Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ԱՄԵՆ ՄԻԼԻՄԵՏՐԸ



ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ԱՄԵՆ ՄԻԼԻՄԵՏՐԸԳանձակցի Արամ Ասատրյանը օրերս է զորացրվել: Հենց զորացրվելու օրն էլ պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով եւ շնորհակալագրով։

Ամբողջ գյուղը՝ մեծ  ու փոքր, հարազատ-բարեկամ հավաքվել էին դիմավորելու պատերազմի բովով անցած իրենց զինվորին, ծնողներին աչքալուսանք տալու։ Արամի տատն արցունքն աչքերին փարվել էր թոռանն ու մրմնջում էր. «Շնորհակալ եմ, Տե՛ր, հերոսս տուն եկավ»…

44-օրյա մղձավանջի օրերին Արամը կրակի, մահվան տարափի տակից բազմաթիվ վիրավոր զինվորների, կամավորականների է տարհանել. շտապ օգնության մեքենայի վարորդ էր:

-Սեպտեմբերի 25-ին բարձրացանք դիրքեր՝ հերթապահության, տեսադիտարկման համակարգով թշնամու տանկերի կուտակումները նկատելի էին, բայց, անկեղծ ասած, չէինք մտածում, որ պատերազմ կարող է սկսվել, թեեւ միշտ էլ զգոն էինք,- պատմում է Արամը,- 27-ի առավոտը տագնապով բացվեց. գումարտակի հրամանատարի տեղակալը մտավ զորանոց. «Տղե՛րք, կռիվ է սկսվել, խուճապի չմատնվեք»։ Արագ հագանք զրահաբաճկոններն ու շտապեցինք տեղակայման վայր։

Աջ ու ձախ պայթում էին արկերը, թշնամին ինչ զենքից ասես, որ չէր կրակում:

Վիրավոր զինվորներին անհրաժեշտ էր  արագ, առանց ժամանակ կորցնելու տեղափոխել հոսպիտալ։ Գիշեր-ցերեկ չկար, հանգիստ չկար, քուն չկար, շտապ օգնության մեքենան անընդհատ ճանապարհներին էր, երկնքից անվերջ հրե կարկուտ էր թափվում, պայթյունների վայրի կաղկանձի տակ ականջին բուժակի՝ Արմենի հատուկենտ բառերն էին երբեմն-երբեմն հասնում, վիրավորների հետ էր խոսում բուժակը, հուսադրում՝ դիմացի՛ր, ախպե՛րս, դիմացի՛ր, հասնում ենք, ապրելու ես…

-Կապրե՛ս, ախպե՛րս, կհասցնեմ…,-Արամը մտքում չգիտես էլ ինքն իրեն, թե վիրավոր զինվորին էր խոստանում,  ու շտապ օգնության մեքենան խելահեղ արագությամբ թռչում էր վտանգավոր ոլորաններով՝ ամեն րոպեն, ամեն վայրկյանը կյանք արժեր…

Հրետակոծությունից մեքենայի մի անիվը պայթեց, պոկվեց ընկավ… թե երեք անիվով երեք կիլոմետրը ոնց հաղթահարեց, ոնց հոսպիտալ հասցրեց ծանր  վիրավոր զինվորներին, հիմա էլ հրաշքին հավասարազոր է համարում…

-Իմ մեքենայի մեջ ոչ մի վիրավոր չի մահացել, բոլորին կարողացել եմ հասցնել հոսպիտալ։ Ուզում եմ հավատալ, որ բոլորն էլ փրկվել են,- ասում է Արամը,- պատերազմի ժամանակ մեր կողքի գյուղից՝ Ծաղկաշենից մի մարդ էր եկել հորս մոտ ու ասել՝ տղադ տղայիս փրկել է։

 

***

 

Կարմիր Շուկա, Գիշի, Խոջալու, Ստեփանակերտ ճանապարհի ամեն հատվածը հինգ մատի պես գիտեր, աչքերը փակ էլ կանցներ այդ երթուղով…

Այդ նույն ժամանակահատվածում հայրն էլ Ստեփանակերտ-Երեւան ճանապարհին էր, հայրն էլ երկար տարիներ շտապ օգնության վարորդ է աշխատում, ինքն էլ էր վիրավորներին տեղափոխում։

Պատերազմի ճանապարհներին հայր ու որդի երբեւէ չհանդիպեցին։ Արամը չգիտեր էլ,  որ հայրը առաջնագծում է, տնեցիք չէին ասել, որ չանհանգստանա, իսկ հայրն ամեն անցնող շտապ օգնության մեքենայի ղեկին փնտրում էր որդուն…

Հարազատների հետ Արամի հեռախոսազրույցները կարճ էին, միշտ նույն խոսքերն էր կրկնում՝ իրենց մոտ հանգիստ է, տնեցիների որպիսությունն էր հարցնում, պատերազմում կռվող բարեկամ, ընկերոջից հետաքրքրվում ու արագ անջատում, որ հանկարծ կրակոցների ձայնը չհասցնեին  լսել…

 

***

 

ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ԱՄԵՆ ՄԻԼԻՄԵՏՐԸՄարտերը գնալով թեժանում էին…

Իրենց հատվածում դիվերսիա էր եղել, զոհեր կային, վիրավորներ։

Արամը, որ սովորաբար օգնում էր վիրավորների, զոհերի մարմինները մեքենայի մեջ տեղավորելիս, քարացած, թեւաթափ կանգնել էր՝ մոտ ընկերը՝ Ռուբենն  էր զոհվել, բանակում միշտ իրար հետ  էին, դեռ մի օր առաջ զրուցում էին, ապագայի ծրագրեր կազմում…

Այդ օրերին նաեւ դասընկերն էր զոհվել՝ մանկության ամենամոտ, ամենահարազատ ընկերը՝ Միշան… Ինչքան ցավագին կորուստներ պատճառեց պատերազմը՝ կյանքով լեցուն, կյանքի կարոտ տղերքը կյանքը տվեցին հայրենիքին…

-Պատերազմի ավարտից հետո ես նման իրարամերժ զգացողություն չէի  ապրել՝ ուրախ էի, որ ավարտվեց, ու անասելի տխուր, որ այսպես ավարտվեց,- ասում է Արամը: -Թեեւ, ես չեմ համարում, որ հայ զինվորը պարտվել է, կռվող տղերքից ամեն մեկը քայլող հերոս է՝ խիզախ, անվախ, պարզապես ուժերն էին  անհավասար… Այսօր էլ թշնամին չի հանդարտվում, անընդհատ կռիվ է հրահրում… Ու թե պատերազմ սկսվի, կրկին պատրաստ եմ կանգնելու հայրենի հողի ամեն միլիմետրի համար…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #34 (1405) 1.09.2021 - 7.09.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


02/09/2021