Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՍԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ԱՎԱԳ ՍԵՐԺԱՆՏ ՄԻՔԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ



ԴԱՍԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ԱՎԱԳ ՍԵՐԺԱՆՏ ՄԻՔԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ«Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել»: Նժդեհյան տողերը կենդանի պահած մեր հերոսներից է Միքայել Հակոբյանը։ Ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 29-ին, Ճարտարում: Նախնական կրթությունը ստացել է տեղի Ազատամարտիկների անվան թիվ 1 դպրոցում, այնուհետև  ուսումնառությունը շարունակել  Ներքին Ճարտարի Հրայր Պողոսյանի անվան թիվ 5 միջնակարգ   դպրոցում: Ավարտել է Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 1 ավագ  դպրոցը: 2018 թվականին   Միքայելն իր տարիքի տասնյակ տղաների հետ զորակոչվել է բանակ:  Հրետանավոր Միքայելը, կամ ինչպես ընկերներն են ասում՝ Միքոն, ողջ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգապահ ու պատասխանատու զինվոր: Ծառայությունից հետո Միքայելը քննություններ է հանձնել, որ ընդունվի  Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի Շինարարական բաժնում:

«Անգամ չի հասցրել իմանալ՝ ընդունվե՞լ է, թե ոչ»,- ասում է մայրը:

Մարտի դաշտում չընկրկեց Միքայելը՝ հավատարիմ մնաց զինվորի իր երդմանը։  Անհավատալի է, որ ընկերասեր ու մարդամոտ Միքոն այսօր ֆիզիկապես մեզ  հետ չէ:  Դպրոցական տարիներին և ծառայության ընթացքում բազմիցս արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի՝ մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, օրինակելի կարգապահության համար:

Պատերազմի ժամանակ, երբ հայրը գնացել է որդուն տեսության, Միքայելը հրաժարվել է, որ հայրն իր մոտ մնա և խնդրել է նրան հեռանալ մարտադաշտից:

Իսկ Վրույրը՝  Միքայելի մանկության ընկերը, պատմում է, որ պատերազմի ժամանակ հորդորել է, որ Միքայելը չգնա առաջնագիծ՝ ասելով, որ երկու եղբայրներդ պատերազմում են. «Ասել եմ՝ մենք պահելու ենք, ինչո՞ւ ես եկել»,- ասում է Վրույրը և միաժամանակ մեջբերում Միքայելի խոսքը. «Ես էլ իմ ախպորցում պհլան, տուք պհէցէք, ես էլ պադերժկայըմ ըննան»: Հոկտեմբերի 19-ին Միքայելը  տուն էր վերադարձել՝  հանգստանալու և կրկին  առաջնագիծ մեկնելու համար, հորեղբայր Մավրիկը ասել է. «Ինչո՞ւ ես շտապում, փայտս ո՞վ է կտրելու», իսկ Միքոն հորեղբորն ասել է, որ իր վրա հույս չդնի:

Առաջնագիծ մեկնելուց առաջ մորն ասել է՝ երկու օր է մնացել, երկու օրից կգամ: Ավա՜ղ, երկու օրից Միքայելը միացավ անմահների գնդին:

Հրամանատարության խոսքով՝ Միքայել Հակոբյանն իրեն դրսևորել է որպես կարգապահ, բանիմաց, հրամանատարների հրամանները ճիշտ և ժամանակին կատարող զինծառայող, գերազանց կատարել է մասնագիտական պարտականությունները: Մշտապես պատրաստ է եղել կրակի վարմանը:

«Ռազմական գործողությունների ժամանակ ցուցաբերել է խիզախություն և փայլուն կատարել  դասակի հրամանատարի պարտականությունները: Մարտկոցի ավագ սպայի հետ կառավարել է մարտկոցի կրակը:  Դիվիզիոնի շտաբի պետին դիվիզիոնի կրակի կառավարման գործում բազմիցս օգնել է, ինչպես նաև աշխատել է որպես ռադիոհեռախոսավար և դիվիզիոնի հրամանատարական դիտակետից փոխանցված տվյալները արագ հասցրել է կրակային դիրքեր, ինչն էլ նպաստել է դիվիզիոնի կողմից կրակի արդյունավետ ու նպատակային վարմանը:

Դիվիզիոնի կազմում ակտիվ մասնակցություն է  դրսևորել մարտական գործողությունների կատարման ողջ ընթացքում, ոգեշնչել է անձնակազմին, եղել է հոգատար համածառայակիցների նկատմամբ: Մարտական ընկերներից մեկը հիշում է նրա խոսքերը, երբ մարտկոցում ունեցել են զոհեր հակառակորդի ավիահարվածից, նա անձնակազմին ասել է. «Դուխներդ չգցեք, վրեժ ենք լուծելու»: Նույնիսկ ամենածանր պայմաններում անձնակազմին փորձում էր ոգևորել իր հումորներով: Հերթական հերթափոխին արթնացնելով՝ ասել է. «Սեղանը մաքուր է, գետնատնակը ևս, արկերի պայթյունների ձայներ չեն լսվում, օդն էլ է մաքուր, նայեք՝ առավոտ նույն ձևի կհանձնեք ինձ»: Ավագ սերժանտ Միքայել Հակոբյանը, անկախ հրետակոծության և ավիահարվածների ինտենսիվությունից, մշտապես պատրաստ է եղել կրակի վարմանը»,- նշված է փոխգնդապետ Ա.Քոչարյանի խոսքում:

Միքայելի դասղեկը՝ Արևիկ Սարգսյանը, խոսելով իր աշակերտի մասին, առաջին հերթին ասում է, որ անհնար է անցյալով հիշել Միքայելին, քանի որ նրա ժպիտն ու հավատը Հայրենիքի լուսավոր ապագայի հանդեպ միշտ մեզ հետ են լինելու: «Դասարանի լավագույն աշակերտն էր, համեստ, զուսպ, հավասարակշռված, կազմակերպված, ամեն ինչ անում էր դասարանը միավորելու համար, ողջ դասարանը գնում էր նրա հետևից: Մեծ հարգանք էր վայելում թե՛ դասընկերների, թե՛ ուսուցիչների շրջանում: Եվ երբ նա որոշեց դպրոցը փոխել՝ ուսումը հոսքային դպրոցում շարունակելու համար, ուսուցիչները ցավ ու ափսոսանք էին զգում, որ Միքոյի նման համեստ ու խելացի աշակերտը հեռանում է դպրոցից»,-հիշում է Արևիկ Սարգսյանը:

Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանն էլ Միքայելին հիշում է այնպես, ինչպես եղել է. հանգիստ, համեստ, չափավոր: «Միքայելը համեստության էտալոն էր»,- ասում է Կարինե Պողոսյանը:

Դասընկերներն էլ են սիրով ու կարոտով հիշում Միքայելին, նրա վարք ու բարքը, ընկերասիրությունը, նվիրվածությունը:

«Միքայելի քչախոս լինելը, որը մեզ երբեմն զարմացնում էր, մեծամտության կամ անտարբերության նշան չէր. Միքայելը  հավասարակշռված պատանի էր: Նրան վստահել կարելի էր ամեն ինչ. շատ պատասխանատու էր: Կարճ ժամանակում Միքայելը դարձավ մեր ընկերը: Նրա բարությունն ու նվիրվածությունը չէին կարող անտարբեր թողնել համադասարանցիներին:

Երբ խոսում էինք ապագայի մասին, ասում էր. «Ես ինձ պատկերացնում եմ բանակում՝ Հայրենիքս պաշտպանելիս»:

Ռազմական հաստատություն ընդունվելը չստացվեց, բայց իր առաքելությունը նա կատարեց: Երևի Հայրենիքի հանդեպ սերը ծնվում է մարդու ծննդի հետ: 44-օրյա պատերազմի առաջին օրվանից կամավորագրված մեր ընկերը գործով ապացուցեց դա…»,- ասում են դասընկերները:

Միքայելն ակտիվորեն մասնակցում էր դասարանական ու արտադպրոցական միջոցառումներին, ինչպես նաև ռազմամարզական խաղերին:

Ճարտարի Հ.Պողոսյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցի զինղեկ, մայոր Լորիս Պողոսյանը հիշում է, որ Միքայելը դպրոցն ավարտելուց հետո դիմել էր տարածքային զինկոմիսարիատ՝ ուսումը ՌԴ-ի հրետանային ինստիտուտում շարունակելու համար: «Միավորների պակասը չընկճեց վճռականորեն տրամադրված Միքոյին»,- փաստում է Լորիս Պողոսյանը՝ իր խոսքում ընդգծելով նաև Միքայելի պատասխանատվության զգացումն ու բարձր հայրենասիրության առկայությունը: Հայրենասիրությունը նրա համար լոկ բառ չէր, այլ արժեք, որով և ապրում էր,- ասում է զինղեկը:

Հայրը պատմում է, որ պատերազմի ընթացքում, երբ կապ էր հաստատում Միքայելի հետ և հետաքրքրվում իր և ընկերների  որպիսությամբ, տղան պատասխանում էր. «Պա՛պ, արխային, լալակնք անում»:

Երբ ծառայությունն ավարտել էր, միանգամից աշխատանքի է անցել «Ֆերզիտ» շինարարական կազմակերպությունում: Շատ կարճ ժամանակահատվածում Միքայելը ձեռք բերեց կազմակերպության ղեկավարության վստահությունն ու աշխատանքային ընկերների հարգանքը: Այո՛, նա հայի կատարյալ տեսակ էր՝ կառուցող, ստեղծող, պահպանող: Ու պատահական չէ, որ Միքայելի հոգու  մարմնավորումը Հայրենիքը պաշտելն էր՝ այն ամենով, ինչ Աստված է ստեղծել… Նաև ընտանիքով, քանզի սրբազան ու անքննարկելի արժեք է ընտանիքը: Նրա եղբայրները նույնպես փաստում են Միքայելի լավագույն մարդկային հատկանիշների, եղբայրասիրության, նվիրվածության մասին: Եվ պատահական չէ, որ իրենց եղբոր ու հազարավոր տղաների արյունով պահված մեր փոքրիկ Հայրենիքում ապրում և արարում են իրենց քրտինքով… Միքայելն էլ էր այդպես սիրում, որ ինքը ստեղծի, ու խիղճը հանգիստ լինի:

2020 թվականի հոկտեմբերի 22-ին ԱԹՍ-ի հարվածից Դլղարդա կոչվող տարածքում զոհվեց Միքայելը՝ մարելով այն լույսը, որով ջերմացնում էր իր ընտանիքին,  շրջապատի մարդկանց։ Միքայելը նրանց մեջ է, ովքեր սիրում և հիշում են նրան։ Միքայել Հովիկի Հակոբյանը հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալի:

Դու հավերժ կմնաս մեզ հետ, մեր կողքին: Ու ամեն քայլ անելիս պետք է հիշենք ու փառք տանք քեզ, որ զոհվեցիր մեր ապրելու համար…

 

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ #34 (1405) 1.09.2021 - 7.09.2021, Ճակատագրեր


02/09/2021