Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԴՐԱՆԻԿՆԵՐԻ ԴԱՐԸ



ԱՆԴՐԱՆԻԿՆԵՐԻ ԴԱՐԸԵթե ես ականատեսը չլինեի՝ հորինված կհամարեի։ 1992 թվական, Նյու Յորքի օդանավակայան։ Չգիտեմ Մոսկվայի մետաղախույզ անցակետը ինչպես էր շրջանցել, բայց Նյու Յորքինը չկարողացավ։ Ամերիկացիները թխադեմ օտարականներից շատ են վախենում։ Մորուքավորներից՝ առավել եւս։ Նրանց համար բոլոր թխադեմ մորուքավորները ահաբեկիչներ են։ Անդրանիկին խնդրում են հետ դառնալ, մի անգամ էլ անցնել ստուգիչ կամարի տակով։ Կարմիր շչակը զնգում, սարսափահար թարթում է աչքը։ Նա  հանում է կրծքի խաչը, թեւի ժամացույցը, անգամ անդրավարտիքի գոտին։ Զնգոցը չի խլանում։ Անգլերեն վատ գիտի, բայց ի՞նչ անի, ուրիշ ճար չունի։ Բացում է կուրծքը, վերքերը ցույց տալով փորձում գլխի գցել, որ մետաղորսիչի զնգոցը մկանների հյուսվածքները խրված արկերի բեկորների պատճառով է։ Եռագույն դրոշներով ու պաստառներով դիմավորելու եկած տեղի հայ համայնքի ներկայացուցիչները հապաղումն զգում,  խուժում են սպասասրահ  ու իրար խանգարելով փորձում բացատրել, թե ի՞նչ է Ղարաբաղը, եւ ո՞վ է Անդրանիկ Հարությունյանը։ Մաքսավորները ոչինչ չեն հասկանում, նրանք ընդհանրապես հայերին լավ չեն հասկանում, ուսները թոթվում,   կնքում են մուտքի ուղեթղթերը։

Միացյալ Նահանգներում Անդրանիկը հյուրընկալվեց չորս ամիս, ելույթներ ունեցավ Դետրոյթում, Վաշինգտոնում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Հարվարդում,  Պրովիդանսում, Սփրինկֆայլդում, Ուստրում, Բոստոնում, Ֆլորիդայում, Չիկագոյում, Ռեյսիում, Քլեյլենդում, Մոնթեբելլոյում, Գլենդելում: Հանդիպեց  Ջորջ Բուշի, Բուդրոս Ղալիի, Սայրուս Վենսի, սենատորների հետ, արժանացավ Անդրեյ Սախարովի անվան  հուշամեդալին, որը նրան հանձնեց իրավապաշտպանի այրին՝ Ելենա Բոնները։ Ու ամենուր հարգանք, հիացմունք հարուցեց մարտիկի, գրողի ու մտավորականի, քաղաքական-հասարակական գործչի՝ հայրենասեր հայի ներհուն կեցվածքով։

Տուն վերադառնալուց երկու ամիս անց անհեթեթ ավտովթարի զոհ դարձավ…

 

***

 

Գրիգոր պապը, որ մեկ տարեկանից պահել, մեծացրել  էր Անդրանիկին, աչազուրկ էր։ Նա, սակայն, Վանում այնքան  տարածված տարափոխիկ հիվանդությունների պատճառով չէր կորցրել տեսողությունը։ Մեծ Եղեռնին բերդաքաղաք ներխուժած հրոսակները պապի ամբողջ գերդաստանը՝ քսանութ հոգու լցրել էին հորը, ողջակիզել, իսկ նրա աչքերը փորփրել, կենդանի  էին թողել, որ ամբողջ կյանքում մղկտա, բայց իրենց գտնել, վրեժը լուծել չկարողանա։

Դրանից ուղիղ յոթանասունհինգ տարի հետո  ադրբեջանցի հրոսակները հարձակվեցին Բերդաձորի վրա  ու նախ Կարեն Բաբայանի տունը ներխուժեցին։ Նրանք կրակահերթերի  սպառնալիքով վերջին հոգեպահուստը շորթեցին, հետո տղամարդկանց ահավոր կտտանքների ենթարկեցին, ծերունիներին տեղնուտեղը գնդակահարեցին։ Վերջում Կարենի մեկ  տարեկան որդուն, որ սարսափից քարացած, աչքերը լայն բացած  նայում էր այս ամենին, բռնեցին, ուզեցին լեզուն կտրել, որ երբ մեծանա, տեսածները պատմել չկարողանա։ Մոր ճիչի վրա մի ռուս զինվոր հայտնվեց, ազատեց։

Ռուս զինվորները յոթանասունհինգ տարի առաջ այդպես Անդրանիկի կուրացած պապին էին փրկել, Էջմիածին՝ գաղթականների  որբանոցը հասցրել։

Միայն Գրիգոր պապը չէր։ Մանրավաճառ հաջի Կարապետը, ծերունի  Ղազարը, կոշկակար Խաչիկը,  սափրիչ Հովսեփը, քեռի Միհրանը, որոնք Վանից, Կարինից, Իգդիրից, Մուշից էին Արմավիր գաղթել, պապի թասընկերները դարձել, համարյա ամեն երեկո հավաքվում էին իրենց տանը ոչ այնքան խմելու, որքան իրենց կորուստները հիշելու, ողբալու համար։ Անդրանիկը, որ օրինակելի պիոներ էր, բարձր առաջադիմության համար մի ամառ «Արտեկում» հանգստացել էր, հասակակիցների հետ բակում չէր խաղում, լուռ,  ակնապիշ լսում էր ծերունիներին ու ոչ թե նրանց պես անզոր մորմոքով, վրեժով էր համակվում։

ԱՆԴՐԱՆԻԿՆԵՐԻ ԴԱՐԸ…Արցախյան խաղաղ պահանջատիրության առաջին իսկ օրերից նա հախուռն ելույթներ ունեցավ հանրահավաքներում, հացադուլների ու նստացույցերի մասնակցեց, բայց հետո ինքն իր արածից ամաչեց։ Մտածեց, որ Արցախն ազատագրելու, Հայաստանին վերամիավորելու համար պետք է Արցախ հասնել, ազատագրել ու վերամիավորել։ Զենքով։ Դեռեւս 1989 թ. ամռանը նա քսանինը հոգանոց կանոնավոր ջոկատ կազմավորեց, փորձեց Զանգեզուրով Բերդաձոր ներթափանցել։ Առաջին անցումը  ձախողվեց, ու նրա զինընկերների, ավելի ճիշտ՝ գաղափարակիցների, մի մասը հետագա պայքարից հրաժարվեցին, պայքարի այդ ձեւը անխոհեմ, նույնիսկ կործանարար համարեցին։ Խորհրդային վարչակարգը աներեր էր թվում։ Երեք օր անց, սակայն, հավատարիմ մարտընկերներով Անդրանիկը երկրորդ՝ գիշերային ռազմարշավը ձեռնարկեց ու լույսը չբացված՝ առավոտյան ժամը 6-ն անց 30 րոպեին Բերդաձոր մտավ։ Ինչո՞ւ հատկապես Բերդաձոր։ Գյուղախումբը Գորիսի ու Լաչինի  միջեւ պահպանված  այն կղզյակն էր, որը հակառակորդը ամեն կերպ ձգտում էր հայաթափել։ Արցախը որքան հնարավոր է Հայաստանից հեռացնելու, վերամիավորման ամեն հույս, ակնկալիք մեկընդմիշտ մեռցնելու համար։ Խորհրդային տարիներին Բերդաձորի 28 շեն ու բազմամարդ հայկական գյուղերից 5-ն էին մնացել, որոնց բնակիչները հիմնականում ծերունիներ էին։ Հենց զորականները հայտնվեցին, նրանք գոտեպնդվեցին, հավատացին, որը Հայաստանը իրենց չի մոռացել, իրենց թիկունքին է։ Անդրանիկը Բերդաձորի ինքնապաշտպանական խորհուրդ ստեղծեց, ռազմական դրություն սահմանեց։ Ութ հարյուր բերդաձորցիներ երեք տարի շարունակ դիմագրավում էին շրջակա՝ ութսուներկու հազարից ավելի բնակչություն ունեցող ադրբեջանական գյուղերի սադրանքները,  որոնք հաճախ զինվորական պատժիչ ջոկատներն էին  հրահրում։ Բերդաձորցիները միայն կռվելով չէին պաշտպանում իրենց հողը։ Անդրանիկը հասավ այն բանին, որ գյուղախումբն իր նորակառույց դպրոցը, ագարակը, հացի փուռը, անգամ արտադրամասերն ունեցավ։ Շուտով մինչեւ անգամ գազ անցկացվեց։ Եվ այն բերդաձորցիները, որոնք տարիներ առաջ հուսահատվել, հեռացել էին բնօրրանից, հետզհետե վերադարձան։ Բերդաձորում նորածնի ճիչ լսվեց։ Անդրանիկին չընկճեց նույնիսկ այն, որ իրեն նենգ դավադրությամբ ձերբակալեցին, Շուշիի բանտում կտտանքների ենթարկեցին, փախուստից հետո գլուխը հինգ միլիոն ամերիկյան դոլար գնահատեցին։ Կարծես դա քիչ էր՝ լուսանկարն անընդհատ ցույց էին տալիս ադրբեջանական հեռուստատեսությամբ, ահազանգում. «Սա երկրորդ Անդրանիկ փաշան է, զգուշացե՛ք նրանից, որտեղ էլ որ լինի, չթողնե՛ք հանգիստ շնչի…»:

 

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

գրող, հրապարակախոս

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՍ

 

Հոգեմատյանիս մաքուր էջերում

Իմ մենության մեջ արթնանում եք դուք,

Զրուցում երկար, լռում բազմիմաստ,

Զանգեր եք զարկում, կոչնակ եք խփում,

Հետո խաղաղված՝ գնում լռակյաց,

Փակելով դուռը սուրբ հիշողության։

 

Երբ դուք գնում եք՝ ձայներդ առած

Ճանապարհում եմ ձեզ թաց ժպիտով,

Հոգեմատյանիս մաքուր էջերին

Ձեր ձայն-խազերն են մեղեդու նման

Ձեր հոգիներով իմ հոգին բովում,

Վերապրումներով ուրվականների…

Եվ ամեն մի օր ես իմ հոգում

Ձեր հուշակոթողն եմ անվերջ քանդակում,

Որ իմ տքնության քարանձավներից

Մի օր միանամ ձեր հաղթարշավին՝

Մի մաքուր, լուսեղ լուսապսակով

Թագադրելու անդենականին

Եվ չանցած կյանքի անցնելիք ուղուն…

 

Հոգեմատյանիս մաքուր էջերին

Կպչուն ու համր ձայնակցում եք լուռ.

Սուրբ պատարագ է, համրաձայն աղոթք,

Սաղմոսներիս տակ՝ մոմ եք կիսավառ,

Հնձված իմ հասկեր, հույսեր կիսկայան,

Անդինից դարձող ցոլքեր կենարար,

Կռունկներ թեւած, իմ աստղեր հանգած…

Խորագիր՝ #33 (1404) 25.08.2021 - 31.08.2021, Ճակատագրեր


26/08/2021