Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ



ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐՍկիզբը՝ նախորդ համարներում

 

Պատանդը

 

Փողոցի տոթի համեմատ խորհրդարանի միջանցքը հով էր: Հոգիս թեթեւացավ ու խաղաղվեց: Մի լավ բան անելու կամ գոնե ասելու ցանկություն առաջացավ: Ասես դրան ընդառաջելու համար դիմացի բաժանմունքից դուրս եկավ պատգամավոր Միքայել Արամյանը` 9-10 տարեկան մի աղջկա ձեռքը բռնած:

-Ձեր աղջի՞կն է,- ժպտալով հարցրի:

-Ո՛չ, պատանդ է:

Ես ավելի լայն ժպտացի. ի՜նչ չքնաղ էակ է: Կողքս կանգնած Անահիտ Բայանդուրը շրջվեց դեպի Միքայելը. «Հենց այն պատա՞նդն է, որ փոխանակվել է»: «Այո՛»,- ասաց նա:

Հանկարծ զգացի, որ լայն ժպիտս կեղծ է, դեմքիս ապակի դարձող դիմակ: Չէ՞ որ նույնիսկ չըմբռնեցի «պատանդ» բառի իմաստը` մեխանիկորեն համարելով կատակ: Ուրեմն ճի՞շտ է: Ուրեմն այս փոքրիկ, իսկապես հիասքանչ, շեկ մազերով էակը պատա՞նդ է: Հերիք էր, որ առաջին ցնցումն անցնի, հերիք էր, որ գիտակցությունս ներծծի մերկ ինֆորմացիան, որ սրտիս ցավին զուգահեռ միացավ պրոֆեսիոնալիզմը: Պրոֆեսիոնալիզմ, որի համար երբեմն տանջալիորեն անհարմար ես զգում, եթե հոգով այն ընկալում ես որպես անտեղի մի բան, բայց բանականությամբ հասկանում ես` թեմա է: Պրոֆեսիոնալիզմ, որը, քանի դեռ ես, կարծես, որոշում չէի ընդունել, ակնթարթորեն իր գործն արեց. «Միքայե՛լ, կարո՞ղ եմ խոսել աղջկա հետ»:

Երբ Միքայելի ասելով մտա 106-րդ սենյակ (նրանք գնացին տոմս պատվիրելու), Լիանայի կողքին էր սեւ հագած ցածրահասակ, փխրուն մի կին` աչքերի անասելի թախծոտ արտահայտությամբ: Դրանցում այնքան անելանելիություն կար:

-Գյոզալ Բարսեղյանն է, մեր փոքրիկի մայրը,- ասաց Միքայելը: Ինձ թվաց, որ հասկացա նրա աչքերում եղած տիեզերական թախիծի պատճառը:

 

 

Պետք է քար լինես, որ դիմանաս

Պատմում է Գյոզալ Բարսեղյանը

 

«Մեզ պատանդ վերցրին անցյալ տարվա ապրիլին: Ինձ ու երեք երեխաներիս` Լիանային, Ուլյանային ու 5-ամյա Էմրիկին: Մեր գյուղ Մարաղան Մարտակերտի շրջանում է: Այն նախկինում էլ էին գնդակոծում: Բայց այդ օրը սարսափելի էր: Իսկ մեր տղամարդկանցը` դե, դա ի՞նչ զենք է, մի զույգ հրացան: Սոսկալի հրաձգություն էր: Ես վերցրի երեխաներին ու փախա տնից: Մյուս տներից էլ էին բոլորը փախչում:

Մտանք մի բակ, որտեղ խրամատ կար, ու բոլորս թաքնվեցինք: Մտածում էինք` սպասենք, կվերջանա: Բայց դղրդյունն ավելի էր մոտենում ու դառնում ավելի ահարկու: Հետո հարեւանի տղաներից մեկն ասաց, որ կգնա կտեսնի, թե ինչն ինչոց է: Վերադարձավ, ասաց, որ գյուղում ադրբեջանցիներ են: Այդժամ որոշեցինք բանջարանոցների միջով փախչել: Բայց ոչինչ չստացվեց: Չորս կողմն ադրբեջանցիներ էին, տանկեր, մեքենաներ: Մեզ շրջապատեցին: Մի ադրբեջանցի վերցրեց ինձ ու երեխաներին ու տարավ Բարդա: Հարեւաններն ինչ եղան` չգիտեմ. երեւի նրանց էլ գերի վերցրին:

Այդ տղան մեզ տարավ իր տուն: Ապրում էր ծնողների հետ: Մենք չորս օր մնացինք նրա մոտ… Մեզ լավ էին վերաբերվում… շատ լավ: Չէ, նրանցից ոչ ոք մեզ ոչ մի վատ բան չարեց: Հետո մի օր այդ երիտասարդի ծնողներն ասացին նրան. «Երեխաներով այդ կինն ի՞նչ վատ բան է արել, ինչո՞ւ ես այստեղ բերել: Նրանց մեղքն ի՞նչ է: Պետք է բաց թողնել: Գնա՛, խոսի՛ր ղեկավարությանդ հետ»: Նա գնաց:

Հաջորդ օրն ինձ ու երեխաներին տարան միլիցիա, որպեսզի պայմանավորվեն փոխանակման մասին: Իսկ հետո Աղդամից ինչ-որ պետ եկավ ու ասաց, որ մեզ առայժմ պետք չէ փոխանակել, որ մեզ կփոխանակեն աղդամցիներից ինչ-որ մեկի հետ: Այս մեկը, որ բարդացիների գլխավորն էր, ասում է ինձ. «Դու սպասի՛ր, Գյոզա՛լ, ես հիմա ամեն ինչ կիմանամ»: Գնաց, իսկ հետո ներս մտան համազգեստով ինչ-որ ադրբեջանցի եւ մի կին: Ու խոսում են, որ երեխաներին կվերցնեն:

Իսկ ես ամեն ինչ հասկանում եմ: Ինչքան աղաչեցի, որ իմ աղջիկներին թողնեն ինձ, ո՞վ էր լսողը: Աղջիկներիս տարան: Ո՞վ, ո՞ւր, ինչո՞ւ` ոչինչ չգիտեի: Ա՜խ, ինչպե՞ս չխելագարվեցի… Մենք մի օր էլ անցկացրինք այնտեղ, հետո ինձ ու որդուս փոխանակեցին… դիակների հետ: Հետո մերոնք եկան մեզ տանելու: Ամուսինս տրակտորով էր: Նստեցինք, մեզ հետ էր նաեւ Մարինե Պողոսյանը` որդու հետ: Նրանք էլ էին մեր գյուղից: Նրան էլ էին փոխանակել: Նստեցինք ու գնացինք գյուղ: Ճանապարհին… այնտեղ ական կար… տրակտորը վրայով անցավ:

Պայթյունից հետո ոչինչ չեմ հիշում: Ուշքի եկա, երբ արդեն Մարտակերտում էի, հիվանդանոցում: Հետո իմացա, որ մեզ ճամփից վերցրել էին ընդառաջ եկող մեր համագյուղացիները: Մի օր հետո Մարինեն հիվանդանոցում մահացավ: Մնացին երեխաները: Ես ոչինչ չէի հիշում, չգիտեի նույնիսկ, թե որդիս որտեղ է:

Երկու ամիս հիվանդանոցում պառկեցի: Մարտակերտը սարսափելի ռմբակոծում էին: Բայց ինձ համար ամեն ինչ արդեն մի տեսակ… Ես արդեն գիտեի, որ տրակտորի պայթյունից ամուսինս զոհվել էր: Աղջիկներս պատանդ էին: Որդիս… Ես ինքս` վերքերով ու ջարդվածքներով: Տեր Աստված, ինչի՞ համար: Ի՞նչ եմ արել, որ դրա համար այս ամենն իմ գլխին եկավ: Տե՛ր Աստված:

Հետո քայլելու անկարող հիվանդներին ռմբակոծությունների պատճառով տեղափոխեցին Կուսապատ: Արդեն այնտեղից` Երեւան: Ինչպե՞ս չխելագարվեցի: Սկզբում, այնուամենայնիվ, երեւի խելագարվել էի: Այսօր էլ գլուխս… Աստված, ինչի՞ համար այս ամենն եկավ իմ գլխին…

Հիվանդանոցում ինչպես էին ինձ վերաբերվո՞ւմ: Լավ: Բոլոր բժիշկները լավ էին վերաբերվում, շնորհակալ եմ նրանց: Ո՛չ, պետական օգնություն չկար: Մարդիկ էին օգնում: Նրանք, ովքեր գալիս էին իրենց հարազատներին տեսակցելու: Իմանում էին իմ պատմությունն ու… Ով ինչով կարողանում էր` մեկն ուտելիք էր բերում, ուրիշը` փող: Նույնիսկ սեւ զգեստ նվիրեցին: Ես ոչինչ չունեի, չէ՞: Մի անգամ հեռուստատեսությունից եկան, նկարահանեցին ինձ, ու վե՛րջ: Շնորհակալ եմ նրանց, ովքեր օգնեցին, ու բժիշկներին:

Հետո հիվանդանոցում այլեւս չէի կարողանում: Գնացի: Նոյեմբերին էր: Գնացի մորաքրոջս մոտ, Արարատին մերձ գյուղ: Իմացել էի, որ երեխաներս ողջ են, եւ հույսով էի ապրում: Բայց ինչ-որ տեղ գնալ, ինչ-որ բան անել չէի կարող` վերքերս խանգարում էին: Ամեն տեղ մայրս էր գնում: Քար պետք էր լինել` այդ ամենին դիմանալու համար: Ես դիմացա, որովհետեւ Ստեփանակերտի միլիցիայից Բորիս Եսայանը, որն զբաղվում է պատանդներով, մարդկանց միջոցով ինձ իմաց էր տվել, որ երեխաները ողջ են, որ նրանց կփոխանակեն…»:

 

«Այդ կանանց ճակատագրերը նման են»

 

Մեկնաբանում է ՀՀ Գերագույն Խորհրդի Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, իրավական կամայականության դեմ հիմնադրամի խորհրդի անդամ Լարիսա Ալավերդյանը:

«Մեր հիմնադրամի գլխավոր խնդիրներից մեկը պատանդների եւ ժամանակին Ադրբեջանում ապօրինաբար ձերբակալված մարդկանց մասին տեղեկություն որոնելն է, նրանց վերադարձնելուն նպաստելը: Բացի այդ, մենք նպաստում ենք նաեւ նրանց սոցիալական պաշտպանվածությանը: Պարզ ասած` ինչով կարողանում` օգնում ենք: Գիտեք, դրանով զբաղվող պետական կառույց դեռ չկա, ահա եւ մենք ենք ստանձնել: Թեպետ… փող ճարելը շատ դժվար է: Ներեցեք, որ սկսում եմ դրանից, բայց հենց դա էլ մեր գլխավոր խնդիրն է: Մարդկանց խնդիր չունենք. բոլորն, ովքեր համագործակցում են մեզ հետ, էնտուզիաստներ են, անշահախնդիր, կարեկից մարդիկ: Չէ՞ որ նրանք իրենց կյանքն էլ են վտանգում:

Ահա, օրինակ, Նոյեմբերյանի պետանվտանգության ծառայության աշխատակից Ալեքսանդր Սարումյանը: Շատ կարճ ժամանակահատվածում նա անձամբ փոխանակել է 20 մարդու: Մերոնց: Ողջ: Հասկանո՞ւմ եք, ինչ է դա նշանակում: Քսան հոգու կյանք: Եվ ոչ միայն դա: Չէ՞ որ նա իր կյանքն էլ է վտանգում` յուրաքանչյուր հանդիպմանը մեկնելով անծանոթ տարածք, բանակցելու անծանոթ մարդկանց հետ:

Բա աղջիկնե՞րն ինչ արի են` Գայանե Առուստամյանն ու Աղավնի Դանիելյանը մեր հիմնադրամի Ստեփանակերտի բաժանմունքից: Նրանց աջակցությամբ էր Գյոզալը մնում Ղարաբաղում, որտեղ պետք է փոխանակվեր նրա դուստրը: Հետո Գայանեն նրան ուղեկցեց Սադախլո, որտեղ եւ կատարվեց փոխանակումը: Դա նույնպես ռիսկի հետ էր կապված: Չէ՛, հրաշալի մարդիկ ունենք:

Մենք հիմնականում զբաղվում ենք քաղաքացիական բնակչությամբ, հետզհետե ավելի հաճախ` կանանցով ու երեխաներով: Որովհետեւ զինվորականները մենաշնորհն են պաշտպանության նախարարության հատուկ բաժնի, որը ղեկավարում է Անդրանիկ Արշակյանը: Մենք համագործակցում ենք գերազանց: Ու նաեւ` մեզ ամեն կերպ աջակցում են ԼՂՀ եւ Հայաստանի իշխանությունները, գտնում են գերի ադրբեջանցիներին ու պատանդներին, որպեսզի փոխանակեն երեխաների ու կանանց հետ:

Լիանային, ահա, փոխանակել են ադրբեջանցի զինյալի հետ: Եվ ոչ ոք մտքով իսկ չի անցկացրել, որ դա «անհամարժեք» փոխանակում է, որ այդ զինյալին կարելի էր փոխանակել մեր մարտունակ տղաներից մեկի հետ, որը նույնպես տառապում է գերության մեջ: Մենք մեծ հույս ունենք, որ երկրորդ աղջկան էլ շուտով կհաջողվի փոխանակել…»:

(Իդա Մարտիրոսյան, «Ռեսպուբլիկա Արմենիա», 08.06.1993)

 

Շարադրեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #34 (1405) 1.09.2021 - 7.09.2021, Ազգային բանակ


02/09/2021