Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ՆԱԵՎ՝ ԿՅԱՆՔԻ



ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ՆԱԵՎ՝ ԿՅԱՆՔԻՀրետանային դիվիզիոնի հրամանատար, մայոր Սեդրակ Մարտիրոսյանի ստորաբաժանումը 44-օրյա պատերազմի ժամանակ կռվել է ամենաթեժ հատվածներում՝ Ջրական, Մատաղիս, զգալի կորուստներ պատճառել թշնամուն:

Սեդրակը նաեւ Ապրիլյան քառօրյային է մասնակցել:

Երիտասարդ սպան իր զինվորներին միշտ ասում էր, որ կապ չունի, թե որտեղ ես ծառայում՝ սահմանին մոտ, թե հեռու. հայրենիքը տարածքով փոքր է, պատերազմի հավանականությունը՝ մեծ, զգոնությունը չպետք է թուլացնել, պատրաստ լինել ամեն զարգացման՝ ամեն օրն ու ժամն օգտագործելով մարտավարամասնագիտական գիտելիքների կատարելագործման համար:

-Պատերազմի ժամանակ իրար փոխլրացնելով, փոխօգնությամբ, ներդաշնակ գործել են մեր զինվորները, հարկ եղած դեպքում՝ ստանձնել անգամ հրամանատարական գործառույթ. մարտի դաշտում մեր սերժանտները փոխարինեցին վիրավոր մարտկոցի հրամանատարին եւ այնքան արհեստավարժ ու գրագետ էին գործել, որ ոչ ոք գլխի չէր էլ ընկել, որ հրամանատարը բացակայում է…

Դիվիզիոնի հրամանատարը պատերազմական օրերից բազում տպավորիչ դեպքեր է մտաբերում.

-Մարտական մեքենան լիցքավորել էինք, թիրախը հակառակորդի բավական մեծ խմբավորումն էր: Զեկուցեցինք, որ ՄՄ-21-ը պատրաստ է կրակի, ու հենց այդ պահին խոցվեց մարտական վիճակի բերված մեքենան, սակայն հրթիռները հասցրին թռչել ու հասնել նպատակակետին:

Մեր «մարտական ընկերը» վերջին շնչում էլ առաջադրանքը կատարեց:

-Հրետանին գործել է «կլասիկայից»՝ դասագրքային բոլոր կանոններից, սահմանված չափանիշներից դուրս,- վստահեցնում է մայորը և շարունակում,- պատերազմը սխրանքների, խիզախության թատերաբեմ էր. անձնազոհ նվիրումով կռվում էին սպա և շարքային, կամավոր ու պահեստազորային: Ասես հատուկ, ընտրովի մարդիկ լինեին՝ անահ, աներկյուղ: Կռիվների կիզակետում աչքիդ ոչինչ չի գալիս, հայրենիքի պաշտպանությունը դառնում է առաջնային…

***

Երիտասարդ մայորը հոգեբանորեն եւս նախապատրաստել էր իր զինվորներին՝ պատերազմն առանց կորուստների չի լինում, դա չպիտի ազդի ընդհանուր մարտունակության վրա, ոգին չպիտի թուլանա:

-Հայրենիքը պաշտպանում են ամեն գնով, նաեւ՝ կյանքի գնով, բայց, անկեղծ ասած, ես այնքան վստահ էի, որ կորուստ չեմ ունենա. ապրիլյանի ժամանակ չէի ունեցել, միամտաբար կարծում էի, հավատացած էի, որ իմ տղերքը չեն վիրավորվելու, չեն զոհվելու: Ավաղ, դիվիզիոնից յոթը զոհվեցին…

Զոհված ընկերների մահը վերածվում էր ցասման, վրեժխնդրության, ու մաղում էին թշնամուն, ո՜նց էին մաղում…

-Էս Նարեկի համար…

-Կարենի համար…

***

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ՆԱԵՎ՝ ԿՅԱՆՔԻՍեդրակ Մարտիրոսյանի ղեկավարած ստորաբաժանումն այսօր էլ աչքի է ընկնում իր պատրաստվածությամբ, մարտական գործողություններին մասնակցությունն ավելի է թրծել նրանց, ավելի փորձառու են դարձել: Հիմա առավել պատասխանատվությամբ ու պարտաճանաչությամբ են կատարում հանձնարարությունները, քանզի հստակ գիտակցում են՝ յուրաքանչյուր աննշան թվացող թերացում, վրիպում կարող է ծանր հետեւանքների հանգեցնել մարտի դաշտում:

-Երբ մի առաջադրանք են ստանում, իրարից առաջ են ընկնում, պարո՛ն մայոր, կլինի՝ ինձ տանեք, ես գնամ… Բառացիորեն կյանքս «ուտում են»,- կատակով դժգոհում է դիվիզիոնի հրամանատարը:

Մարտերում թրծված փորձառու զինվորականը ծառայության նշաձողը մշտապես բարձր է պահում.

-Միշտ էլ տեղ կա զարգանալու, կատարելագործվելու, երբեք չպետք է բավարարվել ձեռք բերածով: Ուսումնասիրում ենք ժամանակակից մարտի պահանջները, մշակում հակազդման միջոցներ: Պետք է է՛լ ավելի լավ պատրաստվենք, ուժեղանանք… Ի դեպ, նաեւ ընտանեկան «ռազմավարական պլանների» մեջ պետք է փոփոխություններ կատարենք՝ շատ զավակներ ունենանք…

Սեդրակի փոքրիկ ընտանիքը վերջերս համալրվել է՝ երկրորդ երեխան է ծնվել:

-Առայժմ երկրորդը,- ասում է երիտասարդ սպան…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #33 (1404) 25.08.2021 - 31.08.2021, Ազգային բանակ


26/08/2021