«ԶԻՆԹԱՆՅԱՆ ԲՐԻԳԱԴՆ» ԱՊՍԱՄԲՈ՞ՒՄ Է
Մայրաքաղաքից օդանավակայան տանող մայրուղու վրա իրականացված հարձակումը վերաճել է ժամեր տևած ուժգին փոխհրաձգության, որի ընթացքում կիրառվել են նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ: Զոհվել են կառավարական զորքերի երեք զինծառայող և հարձակվողներից մեկը: Դրան հետևել է հարձակումը Տրիպոլիի միջազգային օդանավակայանը պահպանող անձնակազմի վրա, ինչից հետո իշխանությունները փակել են օդանավակայանը, այնտեղ բերող բոլոր ճանապարհներն ու մայրաքաղաքի օդային տարածքը: Իրավիճակը հանդարտվել է ազգային անցումային խորհրդի ու կառավարության ղեկավարների և ցեղերի ավագների միջամտությունից հետո միայն:
Այս հարձակումներն ընդամենը մի քանի ժամ անց հաջորդել են Լիբիայի ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլի այն հայտարարությանը, թե իշխանությունները քննարկում են Քադաֆիի կողմից կռված բոլոր անձանց ներում շնորհելու հարցը: Միաժամանակ օրակարգում է մնում Քադաֆիի վարչակարգի դեմ պայքարած զինված ջոկատների զինաթափման խնդիրը:
Բացի այդ, գնդակոծվել է նաև երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի անվտանգությունն ապահովող շարասյունը, որը գեներալին տնից ուղեկցում էր ծառայության վայր: Մի քանի ժամ անց նույն շրջանում գնդակոծվել է նաև մեկ այլ կառավարական ավտոշարասյուն, ինչպես նաև օդանավակայանի մերձակայքում գնվող մի ռազմակայան: Ենթադրվում է, որ բոլոր հարձակումներն իրականացվել են Զինթան քաղաքի գրոհային խմբավորումների՝ «Զինթանյան բրիգադի» կողմից:
Իսկ նոյեմբերի 26-ին, երկրի պետական ռադիոընկերության շենք մտնելիս, մահափորձ էր կատարվել վարչապետ Աբդել Ռահիմ ալ Կիբի վրա, սակայն տուժել էին միայն նրա երկու թիկնապահները:
Խորագիր՝ Նորություններ