ՆՐԱՆՔ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԿԱՏԱՐԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ
Պատերազմի 44 օրերի ամենաօրհասական պահերին թալիսման-աստվածաշունչն է օգնել ու փրկության հույս ներշնչել ավագ լեյտենանտ Քրիստինե Մկրտչյանին: Արդեն հինգ տարի զինված ուժերում ծառայող աղջիկը չէր էլ պատկերացնում, որ ոչ միայն ինտեգրվելու է բանակային կյանքին, այլև կռիվների է մասնակցելու: Պատերազմի առաջին օրերին Արցախը պաշտպանելու հրաման է ստանում նաև հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում ծառայող հրետանավորը և անմիջապես շտապում առաջնագիծ:
Ավագ լեյտենանտի առաջին մարտական դիրքն ամենաթեժ ճակատն էր՝ Ջրականը: Քրիստինեն օր ու գիշեր հետախուզում է հակառակորդի դիրքերն ու յուրաքանչյուր շարժ, զինտեխնիկայի կուտակումներն ու մարդուժի գործողությունները և անձնակազմի հետ հրետանային դիպուկ կրակով ոչնչացնում թշնամու թիրախները.
-Կառավարման դասակի անձնակազմի հետ հայտնաբերել և ոչնչացրել ենք հակառակորդի կարևոր նշանակետերը,- ասում է Քրիստինեն:
14 օր աղջիկ-սպան Ջրականում է մարտնչել, ի մի բերել զինվորական հմտությունները. թողնելով հրետանու հետախուզությունը՝ կամավորների օգնությամբ ստանձնել է հակառակորդի տանկային շարասյան վրա գրոհ կասեցնելու մարտական խնդրի կատարումը:
Հոկտեմբերի 13-ը ավագ լեյտենանտի հուշերից երբեք չի ջնջվի. այդ օրը կորցրել է իր 4 զինվորներին, երկուսը ծանր վիրավորվել են, ինքն էլ հրաշքով է փրկվել։ Անձնակազմը թաքստոցում է եղել, իսկ ինքն ու դիվիզիոնի հրամանատարը անօդաչուների հրթիռների հարվածների ներքո շարունակել են հետախուզել հակառակորդի շարժը։ Թշնամու հերթական հարվածը թաքստոցին էր, որտեղ իր զինվորներն էին:
-13-ից հետո ոնց որ երկրորդ անգամ ծնված լինեմ,- հուզված ասում է հերոս հայուհին:
Վիրավոր սրտով է Քրիստինեն շարունակել կռվել՝ ոչ մի վայրկյան չհուսալքվելով: Ասում է՝ ամենածանր պահերին ինչ-որ գերմարդկային ուժ էր ստանում, հիշում է՝ օրեր շարունակ ոչինչ չի կերել ու չի քնել, հյուծվել է և նույնիսկ այդ վիճակում իրեն հաջողում է միայնակ կրակի գոտուց դուրս բերել իր երկու վիրավոր զինվորներին ու փրկել նրանց կյանքը:
***
Սյուզի Հովհաննիսյանը նույնպես պատերազմի մասնակից է: Ավարտել է Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը կապավորի մասնագիտությամբ: Ավագ լեյտենանտ Հովհաննիսյանի բնագիծը նույնպես Ջրականն էր, իսկ մարտական խնդիրը՝ հենակետերի միջև անդադար կապն ապահովելը.
Հակառակորդի ուղիղ նշանառության տակ ավագ լեյտենանտը միայնակ կիլոմետրեր է հաղթահարել, որպեսզի կարողանա լիցքավորել զինամթերք տեղափոխող մեքենաների ռադիոկայանները, ապահովել դրանց անխափան աշխատանքը:
-Ինձ համար շատ դժվար է եղել, բայց խնդիր է եղել, և այն պետք է կատարվեր,- խոստովանում է հերոսուհի կապավորը:
Սյուզին առաջնագծում ոչ միայն կապավոր է եղել, այլև քույր ու ընկեր՝ զինվորների, և բուժակ՝ վիրավորների համար, մինչև բժիշկների հասնելը նա անձամբ է տղաներին տարհանել մարտադաշտից ու առաջին օգնությունը ցույց տվել:
Սյուզի Հովհաննիսյանն ու Քրիստինե Մկրտչյանը արցախյան երկրորդ պատերազմից հետո էլ շարունակում են պատվով ծառայել հայրենիքին, բայց արդեն կարևոր դասը սերտած՝ անընդմեջ հարստացնել գիտելիքները, կատարելագործել հմտությունները, յուրաքանչյուր նորակոչիկից պատրաստել մարտունակ ու նվիրյալ ռազմիկ։ Սա՛ է այսօրվա մարտական խնդիրը ավագ լեյտենանտների համար:
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #34 (1405) 1.09.2021 - 7.09.2021, Ազգային բանակ