները: 7-ամյա Կարմեն Ավիկի Սիմոնյանը դարձավ ահաբեկչության զոհ:

Նա վիրակապված պառկած է սեղանին: Դեմքն ամբողջական է, խիստ արտահայտությամբ: Ձեռքերը` մետաքսի նման փափուկ, սառը, խաչված են կրծքին` քրիստոնեական սովորույթի համաձայն: Ես երկյուղած համբուրում եմ դրանք և, խաչակնքելով, հազիվ արտաբերում. «Ների՛ր, Կարմե՛ն»:

Կիրիլ Ալեքսեևսկի, Վերիշեն-Երևան, օգոստոսի 23:

(«Զով Արցախա», թիվ 6 (26), սեպտեմբեր, 1991)

 

Պատերազմական մի օր

 

Պատմում է N զորամասի շտաբի սպա Սասուն Հարությունյանը.

«Հունվարյան ցուրտ օրը բացեց իր կոպերը: Փայտփորիկը միալար կտցահարեց ծառը: Սա ի՞նչ նորություն է: Մինչ այդ գնդակներն ու բեկորներն էին ծվատում ծառերը: Համարձա՞կ է այս փոքրիկ թռչունը, որ հայտնվել է այստեղ, թե՞ պարզապես իր առաջվա բույնն է հիշել:

Վաղորդյան սառը քամին նորից կտրեց-անցավ և ցնցեց մարմինս: Մտքերս շեղվեցին: Լռությունը խորհրդավոր էր: Թշնամին հանգստանո՞ւմ է, թե՞ նոր դավեր է նյութում: Երևի հանգստանում է, որ նյութած դավերը փորձարկի… Արդեն սովորական է դարձել ամեն լուսաբաց տեղատարափ գնդակների սուլոցով ու հրթիռների չարագույժ պայթյուններով դիմավորելը: Հենց դրա համար էլ այսօրվա լռությունն անհանգստացնում է կրկնակի:

….Կեսօրին մոտ, ձախ թևում (Հարությունագոմերի ուղղությունում) շարժում սկսվեց: Կարծես խոր նիրհից մեկեն արթնացավ ռազմաճակատը: Ճչացող կապի միջոցներն ազդարարեցին սկսված մարտի մասին: Ահա թե ինչ էր խմորում թշնամին:

Պարզվեց հետևյալը. 1-ին վաշտի հրամանատար Սերժիկ Աբրահամյանը Աշոտ Սարյանի, 17-ամյա Արա Հարությունյանի և Սասուն Առաքելյանի հետ հետախուզությունում էր, երբ 2-րդ վաշտի դիրքերի վրա ելնող բազմաթիվ հետքեր նկատեց: Կասկածն ընկավ սիրտը: Վճռեց շարունակել ճանապարհը: Բարձունքում հակառակորդի մի գումարտակ դիրքեր էր զբաղեցրել և ակնհայտորեն հրամանի էր սպասում` մեր զինվորներին թիկունքից հարվածելու համար:

Սերժիկ Աբրահամյանը շտապ վերադառնում է, լրացուցիչ ուժեր վերցնում և իր ու 2-րդ վաշտի դիրքերի (Հարությունագոմերի դիմաց) արանքով հանկարծակի գրոհում դարան մտած ասկյարների վրա: Ընդամենը րոպեների տարբերությամբ կանխվում է թշնամու նենգ հարձակումը: Խուճապի մատնված դիվերսանտները դիմադրության փորձ անգամ չձեռնարկեցին. «փախուստ, փախուստ»` այս էր նրանց միակ մտահոգությունը:

…Մեր դիմաց` Վաղուհասի ուղղությունում ևս, թշնամին ակտիվացավ: Ապարդյուն փորձում էր ուշադրություն գրավել: Իմ վաշտը կարող էր փակել լեղապատառ փախչող թշնամու ճանապարհը, սակայն տվյալ պարագայում մեզ ավելի ձեռնտու էր նրանց փախուստը, քան դիմադրությունը: Առանց այդ էլ շատ էր թշնամու կորուստը:

…Օրը փակեց իր ծանրացած կոպերը: Այն մեզ համար հաջող էր:

…Ընդամենը երկու օր անց նշանառու-օպերատոր Սարմեն Բաղդասարյանը տանկի արկը մխրճեց երեկոյան ստուգականչի հավաքված այդ նույն գումարտակի շարքի մեջ, որի հետևանքով հազիվ թե մեկը գլուխն ազատած լինի…»:

(Սիրվարդ Մարգարյան, «Չհայտարարված պատերազմի կիզակետ» (փաստագրություն), Ստեփանակերտ, 1999):

 

Շարադրեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #33 (1404) 25.08.2021 - 31.08.2021, Ազգային բանակ


26/08/2021