Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ



ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱՕրերս Էրեբունի վարչական շրջանի Արցախի 23/8 շենքի բակում բացվեց հուշաղբյուր՝ նվիրված 44-օրյա պատերազմում հերոսացած Գոռ Սիմոնյանի հիշատակին:

Հոգեւոր հովիվներ՝ Տեր Զարեհ քահանան եւ Տեր Պարթեւ Աշուրյանը օրհնեցին հուշաղբյուրը. «Քրիստոնեական սկզբունք է՝ չկա ավելի մեծ սեր, որ մեկն իր անձը կտա մեկ ուրիշի կյանքի համար… Մեր յուրաքանչյուր նահատակ զինվոր, յուրաքանչյուր քաջ հայորդի հենց այս սկզբունքով է առաջնորդվել, երբ պատերազմի դաշտում սխրանքներ եւ հերոսություն է գործել…Մահվանն ընդառաջ են գնացել, մահվան վախը, երկյուղը հաղթած են կանգնել թշնամու դեմ հանդիման՝ մեր բոլորի անվտանգությունը մեր Հայրենիքում երաշխավորելու եւ ապահովելու համար…Մենք միայն ֆիզիկապես ենք իրենց բացակայությունն զգում, իրենց հոգեւոր ներկայությունը ե՛ւ մեզ, ե՛ւ եկող սերունդներին դաստիարակում է՝ հավատքի, Հայրենիքի համար մշտապես պատրաստ կանգնելու»:

 

***

 

ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱՆերկաները՝ ուսուցիչ, մարտական ընկեր, հարազատ-բարեկամ, պատմում էին Գոռ-զավակի, Գոռ-ընկերոջ, Գոռ-զինվորի, Գոռ-հերոսի մասին, ու ամեն մի պատում, ամեն հուշ ու հիշողություն մի նոր երանգ էր ավելացնում խիզախ հայորդու լուսավոր ու առինքնող կերպարին:

Գոռի հետաքրքրությունների, նախասիրությունների շրջանակը սահմաններ չուներ՝ պար, երաժշտություն, ֆիլմեր, պատմություն, զբաղվում էր նաև անվաչմուշկային սպորտով…

Բազմաշնորհ երիտասարդը նաեւ անսահման բարի էր, ծանոթ-անծանոթ բոլորին հասնում էր, բոլորին օգնում անշահախնդիր, առանց որեւէ ակնկալության, նրա վարձը մարդկանց ուրախությունն ու ժպիտն էր, երջանկանում էր երջանկացնելով….

Գոռը նվիրվող, նվիրյալ տեսակ էր, կյանքն էլ նվիրեց Հայրենիքին… Կյանքով լեցուն լուսե տղան լույսի բաժին դարձավ. քաջազն երիտասարդը հերոսաբար կռվել է Թալիշում, Մատաղիսում, Մարտակերտում, զոհվել է հոկտեմբերի 13-ին ԱԹՍ-ի հարվածից…

Մարտերում ցուցաբերած քաջության, արիության համար 20-ամյա Գոռը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» եւ «ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալների:

Ասում են՝ մարդն ապրում է այնքան, ինչքան հիշում են նրան:

Գոռին, Հայրենիքին կյանքը նվիրաբերած մեր բոլոր հերոս տղաներին փնտրեք ներկաների մեջ, նրանք մեր սրտի մեջ են. մեր սրտի ամեն բաբախը, ամեն զարկը նրանց շնորհիվ է…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Խորագիր՝ #33 (1404) 25.08.2021 - 31.08.2021, Ճակատագրեր


26/08/2021