Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՆՈՐ ՊԻՏԻ ԳԱ



ԻՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՆՈՐ ՊԻՏԻ ԳԱԴասակի 23-ամյա հրամանատար Տարոն Դավեյանը ընդամենը մեկ տարվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը:

-44-օրյա պատերազմում իմ ղեկավարած ստորաբաժանումներից և ոչ մեկը մարդկային կորուստ չի ունեցել,- ասում է երիտասարդ հրամանատարը,- ես ամեն ինչ արել եմ, որ պահպանեմ իմ զինվորի կյանքն ու կատարեմ առաջադրանքը: Եվ սա  ամենամեծ ձեռքբերումն է այս պատերազմում: Իմ կրակի կառավարման կետերը մի քանի անգամ լիովին ոչնչացվել են, այրվել են փաստաթղթերը, կապի միջոցները, խոցվել ու շարքից դուրս է եկել զինտեխնիկան, ես բեկորային վիրավորումներ ու ցնցակաթված եմ ստացել, սակայն հասցրել եմ ժամանակին զորքը տեղափոխել ապահով վայր, ու ոչ մի զինվոր չի տուժել: Դա չի նշանակում, որ մենք ինքնազոհաբար չենք կռվել: Մենք մինչև վերջին հույսը կրակել ենք թշնամու վրա: Բոլորս՝ իմ զինվորները, զինակից ընկերներս, իմ զինվորական ղեկավարները անձնուրաց կռվել ենք թշնամու դեմ: Անհավասար պատերազմում մենք թուրք-ադրբեջանական բանակին անհավանական կորուստներ ենք պատճառել: Ովքեր եղել են պատերազմի դաշտում, տեսել մեր կռիվը, համոզված են, որ մենք դեռ հաղթելու ենք:

-Իսկ այս պատերազմում ինչո՞ւ չհաղթեցինք: Ի՞նչ է փոխվելու ապագայում,- հարցնում եմ երիտասարդ հրամանատարին:

-Զինվելու ենք: Օդային գերճշգրիտ հարվածները կասեցնելու ենք գերճշգրիտ հակաօդային պաշտպանությամբ: Գետնի վրա մեր ու հակառակորդի ուժերի հարաբերակցությունը կարիք չկա հավասարեցնելու, իմ տղաները մեկը տասի դեմ կկռվեն, ընդամենը պետք է փակենք օդային դարպասներն ու տեսնենք հայ տղամարդու՝ հայկական զորքի ուժը, խիզախությունը, ռազմական տաղանդը, պատվախնդրությունը:

Պարտության հետ հաշտվում են թույլերը: Մենք քանիցս տեսել ենք ադրբեջանցիների 500 հոգանոց զորքի անկանոն փախուստը մեր 20-30 հոգանոց ստորաբաժանումների առջևից: Ադրբեջանցիները թույլ են մարտադաշտում:

-Որքանո՞վ է ճիշտ, որ պարտվողը հաղթողին անվանում է թույլ:

-Ադրբեջանցիները շատ լավ գիտեն և՛ մեր, և՛ իրենց ուժը:  Նրանք գիտեն իրենց զոհերի իրական քանակը, որքան էլ պաշտոնական թվերով հեքիաթներ պատմեն: Գիտեն, թե  որ երկրի զինծառայողներն էին ղեկավարում իրենց օդային մարտերը: Համապատասխան սպառազինության դեպքում մենք պատրաստ ենք ցանկացած ուժի դիմակայելու:

-Ո՞րն է Ձեր ստորաբաժանման խիզախության, ամրության, հայրենասիրության ամենամեծ գրավականը: Ասում եք՝ իմ տղաները մեկը տասի դեմ կկռվեն: Դա Ձեր անձնական ձեռքբերո՞ւմն է՝ որպես հրամանատար:

-Նաև իմ ձեռքբերումն է: Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը ու պատահականորեն, հանգամանքների բերումով չեմ հայտնվել բանակում: Ինչքան ինձ հիշում եմ, երազում էի զինվորական դառնալ, զենք էի սիրում, համազգեստ… Բայց դպրոցն ավարտելուց հետո հայրս ոչ մի կերպ չհամաձայնեց, որ դիմեմ ռազմական համալսարան, ու ես ստիպված գնացի նրա պարտադրած ճանապարհով: Հորս ցանկությամբ՝ ընդունվեցի ճարտարագիտական համալսարան: Գիտեք, իմ ծննդավայր Մարտունիում  հայրերի խոսքը օրենք է: Առհասարակ, մեզ մոտ ավագությունը հարգվում է: Բայց առաջին կուրսն ավարտելուց հետո հասկացա, որ բացի զինվորական գործից ուրիշ մասնագիտություն չեմ ուզում, սիրտս չի կպչում: Հորիցս թաքուն դիմեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Հայրս ներեց իմ անհնազանդությունը, համակերպվեց: Ուսումնառության տարիներին ես ամեն ինչ արել եմ, որ լավ հրամանատար  դառնամ:

ԻՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՆՈՐ ՊԻՏԻ ԳԱ-Ինչպիսի՞ն է լավ հրամանատարը:

-Որպես կատակ չընդունեք ասածս.  իմ ծննդավայրում տղաներին այնպես են դաստիարակում, ասես՝  նրանց զինվորական են ուզում դարձնել: Մարտունեցի տղամարդը պիտի լինի համարձակ, աշխատասեր, կարգապահ, ճշմարտախոս, արդարամիտ, հավատարիմ, մարդասեր, կողքինին օգնող… Մեզ մոտ գերդաստանի ավանդույթը չի վերացել, մենք պատասխանատվություն ենք կրում մեր ցեղի յուրաքանչյուր անդամի համար: Հորս կարծիքով՝ Դավեյի ցեղի, այսինքն՝ Դավեյան ազգանունը կրող յուրաքանչյուրի թերությունը իր ամոթն է: Նա ինձ միշտ ասել է. մի բան հիշիր՝ հանկարծ  Դավեյի ցեղի անունը գետնով չտաս: Մենք մեզ զգում ենք մի ամբողջություն ոչ միայն գերդաստանով, այլև նույնիսկ մարտունեցիներով: Սա կոլեկտիվի մոդելն է, կոլեկտիվի զգացողությունը: Տեսե՛ք, իմ զինվորները եկել են Հայաստանի տարբեր ծայրերից, տարբեր ընտանիքներից: Միամտություն է մտածել, որ նրանց ձեռքը զենք կտաս, կսովորեցնես տիրապետել զենքին, ու նրանք կդառնան զորք: Զենքին տիրապետելը ամենահեշտն է, դժվարը  զինված խումբը զորք դարձնելն է:

-Ե՞րբ է զինված խումբը զորք դառնում:

-Առաջին հերթին՝ նրանց պետք է կենտրոնացնել նվիրական գաղափարի շուրջ: Նրանք պիտի հասկանան, թե ինչի համար են հավաքվել ու կարևորեն այդ գերնպատակը: Որից հետո պետք է ստեղծել կոլեկտիվ, այսինքն՝ սերմանել կոլեկտիվ արդյունքի, հավաքական ուժի գաղափարը: Պիտի հասկացնել, որ ընկերոջդ ուժը քո ուժն է, ընկերոջդ հոգսը քո հոգսն է, ընկերոջդ ձեռքբերումը քո ձեռքբերումն է: Պատահել է, ես թերացող՝ հոգնած կամ տկար զինվորի գործը արել եմ նրա փոխարեն՝ զորքին ի տես: Զինվորներս ասել են՝ հրամանատա՛ր, մենք կանենք, ասել եմ՝ չէ՛, ես էլ կօգնեմ, աշխարհում օգնելուց լավ բան կա՞…Ես սիրել եմ իմ զինվորներին, զինվորներս սիրել են իրար. պարզ բանաձև է: Ես մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում հրամանատարի իմ կոչմանը. անընդհատ ինքնակրթվում եմ: Իմ մայրը հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի է, նրա շնորհիվ ես մանկուց սիրել եմ կարդալ, շատ եմ կարդացել: Հրամանատարը պիտի բազմակողմանի զարգացած լինի, դա սոսկ գիտելիքներ չի տալիս, այլև կրթում է նաև մտածելակերպդ, հույզերդ… Թերզարգացած մարդու համար դժվար կլինի ներմուծել իր արժեհամակարգը, իր բարոյախոսությունը:

-Ինչպե՞ս անցան պատերազմի 44 օրերը Ձեր և Ձեր զորքի համար:

ԻՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՆՈՐ ՊԻՏԻ ԳԱ-Ես մարտն ընդունել եմ կրակային դիրքում, մենք հենց առաջին օրը ռմբակոծության տակ ընկանք: 40 րոպե անընդմեջ խփեցին՝ ճնշելով իմ կապի բոլոր միջոցները: Ես զորքը հաջողությամբ տեղավորեցի թաքստոցում, հետո կապվեցի դիվիզիոնի հրամանատարի հետ: Արագ վերականգնեցինք կապի միջոցները, առաջադրանք ստացանք ու սկսեցինք կատարել այն՝ թշնամուն հասցնելով մարդկային ու նյութական ահռելի կորուստներ: Երեք օր անց թշնամին մեր դեմ հանեց կառավարվող հրթիռներ՝ ոչնչացնելով բոլոր հրանոթներս, չորս «Ուրալներից» երկուսը: Այդ ժամանակ ես բեկորային վիրավորում ստացա: Ուշաթափվել էի: Երբ գիտակցության եկա, վազեցի անձնակազմիս մոտ: Համոզվելով, որ բոլոր ողջ են, նստեցի «Ուրալի» ղեկին ու տղաներին տեղափոխեցի ապահով վայր: Հետո մենք նոր զենք ստացանք՝ ԿՍ-19 հրանոթներ, ու նոր առաջադրանք:

-ԿՍ-19-ը հրանոթը ինչպե՞ս պիտի դիմակայեր  կառավարվող հրթիռներին:

-Մենք կատարեցինք նաև այդ առաջադրանքը՝ առանց զոհերի ու վիրավորների: Հետո վերակազմավորվեցինք: Ես նշանակվեցի հրետանային դասակի հրամանատար: Իմ ղեկավարած ստորաբաժանումը մասնակցեց Ճարտարի ուղղությամբ  մղվող մարտերին: Այդ ժամանակ իմ կրակի կառավարման կետը ռմբակոծվեց բայրաքթարներով: Ես հոսպիտալ ընկա. թմբկաթաղանթներս էին պատռվել, աչքերիս մեջ բեկորներ կային: Թեթև վիրահատությունից հետո, Խոջալուի բուժկետում մի քանի օր նշանակումներ ստացա ու հրաժարվելով հիմնական վիրահատությունից՝ գնացի ճակատ: Մեզ ուղարկեցին պաշտպանելու Շուշին: Մի քանի կրակային գիծ ենք փոխել Շուշիում, եղել ենք ակտիվ հրետակոծության տակ, պայքարել ենք մինչև նոյեմբերի 9-ը: Հեռացել ենք հրադադարի պայմանագիրն ստորագրվելուց հետո:

-Հիմա խաղաղություն է, ինչպե՞ս է անցնում զինվորական առօրյան, հավանաբար նորակոչիկ զինվորներ ունեք՝  պատերազմ չտեսած:

-Իմ ղեկավարած կառույցում կան և՛ պատերազմով անցած, և՛ պատերազմից հետո զորակոչված զինվորներ: Բանակի համար խաղաղությունը պատերազմի նախապատրաստվելու  շրջան է: …Հայրենիքի կորուստը չունի վաղեմության ժամկետ, ինչպես և՝ անմեղ զոհերի համար անխուսափելի հատուցումը: Եղեռնից ավելի քան մեկ դար է անցել, բայց մենք պահանջատեր ենք: 44-օրյա պատերազմում մեր զինվորները, սպաները, կամավորականները սեփական հողի վրա են նահատակվել, ու Ադրբեջանի  տասնյակ հազարավոր զոհերը չնչին հատուցում են: Իրական հատուցումը նոր պիտի գա:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #33 (1404) 25.08.2021 - 31.08.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/08/2021