Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԶԵՆՔՈՎ ԼԾՎԱԾ



ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԶԵՆՔՈՎ ԼԾՎԱԾԳրականագետ, բանասեր, թարգմանիչ Ալբերտ Վարազդատի Մուշեղյանը ծնվել է 1931 թ. սեպտեմբերի 27-ին Երևանում: 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը, այնուհետև՝ ասպիրանտուրան՝ ավստրո-գերմանական գրականության գծով։ Բանասիրական գիտությունների դոկտոր է (1996), Հայաստանի գրողների միության անդամ (1979)։ 1965-1973 թթ. եղել է Հայաստանի կույրերի միավորման կենտրոնական վարչության նախագահը։ 1956 թ. կազմակերպել է բրայլյան տպարան՝ կույրերի համար ուռուցիկ տառերով գրքեր տպագրելու համար և նշանակվել է գլխավոր խմբագիր։ 1958-1973 թթ. եղել է Կույրերի միավորման բրայլյան ամսագրի հիմնադիր-խմբագիրը, 1963-1975 թթ.՝ բրայլյան հրատարակչության պետ: 1974 թ.-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, 1978 թ.-ից՝ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Բնական և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ է։ Հեղինակ է շուրջ 100 գրականագիտական և հայագիտական ուսումնասիրությունների՝ նվիրված հատկապես հայ հին գրականության չլուծված խնդիրներին: Տարբեր գիտական պարբերականներում հրատարակվել են գերմանական դասական պոեզիայից (Հայնե, Գյոթե, Շիլլեր, Լենաու, Այխենդորֆ) նրա թարգմանությունները: Արժանացել է բազմաթիվ կառավարական և գերատեսչական մեդալների ու շքանշանների, այդ թվում՝ ՀՀ մշակույթի նախարարության «ՈՍԿԵ ՄԵԴԱԼ» (2014 թ.), ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «ՈՍԿԵ ՄԵԴԱԼ» (2016 թ.), ՀՀ գիտության պետական կոմիտեի «ՈՍԿԵ ՄԵԴԱԼ» (2016 թ.): Ամուսնացած է: Ունի որդի և դուստր, 6 թոռ, 3 ծոռ: Որդին՝ գեղանկարիչ, լուսանկարիչ, մանկավարժ Արմեն Մուշեղյանը, որպես կամավորական, Արցախյան առաջին պատերազմի, Ապրիլյան քառօրյայի և վերջին՝ 44-օրյա պատերազմների մասնակից է, թոռը՝ Տիգրանը, Ապրիլյան քառօրյայի օրերին ժամկետային զինծառայող է եղել, մասնակցել է մարտական գործողություններին:

 

ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԶԵՆՔՈՎ ԼԾՎԱԾՈւշադիր կարդացի՞ք այս «համառոտ» կենսագրականը, որի ներքո ծավալուն գիտական, հասարակական, մարդկային մի ամբողջ 90-ամյա հագեցած կյանք է թաքնված: Բացառիկ, փայլուն, նվիրյալ գիտնականի, մտավորականի քրտնաջան կյանք ու աշխատանք: Իսկ հիմա պատկերացրեք, որ այն մարդը, որի մասին պատմելու եմ, 6 տարեկանում դինամիտի պայթյունի հետևանքով լիովին զրկվել է տեսողությունից… Մի անգամ էլ աչքի անցկացրեք «համառոտ» կենսագրությունը և ավելի հանգամանալից ու անմիջական ծանոթանանք այս հետաքրքիր մարդու հետ, նրա գործին ու ընտանիքին: Նա այսօր էլ մեր կողքին է և 90-ամյա պատկառելի տարիքում շարունակում է աշխատել՝ հարստացնելով հայագիտությունը Հին Արևելքի սեպագիր արձանագրությունների վերծանումով: «Մինչև 16:00-ն աշխատում եմ: Հետո՝ խնդրեմ», կպատասխանի ձեզ, իսկ ինքն այդ ժամերին իր հավատարիմ «ընթերցողի»՝ Սոնա Հովակիմյանի օգնությամբ կշարունակի ամենօրյա աշխատանքը՝ ի շահ Հայրենիքի ու գիտության:

Ալբերտ Մուշեղյանի մասին որոշեցի գրել՝ «Գրական թերթի» համարներից մեկում կարդալով ադրբեջանցի վայ «գիտնականին» հասցրած նրա մերկացնող, ջախջախիչ հարվածի մասին (այս հոդվածը տպագրվել է «Հայ զինվորի» նախորդ համարներից մեկում): Իմացա, որ, ինչպես ինքն է ասում, «անհիշելի ժամանակներից» ապրող ու աշխատող մտավորականը այժմ էլ նույն ջանասիրությամբ աշխատում է: Նրա հետ հանդիպելուց հետո համոզվեցի, որ անգամ այս տարիքում նա ֆենոմենալ հիշողություն ունի և կարող է հիշել էջերն ու բերանացի վերարտադրել հաստափոր գրքերից հատվածներ՝ տարբեր լեզուներով: Անսովոր կամքի ո՞ւժ, բացառիկ մի՞տք, հիպերկոմպենսացիա՞ (մի զգայարանի գործունեության մասնակի կամ ամբողջական կորստի պատճառով մյուս զգայարանների աշխատանքի բազմակի ուժեղացում. հոգեբ.): Ինչով էլ բացատրելու լինենք, մի բան ակնհայտ է՝ գործ ունենք բացառիկ մի դեպքի և բացառիկ մի գիտնականի, մտավորականի, մարդու հետ: Երբ լսում ես նրա մտքի պայծառ ու անթերի զուգորդումները, կարծրատիպային բոլոր ընկալումներդ հօդս են ցնդում:

Ալբերտ Մուշեղյանը 6 տարեկանից չի տեսել, բայց դա նրան ոչ միայն չի խանգարել խորապես զգալու և հասկանալու Հայրենիքը, այլև, ըստ էության, հնարավորություն է տվել ավելի խորը սուզվելու նրա հոգևոր ակունքների որոնման, ճանաչողության և ճշգրտման աշխատանքներում:

-Քանի՞ տարեկանից եք սկսել կարդալ: -Առաջին հարցս է, որ ուղղում եմ բազմավաստակ գիտնականին: Նա խորիմաստ, քիչ մանկական, խորամանկ ժպիտով ասում է.

ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԶԵՆՔՈՎ ԼԾՎԱԾ-Անհիշելի ժամանակներից: Վեց տարեկանում, երբ պիտի չտեսնողների դպրոց գնայի (կույր բառը, ամբողջ զրույցի ընթացքում շրջանցում էր), դպրոցի ուսուցչուհին՝ Հայկանուշ Հակոբյանը, մեր տուն եկավ տեսնելու՝ արդյո՞ք կարող եմ գրիչ բռնել: Բրայլյան գրեր սովորելու հնարավորություններս գնահատեց, ասաց. «Անպայման կբերե՛ք: Թող գիշերօթիկ գա»: Բայց հայրս այնպիսի մարդ էր, ինձ երբեք չէր թողնի դպրոցում: Կինո «Հայրենիքի» մոտ էր չտեսնողների դպրոցը, իսկ մենք այժմյան «Ռոսիա» կինոթատրոնի մոտակայքում էինք ապրում: Ամեն Աստծու օր նա ինձ վաղ առավոտյան տանում էր դպրոց: Պատերազմ էր. մասնագիտությամբ թիթեղագործ հայրս հրշեջ էր ռազմականացված ծառայությունում: Երեկոյան ինձ վերցնում էր դպրոցից, տանում տուն և այսպես 7 տարի շարունակ… Ես հոր պաշտամունք ունեմ:

Առաջին դասարանում, դպրոցի Տարեմուտի հանդեսին, աշակերտներով Ձմեռ պապիկին նամակ էինք պատրաստում: Երբ ուսուցչուհին իմ անունը կարդաց. «Իսկ Ալբերտին ի՞նչ բերի Զմեռ Պապը», բոլոր երեխաները միաձայն ասացին. «Մի տոննա թո՛ւղթ»:

Ութ տարեկանից բանաստեղծություններ էի հորինում: 1949 թ. տեսնողների հետ Մանուկ Աբեղյանի անվ. միջնակարգ դպրոցն ավարտեցի Ոսկե մեդալով:

Երբ դեռ 6-7 տարեկան երեխա էի, հավաքվում էինք բակում, մինչև գիշերվա ժամը 2:00-ը, 3:00-ը ինձնից մեծ տղաներն ու աղջիկները բարձրաձայն գրքեր էին կարդում, ես՝ մեծերի հետ նստում, լսում էի Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուրը», Մուրացանի «Գևորգ Մարզպետունին», Ստեֆան Ցվայգի «Անծանոթ կնոջ նամակը», Շեքսպիրի «Համլետը», «Իլիականը», «Ոդիսականը» և այլն: Այսպես եմ «կարդացել» կյանքիս առաջին գրքերը: Երբ համալսարանն ավարտելուց հետո ես չտեսնողների համար տպարան հիմնեցի, հորս ազգական, տպարանների վարչության պետի տեղակալ Զավեն Մարուխյանի օգնությամբ առաջին գիրքը, որ տպագրեցինք 1956 թ. «Հեղնար աղբյուրն» էր և Չարենցի ժողովածուն:

 

***

 

ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԶԵՆՔՈՎ ԼԾՎԱԾԳերմաներենը, որով մեծ գիտնականը հետո մի շարք կարևորագույն ու անզուգական թարգմանություններ էր անելու, սովորել է 1949-1954 թթ. ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի եվրոպական բաժնում, որ ավարտել է գերազանցության դիպլոմով: Ուսման տարիներին ստացել է Մանուկ Աբեղյանի անվան կրթաթոշակ: Իսկ 1955-1959 թթ. սովորել է ԵՊՀ արտասահմանյան գրականության և գերմաներենի ասպիրանտուրայում:

-Գերմաներենի՝ ազգությամբ հրեա դասախոսս՝ Մաքս Իսաակովիչ Շենկմանսն ասում էր. «Ալբե՛րտ, եթե անգամ կուրսում ոչ ոք չկարողանա որևէ հարցի պատասխանել, դու պարտավոր ես»: Կարող էր թվալ, թե նա ուզում էր ինձ հալածել,- ժպտում է,- բայց իրականում ուզում էր, որ լարեմ ուժերս ու ամենալավը սովորեմ»:

Համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետի գերմաներենի բաժնում ապագա կնոջ՝ բանասեր, թարգմանչուհի Ռիմա Հարությունյանի հետ 5 տարի միասին են սովորել: Ինչպե՞ս ստեղծվեց այդ գեղեցիկ միությունը, որի շառավիղներին՝ օժտված երաժիշտ թոռնուհիներին, այդ օրը հանդիպեցի նրանց տանը: Խորհրդավոր ժպտում է.

-Գրական գործակցություն էր, որը վերաճեց ընտանեկան միության…

Իսկ ավելի ուշ ինձ ուղարկեց ուսանողական տարիներին գրած իր երկու հրաշալի, նրբին հումորով ներծծված բանաստեղծությունները, որոնք փոխարինելու են գալիս այն բոլոր պատմություններին, որոնք կարող էր պատմել այդ շրջանի, իրենց սիրո ու միության մասին.

 

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՍԵՐ

 

Այսօր, իմ անուշ աղջի՛կ, //Աչքերըդ մի-մի նուշ, աղջի՛կ, //Ինչու՞ համալսարան չեկար. //Հազար բույրերի մեջ //Անուշ քո բույրը չկար, //Հազար քույրերի մեջ //Քնքուշ իմ քույրը չկար. //Ինչու՞ դու դասի չեկար, //Ձեր տանը խոսկապ հո չկա՞ր: //Եվ հոգուս իջավ մի մութ ամպ, //Ու ես, հավատա՛ պատահմամբ //Հենց նույն իրիկնամուտին, //Երբ լույսը փարում էր մութին, //Անցա ձեր դարպասի մոտով,// Ու սիրտըս բռընկվեց անկայծ, //Ու հոգիս պարուրվեց հանկարծ //Շրշուն կերպասի տոթով //Եվ շուշանի բույրով անեղծ://

(Այսպես են դառնում բանաստեղծ):

 

***

 

Հե՜յ, սիրահար սիրելիներ, //Երնեկ կյանքում սերը լիներ //Մարդու գործած մեղքը միակ, //Որ քո հոգում ունես հոգյակ. //Թե՝ սիրելը մե՞ղք է, Ագնե՛ս, //(Ի՞նչ անուն տամ, որ չհեգնես)՝ //Երնեկ թե մարդ տանջվի անքուն //Միայն մեղքի այս տեսակից, //Միայն թե դու լինես կյանքում //Այս մեղքի մեջ ինձ մեղսակից:

…Մի մարդու բացառիկ տաղանդը այսպես տարբեր դրսևորումներ է ստացել: Եվս մի փաստ նրա կենսագրությունից, որը զարմանք հարուցեց, և որի մասին ուզում եմ հիշատակել: 1950 թվականին մասնակցել է շախմատային էտյուդների և խնդիրների լուծման միութենական մրցույթին և 200 հոգու մեջ առաջին տեղը գրավել: Իսկ 1958 թ. շախմատի միութենական թիմային (6 հոգի) առաջնությունում թիմի ստացած 11 միավորներից 9-ը Մուշեղյանն է նվաճել: «Չտեսնող տեսնող» որակումը, որ նրան տվել են, շատ տեղին է բոլոր առումներով:

1956 թ. Ալբերտ Մուշեղյանը կազմակերպել է չտեսնողների համար գրքերի, դասագրքերի բրայլյան տպարան: 1962 թ. Մինիստրների խորհրդի որոշմամբ կազմակերպել է տպագիր և «խոսող գրքերի» հրատարակչություն՝ ձայնագրման ստուդիայով. նշանակվել հրատարակչության պետ: Նրա շնորհիվ ու ջանքերով միավորման արտադրության արմատական վերակառուցմամբ և էլեկտրապարագաների թողարկմամբ ոչ միայն բարելավվեցին չտեսնող աշխատողների աշխատանքային պայմանները, այլև ստացած եկամուտների խնայողության հաշվին Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում (Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Աշտարակ, Արմավիր, Սևան, Արզնի) կառուցվեցին ավելի քան 48 բնակելի, արտադրական և մշակութային շենքեր և առողջապահական հիմնարկներ՝ այդ թվում Մալայանի անվան ակնաբուժական հանրապետական կենտրոնը, որոնցից 24-ը՝ Երևանում: Կառավարությունից առաջարկ ստացավ՝ «Եռաբլուրում» բնակելի շենքեր կառուցել Մերձավոր Արևելքից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած 10000 չտեսնողների համար:

-Հիմա մտածում եմ՝ ի՜նչ նպատակներ ունեին մարդիկ «Եռաբլուր» կոչված այդ տարածքի շահագործման վերաբերյալ, ու ի վերջո ինչ եղավ: Այժմ այստեղ մեր լուսեղեն հերոսների շիրիմներն են…

Երբ 1988 թ.-ին սկսվեց Արցախյան շարժումը, մի կողմ է դնում պատրաստի դոկտորական ատենախոսությունն ու նվիրվում Ղարաբաղյան շարժմանը: «Երբ ճակատում մարդիկ կյանք են զոհում հողը պաշտպանելու համար, անբարոյականություն է գրիչը ծառայեցնել դիսերտացիա պաշտպանելուն»,- նկատում է ճանաչված գիտնականը:

Եվ ծառայեցրեց իր գրիչը… 1988 թ.-ից մինչև 1994 թ. ամբողջությամբ լծվեց պայքարին: 200-ից ավելի հրապարակախոսական նյութեր, Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող հոդվածներ: Ծավալված տեղեկատվական պատերազմում ջախջախիչ հաղթանակներ տարավ՝ թուրք-ադրբեջանական պատմակեղծարարությանը ցավոտ ու անվերականգնելի «կորուստներ» պատճառելով: Նրա այս գործը ըստ արժանվույն գնահատվեց «Արցախ» հանրագիտարանում:

-1988 թ. հունիսի 10-ին «Գրական թերթը» հրապարակեց ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի և պատմ. գիտ. դոկտոր Պարույր Մուրադյանի հոդվածը «Արշավանք ի հայս կամ պատմության կեղծարար՝ գիտնականի քղամիդով»՝ ի դատապարտումն Զիա Բունիաթովի կեղծարարության և ի պաշտպանություն իմ հրապարակած փաստարկների: Պատմության ադրբեջանցի կեղծարարներին ես պատասխանեցի 1989 թ. իմ ռուսերեն ծավալուն հոդվածով՝ ,կրպՉՊՏՈսոՈվրՍՈÿ սՌՑպՐՈՑցՐՈ Ռ պպ ՈտՏսՏչպՑօե:

Ռուսերեն ,ԽՏՎՎցվՌրՑե (հետագայում ,թՏսՏր ԸՐՎպվՌՌե) թերթի գլխավոր խմբագիր Բ. Մկրտչյանը տեղ հատկացրեց օրաթերթում ,ՀՈՊՌՏտպՐպւՉՈՑե խորագրով. զետեղում էր իմ հաղորդած ամենաթարմ լուրերը Արցախի շուրջ: Այսպես տպագրեցի գիշերվա ժամը 3-ին իմ ձայնագրած Ելենա Բոնների ռադիոնամակը Վաշինգտոնից՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Ելցինին (1991 թ. հունվարի 10), ,ԽՏսՖՓՏե օպերացիայի, Գետաշենի անկման և Թաթուլ Կրպեյանի զոհվելու մասին և բազմաթիվ այլ հաղորդումներ: Ծավալուն հոդվածներ եմ հրապարակել այլ թերթերում («Հայրենիքի ձայն», «Գոյամարտ», «Ազգ», «Երկիր» և այլն):

1988 թ. փետրվարի 26-28-ին տեղի ունեցած սումգայիթյան ջարդերից հետո հանդիպել եմ փախստականներին, ձայնագրել նրանց պատմածները, թե ինչ վայրագություններ են տեղի ունեցել հայերի նկատմամբ այդ օրերին, և ռուսերենով 38 էջանոց փաստագրությունը տարածվել է Մոսկվայի մտավորականության մեջ:

 

***

 

Մի բանաստեղծություն էլ, ահա, Մուշեղյանի բանաստեղծական անտիպ շարքից.

ԱՐՑԱԽ

 

Արցախ երկիրը հիշատակվում է մ.թ.ա. VIII դ. Ուրարտուի թագավոր Սարդուրի II թագավորի մի արձանագրության մեջ:

Մեր Ուրարտական երկիրը Արցախ //Չընկճեց սելջուկը խուժդուժ, բարբարոս//, Լոկ հրի մատնեց այգիներն արձակ`//, «Սև այգի» կոչեց իր խուժ բարբառով: //Ղարաբաղ կոչեց ճոխ այգին հայի`// Ինչ չէր նվաճում, սովոր էր խանձել, //Հիշեցե՛ք խոսքը Վիկտոր Հյուգոյի. //«Այստեղով հաստատ թուրքեր են անցել»:// Բայց կոկորդ քերող այդ սև պիտակով //Չխամրեց Արցախն այն Ուրարտական, //Ու չանցավ երբեք կեռ թրի տակով// Հայկազունների ցեղը մարտական:// Հետո էլ եկավ օքյուզը քոչվոր, //Իր խաշների հետ անկոչ հյուր դարձավ:// Ոչխարը` շատվոր, իսկ ինքը` քոչվոր,// Ոտքին տեղ արեց ու լուռ բազմացավ:// Նա հարևանի լոկ հողն է սիրում`//Իբր ոչխար է բերում արածել,// Սու՜տ է` քո հողում իր ցեղն է սերում,// Նա իր տեսակն է սիրում տարածել: //Եվ այս մոլեգին ծնելավազքով, //Որ քեզ թվում է լոկ անասնություն,// Քո Հայրենիքում դու ամբողջ ազգով// Դառնում ես շուտով փոքրամասնություն: //Եվ բազմանում է երկրում ուրիշի, //Բազմապատկվում է, մոլուցքով աճում.// Այդպե՜ս է հողըդ նվաճել, հիշի՛ր,// Հիմա էլ վերջին թիզն է նվաճում:// Զավթել է հսկա երկիր Նաիրին,// Թողել է միայն մի թիզ Հայաստան.// «Գերի՜ ենք դառել մենք էս հայերին, //Չե՜ն ուզում իրենց երկիրը մեզ տան»:// Եվ հին ազգի տեղ բռնել են հիմա// Սև ու սպիտակ ոչխարի ցեղերն //Ու հոխորտում են սփռել ժահ ու մահ, //Ուզում են գլխիդ բերել նոր Եղեռն: //Ու մինչ Սովետը ստով քարոզման //,Եղբայրությունե էր հավերժ տարփողում, //Նա քանդում էր մեր խաչքար, գերեզման, //Կանգուն վանքերը թաղում էր հողում: //Աշխարհը հի՜նն է ընդերքից պեղում, //Նա հուշարձանն է հորում հողի տակ, //Գերեզմանն անգամ թաղում էր հողում, //Որ ջնջի Հայոց հուշ ու հիշատակ: //Նա իրեն այսօր գորշ գայլ է կոչում, //Չի ուզում ապրել էլ կեղծ դիմակով.// Արդեն մոլեգնած արյուն է տենչում// Գայլը` հետույքված գառան դմակով:

-1993-ին որդիս՝ Արմենը, կամավոր մեկնեց ռազմաճակատ,- կյանքի մի այլ, ցավոտ էջ է հիշել ծերունազարդ գիտնականը,- 4 ամիս լուր չունեինք նրանից: Ես այդ ապրումներից հյուծվել էի շատ, բայց կնոջս՝ Ռիմայի տանջալի ապրումները նրան լրջորեն հիվանդացրին ու չդիմացավ կրած սթրեսներին: Նրան կորցրինք 1997 թ. …

2020 թ. սեպտեմբերի 27-ին՝ Ալբերտ Մուշեղյանի ծննդյան օրը, լսեցին պատերազմի բոթը, և որդին՝ Արմենը, կրկին համազգեստ հագավ և մեկնեց Արցախ՝ Մատաղիս…

 

***

 

Գիտնականի հայրը իգդիրցի է, մայրը՝ Հին Բայազետցի: Բայազետի հայկական մասը առանձին էր, կոչվում էր Ավդիգոռ:

-Դերենիկ Դեմիրճյանի «Նիգյարի» գործողությունները հենց Երևանի մեր թաղում են ծավալվում,- պատմում է,- ցեխոտ, կավոտ այդ փողոցներում… Մեր պապական տան բակում հիմա Գրիգոր Լուսավորչի եկեղեցին է: Մի բակում քսանից ավելի ընտանիք էին ապրում: Գետառը հաճախ էր վարարում. տարբեր իրեր էր քշում-բերում, երբեմն՝ օրորոցներ:

Պապը վաճառական է եղել: Նրան է պատկանել Բակլախ լիճը, որը Խորենացու «Պատմության» մեջ հիշատակվում է որպես Գայլատվա լիճ:

-Պապս ձկնորսությամբ մեծ գումարներ էր վաստակում, և ինչպես մայրս է պատմում, խուրջիններով թուրքական ոսկեդրամներ էր տուն բերում»: Հիշում էր, թե ինչպես էին ամբողջ ընտանիքով հաշվում դրանք: Գաղթի ժամանակ ամեն ինչ թողեցին, եկան… Պապս եկավ դեպի Արևելյան Հայաստան, իսկ նրա եղբայրը՝ Հնչակյան կուսակցության հիմնադիր Արսեն Կիտուրը, գնաց Բեյրութ: Նրան հիմա էլ հիշում ու ճանաչում են այնտեղ:

Չի ուզում կրկնել այն, ինչ վերապրած հարազատներից լսել է ցեղասպանության, գաղթի մասին:

-Բանաստեղծություն եմ գրել, որն ամբողջացնում է այդ ամենը.

Մեր հին թաղում գիժ Գետառին առափնյա,// Որ երկաթյա աղբյուր էին անվանում, //Ապրում էին նաիրցիներ նորօրյա՝ //Ծնված Մուշում, Կարսում, Բայազետում ու Վանում: //Եկել էին մեծ գետերից բյուրակնյա,// Բոհ ու Եփրատ, Արածանի, Մեղրագետ,// Ու ծվարել գիժ Գետառին առափնյա:// Այս հին թաղում իրենց հոգսի, հույսի հետ…

Նոր մտաբերած բանաստեղծությունն այնքան սահուն ու ներշնչանքով է արտասանում, ասես կարդում է ու տեսնում…

-1978 թվականն էր: Մի օր ինձ կանչեց Էդվարդ Ջրբաշյանն ու հարցրեց. «Ալբե՛րտ, ի՞նչ ես անում»: Ասացի՝ «Գյոթեն հայ գրականության մեջ» թեմայով եմ զբաղված, որ Դուք եք հաստատել»: «Գիտեմ ու համոզված եմ, որ շատ լավ գիրք կլինի, բայց այս օրերին արտասահմանում մի խումբ չգիտնականներ շարունակ վարկաբեկում են Մովսես Խորենացուն: Հանձն կառնե՞ս այս գործը:

Ինչպե՞ս կարող էր անտարբեր մնալ. լծվեց բարդագույն հետազոտական աշխատանքին՝ մանրազնին ճշտել-համադրելով բոլոր աղբյուրները: 2007 թ. լույս տեսած նրա «Մովսես Խորենացու դարը» մենագրությունը մեկընդմիշտ լռեցրեց բոլոր «կասկածողներին»: Բերված փաստարկներն այնքան հիմնավոր ու ջախջախիչ էին, որ ոչ ոք այլևս չփորձեց դրանք կասկածի տակ առնել:

Մի հոդվածի շրջանակում հնարավոր չէ ներկայացնել այն հսկայածավալ աշխատանքը, որ կատարել է մեր օրերի չտեսնող «լույս սփռող» գիտնական-մտավորականը: Նրանից այժմ էլ անընդհատ կարելի է հագեցնել գիտելիքի ու հայրենապաշտության ծարավն այնպես, ինչպես անեղծ մաքուր լեռնային աղբյուրից ծարավդ ես հագեցնում: Խոստովանեմ, մեր մի հանդիպումից հետո էլի ցանկություն ունեի հանդիպելու, իսկ գիտելիքի պաշարը, որ նրանից հորդում է, անսպառ է:

-Ես բացահայտեցի Ձեր երկարակեցության գաղտնիքը,- ասում եմ Ալբերտ Մուշեղյանին,- Ձեր միտքն ու գիտակցությունն է հավերժական մաքուր շարժման մեջ:

-Որքան Աստված կկամենա…,- ասում է իր մանկական ժպիտով:

-Ի դեպ, ի՞նչ հարաբերությունների մեջ եք Աստծո հետ:

-Ինձ հաճախ են հարցնում. «Հավատո՞ւմ ես Աստծուն»: Ախր, մարդն ո՞վ է, որ հավատա Նրան կամ չհավատա: Կարևորն այն է, որ Ինքը՝ Աստված ինձ հավատա:

Այս տարի սեպտեմբերի 27-ին լրանում է Ալբերտ Մուշեղյանի 90-ամյակը: Սիրով ու մեծարումով հիշենք մերօրյա կենդանի լեգենդի տարեդարձը: Եվ թող անսպառ լինի նրա ոգու կրակն ու պրպտուն մտքի լույս սփռող թռիչքը:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #34 (1405) 1.09.2021 - 7.09.2021, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


02/09/2021