ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ ՀՐԱՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հրաչ Հարությունյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտելուց հետո անցնում է պարտադիր ժամկետային ծառայություն Ստեփանակերտի հոսպիտալում, իսկ որոշ ժամանակ անց, իր իսկ ցանկությամբ, տեղափոխվում առաջնագիծ՝ Մատաղիս:
-Ցանկությունս էր ծառայել առաջնագծում, ավելի մոտ զինվորին,- ասում է ռազմական բժիշկը:
Այստեղ բուժկետի պետի պաշտոնն ստանձնելուց հետո ավագ լեյտենանտ Հարությունյանն ու իր գործընկերները շուրջ երկու տարի զբաղված են եղել վիրավոր զինվորների բուժօգնությամբ:
-Հրազենային վիրավորումով դեպքերը քիչ չէին: Ամիս չկար, որ վիրավոր չունենայինք: Շատ լարված էր անցնում յուրաքանչյուր օրը: Ժամանակն ասես կանգ էր առել: Մոտ մեկ տարի մնացել եմ բուժկետում, որովհետև հնարավոր չէր այնտեղից դուրս գալ: Հենց նման լարված իրավիճակում էլ թրծվելով ու պատրաստ լինելով ցանկացած շրջադարձի՝ դիմավորեցինք սեպտեմբերի քսանյոթի լուսաբացը,- հիշում է բուժծառայության ավագ լեյտենանտը:
-Մոտավորապես յոթն անց քսանհինգին սպայական շենքերին առաջին հարվածը եղավ, ու հասկացանք, որ պատերազմ է: Մենք մի մարդու նման համախմբված՝ նախ տարհանեցինք բուժկետում գտնվող երեսուներկու հիվանդներին, ապա՝ բուժկետը: Ավելի անկեղծ լինեմ: Առաջին մի քանի ժամը դեռ չէինք պատկերացնում, թե պատերազմն ինչ մասշտաբի է, ռազմական գործողություններն ինչ ծավալի են: Եվ ժամեր անց միայն վիրավորների հոսքից հասկացանք, թե ինչ է կատարվում: Իսկ իրականությունն ավելի քան դաժան էր: Մենք առերեսվեցինք ժամանակակից դաժան պատերազմի հետ: Վիրավորներն այն վիրավորները չեն, որոնց հետ մենք առնչվել էինք մինչ այդ՝ հրազենային, այրվածքային… Այնպիսի վիրավորումներ էին, որ չէինք կարողանում կռահել՝ ինչ զինատեսակից է վիրավորվել, ինչն էապես դժվարացնում էր մեր աշխատանքը: Ժամանակը սուղ էր, իսկ պիտի կյանքեր փրկեինք,- պատմում է ավագ լեյտենանտ Հարությունյանը:
Մատաղիսում վեց օր ու գիշեր պայքարելով զինծառայողների կյանքի համար, վիրավոր զինվորներին ու կամավորներին տարհանելով առավել անվտանգ վայր, ավագ լեյտենանտ Հարությունյանը շտապում է մեկ այլ թեժ կետ՝ Մարտունի:
-Մեր տասնութ տարեկան զինվորներն իսկական հայի տեսակի մարմնավորում են իրենց արիությամբ ու անձնազոհությամբ՝ պատրաստ կյանքը զոհելու հանուն հայրենիքի: Նրանցից շատերը ռազմի դաշտում ընկան իմացյալ մահով: Նրանցից յուրաքանչյուրը մերօրյա կյանքի լեգենդ է: Պետք է նրանց հիշենք անուն առ անուն,- ասում է Հրաչն ու շարունակում,- եղել են իրավիճակներ, երբ հրամանատար ու զինվոր չեն տարբերվել՝ ըստ ստեղծված իրավիճակի զինվորը դարձել է հրամանատար, հրամանատարը՝ զինվոր: Ուս ուսի տված կռվել են: Դա ուրիշ էր, ուրիշ ապրումներ էին, երբ տեսնում ես՝ ոնց է հրամանատարը դողում յուրաքանչյուր զինվորի կյանքի համար, ոնց են զինվորները պատրաստ իրենց հրամանատարի բերանից ելած ցանկացած հրաման կատարելու:
Զինվորների հետ, նրանց կողքին հերոսաբար մարտնչել են նաև «սպիտակ» բանակի մարտիկները:
-Բժիշկ, բուժակ քուն ու հանգիստ կորցրած՝ արել են անգամ իրենց մասնագիտական ու ֆիզիկական հնարավորություններից առավելը: Եթե վիրավոր կա, ուրեմն, գնում ենք փրկելու, փրկելու ամեն գնով: Չէինք նայում՝ կրակում են, չեն կրակում… Դժոխային քառասունչորս օրերի ընթացքում ծանր պահեր շատ են եղել, իսկ ամենաահավորը, երբ կանգնում ես ծանրագույն երկընտրանքի առաջ, որին օգնես, որի կյանքը փրկես, երբ միաժամանակ մի քանիսն են օրհասական վիճակում,- արցունքները խեղդելով հիշում է հերոս բժիշկը:
-Միակ երազանքս էր՝ հասնեմ ընտանիքիս: Գրկեմ բոլորին ու ասեմ, որ իրենց զավակը կատարել է իր պարտքը… Ես չէի պատկերացնում, թե հետ կգամ… Հիմա էլ չկան երազանքներ, կան նպատակներ ու ցանկություններ,- անկեղծանում է ավագ լեյտենանտը:
Իսկ նպատակը մասնագիտական հմտությունները կատարելագործելն ու լավ բժիշկ դառնալն է: Երկու ամսից ռազմական բժիշկը կվերադառնա և կշարունակի ուսումը:
Պատերազմում իր կատարած սխրանքների համար ավագ լեյտենանտ Հարությունյանն արժանացել է «Արիության համար» և պաշտպանական շրջանի «Անձնուրաց պաշտպան» մեդալների։
ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ
Լուսանկարները՝ ՄՆԱՑԱԿԱՆ ԵՓՐԻԿՅԱՆԻ
Խորագիր՝ #34 (1405) 1.09.2021 - 7.09.2021, Ազգային բանակ